Արցախցիների ուղիղ կեսը ապրիլից կդադարի 50 հազար աջակցություն ստանալ

Լեռնային Ղարաբաղից ավելի քան 21800 ներքին տեղահանված անձ Հայաստանում աշխատանք է գտել, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։

Նա խոստովանեց, որ Արցախի բնակիչների աշխատանքի տեղավորման կառավարության ծրագրով աշխատանք է գտել ընդամենը 1800 մարդ։ Ավելի քան 4600 տեղահանված անձ գրանցվել է որպես ինքնազբաղված։

Արցախի բնակիչներին բնակարանների վարձակալության համար 50 հազար դրամի չափով պետական ​​աջակցության կրճատումը կառավարությունը փորձում է բացատրել նրանով, որ արցախցիները, իբր, այդ աջակցության պատճառով աշխատանք գտնելու մոտիվացիա չունեն։

Կառավարությունը չի ընդունում, որ Հայաստանում դժվար է գտնել այնպիսի աշխատանք, որը թույլ կտա և՛ վարձ վճարել, և՛ ընտանիք պահել։ Թեեւ նույնիսկ պետական ​​ծրագրով հնարավոր է եղել տեղավորել ընդամենը 1800 մարդ։ Բացի այդ, արցախցիները հիմնականում ցածր վարձատրվող աշխատանք են անում՝ հիմնականում որպես տաքսու վարորդ կամ բանակում պայմանագրային զինծառայող։

Հիշեցնենք, որ ապրիլից մոտ 100 հազար արցախցիներից աջակցություն կստանա միայն 53 հազարը, այն էլ ոչ թե 50, այլ 40 հազար դրամ, իսկ ամառվանից՝ 30 հազար դրամ։ Հաշվի առնելով, որ կառավարությունը 1,5 տարում չի լուծել արցախցիների զբաղվածության և բնակարանային ապահովման խնդիրները, աջակցության կրճատումը որպես Հայաստանից դեպորտացիա է գնահատվում շատերի կողմից։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից Հայաստան է մուտք գործել 101 848 մարդ, երեխաների և թոշակառուների թիվը համապատասխանաբար 30 հազար և 13,7 հազար է, 72 հազարը բնակվում է մարզերում, մնացածը՝ Երևանում։ Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով 2020 թվականի տեղահանությունը, արցախցիների թիվը կազմում է ավելի քան 151 հազար մարդ։

Շվեյցարիայի կառավարույունը հարթակ կստեղծի՞ Արցախի հարցը քննարկելու համար

Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։

46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։  Այդ մասին գրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

 

Դիմադրություն չի լինի, «արդարացումները» պատրաստ են, մնացածը «տեխնիկայի» հարց է

Ստեփանակերտ, 2023-ի սեպտեմբերի 19

Ինչպես նկատել են վերլուծաբանները, «խաղաղության համաձայնագրի» տեքստը համաձայնեցնելու մասին հայտարարելուց հետո Բաքուն առիթ է ստեղծում ռազմական ճանապարհով ուզածը ստանալու համար։ Այդ ջանքերում նրան ոչ ոք չի սահմանափակում, եթե չասենք՝ խրախուսում են։

Հայ վերլուծաբանները փորձում են «բացատրություններ» գտնել, իբր Բաքուն չի ուզում ստորագրել «հայանպաստ» համաձայնագիրը, և փորձելով պարզել, թե Ալիևի «վերջին» պահանջը ո՞րը կլինի։ Ինչպես Step1.am-ին ասել է Սարո Սարոյանը, վեջին պահանջը՝ Հայաստանի ինքնալուծարման ակտն է, ինչպես եղել է Արցախի դեպքում։

Դա շատ լավ գիտեն և ՀՀ իշխանությունները, բացառված չէ, որ այդ ակտն արդեն գրված է, բայց հասարակությանը ներկայացնելու համար պետք է համապատասխան անտուրաժ ստեղծել։ Եվ ինչքան մոտենում է «ինքնալուծարման» պահն, այնքան կառավարության «արդարացումներն» ավելի հիստերիկ և անհույս են դառնում։

Կառավարությունը կարծես նախապատրաստում է մի փաթեթ, որը ինքնալուծարումից հետո կներկայացնի որպես «արդարացում»․ մենք ամեն ինչ արել ենք, բայց անհնարին էր այլ կերպ վարվել։ 3 մլն․ մարդու կյանք փրկելու համար ենք արել՝ իհարկե պլյուս-մինուս։

Կառավարությունը, որը բոլոր հարթակներից հայտարարում է, որ չի օգտագործելու գնված զենքը, այսօր թվարկել է այն ամենը, ինչն «առաջարկել» է Բաքվին, և հիմա անհույս սպասում է «դրական պատասխանին»։ Հենց դա էլ կլինի “ինդուլգենցիան։”

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանն առաջարկել է՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։

ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։ Սակայն դա էլ է մնացել անպատասխան։

Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ, ասված է հայտարարության մեջ։ Այսինքն՝ Բաքուն չի պատասխանում նաև այդ առաջարկին։

Հայաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, ասված է հայտարարության մեջ։ Ըստ երևույթի, Բաքուն դա էլ է «իգնոր» արել։

Վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ ասվում է, թե «2025 թվականի հունվարին Հայաստանը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան և Հայաստանի հյուսիս–արեւմտյան շրջաններից Նախիջևանով դեպի ՀՀ հարավային հատված երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ»:

Բացի այդ, ըստ հայտարարության, Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Այդ երկու առաջարկները ևս առանց արձագանքի են մնացել։

Հիմա կառավար-ությունը կասի, որ ամեն ինչ արել է։ Դրա հետ մեկտեղ նա նորից է տեղեկացնում Բաքվին, որ «ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի»։

Դիմադրություն չի լինի, «արդարացումները» պատրաստ են, մացածը «տեխնիկայի» հարց է։

Ռուսական RT ​​գործակալությունը Բաքվին սադրում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների

Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի հրաձգարաններ: Այս մասին հաղորդում է ռուսական պետական Russia Today լրատվականը։ Ըստ փաստաթղթերի, որոնք ուսումնասիրել է RT-ն, փոխադրումը նախատեսում են իրականացնել Վրաստանի տարածքով։

Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը: Վերադարձը Գերմանիա, ինչպես ասվում է տրանսպորտային ծառայությունների մատուցման մրցույթում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորումներ, ներառյալ տրանսպորտային միջոցները, գեներատորները և մասնագիտացված բեռնարկղերը:

Թեկուզ ասվում է, որ զենքը հետ կվերադարձվի Գերմանիա, ակնարկներ կան, որ ԱՄՆ-ը զենքը հենց այնպես չի տեղափոխում, և կարող է այն նույնիսկ թողնել Հայաստանում, ինչը պետք է “կանխել”։ 

Երևանի և Բաքվի միջև ստեղծված իրավիճակում, երբ Բաքուն՝ «խաղաղության համաձայնագրի» համաձայնեցման մասին հայտարարելուց հետո, ապատեղեկատվություն է տարածում իբր Հայաստանի կողմից կրակ բացելու մասին, Russia Today-ի տեղեկությունը հնչում է որպես Բաքվին սադրելու միջոց։

Ռուսաստանը խնդիր ունի «վերադառնալ» Սյունիք և «հսկել» Մեղրիի ճանապարհը։ Դրա համար նրան պետք են ռազմական գործողություններ, որոնց արդյունքում նրանք կգան Հայաստանը «փրկելու» թուրքերից։   

Իսրայելը կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

DW

Իսրայելը վերսկսել է զանգվածային հարձակումները Գազայի հատվածում, որը վերահսկվում է արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից: Կրակը դադարեցվել էր հրադադարի համաձայնագրի ժամանակ։ «Քաղաքական էշելոնի, ՑԱՀԱԼ-ի և ԻՍԱ-ի որոշման համաձայն՝ ներկայումս զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ահաբեկչական օբյեկտներին։ Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ», – երեքշաբթի լույս մարտի 18-ի գիշերը հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի Telegram ալիքը: Հայտարարվել է նաև, որ Գազայի հատվածին սահմանակից իսրայելական քաղաքների դպրոցները փակ կմնան առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Իր հերթին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Իսրայելը միակողմանիորեն խզել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը։ Իսլամիստական ​​խմբավորումը կոչ է արել ԱՄՆ-ին, Քաթարին և Եգիպտոսին համարել համաձայնագրի խզման ամբողջական պատասխանատվությունը իսրայելական և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շտապ նիստ հրավիրել՝ ընդունելու բանաձեւ, որը կպարտավորեցնի է Իսրայելին դադարեցնել պատերազմը, ասվում է զեկույցում: ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները նաև ասել են, որ Իսրայելի ռազմական գործողությունները վերսկսելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության որոշումը ՀԱՄԱՍ-ի մնացած պատանդների չակատագիրը թողնում է «անհայտ»:

Իսրայելի վերսկսված հարվածների հետևանքով զոհերի թիվը հրապարակման պահին հասել է առնվազն 130-ի, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելում արգելված Al Jazeera հեռուստաալիքի տվյալներին, որն իր հերթին մեջբերում է Գազայի հատվածում աշխատող բժիշկների տվյալները: Առնվազն 300 մարդ տուժել է ամբողջ հատվածում, այդ թվում՝ մի քանի երեխա, ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ բժիշկների և ականատեսների, որոնց վկայակոչել է իսրայելական հրատարակությունը, հարվածներ են հասցվել Դեյր էլ Բալահ քաղաքի բնակելի շենքերին, ինչպես նաև Գազա, Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների շենքերին։

Այս օրերին Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Լիբանանին և Սիրիային։

Խաղաղության պայմանագրի վտանգավոր կետերից է՝ միջազգային դատական ​​հայցերից հրաժարվելու պահանջը

Արցախյան «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյան․

«Դատելով առկա տեղեկություններից՝ «խաղաղության համաձայնագրի» գրեթե բոլոր կետերը հակասում են հայ ժողովրդի շահերին։ Վտանգավորներից մեկն այն է, որ Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային դատական ​​հայցերից։ Մինչդեռ հայ գերիների վերադարձի հարցը չի քննարկվում։ Թեև Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններում ասվում է, որ «մարդը բարձրագույն արժեք է»։

Կասկածներ կան նաեւ, որ համաձայնագիրը կստորագրվի։ Եթե ​​Հայաստանին դա պետք է զարգացման համար ժամանակ շահելու կամ իշխանությունը պահպանելու համար, ապա Ադրբեջանը ստիպված է գնալ այդ քայլին։ Աշխարհաքաղաքական իրավիճակը դրդում է Ադրբեջանին կրկնել ռազմական գործողությունները՝ իր նպատակներին հասնելու համար, սակայն կան գլոբալ դերակատարներ, որոնք խանգարում են դրան։ Ուստի խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրում ու վավերացում շուտով պետք չէ սպասել»։

Ալվարդ Գրիգորյան

Մարտը վերադարձավ

Մարտի 18-ին Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, հայտնում է հանրապետության Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։

Միաժամանակ մարտի 19-ից կանխատեսվում է օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով անկում, ինչպես նաև քամու պոռթկումների բարձրացում մինչև 20-25 մ/վ (փոթորիկ)։

Ըստ կանխատեսումների՝ Շիրակում օդի ջերմաստիճանը մարտի 18-ին կլինի +19 աստիճան, Կոտայքում՝ +20, Գեղարքունիքում՝ +18։

Լոռիում ջերմաչափը կբարձրանա մինչև +23, Տավուշում՝ +27, Արագածոտնում՝ +22։

Արարատում օդը կտաքանա մինչև +25, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +24, Սյունիքում՝ +28։

Երեւանում մարտի 18-ին առանց տեղումների եղանակ կլինի. Հայաստանի մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +24։

Եվրոպացի դիտորդներին կհեռացնեն, որ ռուսնե՞րը չգան․ մանկական խաղեր

Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ այդպիսի բան լինի (ռուսները հսկեն Մեղրիի ճանապարհը․ խմբ), ասել է այսօր Ալեն Սիմոնյանը։ Ադրբեջանը մշտապես խոսում է, որ երրորդ կողմ չլինի: Այս համաձայնագրով, որ նշված է երրորդ կողմ, ինչի՞ եք դուք մենակ եվրադիտորներին հասկանում: Նշված է, որ չի կարող որևիցե երրորդ կողմ լինել մեր սահմաններին: Բա ռուսները երրորդ կողմ չե՞ն, խորամանկ հարցրել է նա:

Ալեն Սիմոնյանի ասածից ստացվում է, որ Հայաստանը “համաձայնվել է” եվրոպական դիտորդներին հեռացնել՝ ռուսական զորքերի “բացակայության” դիմաց։ Եվրոպացիներին էլ “կհամոզեն”, որ դիտորդներին հեռացնում են հանուն Ռուսաստանին “սահմանափակելու”։ 

Մանկական խաղերին, իհարկե, ոչ ոք չի հավատում, բայց բոլորը ծափահարում են, ինչպես Անալենա Բերբոքն է ասել՝ “Հայաստանի խիզախ զիջումներին”։ 

Հիմա պետք է պատռվակ, որպեսզի ԵՄ-ն հանի իր դիտորդներին և նրանց հետ միասին՝ սեփական պատասխանատվությունը Հայաստանի գալիք գահավիժման համար։

Մարտի 16-17-ը Եվրոպական միության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ:

«Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։

Ալեն Սիմոնյանը նաև ասել է, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա նույնիսկ եվրոպացի դիտորդների ներկայությամբ։

Մնում է մի հատ կրակել, և եվրոպական դիտորդներն արդեն պետք չեն լինի։

 

«Խաղաղության համաձայնագիրն» իրականում Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյան.

«Այսպես կոչված Խաղաղության փաստաթուղթը, հակառակ հայ հասարակության համոզմունքին, իրականում չի ենթադրում խաղաղություն, այլ հետապնդում է մի քանի նպատակներ, որոնք հակասում են ժողովրդի շահերին։

44-օրյա պատերազմից հետո «խաղաղություն» հասկացությունը քողարկված ձևով ամեն կերպ օգտագործվում է Կրեմլի կողմից՝ ղարաբաղյան տարածաշրջանում իր մեղքերը թաքցնելու փորձերին զուգահեռ։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները բղավում են խաղաղության համաձայնագրի մասին, բայց իրականում դա Կրեմլի քաղաքականությունն է՝ թույլ չտալ Եվրոպայի մուտքը Հարավային Կովկաս։ Այս համատեքստում են հնչում նաև հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։

Խաղաղության մասին խոսում են այն առաջնորդները, օրինակ՝ Թրամփը, ովքեր պատրաստ են ամեն ինչի հանուն իշխանության և շահույթ ստանալու։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույն նպատակն են հետապնդում՝ ձեռքի տակ ունենալ երկրի բյուջեն, միջազգային դրամաշնորհները և իշխանության լծակները։

«Խաղաղության համաձայնագիրն» իրականում Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի ակտ է, որը կվավերացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթը։ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, նրան պետք է Հայաստանի ղեկավարի ստորագրությունը, որը կնշանակի հայկական Արցախի վերջնական հանձնում»։

Ալվարդ Գրիգորյան

«Հարեհաս»-ը` Գեղարքունիքի ապագան փոխելու մեծ ցանկությամբ

«2 տարի առաջ, երբ հիմնադրամը նոր էր սկսել իր գործունեությունը, մեր թիրախում տեղահանված արցախցիներն էին։ Գեղարքունիքի գյուղերից մեկում տեղահնված արցախցի կինը, ի զարմանս մեզ, ոչ թե կենցաղային տեխնիկա կամ սոցիալական վիճակը մեղմացնող որեւէ բան ուզեց, այլ կլառնետ»,- պատմում է «Դեկավվա» հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանն ու ավելացնում, որ իրենց համար շատ տարօրինակ էր կնոջ խնդրանքը։

«Ամիսներ հետո այդ կինը զանգեց ու տեղեկացրեց, որ իր որդին կլառնետով Իտալիայում տեղի ունեցած երաժշտական փառատոնի ընթացքում առաջին տեղն է զբաղեցրել։ Դրանից հետո ողջ գյուղի կայանք դիմում էին մեզ՝ երաժշտական գործիքներ ունենալու ակնկալիքով»,- պատմում է Ադրիանան։

Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Գեղարքունիքի գյուղերն ամենախոցելի վիճակում են` կրթության ցածր մակարդակով, բռնության ցուցանիշներով առաջին տեղում է ՀՀ-ում, գործազրկության բարձր ցուցանիշներով, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մեծ թվով։ Ադրիանան վստահ է, որ կանանց կրթական մակարդակի բարձրացումը շատ բան կփոխի այս ցուցանիշների մեջ։ Ուստի որոշել են իրականացնել «Հարեհաս» ծրագիրը, որի նպատակն է վեց տարվա ընթացքում փոխել գյուղերի կանանց կյանքն ու կրթվելու, զարգանալու եւ սեփական գիտելիքները գյուղի վերափոխմանը ծառայեցնելու հնարավորություն տալ։

Գեղարքունիքի 88 գյուղերից 3520 կին արդեն իսկ ներգրավված է ծրագրին։ «Արդեն երկու տարի է, հիմնային բան եմ ուզում լինի, դասընթաց չլինի, այլ բոլոր գյուղերում համակարգային փոփոխություններ լինեն։ Ծովաբերում տարածք ենք վերցրել, ավերակից դարձրել ենք սիրուն, տաքուկ տեղ, որտեղ դասընթաց ենք անելու՝ հիմնված կոնկրետ խնդրի վրա։ Այնտեղ նաեւ կանցկացվեն երեխաների համար դասընթացներ՝ մաթեմատիկայի, ռոբոտաշինության»,- ասում է Ադրիանան։

«Հարեհաս» ծրագրի նպատակն է երեք տարվա ընթացքում քառասուն կենտրոն ստեղծել մարզում եւ ունենալ ավելի կիրթ ու նպատակասլաց կանայք, որոնց միջոցով հնարավոր կլինի փոխել Գեղարքունիքի տխուր ցուցանիշները»,- ասում է Ադրիանան։

Վերջին շրջանում, ընտրված կանայք մասնակցում են դրամահավաքների կազմակերպման, առաջնորդական ծրագրերի եւ ճանապարհի ողջ ընթքացքն անցնում են միասին, որպեսզի դաըթացների ավարտից հետո կարողանան կառավարել ստեղծված կենտրոններն ու դրանք դարձնել բարեփոխումների օջախ։

Կենտրոնների կանայք սովորելու են նախագծի կառավարում, անգլերեն, հաշվապահություն, ծնողավարություն, երեխաների համար՝ արվեստ, թատրոնի ու բալետի դասեր են նախատեսվում։

«Դեկավվա» հիմնադրամը «Հարեհաս» ծրագրի իրականացման համար դրահամավաք է կազմակերպել «ՌեԱրմենիա» https://rearmenia.com/hy/fundraisers/educational-program-%22harehas%22-developing-88-villages-in-the-gegharkunik?tab=story հարթակի շնորհիվ, եւ բոլոր ցանկացողները կարող են աջակցել Գեղարքունիքի կանանց՝ դառնալ ավելի ուժեղ, կիրթ, արժանապատիվ ու փոխել գյուղերի ապագան։

Մարիամ Սարգսյան

Բաքուն “աղվանացրել” է նաև Խաչենի եկեղեցին

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում «Ադրբեջանի» իշխանությունների կողմից պատմա-ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի, բնակելի թաղամասերի ոչնչացմանը զուգահեռ իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն: Այս քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է հայկական մշակութային ժառանգության աղվանականացումը:
1950- ական թվականների վերջին և 1960- ական թվականների սկզբին «Ադրբեջանում» սկիզբ է առել հայկական պատմա-ճարտարապետական հուշարձանների աղվանականացման գործընթացը: Այս քաղաքականության հիմքում դրված է Զիա Բունյաթովի տեսությունը, ըստ որի Արցախի և Ուտիքի պատմամշակութային հուշարձանները, որոնք ստեղծվել են հայ ժողովրդի կողմից, ունեն «աղվանական ծագում»։
Համաձայն ադրբեջանական պետական քարոզչական այս թեզի ` «Կովկասյան Աղվանքը Ադրբեջանի Հանրապետության տարածքում պատմականորեն ամենավաղ «ադրբեջանական պետություն» պետությունն է»։
Քարոզչական և հակագիտական նման թեզերին զուգահեռ տեղորոշիչ քարտեզների վրա Արցախի մի շարք եկեղեցիներ և վանքեր նշվում են որպես «աղվանական»: Այդ քաղաքականությունը մինչ օրս էլ շարունակվում է՝ ունենալով պետական աջակցություն՝ ի դեմս նախագահ, ռազմական հանցագործ և պատմական փաստերի գլխավոր կեղծարար Իլհամ Ալիևի:
Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ադրբեջանի» պետական մակարդակով իրականացվող աղվանականացման քաղաքականությունը դուրս է եկել Արցախի, Ուտիքի և Նախիջևանի տարածքներից՝ թիրախավորելով և յուրացնելով Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի և Վրաստանի տարածքներում գտնվող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաներ: Մասնավորապես՝ Տաթևի վանական համալիրը, Գոշավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հառիճավանքը, Հաղպատի վանական համալիրը, Հաղարծին վանական համալիրը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վրաստանի Բոլնիսի շրջանի ադրբեջանաբնակ Դեմիրլի (այժմ՝ Խախալջիվարի) գյուղից 500 մ հարավ-արևելքում գտնվող 1655 թ. կառուցված հայկական եկեղեցին (https://www.facebook.com/photo?fbid=10158892306391503… ) և այլն:
Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին: Սբ․ Ստեփանոս եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Սեյտիշեն անվամբ: Գյուղի եկեղեցին հիշատակվում է Սբ․ Հովհաննես անվամբ: Ըստ Բարխուդարյանցի՝ եկեղեցին <<…քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած…>>:
Բարխուդարյանցի կողմից հիշատակվող եկեղեցին փաստորեն վնասված էր և կրում էր Սբ․ Հովհաննես անունը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1901 թվականին և համաձայն արձանագրության կոչվում է Սբ․ Ստեփանոս: ( https://monumentwatch.org/hy/monument/խաչեն-գյուղի-սբ․-ստեփանոս-եկեղեցին/ ) :
Տեղորոշիչ քարտեզների վրա Սուրբ Ստեփանոս եկեղեցու ներկայացումը որպես «աղվանական»` խեղաթյուրում է պատմական իրականությունը։
«Ադրբեջանի» աղվանականացման քաղաքականությանը գումարվեց հայկական որոշ եկեղեցիների ուղղափառացման քաղաքականությունը: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սուրբ Ամենափրկիչը, ինչպես նաև ներկայացնում են որպես աղվանական Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամը) եկեղեցինները:
Հարկ ենք համարում ընդգծել, որ իսկությունը խեղաթյուրված պատմա-ճարտարապետական հուշարձաները ևս դառնում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ:
Հիմնովին ոչնչացված է «Ադրբեջանի» պետական քարոզչամեքենայի կողմից որպես «աղվանական» ներկայացված Ջուղայի խաչքարերը, որի տարածքում զորավարժարան է կառուցվել, Ծիծեռնավանքի խորանը և եզակի շուրֆը պղծվել են, հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, հիմնովին ավիրվել է որպես ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացվող Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին:
Չնայած այն հանգամանքին, որ բազմակի վանդալիզմի թիրախ դառնալուց հետո հիմնովին ավիրվեց Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, «Ադրբեջանի Հանրապետության մշակույթի» նախարարության http://heritage.gov.az կայք էջում այն ներկայացված է, որպես «Օրիորդաց վանք»:
Ներկայացվածը ընդամենը մի քանի օրինակներ են այն հազարավոր փաստագրված դեպքերից:
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի նպատակն է հիմնովին ոչնչացնել և յուրացնել բռնազավթված հայկական բնակավայրերի համամարդկային մշակութային ժառանգությունը։

Ամենաթողություն Վանաձորում․ արցախցու ընտանիքից գողությունը փորձում են “վերագրել” բարեկամին

Ռոման Երիցյան-ը գրում է․

Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:
Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։
Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։
Նկատելով, որ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասին ավազակության գործով տուժողի և այլ անձանց կողմից որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, Տիգրանին զանգել և սպառնացել են այդ ամենը դադարեցնել:
Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել։
ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, ի գործ։ Նախաձեռնեք քրեական վարույթ, առանց ակտիվ օպերատիվ միջոցառումների կատարեք մի քանի ձևական վարութային ու քննչական գործողություններ, առանց որևէ մեկին ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու ու խափանման միջոց ընտրելու 1-2 ամիս հետո կայացրեք վարույթը կարճելու մասին որոշում՝ արարքն ապացուցված չլինելու հիմքով։
Այնուամենայնիվ, հաշվի կառնեք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել։ Չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և’ քառօրյա, և’ քառասունչորսօրյա, և’ արցախյան վերջին պատերազմներին