Արցախցիների համար “նոր ծրագիրը” նախատեսված է 3000 ընտանիքի համար

«Սա լրիվ նոր լրացուցիչ գործիչ է՝ հատկապես ուղղված այն ընտանքների համար, որոնք դեռեւս չունեն տնտեսական կայունություն եւ զբաղվածություն։ Եվ այս գործիքը նաեւ հնարավորություն կտա, որպեսզի այս ընտանիքները մեր թիրախում լինեն, եւ անհատական աշխատանք տարվի նրանց համար»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ այսպես ներկայացրեց կառավարության՝ արցախցիների համար նախատեսված նոր ծրագիրը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների համար ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն նոր կարգ է սահմանվում, արցախցիների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել։ E-draft.am կայքում հանրային քննարկման դրված նախագծին https://www.e-draft.am/projects/8387 դեմ է քվեարկել քննարկման մասնակիցների 98 տոկոսը։

Հայտնի է, որ ապրիլից 40+10 հազար դրամ աջակցությունն այլեւս չի հատկացվի բոլոր արցախցիներին, միայն թոշակառուներին, անչափահասներին և հաշմանդամներին, այն էլ՝ մինչեւ տարվա վերջ։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել արցախցիների շրջանում։ Իսկ նոր նախագծով նախատեսվում է, որ անապահով ընտանիքների համար աջակցության ամսական չափը կկազմի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40 000 դրամ, ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ։ 

Աննա Ժամակոչյանին չի մտահոգում այն, որ քննարկմանը մասնակցած արցախցիների 98 տոկոսը դեմ է արտահայտվել այս նախագծին, նա ասաց, որ դեմ արտահայտվող անձանց թիվը փոքր է։

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը հիմնավորեց, թե ինչո՞ւ են արցախցները բոյկոտում այս ծրագիրը։

«Մենք բոլորս պետք է դեմ լինենք այս նախագծին, ինչո՞ւ, որովհետեւ տեղահանվածները ոչ թե սպասում են լրացուցիչ ինչ-որ աջակցությունների, այլ կոնկրետ այս շրջանում սպասում էին, որ 40+10 հազար ծրագրի վերաբերյալ պետք է այլ նախագիծ մշակվեր։ 40+10 հազարին փոխարինելու եկած 50-40-30 հազար ծրագիրը բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու տեղահանվածներին։ Ապրիլի 1-ից հետո այս ծրագիրն ուղղվելու է բացառապես խոցելի խմբերին, եւ լրացուցիչ հրատապ աջակցությունը եւս կրկին ուղղվելու է խոցելի խմբին։ Տեղահանվածները բոյկատել են, 98 տոկոսը դեմ է, որովհետեւ մտածում են, որ պետք է ոչ թե լրացուցիչ ծրագրերով մարդկանց շեղեն կոնկրետ խնդիրներից, այլ աջակցությունը շարունակեն։ Մեր խնդիրը կոնկրետ բնակվարձի խնդիրն է։ Եվ այս 40+10 հազար ծրագրով տրվող գումարով որեւէ տնտեսական վիճակ չի կարող կայունանալ, այս գումարը կառավարությունը տվել է տեղահանված ընտանիքին, ընտանիքը վերցրել է, դրան գումարել է իր աշխատած գումարը եւ տվել է որպես բնակվարձ։ Հիմա եկեք հասկանանք՝ այս ընտանիքների տնտեսական վիճակն ինչքանո՞վ է կայունացել, ինչքանո՞վ է բարելավվել։ Երբ ասում եք՝ ունենք 25 հազար զբաղված, սրանք թվեր են, որոնք տատանվում են։ Երկրորդը, ես հարցումների ընթացքում պարզել եմ, որ միջին վիճակագրական տեղահանված ընտանիքը, որն ունի 2 աշխատող, նույնիսկ այս դեպքում, եթե չշարունակվի բնակվարձի գումարի տրամադրումը, ինքը չի կարող գոյատեւել Հայաստանում»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։

Նախարարության պաշտոնյան մատնանշում էր արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրը։ Լիաննա Պետրոսյանն ի պատասխան ասաց․ «Եթե ասում եք՝ տեղահանվածը պետք է օգտվի բնակապահովման ծրագրից, այստեղ պետք է հասկանանք՝ ի՞նչ խնդիրներ կան, ինչո՞ւ բնակապահովման ծրագիրն իրեն չարդարացրեց, երկու ամսից կլրանա մեկ տարին, ինչ ծրագիրը մեկնարկել է, եւ չունենք գոնե 1000 ընտանիք, որ դիմել ու իրացրել է հավաստագիրը։ Դիմել կարող են շատերը, բայց պետք է հնարավորության մեխանզմիներ լինեն՝ այդ սերտիֆիկատներն իրացնելու համար»։

Լիաննա Պետրոսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մարտին, երբ քննարկում էին 40+10 հազար ծրագրի երկարացման հարցը, փոխվարչապետն ասել էր, որ կոնկրետ բնակվարձին ուղղված այս աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչեւ ընտաիքները կունենան սեփական տանիք։ «Հիմա տեղահանվածների քանի՞ տոկոսն է ապահովվել բնակարանով, արդյոք հստակ վերլուծություն, թիրախային նույնականացում արվել է՝ այն ընտանիքները, ովքեր չեն օգտվել բնակապահովման ծրագրից, չեն օգտվելու 40 հազար դրամ աջակցությունից, ի՞նչ է լինելու այս ընտանիքների վիճակը, որտե՞ղ են նրանք ապրելու եւ ինչպե՞ս են կարողանալու շարունակել իրենց տնտեսական հզորացումը Հայաստանում»,- հարցադրում արեց Լիաննա Պետրոսյանը։

Այս հարցերին Աննա Ժամակոչյանը նման պատասխան տվեց․ «Իսկ ո՞վ ասաց, որ աջակցություն պիտի ստանան այն մարդիկ, ովքեր ունեն բարձր եկամուտներ, ո՞վ է մեզ ստիպում, որ այդպես պետք է մտածենք։ Ես ասում եմ՝ սոցիալական աջակցությունը պիտի լինի կարիքահեն։ Երբ ունենք մարդիկ, ովքեր ստանում են 1 մլն դրամից ավելի աշխատավարձ, ինչո՞ւ պետք է ստանան պետական աջակցություն։ Մենք վերլուծել ենք, հաշվել ենք եւ կարծում ենք, որ մինչեւ 3000 ընտանիք կարող է մնալ որոշակի կարիքավորության շեմի մեջ, եւ այս ընտանիքների համար մշակել ենք այս նախաձեռնությունը։ Ասում եք՝ բնակապահովման ծրագիրը, մենք բնակապահովման ծրագիրը գործնականում գործարկել ենք, եթե շատ ապակողմնորոշեք, իհարկե, կարող են տեմպերը նվազ լինել։ Մոտ 825 հավաստագիր ունենք, իրացվել են 52-ը։ Մենք գիտենք, որ խնդիրներ ենք առաջացել որոշ բանկերի հետ որոշ հարցերում, այդ խնդիրները լուծվում են։ Մեզ խոստանում են, որ ապրիլի մեկից այդ խնդիրները չեն լինի»,- ասաց փոխնախարարը։

Այնուհետեւ Աննա Ժամակոչյանը Լիաննա Պետրոսյանին մեղադրեց մարդկանց ապակողմնորոշելու մեջ։ «Ես գիտեմ, թե հանրային կարծիքը ոնց է ձեւավորվում, այդ թվում՝ ձեր բոյկոտի կոչով։ Դա հանրային կարծիք չէ, դա ուղղորդված արշավ է։ Դուք փոխանակ ներողություն խնդրեք, որ մարդկանց բոյկոտի կոչ եք արել եւ ապակողմնորոշել եք, նման հայտարարություններ եք անում»։

Լիաննա Պետրոսյանը հորդորեց հստակ ասել՝ արցախցիներից ովքե՞ր ունեն բաձր եկամուտ։ «Կոնկրետ տոկոսային նշեք Արցախից տեղահանվածներից քանի՞ տոկոսն ունի բարձր եկամուտ, նման վերլուծություն կատարվե՞լ է։ Ես ասում եմ՝ 30 հազար մարդ հնարավորություն չի ունենալու՝ վճարելու բնակվարձը։ Փոխանակ այս խնդիրը լուծեք, եկել ենք քննարկելու, թե քանի մարդ է բոյկոտել, ինչո՞ւ 30 հազար մարդը չի բոյկոտել։ Հարցն այն է, որ մարդիկ ունեն սերտիֆիկատները, չեն կարողանում իրացնել։ Արեք անապահովության գնահատում, մարդկանց տրամադրեք աջակցություն, բայց եկեք բնակվարձի ծրագիրը չբերենք անապահովության դաշտ։ Իմ ասած 30 հազար մարդիկ ունեն բնակվարձի խնդիր, ինչպե՞ս են այդ հարցը լուծելու, եթե դուք չեք կարողանում այնպես անել, որ բնակապահովման ծրագիրն արդարացնի իրեն»,- հարցադրում արեց Լիաննա Պետրոսյանը։

Աննա Ժամակոչյանը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 115 հազար անձանցից 7777 ստանում է 200 հազարից մինչեւ 5 մլն դրամ ամսական եկամուտ, իսկ 100 հազար դրամից ավելի եկամուտ ունեցեղների թիվը շուրջ 16 հազար է։

Ռոզա Հովհաննիսյան

ՀՀ ԱԳՆ-ը չի խոսում հնարավոր ագրեսիայի մասին

 «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ “Հայաստանի Հանրապետությունը իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով”։ Նա սակայն չի մեղադրել Բաքվին՝ էսկալացիա նախապատրաստելու մեջ։ 

Բադալյանը խոստովանել է, որ Բաքուն չի արձագանքում Հայաստանի ոչ մի առաջարկի, նույնիսկ եթե Հայաստանը համաձայնվում է Բաքվի ամենաանհավանական պահանջին։ Մասնավորապես, “Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո”, ասել է Անի Բադալյանը։

Նա ասել է, որ “Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է Սահմանադրության խնդիրը, արձանագրելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով”։ Ասել է, որ Հայաստանը առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները, բայց կրկին պատասխան չկա։  Ինչպես պատասխան չկա “համաձայնագրի” ստորագրման վայրի և ժամկետի մասին բանակցություններ սկսելու առաջարկին։ 

Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այդ ֆոնին ոչ թե մեղադրում է Բաքվին՝  “խաղաղությունը” մերժելու և ռազմական գործողություն նախապատրաստելու մեջ, այլ “արդարանում է”․ “Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար”։

Նույնիսկ ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը Հայաստանի Հանրապետությունը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, ասել է նա։ “Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային”, ասել է Բադալյանը։  Եւ կրկին չի մեղադրել Բաքվին՝ ագրեսիա նախապատրաստելու համար։

Անի Բադալյանը մտահոգիչ է համարել տարածաշրջանի միլիտարիզացիան, սակայն չի խոսել այն լուրերի մասին, որ Բաքուն Հայաստանի սահմանին զորքեր է կուտակում, իսկ քարոզչական կանալները նույնիսկ հնարավոր հարձակման ժամկետներ են նշում՝ մարտի վերջ։

Հիշեցնենք, որ օրերս Բաքուն ձեռբակալել է մի բլոգերի, որը նկարահանել և հրապարակել է, թե ինչպես է Ադրբեջանը ռազմական տեխնիկան բերում դեպի Հայաստանի սահման։ Բաքուն փաստը չի հերքել, հակառակը՝ տարածելով ձեռբակալման մասին լուրը, հաստատել է այն։

Հայաստանի ԱԳՆ-ն, չնայած, որ խոստովանում է “խաղաղ օրակարգի” լիակատար տապալումը, ինչը առավել հնարավոր է դարձնում ռազմական ագրեսիան, հասարակությանը պատրաստում է ոչ դե դիմադրելուն, այլ անհույս հանձնման։ Իսկ իրեն համար ինդուլգենցիա է պատրաստում։

Բացվեց Արցախից տեղահանված հաշմանդամ երեխաների վերականգնողական կենտրոն

Մարտի 2-ին ք. Երևան, Սասունցի Դավթի հրապարակ, 2 հասցեյում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ տեղի ունեցավ Արցախից հարկադիր տեղահանված հաշմանդամ երեխաների վերականգնողական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Կենտրոնը նախատեսված էր ստեղծել Արցախում, սակայն  2023 թ․ ողբերգական իրադարձությունների արդյունքում այս չափազանց կարևոր գաղափարն իրագործվեց Հայաստանում

«Կենտրոնը նախատեսված էր ստեղծել Արցախում, Ամարասի վանքի մոտ, որը խիստ խորհրդանշական էր», բացման արարողության ժամանակ նշել է VitalRehub կենտրոնի ներկայացուցիչ Թուխմանուկ Մկրտչյանը։

Վերականգնողական կենտրոնի բացման ծրագիրն ուղղված է Արցախից բռնի տեղահանված 2-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը:

Ծրագիրն իրականացվում է «Օժանդակության Հաշմանդամ և Սպորտային կարգ ունեցող մարզիկներին» Բարեգործական Հասարակական Կազմակերպության և «ԱՄՍԱՐ» սոցիալ-կրթական, բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ:

Նախաձեռնության հիմնական հովանավորն է հանդիսանում «SOS» Արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը: Կենտրոնի մի քանի սարքավորումներ ձեռք են բերվել «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ` Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ:

Նախաձեռնությանն իր աջակցություն է ցուցաբերում նաև «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ն:

Վերականգնողական կենտրոնը նախատեսված է մասնավորապես մանկական ուղեղային կաթված, գլոբալ զարգացման հապաղում ախտորոշումներով, ինչպես նաև այլ տեսակի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող 2-18 տարեկան անձանց համար:

Այն անվճար հիմունքներով տրամադրում է կինեզիոթերապևտի, հոգեբանի, լոգոպեդի, բժիշկ-վեռականգնողաբանի և բուժական մերսման ծառայություններ։

Ներկա դրությամբ բուժում են ստանում շուրջ 20 շահառու: Կենտրոնում աշխատում են նաև արցախցի տարբեր մասնագետներ։ 

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում տեղեկացրել են «ԱՄՍԱՐ» սոցիալ-կրթական բարեգործական հասարակական կազմակերպությունից:

Արսեն Աղաջանյան

Տեղահանումից ընդամենը մի քանի օր հետո ծնվել է Մարկը․ Արցախցի ընտանիքը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ

Արցախից տեղահանվելուց հետո Հովակիմյանների ընտանիքը հաստատվել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Մխիթարը կապավոր էր ԱՀ ՊԲում, իսկ կինը՝ Մարտան, ռուսաց լեզու էր դասավանդում Դահրավի հիմնական դպրոցում։

Արցախցի ընտանիքը նոր բնակավայրում զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ՝ փորձելով հոգալ սոցիալական կարիքները, որը, սակայն, մեծ դժվարությամբ է հաջողվում․․․

 -2023-ի սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի մոր և մանկան հիվանդանոցում էի։ Բարդ հղիությանս պատճառով գտնվում էի բժիշկների վերահսկողության տակ։ Երբ սկսվեցին առաջին հրետակոծությունները, հասկացա, որ կրկին պատերազմ է։ Այն ապրումները, որոնք զգացի այդ պահին, չեմ կարող նկարագրել։ Աղջիկս՝ Մարիան, տանն էր, ու ես րոպե առաջ ուզում էի երեխայիս մոտ լինել։

Հիվանդանոցում իրարանցում սկսվեց․ հղի կանայք լացում էին, որովհետեև նրանց բալիկները կամ դպրոցում էին, կամ մանկապարտեզում։ Սրտաճմլիկ տեսարան էր, որը երբեք իմ հիշողությունից չի կարող վերանալ։ Հիվանդանոցից մի կերպ տուն հասա, և դստերս գրկելով՝ մի փոքր հանգստացա։ Ամուսինս ծառայության մեջ էր։

Հաջորդ օրն արդեն զինադադար էր, սակայն չէի պատկերացնում, որ արցախահայությունը մի քանի օր հետո ստիպված է լինելու լքել Արցախը և տուն վերադառնալը երազանք է դառնալու։

Սեպտեմբերի 25-ին մեր գերդաստանով ճանապարհվեցինք դեպի Հայաստան։ Դեռևս չէինք հատել Հակարին, երբ լսեցինք, որ վառելիքի պահեստում խոշոր պայթյուն է եղել․ զոհերն անթիվ են։ Կոտրված ու ընկճված հասանք Հայաստան։ Մի քանի օր բարեկամի տան մնալուց հետո տեղափոխվեցինք Տարոնիկ գյուղ ու մինչև այսօր ապրում ենք այստեղ,-պատմում է Մարտան։

Տեղահանումից ընդամենը մի քանի օր հետո ծնվել է Մարկը։ Ճիշտ են ասում՝ արցախցի կանայք հերոս են, առանձնապես հղի կանայք, որ իրենց կրծքի տակ կրել են փոքրիկներին։ Շրջափակման դժվար ամիսների ընթացքում նրանք պատրաստ էին մայր դառնալու՝ անտեսելով ամեն մի զրկանք ու դժվարություն։

Մարտայի որդին լույս աշխարհ է եկել Արցախից շատ հեռու, սակայն նա մոր կրծքի տակ զգացել է Արցախը։

-Ստեփանակերտում երկու հարկանի տուն ունեինք։ Ապրում էինք մեծ ընտանիքով՝ ամուսնուս ծնողները, եղբայրը, քույրը և մեր ընտանիքը։ Մեր հիմնական աշխատանքին համատեղ՝ զբաղվում էինք հողագործությամբ։ Բացի մեր տնամերձ հողամասից, Ստեփանակերտից դուրս ևս հողակտոր ունեինք, որոնք մշակում էինք, բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնում։

Երբ տուն վարձակալեցինք ու հաստատվեցինք այս գյուղում, որոշեցինք ջերմատնտեսությամբ զբաղվել։ Տան հողամասում ջերմոցներ էին տեղադրված, ինչն էլ հեշտացրեց մեր գործը։ Ցանում ենք տարբեր տեսակի բանջարեղեն, կանաչու տեսականի։ Ժենգյալով հացի համար նախատեսված մի շարք կանաչեղեն ենք աճեցնում, քանի որ դրա պահանջարկը մեծ է։ Հիմնականում դրանով ենք զբաղվում, սակայն եկամուտը այնքան էլ մեծ չի․ վաստակում ենք միայն օրվա հացի գումարը։

Ամուսինս հիմնական աշխատանք չունի։ Երբեմն հաջողվում է օրավարձով աշխատանք գտնել որևէ շինարարական կազմակերպությունում։ Ապրիլ ամսից, երբ փոփոխվի արցախցիներին տրվող աջակցության կարգը, ինչպես շատերը, մենք ևս կհայտնվենք ծանր կացության մեջ։

Դուստրս ի ծնե տեսողական խնդիր ունի։ Տարիներ շարունակ բժիշկների հետ պայքարել ենք տեսողությունը վերականգնելու համար, սակայն երեխայիս մոտ դեռևս փոփոխություն չկա,-ասում է Մարտան և ավելացնում, որ երեխայի տեսողության վերականգնման հույսով է ապրում։

Արցախից տեղահանվելուց հետո տասնյակ հազարավոր ընտանիքներ մի կերպ են իրենց գոյությունը պահում, իսկ բնակվարձերի աջակցության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումն արտագաղթի նոր ալիք է կանխորոշում։ Սոցիալական խնդիրների պատճառով հազարավորներն արդեն իսկ լքել են Հայաստանը՝ ինտերգրվելու փոխարեն ընտրելով արտագաղթը։ Հավանաբար, Մխիթար և Մարտա Հովակիմյանների ընտանիքը ևս կդասվի արտագաղթողների շարքին։

 -Ինչքան էլ գերադասում ենք ապրել Մայր Հայաստանում, որը միանշանակ մեր հայրենինք ենք համարում և փորձում հարմարվել նոր կարգավիճակին ու դրանից բխող իրադարձություններին, միևնույն է՝ չի հաջողվում։ Օրեցօր դժվարանում է կյանքը, խնդիրները դառնում են անլուծելի։ Մտածում ենք՝ մեկնել Ռուսաստան, որտեղ տան վարձավճարները ցածր են, աշխատանք գտնելը՝ ավելի հեշտ։ Մեր հայրենակիցներից շատերն են տեղափոխվել ՌԴ և դժգոհ չեն այնտեղի կյանքից։ Շատերն ասում են՝ Արցախի կորստից հետո ի՞նչ տարբերություն մեզ համար, թե որտեղ ենք ապրում։

Մեր երեխաները ուժ են տալիս չկորցնել հավատը, հուսալ, որ մի գեղեցիկ օր կվերադառնանք տուն, և այս ամենը մղձավանջային երազ կթվա,-ասում է Մարտան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Պուտինը խոստանում է չհարձակվել Օդեսայի վրա, բայց մեկ պայմանով

Պուտին-Թրամփ երեկվա բանակցություններից հետո վերլուծաբաններն ու լրատվամիջոցները փորձում են պարզաբանել, թե ինչ է փոխվել ուկրաինական կարգավորման հարցում։ Պաշտոնական արդյունքներն այնքան էլ լավ չեն՝ Պուտինի խոստացել է չհարձակվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա (բայց այսօր Ռուսաստանը նոր հարձակում է սկսել հենց այս օբյեկտների վրա)։

Ինչ վերաբերում է ոչ հրապարակային հատվածին, ապա, օրինակ, «Կոմերսանտ»-ից Անդրեյ Կոլեսնիկովն ասում է, որ Պուտինը ցանկանում է, որ Ուկրաինան և ամբողջ աշխարհը ճանաչեն Ղրիմը, Դոնբասը, Զապորոժյեն և Խերսոնի շրջանը որպես Ռուսաստանի Դաշնության մաս։ Ի պատասխան՝ նա, իբր, պատրաստ է ոչ միայն դադարեցնել պատերազմը, այլեւ խոստացել է այլևս չհարձակվել Ուկրաինայի վրա։

Նրա խոսքով, եթե Արևմուտքն ու Կիևը ընդունեն Պուտինի առաջարկը, ռուսական բանակը Օդեսան չի գրոհի։ Հակառակ դեպքում Ուկրաինայի զինված ուժերը ժամանակ չեն ունենա քաղաքի պաշտպանությանը պատրաստվելու։

Օդեսան վերցնելը Պուտինին թույլ կտա վերահսկել ոչ միայն Սև ծովը, այլև հասնել Մերձդնեստր, այսինքն՝ Մոլդովայի և, համապատասխանաբար, Ռումինիայի հետ սահման։

Թրամփը կարող է աջակցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին տարածքային հարցում և, հնարավոր է, ընդգրկել Օդեսայի կարևորագույն նավահանգիստը կարգավորման օրակարգում, ինչը անհանգստացնում է Կիևին, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականներին։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և կաշառակերության ցանցի գործով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քաղաքի դատախազությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահները Ստամբուլում լայնածավալ գործողություն են սկսել, և ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, նրա մամուլի քարտուղարին և ավելի քան 100 այլ անձանց, այդ թվում՝ պետական ​​ծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների ձերբակալելու օրդեր են տրվել։

Իմամօղլուն, ում տունը խուզարկվել է, ոստիկանների ուղեկցությամբ բերվել է դատարան։

Ստամբուլում ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության ֆոնին մինչև մարտի 23-ը արգելվել են հանրահավաքներն ու ցույցերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի համալսարանը որոշել է չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը՝ Թուրքիայի գլխավոր դատախազության համապատասխան խնդրանքով։ Այս որոշումը նրան խանգարում է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։

Այսօր, ժամը 19:30-ին, ի աջակցություն 6 ոստիկանների կողմից խոշտանգված Տիգրանի

Լուսանկարը՝ Forrights-ից

Այսօր, ժամը 19:30-ին, Մամիկոնյանց 46/5 հասցեում հավաք ՝ ի աջակցություն 6 ոստիկանների կողմից խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանի

Տեսնելով, որ Քննչական կոմիտեն ունի շատ անլուրջ մոտեցում և հաշվի առնելով նմանատիպ դեպքերի շարունակական կրկնվելը՝ ես Տիգրան Ուլբաբյանի խնդրանքով, այլընտրանք չունենալով, անցնում եմ պայքարի այլ մեթոդների։

Քննչական կոմիտեն մինչև վաղը պիտի ունենա այս գործով պարզված տվյալներ, առնվազն՝ ովքեր են եղել այն ոստիկանները, որոնք Տիգրան Ուլբաբյանին ենթարկել են բռնության։ Առնվազն այդ ոստիկանների պաշտոնավարումը պիտի կասեցվի, և նրանք ձերբակալվեն, որպեսզի վերջիններս չխոչընդոտեն ապացուցման գործընթացին։

Հակառակ պարագայում մենք միասին հավաքվելու ենք Քննչական կոմիտեի դիմաց՝ մեր դժգոհությունը արտահայտելու կազմակերպված նախաքննությունից։

Սա իմ նախաձեռնությունը չէ. սա բազմաթիվ քաղաքացիների կողմից ինձ ուղղված խնդրանք է՝ կազմակերպել այս միջոցառումը և Քննչական կոմիտեից պահանջել արդար նախաքննություն։ Ակնկալում ենք բոլորի մասնակցությունը։

Հատված փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից:

Տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն

Տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով մարզերի մեծ մասում այդ թվում նաև Երևանում տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,-գրել  է  նա։

Հիշեցնենք, որ հայտնել էինք, որ օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են Ուկրաինայի և Իսրայելի հարցում. Հայաստանը չի՞ քննարկվել

Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումները 30-օրյա դադարեցնելու, գերիների փոխանակման և հարաբերությունների կարգավորման շուրջ՝ ինչպես ուկրաինական կարգավորման հարցում, այնպես էլ մոլորակի այլ շրջաններում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածներից 30-օրյա փոխադարձ հրաժարվելու մասին և նման հրաման է տվել զինվորականներին, հաղորդում է Կրեմլը։

Ղեկավարները նաև պայմանավորվել են բանակցություններ սկսել՝ Սև ծովում նավագնացության անվտանգությանն առնչվող նախաձեռնության մանրամասները մշակելու համար։

Զրույցի ընթացքում երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Կուրսկի մարզում մնացած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ճակատագրին։ «Կուրսկի շրջանում շրջափակված ուկրաինացի զինծառայողների կյանքը խնայելու Դոնալդ Թրամփի վերջին կոչի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է առաջնորդվել հումանիտար նկատառումներով և նրանց հանձնվելու դեպքում երաշխավորում է Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը՝ ռուսական օրենքներին և միջազգային իրավունքին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը հասնելու համար կողմերը փորձագիտական ​​խմբեր կստեղծեն։

Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև երկու երկրների համագործակցությունը մոլորակի այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում, որտեղ ներկայումս ծավալվում է ԱՄՆ ռազմական գործողությունը հութիների դեմ։ «Համատեղ ջանքեր կգործադրվեն ճգնաժամային շրջաններում իրավիճակը կայունացնելու և միջուկային զենքի չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում համագործակցություն հաստատելու համար։ Դա իր հերթին կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր մթնոլորտի բարելավմանը», – հաղորդում է Կրեմլը:

«Հաստատելով իր հիմնարար հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՌԴ նախագահը հայտարարեց պատրաստակամությունը աշխատելու ամերիկացի գործընկերների հետ՝ հիմնովին ուսումնասիրելու կարգավորման հասնելու հնարավոր ուղիները, որոնք պետք է լինեն համապարփակ, կայուն և երկարաժամկետ։ Եվ, իհարկե, պետք է հաշվի առվեն ճգնաժամի բուն պատճառները, Ռուսաստանի օրինական շահերը անվտանգության ոլորտում վերացնելու անվերապահ անհրաժեշտությունը»,- ամփոփել է Կրեմլը։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում նրանք պայմանավորվել են, որ Իրանին չպետք է թույլ տրվի սպառնալ Իսրայելի գոյությանը, իր X էջում հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։

Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են այլ երկրների զինանոցներում ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը։

«Երկու առաջնորդները կիսում են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է կարողանա ոչնչացնել Իսրայելը»,- գրել է Լևիտը։

Աղբյուրները չեն նշում, թե արդյոք Հարավային Կովկասի հարցը ներառվել է Պուտին-Թրամփ խոշոր պայմանավորվածությունների քեյսում, և որքանով են այդ պայմանավորվածությունները կապված Բաքվի և Երևանի միջև նախապատրաստվող «խաղաղության համաձայնագրի» հետ։ Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, սատարում էր համաձայնագրին՝ առաջ քաշելով միայն մեկ «պայման»՝ հայ գերիների ազատ արձակումը։ Այսինքն՝ «Հայաստանի վերացումը գերիների վերադարձի դիմաց» գործարքը դուր է գալիս Վաշինգտոնին։

Արցախում էլ Բաքուն մեղադրում էր Արցախի Պաշտպանության բանակին` իր դիրքերին “կրակելու” համար

Արցախում գրեթե չկար օր, որ Ադրբեջանը չմեղադրեր Արցախի Պաշտպանության բանակին` իր դիրքերի ուղղությամբ կրակու համար: Արցախի ՊՆ նույն հակահաղորդագրություններն էր տարածում, ինչ այսօր Հայաստանի ՊՆ-ը:

Թերեւս սա չի կարող  “նոստոլգիա” չառաջացնել արցախցիների մոտ:

Հատկապես կհիշեն, որ 2020թ. հետո, երբ ադրբեջանական դիրքերը չափազանց մոտեցել էին Արցախի գյուղերին, վարելահողերին եւ ադրբեջանցիները պարզապես թույլ չէին տալիս, որ գյուղացիներն իրենց այգիներ ու դաշտեր մտնեն` բերքը հավաքելու համար:

ԵՄ դիտորդներ չկան, իսկ ռուս խաղաղապահների դեպքում ամեն ինչ պարզ էր, ինչո՞ւ ուղիղ չկրակել արցախցի կոմբայնավարի ուղղությամբ:

Փորձված տեղեկատվական մարտավարություն, ինչո՞ւ չկիրառել Հայաստանի դեմ այսօր…

Մարութ Վանյան

Լուսանկարները՝ Արցախի ոստիկանության: Խոցված կոմբայն Արցախի Ավդուռ գյուղի վարչական տարածքում:  15 օգոստոս, 2023թ.

Այժմ Բաքուն այսպես է “զգուշացնում” մոտալուտ ագրեսիայի մասին

Ադրբեջանի ՊԱԾ-ը ձերբակալել է 18-ամյա բլոգերին՝ Հայաստանի հետ սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Կադրերը հայտնվել են TikTok-ում մարտի 15-ին՝ Գեղարքունիկի մարզին սահմանակից տարածքում։ Նա պնդում էր, որ ադրբեջանական բանակը պատրաստվում է սահմանին ռազմական գործողության։ Պետական ​​անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել, թեկուզ ասում են, իբր տեսագրությունը նկարահանվել է այս տարվա փետրվարի 27-ին։

Փաստորեն, Բաքուն հիմա նման մեթոդներով է «զգուշացնում», որ զորք է տեղափոխում Հայաստանի սահմաններ, բայց միայն Գեղարքունիքի մարզի մոտ։ Իսկ մյուս հատվածներում, իբր, չի տեղափոխում, թեև վերջին 3 օրվա ընթացքում Բաքուն 7 անգամ «զեկուցել է», որ հայկական կողմն իբր կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ Հայաստանի հարավում և արևելքում։

«Գերմանական իշխանություններին հայտնում ենք՝ որքան էլ դուք ծափ տաք, մենք չենք ընդունում այդ փաստաթուղթը»

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են նամակ գրել Գերմանիայի նախագահին՝ պահանջելով, որ Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նա այցելի նաեւ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան, այնուհետեւ՝ Ադրբեջան։ Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի հետ, այցելելու է Սեւան ու Դիլիջան։

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները նկատել են, որ Գերմանիայի նախագահի այցի օրակարգում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու մասին տեղեկություն չկա։ Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ դա Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն իրենց իշխանության արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։

«Ես կարծում եմ, որ մենք՝ գերմանահայերս, պետք է այս հարցով աղմուկ բարձրացնենք, մենք Գերմանիայի քաղաքացի ենք, մեր նախագահն է, մենք դրա իրավունքն ունենք։ Պետք է քննարկումներ լինեն՝ եթե Գերմանիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ պատասխանատվություն ստանձնել դրա հետեւանքների վերացման համար, ինչո՞ւ Գերմանիայի նախագահը չի այցելում Ծիծեռնակաբերդ ու արծաթափայլ եղեւնի չի տնկում այնտեղ։ Ի վերջո առաջին անգամ է, որ Գերմանիայի նախագահն այցելում է Հայաստան»,- ասաց նա։

Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ Գերմանիայի նախագահին ուղեկցելու է կինը, որը Գերմանիայում ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարն է։ Սա առիթ է, որպեսզի հայ համայնքը բարձրացնի նաեւ այն հարցը, որ Բաքվում նաեւ ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակը փակելու դիմում են ներկայացրել։ «Մենք ուզում ենք նաեւ Գերմանիայի նախագահի կնոջ ուշադրությունը սեւեռել մի հարցի վրա, որ դուք գնում եք մի երկիր, որտեղ ձեր կազմակերպությունը փակվում է»,- հավելեց նա։

Հայ համայնքը Գերմանիայի իշխանություններին առաջիկայում նամակ է ուղղելու նաեւ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ։ «Մենք 12 կետերից բաղկացած պահանջ ենք գրել, մինչեւ այդ կետերը չլինեն, մենք այդ փաստաթուղթը չենք ընդունելու, հրապարակային պատռելու ենք։ Գերմանական իշխանություններին հայտնում ենք՝ որքան էլ դուք ծափ տաք ու ընդունեք այդ փաստաթուղթը, բայց մենք դա չենք ընդունում, լեգիտիմ չէ ոչ բովանդակության առումով, ոչ էլ ստորագրողների առումով»,- նշեց Օրդուխանյանը։

Ռոզա Հովհաննիսյան