Բաքուն առաջարկում է Երևանին՝ անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Ազատություն

Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ Այս մասին նշվում է Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցում։

Ընդգծելով, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան Առաջին և Երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ՝ Բաքուն շեշտում է, որ այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։

«Սա կարող է նաև նպաստել տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը», – ասված է զեկույցում։

Երևանը դեռ չի արձագանքել Բաքվի այս առաջարկին։

Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:

Ովքե՞ր են սպանում Սիրիայում ալավիներին. «նրանք նման էին չեչենների կամ ուզբեկների»

BBC-ն հրապարակել է մերձավորարևելյան իր թղթակից Լինա Սինջաբի հոդվածը

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան միասնության կոչ է արել այն բանից հետո, երբ կիրակի օրը շարունակվել են սպանությունները այն շրջաններում, որտեղ բնակվում է տապալված նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ալավիական փոքրամասնությունը:

Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները միջերկրածովյան Լաթաքիա և Տարտուս նահանգներից, որտեղ բնակվում է ալավիական համայնքը: Տեղի բնակիչները նկարագրում են թալանի և զանգվածային սպանությունների, այդ թվում՝ երեխաների, տեսարաններ:

Առափնյա Բանիաս քաղաքի Հայ ալ-Քուսուրի թաղամասի բնակիչներն, որը հիմնականում ալավիներով է բնակեցված, ասում են, որ փողոցները լցված են դիերով: Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ սպանվել են տարբեր տարիքի տղամարդիկ։

Ալավիները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը։ Երկրի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։ Գահընկեց արված նախագահ Բաշար ալ Ասադը նույնպես պատկանում է ալավիական կրոնական շարժմանը։

«Նրանք անծանոթ էին, ես չեմ կարող որոշել նրանց ինքնությունը կամ լեզուն, բայց նրանք կարծես ուզբեկներ կամ չեչեններ էին»,- հեռախոսով ասաց ականատեսներից մեկը՝ Ֆարեսը։

«Նրանց հետ կային նաև մի քանի սիրիացիներ, բայց ոչ պաշտոնական անվտանգության ուժերից։ Սպանություններ կատարողների թվում կային նաև խաղաղ բնակիչներ», – հավելել է նա։

Տղամարդն ասել է, որ տեսել է ընտանիքներ սպանված իրենց տներում, ինչպես նաև արյունոտ կանանց ու երեխաներին: Որոշ ընտանիքներ փորձել են թաքնվել իրենց տների տանիքներին, սակայն չեն կարողացել փախչել։ Սարսափելի է»,- ասել է Ֆարեսը։

Ֆարեսն ասաց, որ իրավիճակը կայունացավ, երբ սիրիական բանակը և անվտանգության ուժերը ժամանեցին Բանիաս՝ դուրս մղելով այլ խմբերին քաղաքից և ընտանիքներին միջանցքներ տրամադրելով անվտանգ տարածքներ մուտք գործելու համար:

Շարունակությունն այստեղ

Հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Վերա Աղասյանի դին. Բաքու

Հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։ Այդ մասին տեղեկացնում է news.am-ը։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմը եւ անցած տարի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի՝ ծնվ. 1954թ., զավակները տեղեկացվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից նրա մահվան մասին։

«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը մարմինը հանձնելու համար, եւ անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»,- տեղեկացրել է նա։

ՀՅԴ-ն հռչակել է նպատակները. նոր որակի ազգային պետության կառուցում և հայկական ինքնության պահպանում

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ:

Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց․

Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին։

Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետևյալ առաջնահերթությունները՝

  • Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան,
  • Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում,
  • Հայոց բանակի, պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդում,
  • Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում,
  • Ազգային և պետական շահերի վրա կառուցված, անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում,
  • Սփյուռքի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային և քաղաքական համախմբում։

Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց.

ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է:

ՀՅ Դաշնակցությունը լի է վճռականությամբ և պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում»:

Այդպես էլ չիմացանք, թե ուր էր գնում Դրմբոնի ոսկին

Էսօր Սարսանգն է դատարկվում, վաղը գյուղը կդատարկվի, եթե այսպես շարունակվի, – 2023թ. մարտին ասում էր Դրմբոն գյուղի մի բնակիչ: Չկա ջուր` չկա կյանք, ասում էր նա: Տարեց մարդու կանխատեսումը ճիշտ էր, դատարկվեց ոչ միայն իրենց գյուղը, այլ ամբողջ Արցախը:

Նույնն էր ասում նաեւ գյուղապետ Աշոտ Հակոբյանը. Ակնհայտ է, թե ինչպես է ջրամբարը օր-օրի, ժամ առ ժամ դատարկվում: Եթե այսպես շարունակվի` եւ ջրի եւ սննդի պաշարը կվերջանա:

Հունվարի 9-ից (2023) Արցախի շրջափակման եւ էլեկտրամատակարարման ընդհատման պատճառով 96000 հեկտար ադրբեջանական հողատարածք սեզոնին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր չի ստանա։

Մենք ստիպված պետք է ջրային ռեսուրսները մեծապես օգտագործենք տեղական էլեկտրաէներգիայի արտադրության համար, X-ում գրել էր Արտակ Բեգլարյանը:

Ավելի վաղ փակվել էր նաեւ Բեյզ Մեթլս ընկերությունը, որտեղ ըստ գյուղապետի, աշխատում էր գյուղի բնակչության 80%: Այսպես, գյուղացիներն աշխատեցին` այդպես էլ չիմանալով, թե ուր են արտահանում իրենց հարստությունը` ոսկին:

Իսկ ընկերության շահառուները պնդում էին, թե ոսկի չկա, պղինձ է միայն…

Գիտե՞ս, որքան ոսկի կա Զանգեզուրում, հարցնեց ինձ մի սյունեցի, երբ խոսք բացվեց պղնձամոլիբդենային կոմբինատի մասին ու ինքն իր հարցին պատասխանեց. եթե այդ հարստությունը, այքան փողը Հայաստանում մնա` ամեն հայ խանի պես կարող է ապրել` առանց աշխատելու որեւէ տեղ:

Բայց մենք Կատար լինել չեն կարող: Մենք չենք կարող Աստծո մեզ տված հարստությունը հավասար բաշխել, ինչպես դա Կատարում արեցին: Դրա համար Կատարը Կատար դարձավ, իսկ Ստեփանակերտը Խանքենդի են սարքում: Ի՞նչ կդառնա Հայաստան:

Մարութ Վանյան

Բաքուն ցանկանում է միանալ ԱՄՆ-Իսրայել դաշինքին. 907-րդ կետը ուժի մեջ է, ինչը նշանակում է, ուրեմն՝ Ադրբեջանը ագրեսոր է

Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի՝ Աբրահամյան համաձայնագրին միանալու հարցը քննարկվել է Ալիևի օգնականի՝ վերջերս Թել Ավիվ կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև եռակողմ ռազմավարական դաշինք ստեղծելու մասին բանակցությունների մասին։ Քնեսեթի լսումների ժամանակ Իսրայելի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ այս բանակցությունները նախատեսում են նաև Ազատության ակտի 907-րդ հոդվածի և Ադրբեջանի դեմ այլ պատժամիջոցների վերացում։

1992 թվականին ընդունված «Ազատության ակտի» 907-րդ ուղղումը, որն արգելում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիայի պատճառով, մինչ օրս գործում է։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը դեռևս անօրինական է համարում Բաքվի վերջին ագրեսիան Արցախի դեմ, ինչպես դա արեց 1992թ.։

Թեեւ 2020-2023 թթ. ագրեսիայից և Արցախից բնիկ բնակչության արտաքսումից հետո ԱՄՆ-ը կատարվածին քաղաքական գնահատական ​​չի տվել, սակայն 907-րդ ուղղման և ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի համարում Արցախի հարցը լուծված, իսկ Ադրբեջանի գործողությունները՝ օրինական։

Ի տարբերություն Երևանի, որն ասում է, որ համաշխարհային հանրությունը 1992 թվականից իբր ճանաչել է Արցախը որպես «Ադրբեջանի» մաս, Բաքուն հասկանում է, որ 907-րդ ուղղման գոյությունը դատավճիռ է իրեն համար։ Այժմ Բաքուն ներգրավել է Իսրայելին՝ այն չեղարկելու համար։

Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է Իսրայելի միջոցով «թույլտվություն» ստանալ ԱՄՆ-ից՝ Հայաստանի հարավը գրավելու համար։ «Հայտնի է դարձել, որ Իսրայելը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար»։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։

2023 թվականին՝ դեռ իր ընտրվելուց առաջ, Թրամփը դատապարտել է հայ քրիստոնյաների բռնի տեղահանումը Ղարաբաղից և ասել, որ եթե ինքը լիներ նախագահ, դա տեղի չէր ունենա։

Հիմա ինքն է։ Թրամփը կչեղարկի՞ 907-րդ ուղղումը։

«Հետ կանչել հայցերը, ընդունել, որ Ղարաբաղը մեծ «սխալ» էր, խնդրեք Ալիևին հետ ընդունել «անառակ որդիներին»՝ արցախցիներին, ովքեր չգիտեին, թե ինչ են անում»

Անցյալ շաբաթ Բաքվում հայ գերիների հարցը նոր երանգներ ստացավ, որոնք կարող են անսպասելի կամ սպասված հետեւանքներ ունենալ։

Նախ՝ Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից՝ նշելով, որ Արցախ գնալիս պատրաստ էր ամեն ինչի և չի կոտրվել։ Վարդանյանը ազգերի միջև խաղաղության կոչ արեց և Սումգայիթը համեմատեց Խոջալուի հետ։ Նրա ուղերձն ի սկզբանե զգացմունքային կերպով ընկալվեց որպես «չնահանջելու հրաժեշտի կոչ», սակայն հետագա իրադարձությունները որոշակիորեն փոխեցին ընկալումը, և ի հայտ եկան գնահատականներ, որ Բաքվում բանտարկյալների հարցի ակտուալացումը սերտորեն կապված է միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելու պահանջի հետ: Ապացույցները չուշացան։

Երկրորդ՝ միջազգային իրավական մարմիններում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց։ Սա պարզապես հրաժարական չէր, այլ գործնականում գրասենյակի աշխատանքի դադարեցում։ Արդար եզրակացություն արվեց, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել է Բաքվի դեմ հայցերը դադարեցնելու պայմանին, և եթե լիարժեք համաձայնություն ձեռք բերվի, ապա Բաքուն ևս կարող է դադարեցնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ գործերը և գերիներին արտահանձնել Հայաստանին։

Երրորդ, միայն այն բանից հետո, երբ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը թվարկեց այն պարզ քայլերը, որոնք Երևանը կարող էր ձեռնարկել վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ բանտարկյալներին ազատելու համար, Հայաստանի ԱԳՆ-ն մի անատամ հայտարարություն արեց։ Արարատ Միրզոյանը գերիների մասին խոսեց նաև ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Մինչդեռ Հայաստանը չհրաժարվեց «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց»՝ դրանով իսկ «հաստատելով» «գերիների մեղքը» այն բանում, որ Հայաստանը «30 տարի օկուպացրել է Ղարաբաղը»։

Ավելին, Բաքվի դատարանն ամեն օր նոր «ապացույցներով» էր սնվում. Ալեն Սիմոնյանն, օրինակ, հայտարարեց, որ վերջին տարիներին Հայաստանը «տոննաներով նոր զենքեր» է ուղարկել Արցախ, իսկ արցախցիներն ամեն ինչ թողել են ու հեռացել, թեև, ըստ սցենարի, պետք է մնային և “պատասխան տան” արածների համար։ Այդ դեպքում ղեկավարները գերի չէին ընկնի։ Իսկ իշխանամետ մարզպետներից մեկը, ի պատասխան այն հարցին, թե ինչու ադրբեջանցիներին չեն վտարում օկուպացված տարածքներից, պատասխանեց. «Մենք էլ 30 տարի նրանց տարածքները չենք լքել»։

Չորրորդ՝ Բաքվի կողմը ևս մեկ անգամ կոչ արեց Հայաստանի կառավարությանը արտահանձնել Երևանում «թաքնված» ռազմական հանցագործներին և օգնել Բաքվի դատախազներին վերջնականապես «փակել» Ղարաբաղի հարցը։ Իսկ այն «փակելու» միայն մեկ ճանապարհ կա՝ Երևանը պետք է պաշտոնապես ընդունի, որ 35 տարի առաջ ինչ-որ ուժեր Հայաստանը ներքաշեցին կործանարար հակամարտության մեջ՝ անօրինական կերպով խլելով Ադրբեջանի տարածքի 20%-ը և թույլ չտալով, որ Հայաստանը զարգանա։ Նիկոլ Փաշինյանն արդեն բուռն կերպով բարձրաձայնում է այս թեզը, մնում է փոխել Սահմանադրությունը և հանձնել «մեղավորներին»։

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «մեղավոր» ասելով հստակ նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Եվ նա չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը կկատարի Բաքվի պահանջը։ Քոչարյանի և Սարգսյանի կողմնակիցների միջև վերջին վեճը վերլուծաբանները ևս կապում են Բաքու հնարավոր «արտահանձնման» թեմայի հետ։

Միևնույն ժամանակ, իրավաբանները Հայաստանում «ռազմական հանցագործների հանձնումը» համարեցին անօրինական, բայց ոչ այն պատճառով, որ ոչ մի հանցագործ չկան, և մարդիկ փորձում էին օգտվել իրենց օրինական ինքնորոշման իրավունքից։ Փաստաբանները կարծում են, որ Բաքվում իբր «արդար դատավարություն» չկա։ Այսինքն՝ եթե Հաագայում դատավարություն լինի, ապա «պատերազմական հանցագործներին» կարելի է արտահանձնել։

Հիշեցնենք, որ Բաքվի “դատավարության” ժամանակ հայերին մեղադրել են Արցախը բռնազավթելու մեջ և միլիարդավոր մանաթների փոխհատուցում են պահանջում։

Այս ֆոնին կարող է «ընտրություն» առաջանալ. եթե ուզում ենք վերադարձնել գերիներին, «չհանձնել» Քոչարյանին ու Սարգսյանին և փոխհատուցում չվճարել, ապա պետք է համաձայնվենք Բաքվի պահանջների հետ՝ հանենք բոլոր հայցերը, ընդունենք, որ Ղարաբաղը մեծ «սխալ» էր, գուցե նույնիսկ Ալիևին խնդրենք հետ վերցնել «անառակ արցախցիներին», որոնք չգիտեին, ինչ են անում։.

Հայաստանի կառավարության կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում քայլերի բացակայությունը խոսում է այն մասին, որ ամեն ինչ ի սկզբանե գնում էր դեպի այս արդյունքը։

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը կարծում է, որ ոչ մի անօրինական կամ անբնական բան չկա 2020 թվականի սեպտեմբերին պատերազմի մեջ Հայաստանի մտնելու և Ադրբեջանի խորքում գտնվող ռազմական օդանավակայաններին հասցված հարվածների մեջ։ «Ադրբեջանը խախտեց խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պայմանավորվածությունը, պատերազմ սկսեց, հատեց շփման գիծը, և Հայաստանը պարտավոր էր պատասխանել որպես հակամարտության կողմ։ Պետք չէ սրանից ողբերգություն սարքել։ Ողբերգությունն այն է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի նկատմամբ իր իրավունքներից՝ ներկայանալով որպես ագրեսոր և օկուպանտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա այն է, ինչի մասին պետք է մտածի Հայաստանի ղեկավարությունը և չտրվի Ալիևի թելադրանքին, գնալով զիջումների, որոնք սպառնում են Հայաստանին լիակատար լուծարմամբ»,- գրել է նա։

Նաիրա Հայրումյան

Ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը. Գերմանիայի հետախուզության ղեկավար

Ուկրաինայից հետո ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը։ Այս տագնապալի հայտարարությունն արել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալը Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

Ըստ Կալի՝ Կրեմլը լրջորեն քննարկում է գործնականում փորձարկելու՝ արդյոք ներկայումս գործում է դաշինքի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը։ Դրանում, հիշեցնենք, ասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը ագրեսիա է ողջ դաշինքի դեմ և ենթադրում է անհրաժեշտ հակաքայլեր։

«Մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա… Բայց պետք է նկատի ունենալ, որ Մոսկվան ցանկանում է փորձարկել մեզ, ցանկանում է փորձարկել Արևմուտքի միասնությունը»,- ասել է գերմանական հետախուզության ղեկավարը։

Նա պարզաբանել է, որ իրավիճակն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպես և երբ կավարտվի ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ըստ Կալի՝ եթե Կրեմլը դադարեցնի հակամարտությունը մինչև 2029-2030 թվականները, ապա կկարողանա համեմատաբար արագ վերականգնվել՝ Եվրոպային հարվածելու համար։

Աշխատելու, ինտեգրվելու հորդորներ, բնակարանով ապահովելու սին խոստումներ ու ատելության խոսք

Արցախի շրջափակման ժամանակ ես հեծանիվով Ասկերան էի գնում, երբ ռազմական պինդ УАЗ-ն ինձ վրաերթի ենթարկեց, և ես նետվել էի չգիտեմ քանի մետր: Հեծանիվը «թաքցրի» մի պոպոկի ծառի տակ` նպատակ ունենալով ոչ ինձ, որ զինվորականներին չներաքշել ճանապարհային ոստիկանության հետաքննության մեջ: Դրա ժամանակը չէր:

УАЗ-ի երկյուղած զինվորականները մոտեցան ինձ: Նրանց դեմքից երեւում էր, որ ես մահից մի կերպ եմ փրկվել: Այն ժամանակ վառելիք չկար, սակայն այդ պահին մի ուրիշ  УАЗ եկավ` զորամասի հոսպիտալի շտապ օգնության մեքենան էր, որ հենց այնտեղ էր գնում, եւ ինձ էլ տարան հետները: Բժիշկը մշակեց ոտքիս վերքը Бетадин-ով եւ որքան հիշում եմ, պատահական մի մեքենայով ինձ հետ Ստեփանակերտ ուղարկեցին:

Հաջորդ օրը պարզվեց, որ լավ էլ բան է եղել: Տրավմաներս սկսեցին զգացնել տալ: Ձեռք, ոտք, մեջք, ամեն տեղ ցավ կար: Նորից հիվանդանոց: Բժիշկը դեղեր գրեց, տեղեկացնելով միաժամանակ, որ դեղատներում ոչինչ չկա: Մենք անգամ դեղ չունենք հիվանդանոցում, ասում էր նա, փորձիր գոնե ծովային աղ գնել եւ դրանով կոմպրեսներ, վիրակապեր արա: Դա էլ չկար: Դուք գիտեք, որ անգամ կերակրի աղ չկա քաղաքում, ասացին դեղատանը:

Ինչո՞ ւ եմ պատմում այսքանը, քանի որ այն մի տեսակ արցախցիների ներկա վիճակի հետ է նմանվում: Նրանց «ոտքի վերքը մշակվել է» Հայաստանում, իսկ հիմա, երբ տրավմաները զգացնել են տալիս, ոչ «դեղ», ոչ “դարման”, ոչ էլ «ծովային աղ» կա: Փոխարենը կա աշխատելու, առաջ նայելու, ինտեգրվելու հորդորներ, կա լավ ապագայի, բնակարանով ապահովելու սին խոստումներ ու ատելության խոսք, որի մասին Արամը գրել է ամեն ինչ:

Իսկ երբ ես եմ գրում արցախցիների սոցիալական խնդիրների մասին, ապշում եմ, թե ինչ մեկնաբանություններ, հայհոյանքներ են թողնում ֆեյք օգտատերերը, իսկ համարձակներն պարզապես երեսիս են ասում ամեն ինչ. «ձեր կանանց լիֆերը տռուսիկի տեղ հագել` փախել եք, փոխանակ մնաք եւ կռվեք, այնքան զենք ու տեխնիկա եք թողել, հիմա էլ եկել ստե նստել ու հենց ընենց հիսուն հազար եք ստանում»:

Չգիտեմ, արդյո՞ք քաղաքակիրթ Եվրոպայում մեկը նման բան կասեր Աղվանստանից կամ Պաղեստինից իրենց երկրում ապաստան գտած մեկի հասցեին: Չգիտեմ, որտեղ է այս ատելության աղբյուրը: Սակայն մի բան է, երբ եվրոպացին աղվանստանցու մասին նման բան ասեր, մեկ այլ բան` հայը հայի: Ինչ վերաբերում է հիսուն հազարներին, ապա տնտեսագետ լինել պետք չէ հասկանալու համար, որ արցախցիներն այդ փողը վերադարձնում են տեղի բնակիչներին բնակվարձի տեսքով, երբեմն էլ գուցե ավելացնելով գումարի չափը: Հաստատ այդ գումարով չեն գնում Դոբայ հանգստանում:  ԱՄՆ, ԵՄ քիչ փող չեն տվել բռնի տեղահանված արցախցիների կարիքները հոգալու համար, դա էլ են վերադարձնում, հագիստ եղեք:

Ինչ վերաբերում է աշխատելուն, ապա արցախցին արդուկ չէ, որ որտեղ միացնես` աշխատի: Մեկը մյուսի ատամի ցավը չի կարող զգալ, իմ ատամի ցավն իմն է, ասել է փիլիսոփաներից մեկը (Կա՞նտ): Աշխատանք չհավանել կա, աշխատանք չգտնել կա, մոտիվացիա կորցնել կա, հոգեբանական դժվարություններ կան, աշխատել` վարձ տալ ու ամսվա վերջ դատարկաձեռն մնալ կա, ապագայի հանդեպ անորոշություն կա: Հազար ու մի խնդիր, ապրումներ ու զգացում կա:

Հիմա, երբ բավականին ժամանակ է անցել Արցախի շրջափակումից ու պատերազմից հետո, արցախցիների կյանքն ինչ որ ընթացք է ստացել Հայաստանում: Լավ, այսպե՞ս է լինելու մեր կյանքը: Օգնություն` վարձ, օգնություն` վարձ: Ուրիշի տանը որքա՞ն եմ ապրելու: Մինչև տանտերը ասի՝ բնակարնն ազատե՞ք: Պետությունն ի՞նչ է ասելու վաղը: Ինտեգրվե՞լ է սա, թե՞ դանդաղ հյուծվել: Հասկանալի չէ, թե ինչի սպասելով, անորոշության զգացումով ապրում են մարդիկ:

Step1.am-ն հրապարակել է ՀՀ կառավարության արցախցիների սոցիալական աջակցության «նոր ծրագրը», որի հաստատման դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ, իսկ ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ է նախատեսվում տրամադրել:

Բոլորս էլ անապահով՝ առանց գործ, առանց տուն մարդիկ ենք: Ի՞նչ իրավունքով են կրճատում փողերը: Միլիոնանոց տները թողել եկել Հայաստանում վերջին կարգի բոմժ դարձել: Միայն կարիքավորներին… Էլ ո՞նց է լինում կարիքավորը: Աղբամաններից պիտի հաց հանենք, որ հավատա՞ն, նյութին մեկնաբանություններում արձագանքում է Աստղիկ Վանյանը:

Ղարաբաղ քյասիբ մարդ չի եղել, բոլորը հարուտ են ապրել: Հարուտ կամ միջակ: Ամեն դեպքում, բոլորը տուն են ունեցել: Իսկ հիմա բոլորս անտուն ու աղքատ ենք, երեկ էլ ինձ ասում էր մի շեխերեցի, ով հիմա Մասիս է ապրում իր ընտանիքով:

Հիշում եմ, ես արդեն “երազանքների գիրկն էի ընկել”, երբ ՀՀ կառավարության ներկայաչուցիչները գնահատում էին արցախցի լրագրողների կարիքները: 2023 թիվն էր դեռ եւ թվում էր, թե իսկապես ամեն ինչ արվում է արցախցիների խնդիրները լուծելու համար: Ինչ լավ կլիներ, եթե Երեւանում արցախցի լրագրողները ինչ-որ մի շենքում միասին բնակվեն, բայց ինչպես Ազազելոն էր Պոպլավսկուն ասում, …сиди тише воды, ниже травы и ни о каких квартирах в Москве (в Ереване) не мечтай, ясно? Возвращайся немедленно в Киев…

Պոպլավսկին գոնե տեղ` Կիեւ վերադառնալու հնարավորություն ուներ, իսկ ո՞ւր վերադառնան արցախցիները: Այն ամենն, ինչ կարող են նրանք անել հիմա, գյուղ ու քաղաք փոխելն է, վարձով մի տնից մյուսը տեղափոխվելը:

Այսօր օրվա երկրորդ կեսից բազմաթիվ նամակներ, զանգեր եմ ստանում 2020թ. զոհվածների ընտանիքներից, որ որպես զոհվածի ընտանիք իրենք «սերտիֆիկատ»-ով տուն կամ բնակարան են ձեռք բերել, որի ֆինանսական պարտավորությունը պետության վրա էր։ Ընտանիքների ներկայացուցիչները հիմնականում նշում են, որ այսօր բանկերից զանգել ու զգուշացրել են, որ այդ պարտավորություններն անցել են իրենց ընտանիքներին, և եթե մինչեւ մայիսի 5–ը չվճարվեն կուտակված պարտքերն ու տոկոսները, վարկը դասվելու է որպես ժամկետանց, հետո՝ հարկադիր, գույքը բռնագանձվելու է և այլն, ինչի մասին վերջերս ահազանգել էր Լիաննա Պետրոսյանը:

Եթե զոհված զինծառայողների ընտանիքներն են սրան առերեսվում, ավելորդ է խոսել մյուսների մասին:

Ճիշտ էր ասում իմ բարեկամը․ ահա ձեր ապագան, ասում էր նա` ցույց տալով Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի փախստականների տներն ու կենցաղը իրենց տան հարեւանությամբ: Դրանք փողոցի երկայնքով հապճեպ կառուցված տնակներ էին, որտեղ նրանք ապրում են մինչեւ այսօր: Ի դեպ, ով կարողացել, այդ տնակների տեղ նորմալ տուն է կառուցել` հույսը դնելով իր ուժերի վրա: Բայց անգամ դա չարվեց արցախցիների դեպքում, ոչ մի հապճեպ տուն չկառուցվեց նրանց համար: Գոնե կիմանային, որ սեփական մի կտոր հող ունեն եւ ինքնավստահության զգացումից դրդված տեղը նորմալ տուն կկառուցեն:

Երեւի կարդացողներից ոմանք արդարացիորեն հարցնեն՝ «ոչի՞նչ, որ դեռ դոմիկներում գյումրեցիներ կան, ոչի՞նչ, որ Հայաստանում էլ անգործ ու անտուն մարդիկ կան»: Արցախցիների օրինակը բերելով, դրանց խնդիրներնին էլ ենք խոսում, որ Հայաստանը երբեք չի կարողացել մարդ «հյուրընկալել», որքան էլ բարձր գոռա դրա մասին:

Մեղմ ասած, տարօրինակ է տեսնել Երեւանի նորակառույցների դատարկ բնակարաններն ու այսքան անտուն ու աղքատ մարդկանց:

Մարութ Վանյան

Իրանը նշեց Թուրքիայի պատասխանատվությունը Սիրիայում ցեղասպանության համար, ԱՄՆ-ն Թուրքիայի անունը չտվեց

Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։

Ընդ որում, լրատվամիջոցի տեղեկացմամբ, զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են՝ 750 մարդ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների զանգվածային սպանությունները։

«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստների գործողությունները, որոնք վերջին օրերին Սիրիայի արևմուտքում մարդկանց են սպանել։ Միացյալ Նահանգները պաշտպանում է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաների, դրուզների, ալավիների և քրդերի համայնքները, և իր ցավակցությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների ներկայացուցիչների այս ջարդերը»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, նրա կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ​​ենթակառուցվածքի ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, որոնք իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ Իրանը հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։

Խամենեին մերժել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ԱՄՆ առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մերժել է երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի առաջարկը։

Նրա խոսքով, որոշ «ագրեսիվ կառավարությունների» բանակցությունների կոչերը ոչ թե խնդիրների լուծմանն են ուղղված, այլ սեփական տեսակետները գերակայելուն ու պարտադրելուն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատ չի արդարացնի նրանց սպասելիքները»,- ասել է նա հանդիպմանը, որին մասնակցել են նախագահը, խորհրդարանի նախագահը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ուղերձ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը կնախընտրի Իրանի հետ գործարք կնքել իր միջուկային ծրագրի շուրջ։

«Ինձ ոգեշնչել է Քերոլայն Քոքսը, ես նույնպես ցանկանում եմ օգնել սահմանափակ հնարավորություններով մարդկանց»

Բոլոր անախորժությունները Տիրոջից մարդկության հեռավորության արդյունքն են:

Լինդա Թիմբերլեյք

Գուզալ Խայտիմբետովան ծնվել է Ուզբեկստանում։

«2016 թվականին երկու երեխաներիս հետ եկա Հայաստան՝ սովորելու Բիբլիական դպրոցում, որտեղ ծանոթացա Օլա Սայմոն Օսթվեյթի հետ, ով հետագայում դարձավ ինձ համար լավ ընկեր և հոգևոր առաջնորդ։ Նա ինձ հրավիրեց մասնակցելու Ստեփանակերտի ճամբարին, և այդպես ես առաջին անգամ 2017 թվականին եկա Արցախ՝ Ազգային առաջնորդության ինստիտուտի թիմի հետ, որը նաև զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով։ Այս թիմի հետ ես մասնակցեցի ճամբարին, որն անցկացվեց Ստեփանակերտի Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնում։

Ճամբարում գտնվելու ընթացքում ծանոթացա և ընկերացա Վերականգնողական կենտրոնի բազմաթիվ շահառուների հետ: Ինձ ոգեշնչել է Քերոլայն Քոքսի աշխատանքը: Ես նույնպես ցանկանում էի դառնալ նրա նման և օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Հետագայում ընկերացա Վարդան Թադևոսյանի հետ, ով երկար տարիներ զբաղվում է բնակչության առավել խոցելի խավերի վերականգնման գործով և արժանի օրինակ է։

2016 թվականից մինչև 2018 թվականը եղել եմ Երևանի Մայր Թերեզայի տանը կամավոր, որտեղ ծանոթացա սպիտակցի մի կնոջ հետ և նրա միջոցով 2017 թվականին եկա Սպիտակ։ Իմ առաջին այցելությունից հետո ես տեսիլք ունեցա․ իբրև գտնվում եմ մութ քաղաքում՝ գերեզմանատան մեջտեղում, և այդ ժամանակ լսեցի Ամենակարողի ձայնը, ով խնդրեց ինձ աղոթել, և աղոթքի ընթացքում պատկերը սկսեց կտրուկ փոխվել։ Շուրջս լույս է դառնում, ծառերը սկսում են աճել ու գերեզմանների տեղում ծաղիկներ են ծաղկում։ Արևը հայտնվում և ջերմացնում է բոլորին:

Տեսիլքից հետո ես հասկացա, որ Աստված կանչում էր ինձ օգնության կարիք ունեցողներին: Այսպիսով, որոշ ժամանակ անց իմ լավ ընկեր և գործընկեր Սթիվ Թրևեթի հետ միասին ստեղծեցինք Դեպի վեր բարեգործական կազմակերպությունը։ Հիմնադրամն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքներին, ովքեր դժվարություններ ունեն երեխաների խնամքի և ֆինանսական ապահովության առումով: Մասնավորապես, մենք օգնում ենք հասարակության լայն շերտերին հասնցել այս երեխաների խնդիրներն ու կարիքները։ Այսպիսով, մենք կարողացանք օգնել միջոցներ հայթայթել՝ որոշ երեխաների անհրաժեշտ վիրահատությունների համար:

Հատուկ կարիքներով երեխաների մասնակցությամբ անցկացվում են նաև տարբեր տոներ և միջոցառումներ՝ հետաքրքիր ժամանցի և արտ-թերապիայի դասեր կազմակերպվում և այլն:

Հիմնադրամի շահառուները նաև միայնակ մայրեր են, ովքեր դժվարությամբ են համատեղում աշխատանքը իրենց երեխաների դաստիարակության հետ, և մենք կարողացանք ստեղծել ծնողների աջակցության խումբ։ Մասնավորապես, կազմակերպել ենք փոքր ֆերմերային բիզնես, որը նրանց սեզոնային եկամուտ է ապահովել ամբողջ տարվա ընթացքում:

Հիմնադրամը կարեւոր դեր է խաղացել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ռազմական գործողությունների ընթացքում մենք արցախցի մեր բազմաթիվ հայրենակիցների տրամադրել ենք ժամանակավոր կացարան և անհրաժեշտ ամեն ինչ։

Արցախյան շրջափակման ժամանակ գործընկերների միջազգային թիմի հետ այցելեցինք Հակարի կամուրջ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Շրջափակման 9 ամիսների ընթացքում անընդհատ կապի մեջ էի արցախցի ընկերների հետ և առաջին ձեռքից էի տեղեկանում հանրապետության ներսում տիրող իրավիճակի մասին։

Հարկադիր տեղահանության առաջին օրերից մեր հիմնադրամը հսկայական աջակցություն է ցուցաբերել արցախցիներին, մասնավորապես՝ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի բազմաթիվ շահառուներին և նրանց ընտանիքներին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ամեն ինչով։ Մասնավորապես, Ստեփանակերտից Ելենա Թումասյանին բնակարան է հատկացվել Սպիտակում։ Առանձնատունը վերանորոգված է և ապահովված է առաջին անհրաժեշտության գույքով։ Նրանցից մի քանիսին օգնեցինք աշխատանքի տեղավորման հարցում։

«Դեպի Վեր» հիմնադրամի աջակցությամբ Սպիտակում գործում է երեխաների կրթական կենտրոն, որտեղ անվճար սովորում են արցախցի երեխաները։ Երեխաներին տրամադրվում է աջակցություն դպրոցական տնային առաջադրանքների կատարման հարցում:

Այս փուլում մեր հիմնադրամի գործունեության աշխարհագրությունը սահմանափակվում է միայն Սպիտակով և շրջակա գյուղերով, քանի որ այստեղ դեռևս կան ավերիչ երկրաշարժի շոշափելի հետևանքներ։ Կան բազմաթիվ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ, որոնք դեռ ապրում են վագոններում: Բացի այդ, 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Սպիտակում մեծ թվով արցախցիներ են ապրում, ովքեր օգնության կարիք ունեն։

Համոզված եմ, որ Արցախը վաղ թե ուշ կրկին հայկական է լինելու. Դրան հասնելու համար պարզապես պետք է չկորցնել հավատը Տիրոջ հանդեպ, և Նա անպայման հրաշք կգործի»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Դեպի վեր բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Լինդա Թիմբերլեյքը (կեղծանուն):

Արսեն Աղաջանյան