Փեզեշքիան. Ես ուզում էի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, բայց Խամենեին դեմ էր անհավասար երկխոսությանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանում ասել է, որ մտադիր է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային համաձայնագրի և պատժամիջոցների վերացման շուրջ, սակայն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ երկխոսությանը։

«Ես կարծում էի, որ մենք պետք է երկխոսենք (ԱՄՆ-ի հետ – խմբ.), բայց Գերագույն առաջնորդն ասաց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չպետք է լինեն։ Արդյունքում մենք ասացինք, որ չենք երկխոսելու Ամերիկայի հետ», – ըստ IRNA-ի, ասել է Փեզեքշիանը:

Հունվարի վերջին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանի բանակցությունները եվրոպական երկրների հետ շարունակվում են։ Նրա խոսքով, միջուկային գործարքի կողմերի նկատմամբ Իրանի անվստահությունը վերացնելը հնարավոր է արդյունավետ քայլերով ու կոնկրետ քաղաքականությամբ, այլ ոչ միայն խոսքերով։ Նախարարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնեն, եթե տեսնեն դրանք հավասար հիմունքներով վարելու հնարավորություն։

Երևանում բացվել է Արցախի երեխաների վերականգնողական կենտրոնը

News.am

Երևանում տեղի ունեցավ Արցախից հարկադիր տեղահանված հաշմանդամ երեխաների վերականգնողական կենտրոնի բացումը։ Կենտրոնը, որը նախատեսված էր ստեղծել Արցախում, այժմ իրականություն դարձավ Հայաստանի մայրաքաղաքում։

«Հուզմունքով, բայց նաև մեծ հպարտությամբ եմ հիշում վերականգնողական կենտրոնի հետ կապված ողջ ուղին։ Այն պետք է բացվեր Ամարասի վանքի մոտ, որը խիստ խորհրդանշական էր։ Սակայն, երբ մենք պետք է սկսեինք աշխատանքները, տեղի ունեցավ Արցախի շրջափակումը, հետո եղավ մի բան, որը պարզապես չպետք է լիներ»,- ասել է VitalRehub կենտրոնի ներկայացուցիչ Թուխմանուկ Մկրտչյանը՝ սկսելով վերականգնողական կենտրոնի բացման արարողությունը։

Կենտրոնը, որը նախատեսված էր դեռևս ողբերգական իրադարձություններից առաջ, պետք է դառնար Արցախի վերականգնման կարևոր խորհրդանիշ՝ Ամարասի հնագույն վանքից ոչ հեռու։ Սակայն շրջափակումից և իրենց տներից տասնյակ հազարավոր մարդկանց բռնի հեռացումից հետո նախագիծը ստիպված էր նոր տուն փնտրել, և Հայաստանն ու նրա մայրաքաղաք Երևանը դարձան այդ տունը:

Այն կդառնա վերականգնողական, ադապտացիոն և հոգեբանական աջակցության վայր Արցախից բռնի տեղահանված երեխաների համար։ Կազմակերպիչների վկայությամբ, նախագիծը կենսական նշանակություն ունի. երկարատև սթրեսը, տան կորուստը և ապագայի անորոշությունն անդրադարձել է երեխաների վիճակի վրա, և այժմ նրանք ոչ միայն բժշկական օգնություն կստանան, այլև հնարավորություն կունենան վերադառնալ լիարժեք կյանքի։

«Այս փոքրիկ կենտրոնը մեր ներդրումն է։ Թող այն դառնա մի վայր, որտեղից երեխաները դուրս կգան  ուրախ ու ուժեղ»,- ընդգծեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա հավելեց, որ այս նախագիծը ոչ միայն պետք է պարզապես աշխատի, այլև զարգանա, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա լիարժեք ինտեգրվել Հայաստանում՝ իրենց սրտում պահելով վերադարձի հույսը։

Կենտրոնը կառուցվել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության աջակցությամբ, որի գործադիր տնօրեն Բենջամին Բլանշը նույնպես ներկա էր արարողությանը։

Նա նշեց, որ կազմակերպությունը երկար տարիներ աշխատել է Արցախում նախագծերի վրա, սակայն 2023 թվականի ներխուժումը ստիպել է իրենց օգնության նոր ուղիներ փնտրել։

«Այս կենտրոնը պարզապես շենք չէ, սա վայր է, որտեղ Արցախը շարունակում է ապրել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իր կազմակերպությունն աջակցում է նաև տեղահանվածների համար այլ նախաձեռնությունների, այդ թվում՝ Երևանում Արցախի մշակույթի կենտրոնին։

Իր աջակցությունը հայտնեց նաև Արցախի առողջապահության նախկին նախարար Վարդան Թադևոսյանը, որը 25 տարիների ընթացքում զբաղվել է  Արցախում վերականգնողական աշխատանքներով։ Նա նշեց, որ նույնիսկ փոքր նախաձեռնությունները կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների։

«Երբ 27 տարի առաջ Արցախում ստեղծվեց առաջին վերականգնողական կենտրոնը, այն դարձավ մի վայր, որտեղ ամեն տարի երկու հազար երեխա, մեծահասակ և զինվորական վերականգնվում էին և վերադառնում բնականոն կյանքի։ Վստահ եմ, որ այդ հաջողությունն այստեղ ևս կկրկնվի»,- ասաց Թադևոսյանը։

Արարողության ավարտին Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնեց նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն պետք է դառնա ոչ միայն օգնության վայր, այլ արցախցիների հույսի, հավատի ու ուժի խորհրդանիշը։

 

Նույն սցենարն է՝ արտաքին ճնշում Արցախի հարցը փակելու համար

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը պատասխանում է Step1․am-ի հարցերին։

-Հիմա շատ է խոսվում տեղահանված անձանց իրավունքների մասին, հետաքրքիր է, այս 30 տարվա ընթացքում ինչպե՞ս է կարգավորվել, պաշտպանվել Սովետական Ադրբեջանից փախստականների  իրավունքները:

-Ադրբեջանից փախստականների իրավունքները ոչ մի ձև չի պաշտպանվել: Ես կապում եմ դա Հայաստանի բոլոր ղեկավարների գործունեության հետ, և այսօրվա կառավարությունում չկա նույնիսկ ինչ-որ օղակ, որը կզբաղվեր այդ հարցով: 2003 թվականին շատ արագ կազմակերպվեց ինտեգրացիոն գործընթացը, ինչը վերջնականապես դուրս թողեց ասպարեզից «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներ» հասկացությունը:

Փաստացի, ինտեգրումը իրենից ներկայացնում էր ՀՀ քաղաքացիություն ստանալը, սակայն դրա հետևում ոչ մի սոցիալական հարցի լուծում չկար: Փախստականները ապրում էին սոցիալական վատ պայմաններում և նույնը շարունակվում է մինչ այսօր:

Նայեք, այն ժամանակ և հիմա “Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներ” հասկացությունը չկա, բայց, օրինակ, 2023թ. տեղահանված անձանց արդեն կառավարության մակարդակով ճանաչում են փախստականներ:

Հիմա էլ փախստական ճանաչված արցախցիների առաջ հարց է դրված` ընդունել քաղաքացիություն և միայն հետո ստանալ գույք ձեռք բերելու իրավունք: Նորից նույն սցենարը` արտաքին ճնշում Արցախի հարցը փակելու համար:

Ես առհասարակ մտածում եմ, որ մենք դեռ պետք է պահպանենք փախստականի կարգավիճակը․ թեկուզ, ինչքան էլ ցավալի լինի, այսօր Նախիջևանի, Գանձակի հարցը փակված է:

-Ես նաև հարց ունեմ, կապված Ռուսաստանի գործութնեության հետ: Սումգայիթի ժամանակ ԽՍՀՄ կար, որի իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է: Արդյո՞ք կարծում եք, որ Ռուսաստանը ուներ իր մեղքի բաժինը կատարված ողբերգության մեջ:

-Ինչպե՞ս կարող էր 4 օր իրականցվեր Սումգայիթի իրադարձությունները և այդ մեծ կայսրությունը արձագանքեր միայն 4 օր հետո, երբ մի գիշերվա մեջ 1000 հայ էին սպանում: Դեռ չենք խոսում Բաքվում, Գանձակում, Մարաղայում և այլ բնակավայրերում իրականացված ջարդերի մասին: Ասեմ ավելին, երբ ես շփվում եմ այնտեղի փախստականների հետ և վերլուծում այն ամենը, ինչ նրանք տեսել են, ապա ստացվում է մի ահռելի թիվ։ Ցավալին այն է, որ մենք ժամանակին չենք ուսումնասիրել այս ամենը: Ու կան մարդիկ, որոնք չգիտեն այդ թվերի մասին, չեն խոսում, որ մարդկանց բռնության էին ենթարկում, բռնաբարում, միայն հետո սպանում։ Նույնը կատարվում էր նաև լաստանավերի վրա, ինչը պարզ է դառնում հարցազրույցների ժամանակ:

-Դուք նաև նշել եք, որ այդ իրադարձությունները պետք է ճանաչվեն որպես ցեղասպանություն և դա կենսական նշանակություն ունի:

-Ես այդ հարցով շատ էի գրում, դիմում, բայց հիմա` ոչ: Այն մարդիկ, ովքեր ժամանակին ասում էին, թե ամեն ողբերգություն չէ, որ կարելի է ցեղասպանություն անվանել, այժմ պնդում են, որ դա Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր։ Այո, դա պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն, սակայն այդ ամենի մասին շատ քիչ են խոսել՝ թե պաշտոնական Երևանը, թե պաշտոնական Ստեփանակերտը, ինչը կրկնակի ցավալի է:

Ալվարդ Գրիգորյան

Ինչ են երգում արցախցիներ «Տիեզերքում»․ Ազատություն

Տիեզերքի լուսավոր Լուսինեն ու արևագույն մազերով Էլիզը տեղահանված արցախցի երեխաների հետ նոր շունչ են տալիս արցախյան երգերին, որ հնչյունն ու բառը չկորչի, որ Արցախի ձայնը լսելի լինի։  Այդ մասին է Ազատության ռեպորտաժը։

Բրիտանական խորհրդի ստեղծարար պրոդյուսների «բաց կոչի» մարտահրավերն էլ մեկ այլ առիթ դարձավ համայնքն ավելի միավորելու համար։ Լուսինեի ներկայացրած՝ «մենք ենք մեր երգերը» ծրագիրը հաղթեց… Սերգեյը, Արմանը, Կարինեն, Գևորգն ու Աննան ընտրել են երգել Հադրութում էլ, Երևանում էլ, որտեղ պատահի… միայն թե հասցնեն աշխարհին Արցախի պատմությունը։

Լոնդոնում բացվում է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը. նրանք համաձայն չեն Թրամփի հետ

Լոնդոնի կենտրոնական Lancaster House-ում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը։ Այս մասին կիրակի՝ մարտի 2-ին, հայտնել են միջազգային լրատվական գործակալությունները։

Գագաթնաժողովը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Մենք այսօր այստեղ ենք, քանի որ սա Եվրոպայի անվտանգության համար պահ է, որը լինում է մեկ սերնդի ընթացքում, և մենք բոլորս պետք է ակտիվանանք»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում AFP-ն։ Նա ասել է, որ պատերազմի ավարտը, որը օգուտ կբերի Ուկրաինային, «կենսական նշանակություն ունի այստեղի յուրաքանչյուր երկրի և շատ այլ երկրների անվտանգության համար»:

Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լոնդոն։ Գագաթնաժողովին մասնակցում են նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, Չեխիայի վարչապետ Պետր Ֆոն Ֆիալան, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիլան, Եվրոպական խորհրդի նախագահ Հաքան Ֆիլան tónio Costaն։ Հանդիպմանը ոչ եվրոպացի հյուրերի թվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Հայաստանը ձգտում է լրիվությամբ “ինտեգրել” արցախցիներին. Գայանե Առուստամյան

Արցախցի հասարակական գործիչ Գայանե Առուստամյանը պատասխանում է Step1․am-ի հարցերին:

Ինչպե՞ս եք կարծումեթե Սումգայիթի ողբերգությունը ճանաչված լիներ որպես ցեղասպանությունդատապարտվեր միջազգային հանրության կողմից, հիմա Արցախը կլինե՞ր այս իրավիճակում:

-Մենք պետք է խոսենք Սումգայիթի ողբերգության մասին ոչ միայն այդ կոնտեքստում։ 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչվել է որոշ պետությունների կողմից, և ի՞նչ է դա տվել մեզ: Այս բոլոր հարցերը պետք է խորը ուսումնասիրվի, իսկ հիմա ստացվում է, որ անընդհատ գալիս ենք նույն կետին, գուցե նաև այն պատճառով, որ չենք ուզում կամ ուղղակի չենք տեսնում, որ պատկերը շատ ավելի դաժան է:

-Կարո՞ղ ենք ասել, որ հայերի հանդեպ ցեղասպանությունը շարունակական բնույթ է կրում, քանի որ այդ գործողությունները չեն դատապարտվում:

– Նրանք եկել են տարածաշրջան, իսկ մենք խանգարող հանգամանք էին և միևնույն ժամանակ այն օղակը, որը պատրստ չէր դիմակայել վայրագություններին: Չնայած՝ մենք ևս մեղավոր էինք, չենք ուսումնասիրել խորությամբ իրավիճակը, միևնույն ժամանակ ազդել է այն, որ այն ժամանակ մենք չենք ունեցել պետականություն:

Խոսելով թե 90-ական թվականերիթե 2020-2023 թվականների փախստականների մասին, կարո՞ղ եք ասել, որ փախստականների իրավունքները պաշտպանվում են, ի վերջո, պետությունը ի՞նչ քաղաքականություն է վարում այս մասով:

-Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներն, իմ կարծիքով, մեծամասամբ ինտեգրվել են: Եթե խոսենք Արցախից փախստականների մասին, ապա պետությունը կրկին փորձում է տանել լրիվությամբ ինտեգրելու ճանապարհով, ինչն այդքան էլ ճիշտ չէ: Իրավունքները մեծմասամբ խախտվում են, և թեկուզ պետությունը իր պարտականությունը իրականացնում է, բայց սոցիալական աջակցության կրճատումը ունենալու է բացասական հետևանքներ, և այս մասով ինձ թվում է, որ մենք պետք է համախմբվենք, որ արդյունքի հասնեինք:

Ալվարդ Գրիգորյան

Սահմանադրական Հետազոտությունների Կենտրոն-ը տեսանյութեր է պատրաստել արցախցիների իրավունքների մասին

Սահմանադրական Հետազոտությունների Կենտրոն-ը հանդես է եկել արցախցիների իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունով․

“Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման» ծրագրի շրջանակներում Սահմանադրական հետազոտությունների կենտրոնը պատրաստել է 14 տեսանյութ, որոնք ուղղված են ԼՂ բռնի տեղահանված անձանց տարատեսակ իրավական հարցերի պարզաբանմանը։

Թեմաները բազմազան են. կորցրած փաստաթղթերի վերականգմանը միտված ընթացակարգերի բացահայտում, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման նոտարական և դատական կարգերի ներկայացում, ՄԻԵԴ դիմումով խախտված սեփականության իրավունքի վերականգման հարցերի պարզաբանում և այլն։

Տեսանյութերում կան QR հղումներ, որոնց միջոցով դիտողը հնարավորություն կստանա հանգամանորեն ծանոթանալու քննարկվող խնդրին՝ անցնելով QR հղման միջոցով մեր կողմից պատրաստված գրավոր նյութերին։

Ավելին, այդ հղումներում կգնեք նաև պետական մարմիններ ներկայացվող առանձին դիմումների ձևանմուշներ, ինչպես նաև Կենտրոնի կողմից պատրաստված տարատեսակ հարցերով դատարան ներկայացվող դիմումի օրինակելի ձևեր և այլն։

Տեսանյութերի հրապարակմամբ Կենտրոնը նպատակ է հետապնդում բարձրացնել ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավագիտակցությունը՝ նրանց իրազեկելով իրենց կարգավիճակից բխող իրավունքների, պարտականությունների, արտոնությունների մասին, և ըստ այդմ՝ որոշումներ կայացնել ոչ թե ասեկոսեների, թյուր կարծիքների, այլ հստակ, հիմնավոր և հավաստի իրավական տեղեկատվության վրա։

Հրապարակված առաջին տեսանյութը նվիրված է ՀՀ քաղաքացու և փախստականի իրավական կարգավիճակի հարցերին, որում հանգամանորեն ներկայացվում են այդ երկու կարգավիճակներից բխող իրավունքների և պարտականությունների շրջանակները:

Ծրագիրն իրականցվում է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Embassy of the Netherlands in Armenia

ՌԴ դեսպանատան մոտ պետք է ակցիաներ անել. ով է հանձնել Ռուբեն Վարդանյանին և մյուսներին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը, ի պատասխան «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցման, մեկնաբանել է, այսպես կոչված, «դատավարությունը» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ։

«Նախորդ ճեպազրույցներում մենք մեկնաբանել ենք այս թեման։ Ինչպես ճիշտ նկատեցիք, նշված անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։ Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Մենք, իր հերթին, հաստատում ենք մեր հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, ներառյալ փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը և կալանավորների փոխանակումը: Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել նրանց կողմից պահանջված օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի պատասխանում։

Կարծես թե ռուսական զորքերը չէին Ղարաբաղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ագրեսիա իրականացվեց Արցախի ուղղությամբ և ամբողջ բնակչության արտաքսում։ Կարծես թե Ռուսաստանը չէ, որ 2020 թվականին իր վրա է վերցրել խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը, և Պուտինը չէ, որ նոյեմբերի 9-ին ստորագրել է հայտարարություն, ըստ որի՝ բոլոր գերիները պետք է վերադարձվեն, միջանցքը պետք է անհապաղ գործի, իսկ խաղաղ բնակիչները պետք է ապահով ապրեն։ Եվ կարծես ռուսները չէին, որ կանգնած էին Բերձորի միջանցքում, երբ Ռուբեն Վարդանյանին բռնեցին հենց ճանապարհին։

Նախքան հայերի կողմից նոր «օգնության» «պահանջարկ» սպասելը, Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է պատասխան տա իր անփառունակ «խաղաղապահ առաքելության» համար։

Դեռևս շատ բացահայտումներ կլինեն, թե ինչպես է Արցախի ղեկավարությունը հայտնվել Բաքվի զնդաններում և ովքեր են վարել հանձնվելու «բանակցությունները»։

Հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը գրում է, որ «Բաքվի դատական ​​ֆարսի դեմ բողոքի ակցիաները պետք է տեղի ունենան ոչ թե ՄԱԿ-ի շենքոի, այլ Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ վերջնագրով՝ կա՛մ վերադարձրեք բոլոր գերիներին, կա՛մ 102-րդ բազայի հետ միասին դուրս եկեք Հայաստանից։

Միայն նման պայքարը կարող է իրական լինել։ Կրեմլը պետք է իմանա, որ դավաճանությունը հետևանքներ է ունենում, միայն այդ դեպքում լուրջ կվերաբերվեն գործին։

Բայց շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, շարունակել ծառայել Կրեմլին՝ ի պատասխան նրանց ստորության, իսկ հետո պահանջներ ներկայացնել ՄԱԿ-ի կամ Եվրոպայի դեմ լուրջ չէ։ Պայքարը պետք է լինի իրական, պետք է ունենա հստակ տրամաբանություն և ուժեղ կամք, միայն այդ դեպքում մեզ կհարգեն։ Արցախից արտագաղթը մեզ ոչինչ չի սովորեցրել, մենք շարունակում ենք գործել նույն սխալները, ինչ շրջափակման ժամանակ»։

Իսրայելը կողմ է Սիրիայում ռուսական բազաների պահպանմանը և պատրաստ է «պաշտպանել» դրուզներին ահաբեկչական ռեժիմից

Իսրայելի իշխանությունները հանդես են գալիս Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանման օգտին՝ որպես սիրիական պետության ապակենտրոնացման և երկրում Թուրքիայի դիրքերը թուլացնելու միջոց: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։ Իսրայելի ղեկավարության կարծիքով՝ Թուրքիայի հզորացումը լուրջ վտանգ է ներկայացնում հրեական պետության անվտանգության համար։

Երբ իսրայելցի պաշտոնյաները դրական լույսի ներքո ներկայացրեցին Ռուսաստանի շարունակական ներկայությունը ամերիկացիների հետ հանդիպմանը, որոշ մասնակիցներ զարմացան՝ պնդելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կլինի Իսրայելի անվտանգության ավելի լավ երաշխավորը:

Ամերիկացի պաշտոնյաները նույնպես «զարմացած» են, թե ինչու է Հայաստանը դիմադրում ռուսական ներկայությունը թուրքականով փոխարինելուն։

Միաժամանակ Իսրայելը սպառնացել է հարվածներ հասցնել Սիրիային, եթե սիրիացի դրուզների վրա հարձակում լինի Դամասկոսի նոր իշխանությունների կողմից։ Իսրայելի ՊՆ-ն հրաման է ստացել բարձրացնել մարտունակությունը, հաղորդում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել են Իսրայելի պաշտպանության բանակին նախապատրաստվել Դամասկոսի արվարձանում գտնվող Ջարամանա դրուզների բնակավայրի պաշտպանությանը, որը գտնվում է սիրիական ռեժիմի ուժերի հարձակման տակ», – ասվում է հայտարարության մեջ:

«Մենք թույլ չենք տա, որ Սիրիայում արմատական ​​իսլամիստների ահաբեկչական ռեժիմը սպառնա դրուզներին», – ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Փաստորեն, Իսրայելը Սիրիայում թուրքամետ կառավարությանը համարում է «ահաբեկչական իսկամիստական ռեժիմ»։

Հիսուսի արձանը տեսանելի կլինի 2026-ին․ Առաքելական եկեղեցին քննադատում է

Հիսուսի 33 մետրանոց արձանին հնարավոր կլինի նայել լավագույն հաշվարկներով 2026-ին, բայց մեգանախագծի հեղինակները պնդում են՝ այն արդեն ազդել է անշարժ գույքի շուկայի վրա. դեռ չկանգնեցված արձանի տեսարանով անգամ՝ մայրաքաղաքում բնակարաններն աննախադեպ են վաճառվում։ Այդ մասին գրոմ է Ազատությունը։

Քրիստոսի մոնումենտալ արձանը, ըստ քանդակագործի, պատրաստ է 80 տոկոսով, Հատիսի լանջին կհայտնվի, երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շինթույլտվություն ստանա, գործընթացն արագացնելու համար օրերս Ակունք համայնքի 4 գյուղերում հանրային թեժ լսումներ էին։

Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հնարավոր ազդեցության՝ ՇՄԱԳ հաշվետվության մասին լսումների հիմնական «թեժացնողները» ոչ թե շրջակա՝ Ակունք, Զովաշեն, Կոտայք, Հատիս բնակավայրերի բնակիչներն էին, այլ լսումներին ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մայր աթոռի կողմից քննադատվող արձանի քանդակագործը «կրոնական տեսակետից չի նայում արձանին»:

Օգնության է հասնում համայնքի ղեկավարը՝ պաշտոնական վիճակագրությունը կասկածի տակ առնելով. – «Հասկացանք՝ մեր պետական կրոնը Առաքելական եկեղեցին է, բայց մեր ազգի մեծ մասը կաթոլիկ է»:

Արձան-համալիրն ընդհանուր 100մ բարձրություն կունենա։ Դեպի Հիսուս տանող 3.7 կմ ճոպանուղու նախագիծը հայ-ավստրիական է, ճոպանուղու 23 հենակետերը, որ տարբեր գյուղերի վարչական տարածքում են, Գագիկ Ծառուկյանին պատկանող հողերում են, պնդում են նախագծի հեղինակները։

Նստացույցին միացել են արցախցիներ Աշոտ Դանիելյանը և Անաստաս Իսրայելյանը

Ի հաջակցություն Ռուբեն Վարդանյանին և Բաքվում շինծու մեղանդրանքներով դատվող բոլոր հայ գերիներին՝ Ազատության հրապարակի նստացույցին են միացել նաև Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը և «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը։

 

Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը»։

«Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը», – նշել է Թանդիլյանը։

«Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։ Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները», – նաև նշել է նա։

Մանե Թանդիլյանն ընդգծել է՝ սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին. – «Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր»։

«Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։

Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ», – հայտարարել է Մանե Թանդիլյանը։