Ռուբիոն բանակցություններ է վարել Լավրովի հետ

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղար Ռուբիոն և ԱԳ նախարար Լավրովը քննարկել են Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումներից հետո հաջորդ քայլերը և պայմանավորվել են շարունակել աշխատանքը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիայում բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 18-ին։ Արդյունքում Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվեցին ստեղծել բարձր մակարդակի թիմեր՝ սկսելու աշխատանքը Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ. վերականգնել իրենց դեսպանատների բնականոն գործունեությունը, սկսել աշխատանքը «երկկողմ հարաբերություններում գրգռիչները վերացնելու» ուղղությամբ և այլն:

Փետրվարին Էր Ռիադում կայացած հանդիպումից հետո ևս մեկ հանդիպում անցկացվեց Ստամբուլում։ Այնտեղ կողմերը քննարկել են դիվանագիտական ​​առաքելությունների անարգել ֆինանսավորումն ապահովելու և դիվանագետների աշխատանքի համար պայմաններ ստեղծելու հարցը։ Մոսկվան նաև առաջարկել է ԱՄՆ-ին դիտարկել ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը։

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Ռուբիոն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Եմենում հութիների դեմ ԱՄՆ-ի կողմից սկսված գործողության մասին։

«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը Թրամփի հրամանից հետո

Այս ռադիոկայանների մայր գործակալությունը՝ USAGM-ի, ֆինանսավորումը դադարեցրել է կառավարության կրճատումների մասին Թրամփի հրամանի պատճառով։ Փետրվարին Մասկը կոչ արեց փակել կայանները՝ ասելով, որ նրանց այլևս ոչ ոք չի լսում:

«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցրել են գործունեությունը, հայտնում է Reuters-ը։

«Ես խորապես ցավում եմ, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեց Ամերիկայի լեգենդար ձայնը»,- գրել է նրա տնօրեն Մայքլ Աբրամովիցը։ Նա մանրամասնեց, որ ավելի քան 1300 լրագրողներ, պրոդյուսերներ և ռադիոյի աշխատակիցներ նամակ են ստացել, որում ասվում է, որ իրենց արձակուրդ են ուղարկել։

Եղանակը կտաքանա ևս 1-3 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ մարտի 15-ի ցերեկը, 16-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +21+23։

Շիրակում գիշերը՝ -4+1, ցերեկը՝  +14+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝  +13+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝  +18+21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝  +14+18,

Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝  +21+25,

Տավուշում գիշերը՝ +3+5, ցերեկը՝  +22+25,

Արագածոտնի լեռներում գիշերը՝-1-4, ցերեկը՝  +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝  +19+23,

Արարատում գիշերը՝+5+9, ցերեկը՝  +21+23,

Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝  +23+25,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝  +15+17,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝  +23+25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝  +26+28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  +1+6, ցերեկը՝  +19+23։

Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ

Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը Ազգային անվտանգության ծառայության տված պատասխանից։

«Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել են ԱԱԾ-ից։

Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 ամիս է՝ չի տանում Ստեփանակերտում մահացած Աղասյանի մարմինը:

70-ամյա Աղասյանը մահացել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նա ադրբեջանական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերից էր։

Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Արտակ Բեգլարյան

Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միևնույն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Ալիևն ուզում է ամեն ինչ, այդ թվում՝ անկենսունակ Հայաստանի Հանրապետություն ու շարունակվող հայատյացության քաղաքականություն՝ առանց պարտավորություններ ստանձնելու: Ալիևը մինչև հիմա ստացել է բազմաթիվ լրջագույն զիջումներ (այդ թվում՝ Արցախը)՝ առանց դրանց դիմաց որևէ բան տալու:

Վտանգը մեծ է, որ շուտով իշխանությունները զիջումներ են անելու նաև այն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման (միջազգային հայցերից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում և այլն):

Ուստի, զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար: Ավելին, մենք հնարավորինս պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով:

Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը: Մի ողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա»:

ԱՄՆ-ն սերտ կապում է Ուկրաինայի, Պաղեստինի և Հայաստանի հարցը․ ոչ մի 1991 թ․ սահմաններ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆն ուրբաթ առավոտյան Մոսկվա կատարած գիշերային այցից հետո վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում, ինչը, թվում է, լավ համակարգված դիվանագիտական ​​քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Դրա մասին գրում է իսրայելական The Jerusalem Post պարբրականը։

«Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում ներգրավված աղբյուրները նշում են, որ այցի համակարգումը հատկապես ինտենսիվ է դարձել մարտի 5-ից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կնեսետում շեշտեց իր հավատարմությունը երկրների միջև եռակողմ գործընկերությանը:

Միևնույն ժամանակ, ավագ ռաբբիների նամակը նախագահ Թրամփին, որը կոչ էր անում ընդլայնել Աբրահամի համաձայնությունները և ամրապնդել Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը, զգալի արձագանք է առաջացրել քաղաքական և դիվանագիտական ​​միջանցքներում: Նամակն ուղղակիորեն ազդել է Բաքու այցի նախապատրաստման վրա»,- գրում է պարբերականը։ 

Փաստորեն, ԱՄՆ-ն մի ամբողջության մեջ է տեսնում Ուկրաինայի, Պաղեստինի և Հայաստանի հարցերը, համարելով, որ ուժն է որոշում ամեն ինչ։ Ուկրաինան պետք է զիջի Ռուսաստանի կողմից զավթած տարածքները և չհիշի 1991 թ․ սահմանների մասին, Հայաստանը, հակառակը, պետք է հիշի 1991-ի սահմանները և մոռանա Արցախի, Նախիջևանի, Կարսի և Արարատի մասին։ Իսկ պաղեստինցիներին կառաջարկեն տեղափոխվել Աֆրիկա և չհիշել ՄԱԿ-ի որոշումների մասին։ Այդպիսին է լինելու նոր աշխարհակարգը։ 

Անալենա Բերբոքը Հայաստանի զիջումները խիզախություն է անվանել

«Հույս է տալիս այն լուրերը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Տասնամյակներ տեւած թշնամությունից եւ պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարեւոր է տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս: Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ զիջումները հնարավոր են դարձնում այս վերջին քայլը կատարել  ճանապարհին: Ճանապարհ, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին: Կոչ եմ անում երկու կողմերին այժմ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- կարդում ենք Գերմանիայի ԱԳՆ X-ում:

Արմենիա Թրի Փրոջեքթ․ երբ արմատները խորն են

«Երբ արմատները խորն են, քամուց վախենալու պատճառ չկա», արդեն 30 տարի այս կարգախոսով է աշխատում Արմենիա Թրի Փրոջեքթ հիմնադրամը, որն այս տարի մայիսին կտնկի խորհրդանշական 9 միլիոներորդ ծառը Հայաստանում։

Հիմնադրամի աշխատակից Մարիամ Աբրահամյանն ասում է, որ վերջին տարիներին տարեկան տնկում են մոտավոր 1 մլն ծառ։

«Հայաստանի տարբեր մարզերում ունենք 4 խոշոր տնկարան, որոնց տարիների աշխատանքի շնորհիվ փոխվում է ծառահատումների հասցրած վնասը եւ Հայաստանի բուսականությունը վերականգնելու կարեւոր առաքելություն է անում հիմնադրամը»,- նշում է Մարիամը։

4 խոշոր տնկարանները գտնվում են Վայոաց Ձորի Չիվա, Արարատի մարզի Խաչփառ, Արագածոտնի Կարին եւ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղերում, ի դեպ Մարգահովիտի անտառային տնկարանը ամենամեծն է Հայաստանում տարեկան արտադրվող տնկիների առումով:

2020թ․ պատերազմից հետո Արմենիա Թրի Փրոջեքթը բարեգորձական ծրագիր է իրականացրել Արցախի 49 ընտանիքների, այդ թվում Շուշիի տեխնոլոգիական համալասարանի և Մարտունու արհեստագործական ուսումնարանի համար՝ տրամադրելով ջերմոցներ, սերմեր եւ գիտելիք սեփական տան բակում ունենալու ապրուստի միջոց։

Արցախցիների տեղահանությունից հետո հիմադրամը շարունակել է ծրագիրը արդեն Հայաստանում իր առաքելությունը՝ նույն ընտանիքներին տրամադրելով ջերմոցներ:

«Արդեն 8 ընտանիքի համար կառուցվել է ջերմոցներ, տրամադրելով 20 տեսակի բարձրարժեք բանջարեղենի ու կանաչեղենի սերմեր»,- ասում է Մարիամը, ով եւս Արցախից է եւ վերջին ամիսներին է միացել հիմնադրամին։

Կարին գյուղում գտնվող տնկարանը հիմնվել է 1996թ.-ին։ Կարինում տնկարան հիմնելու որոշումը պատահական չէր և միտված էր աջակցելու այդ գյուղում 1990-ականների սկզբին Ադրբեջանից բռնագաղթած և վերաբնակեցված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու նպատակով:

Հիմնադրամի Արցախի տնամերձ ջերմոցների ծրագրի ղեկավար Անի Մելքոնյանն ասում է, որ վերջին շրջանում Կարինն արդեն երկրորդ անգամ է ընդունում տեղահան եղած մեր հայրենակիցներին, այս անգամ արդեն Արցախից։

«Մեր տնկարաններում սեզոնային 2 արցախցի աշխատող ունեինք, երբ սկսեցինք կավագործության դասընթացը։ Վարպետի մոտ կատարելագործվեցին, հիմա հենց իրենց ձեռքի աշխատանք կավե ծաղկամաններն ենք կիրառում մեր խանութում»,- ասում է Անին։

Հիմնադրամը վերջերս է Երեւանում բացել մասնագիտացված խանութ, որտեղ տնկիներից բացի կարելի է գտնել տնային ծաղիկներ, բույսեր եւ ստանալ գիտելիք՝ բույսերն ու ծաղիկները խնամելու համար։

Ի դեպ հիմնադրամն ունի 2 կրթական կենտրոն, որտեղ Հայաստանի բուսականությանը եւ կենսամիջավայրի պահպանությանը ծանոթանում են եւ աշակերտներ եւ ուսուցիչներ։

Մշտական ու սեզոնային աշխատողների հետ արդեն 30 տարի ընկերությունը ավելի կանաչ ու մաքուր է դարձնում Հայաստանը, հավատալով, որ ներդրում է կատարում նաեւ գլոբալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում։

Մարիամ Սարգսյան

Լիաննա Պետրոսյան․ բոլորն էին համակարծիք, որ 50 հազ․ աջակցությունը շարունակվի

Lianna Petrosyan-ը գրում է, որ մարտի 13-ին հրավիրված ներկա է գտնվել ՀՀ ՏԿԵ նախարարին կից Արցախից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստին, որին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաև խնդրով հետաքրքրված որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգում 1 հարց էր՝ «Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառման նախագծի վերաբերյալ զեկուցում», որը ներկայացրել է ԱՍՀՆ տեղակալ Աննա Ժամակոչյանը։

“Կառավարության անդամների հետ ծավալվեց թեժ բանավեճ, ամեն կերպ փորձ արվեց՝ ներկայացնել, որ Կառավարության ծրագրերը լավագույնն են, և ես միտումնավոր դժգոհում եմ դրանցից, ավելին՝ չեմ նպաստում, որ տեղահանվածներն օգտվեն բնակապահովման ծրագրից, բոյկոտում եմ քննարկման ներկայացված նոր որոշման նախագիծը, ինձ «մեղադրեցին» նույնիսկ տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն չստանալու և այլ «ապակողմնորոշիչ» գործունեության համար։

Սակայն, բարեբախտաբար, ինձ հետ համակարծիք են ինչպես մեր հազարավոր հայրենակիցները, այնպես և նիստին հրավիրված հյուրերը և խորհրդի կազմում ընդգրկված անձանց մեծամասնությունը”, գրել է Լիաննա Պետրոսյանը։

Նա կոչ է արել Կառավարությունը մշակել բոլոր տեղահանվածների շահերից բխող ծրագրեր։

Ինչ վերաբերում է քննարկմանը, ներկաների մեծամասնությունը նշել է, որ 40+10-ը պիտի շարունակվի և չփոփոխվի՝ տարբերակելով խոցելի խմբերին։

Բոլոր արցախցիներն էլ պետք է շարունակեն օգտվել 50 հազար դրամ աջակցությունից

Վերջին օրերին արցախահայության մեջ շրջանառվում են Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության նոր ծրագրի մասին լուրերը, որոնք ըստ տեղեկությունների ուղղված են լինելու տեղահանված անապահով ընտանիքներին։

Առաջացել է հանրային աղմուկ․ արցախցիներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնում որոշման վերաբերյալ և այն համարում անտրամաբանական։ Տեղահանվածները սոցիալական ցանցերում հայտնում են իրենց կարծիքները, վրդովմունք արտահայտում ոչ ճիշտ որոշման շուրջ։

Չպետք է տարբերություն դնել Արցախից տեղահանված ընտանիքների միջև և այդ իսկ ձևով առաջացնել պառակտում ու դժգոհության ալիք։ Բոլոր արցախցիներն էլ պետք է շարունակեն օգտվել 50 հազար դրամ աջակցությունից, քանի դեռ չեն ապահովվել բնակարաններով։

Ապրիլ ամսից մարդիկ, ովքեր չեն ընդգրկվելու աջակցության ծրագրերի մեջ, հայտնվելու են դրսերում, ու դա անհերքելի փաստ է։ Սոցիալական ցանցերում արվող հրապարակումներից երևում է, որ արցախցիները կորցրել են վստահությունը բոլորի հանդեպ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Արցախից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում սոցիալական աջակցության նոր ծրագրի քննարկումն էր, որին մասնակցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ Քննարկվել է Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին ապրիլ ամսվանից նախատեսվող հրատապ սոցիալական աջակցության վերաբերյալ հարցը։

Արցախից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի բոլոր անդամները դեմ են արտահայտվել՝ շեշտելով բոլոր այն խնդիրները, որոնք ի հայտ են գալու ապրիլ ամսից: Արցախից բռնի տեղահանվածների զգալի մասը սոցիալապես անապահով է, և իրավունք չունեն դադարեցնելու արցախցիներին տրվող միակ աջակցությունը՝ դրանով իսկ խթանելով արցախահայության մասսայական արտագաղթին ՀՀ-ից։

Խոսելով խորհրդի որոշ անդամների հետ՝ տեղեկացանք, որ խնդրահարույց հարցի քննարկումն ընթացել է թեժ մթնոլորտում, դեռևս չի գտել իր լուծումը, սակայն հասկանալի է, որ այն արցախցիների օգտին չի լինելու:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ԱՄՆ-ն “հանձնեց” Հայաստանը Ռուսաստանի ողորմությանը․ Մոսկվան սկսում է մոդերացիան

Բաքուն ողջույններ է ստանում աշխարհից Հայաստանի հետ խաղաղության բանակցության ավարտի վերաբերյալ, բայց ասում՝ «դեռ վաղ է քննարկել, թե որտեղ ենք ստորագրելու սպասված պայմանագիրը»։  Այսինքն՝ Բաքվի համար կարևոր է վայրը։

Բաքուն և Անկարան կուզենային, որ դա լինի, ասենք, Եվլախում, որտեղ սկսվեց Հայաստանի գահավիժումը։ Սակայն, ըստ երևույթին, կա հերթական միջազգային կոնսենսուս՝ այս համաձայնագիրը պետք է կնքվի Մոսկվայում, հետո կես տարի անց հաստատվի Թուրքիայում։ Ինչպես դա եղել է 1921-ին, 2020-ի նոյեմբերին և 2023-ի սեպտեմբերին։

Փաշինյանը մի օր էլ չսպասեց և շտապ զանգեց Պուտին-կնքահայրին։ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, այդ թվում Ֆրանսիան, Պեկինը դեմ չեն։

Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակներ տևած հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։ Հիմա ժամանակն է ստանձնել խաղաղությունը, ստորագրել և վավերացնել պայմանագիրը և սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջանին», -շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը: Նա չի առաջարկել ԱՄՆ-ն որպես հարթակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է թույլ տա Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության գոտի՝ բաց սահմաններով՝ ի շահ տարածաշրջանի բնակչության», – ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։ Ֆրանսիան ևս չի առաջարկել պայմանագիրը Փարիզում կամ Սևրում ստորագրել։  

Իսկ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ու և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։

Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին։ Նկատենք, որ մայիսի 8-ին սովորաբար լինում են նաև ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներ։

«Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Նրանք մոռացել են հիշեցնել Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի մասին, բայց ոչ ոք դրա մասին չի էլ մոռացել։

Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել խաղաղ գործընթացի առաջխաղացմանը և Բաքվի և Երևանի միջև չլուծված խնդիրների կարգավորմանը։ Առաջնահերթ ոլորտները ներառում են խաղաղության համաձայնագրի ստորագրումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և մարդասիրական խնդիրները: Ռուսաստանի մասնակցության ձևաչափն ու չափը կորոշվի՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունները, ասել է Մարիա Զախարովան հաղթական դեմքով։ Նկատենք, որ գերիների վերադարձի և արցախցիների ճակատագրի թենան նա չի հիշատակում։

Մարիա Զախարովան նշել է նաեւ, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը պատրաստ է խորհրդակցությունների համար այցելել Բաքու եւ Երեւան։

Հիշեցնենք, որ Խովաևը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահն է։

Դեռ երեկ Արարատ Միրզոյանը արցախցիներին մեղադրում էր, որ 2023-ի ողբերգությունը չէր լինի, եթե իրեն լսեյին, բայց արցախցիները լսել են “այլ երկրի” հորդորները, նկատի ունենալով Ռուսաստանը։ Հիմա նրա շեֆը զանգում է հենց Մոսկվա “միջնորդության” համար։

Նաիրա Հայրումյան

Պուտինը պատասխանել է Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորներին խնայելու Թրամփի կոչին

Կուրսկի շրջանի ուկրաինացի զինվորականների կյանքը՝ զենքերը վայր դնելու դեպքում երաշխավորված կլինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկերոջը խնդրել էր խնայել շրջափակված Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին։

«Զենքերը վայր դնելու և հանձնվելու դեպքում Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերին երաշխավորվելու է կյանք և արժանապատիվ վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով, Կիևը պետք է ուկրաինական զինված ուժերի զինվորներին զենքերը վայր դնելու հրաման տա։

Թրամփը ժամեր առաջ ասել է, որ «ուկրաինական հազարավոր զինծառայողներ ամբողջությամբ շրջապատված են ռուսական զորքերով և գտնվում են շատ վատ ու խոցելի վիճակում»։