Ինչպես արցախցին, այնպես էլ գորիսեցին կամ արթիկցին ստացել են նույն անձնագիրը, նույն զինվորական գրքույկը, նույն վարորդական վկայականը

Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ պիտի 2023 թվականից հետո ինչ-որ մեկի ցանկությամբ 150 հազար մարդ դառնա փախստական մայր հայրենիքում։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախկինում Հայաստանում արցախցիներին փախստական չեն համարել երբեք։ «Սա անարդարացի վերաբերմունք է արցախցիների նկատմամբ, չկա տարբերություն, ինչպես արցախցին, այնպես էլ գորիսեցին կամ արթիկցին ստացել են նույն անձնագիրը, նույն զինվորական գրքույկը, նույն վարորդական վկայականը, նույն սոցիալական քարտը։ Եվ ինչո՞ւ է պատերազմներով անցած ազգի արցախցի հատվածը համարվում փախստական։ Սա անարդարություն է, որի դեմ պետք է պայքարենք միասնաբար»,- ասաց նա։

Դավիթ Հովհաննիսյանը հավելեց, որ բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացիներ են։ Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի համաձայն՝ այն անձը, ով Հայաստանում ստացել է անձնագիր ու նույնականացման քարտ, համարվում է ՀՀ քաղաքացի։ Այդպիսի անձնագրեր ու նույնականացման քարտեր ստացել են բոլոր արցախցիները։ «Սակայն ինչ-որ մեկի ցանկությամբ մեզ անվանում են փախստական կամ քաղաքացիություն չունեցող անձ։ Ի՞նչ է ստացվում, մեզ տվել են կեղծ անձնագրե՞ր, եւ մենք այդպես խաբված տասնյակ տարիներ ապրե՞լ ենք։ Իհարկե, ոչ։ Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ մեկը բարոյական եւ իրավական իրավունք չունի որեւէ արցախցու անվանել փախստական։ Ինչպես նաեւ ոչ մեկը բարոյական, իրավական ու քաղաքական իրավունք չունի ասելու, որ արցախցին քաղաքացիություն չունեցող անձ է եւ պետք է քաղաքացիություն ստանա Հայաստանում»,- հայտարարեց փաստաբանը։

Նա ասաց, որ 150 հազար արցախցիների 0,1 տոկոսը դեռ չի ապահովվել բնակարանով, իսկ կառավարության բնակապահովման ծրագիրը արդեն մեկ տարի է՝ գործում է։ Սա նշանակում է, որ այս ծրագիրը չի համապատասխանում հասարակությունում առկա խնդիրներին։ Սա նշանակում է, որ այս ծրագիրը պետք է հիմնովին փոխվի։

Արցախցիներն Ազատության հրապարակում վրաններ են տեղադրում

«Ժողովուրդն է որոշելու մեր հետագա անելիքները։ Տարբերակ առաջին՝ կառավարությունն ունի երկու շաբաթ ժամանակ՝ փոխելու իր որոշումները։ Եվ եթե ոչ, մենք հավաքվելու ենք այստեղ եւ միասին իրականացնելու ենք մեր հետագա քայլերը»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշեց, որ երկրորդ տարբերակն այն է, որ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձեւավորելու է շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ։ «Իշխանությունն ունի մեկ շաբաթ ժամանակ, եւ եթե ոչ, մենք կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք եւ անցնելու ենք հստակ գործողությունների»,- հայտարարեց նա։

Նժդեհ Իսկանդարյանը հավելեց, որ Արցախի որ արցախցիների խնդիրը համայն հայության հարցն է։

Արցախցիներն Ազատության հրապարակում վրաններ են տեղադրում։

 

Արցախցիները պահանջագիր փոխանցեցին ՀՀ կառավարությանը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Պահանջագրի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև:
Մենք՝ մեր պատմական հողից բռնի տեղահանված և բռնազավթման ու ցեղասպանության զոհ դարձած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակիչներս և Արցախի արժեքը գիտակցող հայերս, համախմբված Մայր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, բարձրացնում ենք մեր ձայնը՝ ի պաշտպանություն մեր իրավունքների, արժանապատվության և ապագայի։ Մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների համընդհանուր նորմերի, ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի, պատմական արդարության և համազգային արժանապատվության վրա։
ՀՀ իշխանություններին և միջազգային հանրության տարբեր դերակատարների ուղղված մեր պահանջներն են՝
1. Նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը: Այս առումով, հարկ է կատարել 2023թ. նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ քաշել այդ իրավունքի պատշաճ իրացման հարցը:
2. Մինչ այդ՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար, ներառյալ՝
Բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն՝ մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը.
Նոր, արդար և արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ, որը հիմնված կլինի ընտանիքների կարիքների համապարփակ հաշվառման, համայնքային բնակության խթանման, բնակարանաշինության խրախուսման, արտագաղթի կանխման և այլ առանցքային սկզբունքների վրա.
Զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացում, որոնք բնակարանային կարիքների ապահովման հետ ներդաշնակ կերպով կապահովեն բռնի տեղահանված արցախցիների շրջանում գերիշխող աղքատության հաղթահարումը, կայուն ու արժանապատիվ եկամտի ձևավորումը և եղած ներուժի իրացումն ու զարգացումը:
3. Կազմակերպել միջազգային դոնոր համաժողով՝ նշված և այլ մարդասիրական ու զարգացման բնույթի հիմնարար ծրագրերի իրականացման նպատակով ներգրավելու արտաքին մեծածավալ միջոցներ և խուսափելու ՀՀ ժողովրդի ուսերին ծանրացող երկարաժամկետ ֆինանսական բեռի ավելացումից:
4. Հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանից բխող պարտավորությունները:
5. Վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ ՀՀ կառավարության հակասահմանադրական որոշումը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր անձի ինքնուրույն կերպով տնօրինել իր կուտակած միջոցները:
6. Զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և հատկապես արցախցիների հանդեպ նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից և անխտիր կերպով պատժել բոլոր նման դրսևորումների հեղինակներին:
7. Առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համապատասխան բանակցությունների վարման, միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմների կիրառման, ալիևյան ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցների առաջմղման և այլ ճնշման գործիքակազմերով: Ուշադրության կենտրոնում պահել նաև անհետ կորած հայերի ճակատագրերի պարզման պարտավորության իրականացումը:
8. Հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում՝ հետամուտ լինելով հենց ՀՀ հայցերի հիման վրա ընդունված միջազգային դատական ակտերի կատարմանը։ Այդ առումով խիստ կարևոր է համակարգված կերպով միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային գույքի ոչնչացման ու յուրացման համակարգային ու շարունակական դեպքերը՝ պահանջելով մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ակտիվացում և պատժամիջոցների կիրառում:
9. Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
10. Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, ինչը մեծապես և ուղղակիորեն կխախտի Արցախի ժողովրդի և բազմաթիվ այլ հայերի իրավունքները՝ առանց դրանց պաշտպանության և վերականգնման որևէ այլընտրանքային ու համարժեք մեխանիզմի առկայության:
11. Խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար:
12. Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը։
Մենք՝ Արցախի բռնագաղթած քաղաքացիներս ու Արցախի արժեքը գիտակցող հայերս, այս պահանջագրով ոչ միայն արտահայտում ենք մեր կորստի ցավն ու ծանրագույն կացությունը, այլ նաև՝ մեր վճռականությունը՝ պաշտպանելու մեր իրավունքները՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։
Սա կոչ է արդարության, հանուն լուսավոր ապագայի, հանուն մեր համազգային արժանապատվության, հանուն տարածաշրջանի կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության և Հայոց Հայրենիքի հարատևման…

Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ

«Այս հրապարակում հավաքված մարդիկ հավաքվել են՝ եւս մեկ անգամ ասելու, որ աշխարհի աչքի առաջ մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր հայրենիքից»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա ասաց, որ հայաստանցիների ու արցախցիների միջեւ տարանջատումներ չպետք է լինեն, այդ տարանջատումները, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, պետք է փշրվեն՝ հանդիպելով մեր համերաշխությանը։

«Մեզ բոլորիս այսօր այս հրապարակում հավաքել է մի պարզ մղում՝ տեր կանգնել սեփական իրավունքներին։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ինչ-ինչ պիտակավորումներ տալ, թե իբր սա սոսկ սոցիալական աջակցության պահպանման համար պայքար է, ապա նրանք պարզապես զուրկ են տարրական բարոյականությունից, զուրկ են մարդկային ապրումակցումից։ Այո, բռնի տեղահանվածներին կեցության համար տրվող սոցիալական աջակցությունն այն պարզ նվազագույնն է, որն անհրաժեշտ է արցախցիներին ՀՀ-ում պահելու, նրանց նվազագույն կարիքները հոգալու համար։ Սոցիալական աջակցությունը տեղահանվածների համար կենսական կարեւորություն ունի, եւ դա այդպես է ոչ միայն ՀՀ-ում, այդպես է ամբողջ աշխարհում։ Հետեւաբար, խիստ կարեւոր է պահպանել այն այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի կեցության հարցը արժանապատիվ եւ մեկընդմիշտ լուծված չէ։ Սոցիալական այս խնդիրը բարձրաձայնելը բնավ ինքնանպատակ չէ, պարզապես մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ աջակցության դադարեցումն աղետալի հետեւանքներ է ունենալու՝ հազարավոր ընտանիքների մատնելով անօթեւանության եւ չքավորության, դրդելով արտագաղթի։ Իսկ մենք ուզում ենք ապրել մեր մայր հայրենիքում, մենք ուզում ենք ապրել արժանապատիվ՝ մեր հոգում եւ սրտում պահելով մեր փոքր հայրենիք վերադառնալու ցանկությունը եւ նպատակը»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Նա ասաց, որ հրապարակում հավաքված մարդիկ ամեն օր քնում եւ զարթնում են սեփական տուն վերադառանալու հույսով ու հավատով։ Նա կոչ արեց արցախցիներին թույլ չտալ, որպեսզի իրենց մեջ մարի Արցախ վերադառնալու մղումն ու հույսը։ «Անիրատեսության դասեր տվողներին հստակ պատասխանեք, որ թույլ չեք տա, որ ստիպեն հրաժարվել ինքներս մեզանից, մեր գոյության իմաստից։ Թույլ չենք տա մեզ եւ մեր սերունդներին զրկել հայրենիք վերադառանալու իրավունքից։ Թույլ չենք տա ուրանալ հազարավոր սուրբ նահատակների արյունը։ Եթե ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք լքել ենք մեր հայրենիքը, դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այնտեղ վերադառնալու մեր իրավունքից։ Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ, այն  իրավունք է, որն ամրագրված է, որը պետք է պաշտպանել ու առաջ մղել»,- նշեց  Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ իրենց միասնական պահանջը՝ ուղղված ՀՀ իշխանություններին ու միջազգային դերակատարներին հետեւյլան է՝ Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը պետք է դառնա բանակցային օրակարգի մաս։ Հակամարտության արդարացի կարգավորում չի կարող լինել հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների եւ խեղված ճակատագրերի վրա։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ պահանջում են, որպեսզի ՀՀ իշխանությունները չհրաժարվեն միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից եւ Մինսկի խմբի ձեւաչափից, այլապես Արցախի ժողովուրդը բախվելու է իր իրավունքների լրջագույն ու եւ զանգվածային նոր խախտումների։

«Այս տեղանկյունից մեր գլխավոր ուղերձը եւ ՀՀ իշխանություններին, եւ միջազգային բոլոր դերակատարներին այն է, որ ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնել՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Մենք պետք է լինենք մեր ճակատագրի տերը։ Մեր պահանջներն արդարացի են, հիմնված են իրավունքի վրա»,- ասաց նա։

Այսօրվա հանրահավաքը՝ արցախցիներին ողջ-ողջ «թաղողներին» արժանապատվության մասին հիշեցնելու փորձ է

Այլևս հնարավոր չի լինի ձևացնել, թե Արցախ չի եղել, արցախցիներն այլևս չկան, և ընդհանրապես, անցած 33 տարին դժբախտ սխալ էր, որը հեշտ ստացվեց ուղղել։ Բոլորը ստիպված կլինեք բացել աչքերը և տեսնել ամոթալի ճշմարտությունն իր ամբողջ տգեղ և սարսափելի հմայքով:

Հայաստանի կառավարությունը հպարտությամբ ասում է, որ 120 հազար փախստականների հոսքը պատվով է ընդունել՝ առանց վրանային քաղաքների և մեծ աղմուկի։ Արյունալի ագրեսիայից, Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո ամբողջ մեկուկես տարի Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի «Արցախ» բառն այլևս չօգտագործվի կամ օգտագործվի միայն վատ իմաստով՝ որպես անեծք։

2018-ին Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության եկավ՝ հատկապես մարզերում ընտրողներին ասելով, որ Արցախն է խանգարումբնականոն կյանքին, և եթե իրենք գան իշխանության, ապա հայաստանցիների որդիներն Արցախում չեն զոհվի (ոչ թե չեն կռվի, չեն ծառայի, այլ չեն զոհվի)։ Ոչ ոք չի ուզում, որ իր որդին զոհվի, ուստի հարյուրավոր մարդիկ ակամայից դարձան Փաշինյանի քաղաքականության մեղսակիցը՝ չհանդիմանելով նրան նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը ստորագրելու համար։

2021 թվականի ամռանը Փաշինյանի թիմը կրկին ստացավ այս ընտրողների ձայները՝ առանց տեսախցիկների նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարելով, որ մենք ձեզ խոստացել ենք, որ ձեր որդիները Ղարաբաղում չեն զոհվի, և դա արեցինք։ Բայց եթե «նախկինները» գան, էլի ձեր տղաներին կուղարկեն զոհվելու «օտար» Ղարաբաղի համար։ Եվ մարդիկ հերթական անգամ լուռ համաձայնեցին մեղսակից դառնալ ազգային ոճրագործության ու ամոթի։

Այս ամենն արվում էր կուլիսներում, բայց այժմ այս խայտառակ խոսույթը դառնում է բաց «պետական» քաղաքականություն։ Գյումրիում Փաշինյանի թեկնածուն ասում է, որ Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները մեծ գումարներ էին վճարում, որպեսզի իրենց որդիները չծառայեն Ղարաբաղում:

Հազարավոր գյումրեցի վառ երիտասարդներ պաշտպանում էին Արցախը, և նրանք, անշուշտ, կարող են «նրանց» Սարիկին պատմել Արցախի մասին ողջ ճշմարտությունը։ Եվ դժվար թե այս անգամ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանա իր փորձված նախընտրական հնարքը անցկացնել՝ «քանի մենք իշխանություն ենք, ձեր որդիները Ղարաբաղում չեն զոհվի»։

Նախ, Գյումրին մի փոքր այլ քաղաք է, և պատվի զգացումն այստեղ այլ կերպ է ընկալվում։ Երկրորդ՝ օկուպացված Ղարաբաղը և անօթևան ղարաբաղցիների նկատմամբ թշնամանքը որպես նախընտրական հնարք օգտագործելն այլևս տեղին չէ. ժամանակն է, որ «իրենց Սարիկը» ընտրողներին խոստանա, որ նրանց որդիները չեն զոհվի Երասխում, Խոզնավարում, Գորիսում, Վարդենիսում, Սև Լիճում, Ջերմուկում և Հայաստանի մնացած տեղերում։ Դա ապահովելու համար Հայաստանի հետ պետք է անենք նույնը, ինչ Արցախի հետ՝ չկա Հայաստան, չկա զոհվելու տեղ։

Այդ ընթացքում պետք է ձևացնել, թե արցախցիներ չկան, որ շուտով նրանք ոչնչով չեն տարբերվելու ջերմուկցիներից, սյունեցիներից, իսկ 50 հազար բոլորին չենք կարող տալ։

Արցախցիների այսօրվա հանրահավաքը բողոք չէ, այլ հիշեցում, ամոթանք տալու և արցախցիներին ողջ-ողջ «թաղողներին» արժանապատվության մասին հիշեցնելու փորձ, պետական ​​ու ազգային արժեքների, պատվի մասին, նաև որ երջանկությունը թուրքական խաչմերուկում դրված կրպակը չէ։

USAID-ի փակում. քաղաքական լուծումները «մարդասիրական»-ով փոխարինելը չի ​​կարող անհետևանք լինել

Սամանթա Փաուերը սովորում է ժենգյալով թխել

ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կլուծարվի, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը՝ մարտի 28-ին: USAID-ի վերակազմավորումը կավարտվի հուլիսի 1-ին:

«Ճիշտ արտաքին օգնությունը կարող է առաջ տանել մեր ազգային շահերը, պաշտպանել մեր սահմանները և ամրապնդել գործընկերությունը հիմնական դաշնակիցների հետ: Ցավոք, ԱՄՆ ՄԶԳ-ն վաղուց շեղվել է իր սկզբնական առաքելությունից: Արդյունքում, շահույթը չափազանց փոքր է եղել, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր», – ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը 2024 թվականի փետրվարին լրացուցիչ 1 միլիոն դոլար աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին: Այս օգնության շնորհիվ 19,300 մարդ, ովքեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը, կստանան առաջնային մարդասիրական օգնություն USAID-ի կողմից ֆինանսավորվող Social Protection, Inclusion, Social Protection, Democracy, Social Affairs and Empower ծրագրի շրջանակներում:

2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն 9,27 միլիոն դոլար է տրամադրել Լեռնային Ղարաբաղում կռիվներից տուժածներին աջակցելու համար, այդ միջոցներն օգտագործվում են ամեն ինչ տրամադրելու համար, այդ թվում՝ սնունդ և հոգեբանական աջակցություն:

USAID-ը նախատեսում է տրամադրել մոտ 8,5 մլն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների և հոգեսոցիալական աջակցության համար: Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ 2024 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքով, շատ ընտանիքներ ցանկանում են այցելել եկեղեցիներ, տաճարներ և իրենց հարազատների գերեզմանները, սակայն վերադարձը դեռ չի եղել։ Նա վստահեցրեց, որ գործակալությունը կշարունակի աշխատել այս ուղղությամբ։

Սամանթա Փաուերը առաջիններից էր, ով 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից անմիջապես հետո Հայաստան ժամանեց և դիմավորեց տեղահանված արցախներին։

Միացյալ Նահանգները դիտարկում է ադեկվատ պատասխան սեպտեմբերի 19-20-ի կատարածին, սեպտեմբերի 25-ին ասել է Փաուերը։ Ինչպես նշել էր փոխպետքարտողար Քիմը, Ղարաբաղում չպետք է ուժ գործադրվեր, բայց արվել էր, և մենք վերանայում ենք մեր անվտանգության աջակցությունը, բայց ես այս պահին չեմ ցանկանում որևէ եզրակացություն անել ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ», – ասաց Փաուերը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք տագնապալի հաղորդումներ ստացանք ականատեսներից խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների մասին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներկա քաոսային իրավիճակը և մարդկանց ապրած տրավմաները, անհրաժեշտ է լսել մարդկանց պատմությունները: Սա կօգնի մեզ հասկանալ իրական իրավիճակը, և այս աշխատանքը դեռ նոր է սկսվում», – ասաց Փաուերը լրագրողներին հաջորդ օրը:

ԱՄՆ-ը որևէ միջոց չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ավելին, քաղաքական գնահատական ​​չի տվել Արցախում տեղի ունեցածին, նույնիսկ այն բանից հետո, երբ մի խումբ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ՝ Պետդեպարտամենտի պատվերով և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, զեկույց են պատրաստել «Ինչու Ղարաբաղում հայեր չեն մնացել» վերնագրով։ Միացյալ Նահանգները սահմանափակվեց արցախցիներին մի քանի միլիոն մարդասիրական օգնություն տրամադրելով՝ քրիստոնեական քաղաքակրթության ջատագովի իր դերը համարելով կատարված։

Այժմ ԱՄՆ-ը փակում է USAID-ը, իսկ Պետդեպարտամենտն առաջարկում է ագրեսիայի ենթարկված Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ին իր ողջ տնտեսական ակտիվները։

Ինչ է սպասվում Ուկրաինային Թրամփի և Պուտինի կայսերական նկրտումների ֆոնին

Մարտի 23-ին Կիևի կողմից ստացված ԱՄՆ-Ուկրաինա հանքային գործարքի նոր նախագիծը պարունակում է շատ ավելի ագրեսիվ պահանջներ Վաշինգտոնից՝ վերահսկելու Ուկրաինայի հանքային պաշարները և էներգետիկ ակտիվները: Սակայն փաստաթուղթը չի պարունակում անվտանգության երաշխիքներ։

Նշվում է, որ համաձայնագիրը պետք է տարածվի Ուկրաինայի բոլոր հանքային ռեսուրսների վրա՝ ներառյալ նավթն ու գազը, ինչպես նաև երկրի ողջ տարածքում հիմնական էներգետիկ ակտիվները։ Գործարքը նաև ներառում է ենթակառուցվածքները, որոնք կապված են բնական ռեսուրսների շահագործման հետ, ինչպիսիք են ճանապարհները, երկաթուղիները, խողովակաշարերը, նավահանգիստները և վերամշակող գործարանները, պարզել է FT-ն:

FT-ն մեջբերում է անանուն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք ասում են, որ ԱՄՆ-ի նոր առաջարկը «կարող է խաթարել Ուկրաինայի  ինքնիշխանությունը, հանգեցնել շահույթի արտահոսքի արտասահման և մեծացնել Կիևի կախվածությունը Վաշինգտոնից:

Պուտինն իր հերթին առաջարկել է Ուկրաինայում արտաքին կառավարում մտցնել, քանի դեռ այնտեղ «լեգիտիմ» կառավարություն չի ձևավորվել, այսինքն՝ Մոսկվայի մետրոպոլիայի նկատմամբ հավատարիմ վասալական իշխանություն։ Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել է, որ չկա այնպիսի պետություն, ինչպիսին «Ուկրաինան» է՝ ակնարկելով, որ այն ապագայում նույնպես չպետք է լինի։

Թրամփի և Պուտինի գործողությունները հիշեցնում են աշխարհը մի քանի «կայսրությունների» բաժանելու և «պետական ​​ինքնիշխանության» դարավոր նախագիծն ավարտելու նախապատրաստություն։ Թրամփը նշանավորել է այս նախագծի ավարտը՝ փակելով Վուդրո Վիլսոնի կենտրոնը։ Չէ որ հենց դեմոկրատ Վիլսոնն էր, ով Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջարկեց վեց փլուզված կայսրությունների փոխարեն ստեղծել ազգային ինքնիշխան պետություններ և առաջինն էր, որ ներդրեց ազգերի ինքնորոշման հայեցակարգը։

Պահպանողական ուժերը ողջ սպեկտրը՝ միապետականից մինչև բացահայտ ֆաշիստ, երբեք չեն հաշտվել այս նախագծի հետ: Եվ հիմա Ուկրաինայի օրինակով մենք կարող ենք տեսնել «ինքնիշխանության նախագծի» ավարտը։ Ահա թե ինչու հրադադար չի լինելու, և պնդումները, թե Թրամփը «չի կարողանում» ստիպել Պուտինին, անլուրջ են։ Թրամփը չի էլ պատրաստվում Պուտինին ստիպել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում. նա արդեն բանակցություններ է վարում նրա հետ Ուկրաինան և մյուս երկրները բաժանելու շուրջ։ Այլ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, փորձում են միանալ այս գործընթացին, սակայն ապարդյուն։

Հարկ չկա հիշեցնելու, որ ինքնորոշման և ինքնիշխան պետության ողնաշարը կոտրվեց Արցախում՝ Պոլսում ՌԴ, ԱՄՆ և ԵՄ կոնսենսուսով։

Գուցե կգտնվեն բարեգութ մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն արցախցի կնոջը

Արցախի Վաղուհաս գյուղից տեղահանված Անահիտ Գևորգյանը ծննդով Մարտունի քաղաքից է։ Կյանքը նրան բազմաթիվ անգամ է փորձությունների առաջ կանգնեցրել, ստիպել հաղթահարել դժվարությունները, սակայն 2023-ի տեղահանությունից հետո նա այլևս ի վիճակի չէ պայքարելու։ Միայնակ մայրը մնացել է շիվար ու անօգնական։

Անահիտի ճակատագիրն այնքան էլ հարթ չի ընթացել

-Մարտունի քաղաքում ամուսնացել, ընտանիք եմ կազմել ու մտածել, որ գտել եմ իմ երջանկությունը։ Ծնվել են երեխաներս՝ Թաթուլն ու Սոֆին։ Այնպես է ստացվել, որ ընտանիքով մեկնել ենք Ռուսաստանի Դաշնություն՝ փորձելով այնտեղ աշխատանք գտնել ու բարելավել մեր կյանքը։ Սակայն օտար հողը մեզ երջանկություն չբերեց, ավելին՝ ընտանիքս կործանվեց։ Երեխաներիս հետ վերադարձա Արցախ՝ մտածելով, որ մենակ կկարողանամ ոտքի կանգնեցնել բալիկներիս։ Երկրորդ անգամ փորձեցի դասավորել կյանքս․ ծնվեց 3-րդ երեխաս՝ Ռաֆիկը։ Ապրում էինք Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Ամուսինս զինծառայող էր․ 2023-ի սեպտեմբերի 19-ին դիրքերում էր․․․ Արցախի տեղահանությունից հետո հաստատվեցինք Արարատի մարզի Ռանչպար գյուղում։ Ճակատագրի դառը հեգնանքով երեք երեխաներիս հետ նորից մնացի մենակ:

Ծնողներս ու եղբայրներս ապրում են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Եղբայրներս բազմազավակ հայրեր են և մի կերպ կարողանում են հոգալ իրենց երեխաների կարիքները։ Ոչ ոքից օգնություն չեմ ակնկալում, որովհետև բոլորն էլ նույն վիճակում են հայտնվել։

Որքան էլ դժվար, սակայն հանուն երեխաների Անահիտը կարողացավ ծանր որոշում կայացնել՝ հոգու խորքում հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու

 -Երեխաներս այստեղ դպրոց էին գնում, լավ սովորում։ Մերվել էին նոր շրջապատին, ընկերներ ձեռք բերել, հաճախում էին տարբեր խմբակներ։ Թեև երեք երեխաներիս հետ մի կերպ էինք գոյատևում, սակայն երջանիկ էինք, որ միասին ենք։ Բայց եկավ մի պահ, ու ես հասկացա, որ չեմ կարողանում հոգալ ընտանիքիս կարիքները։ Պարզապես անհնար էր ապրել վարձակալած տան, հետն էլ սննդի ու հագուստի հարցերը լուծել։ Ֆինանսապես ծանր կացության մեջ հայտնվելուց հետո որոշեցի ընդառաջել Սոֆիի ու Թաթուլի հոր խնդրանքին ու երեխաներն միառժամանակ ուղարկել նրա մոտ՝ Ռուսաստան։ Շատ ծանր էր ինձ համար նման որոշում կայացնելը։ Կարոտից տեղս չեմ գտնում, սակայն հասկանում եմ, որ միակ ելքը դա էր։ Ամեն օր խոսում եմ բալիկներիս հետ։ Արդեն դպրոց են գնում, փորձում հարմարվել։ Մենք իրար հույս ենք տալիս, որ շուտով նորից միասին կլինենք։

Մի քանի օրից հետո իմ վիճակն ավելի է ծանրանալու։ 40+10 հազար դրամ աջակցությունից զրկվելուց հետո չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու փոքրիկիս հետ։ Ընդամենը ստանալու եմ 40 հազար դրամ, հետո՝ 30 հազար, իսկ տարվա վերջին բոլորովին եմ զրկվելու արցախցիներիս տրվող միակ  աջակցությունից։ Ինչպես պետք է այդ գումարով հոգամ երկուսիս կարիքները։ Պարզապես իմ երեխան ամեն ինչին կարոտ կմնա։ Տունը, որտեղ ապրում եմ, զուրկ է բոլոր կոմունալ հարմարություններից։ Տաքացվում է փայտե վառարանով, անցած ձմեռվա փայտի գումարը չեմ կարողանում վճարել։ 5 տարեկան երեխայիս պատճառով դեռևս աշխատել չեմ կարող։

 Անահիտը մայր է, ով ցանկանում է իր երեխաներին անհոգ ու ապահով մանկություն պարգևել։ Նա ուզում է իր տաքուկ գրկում պահել իր 3 երեխաներին, նրանց սեղմել իր սրտին և ուրախանալ ամեն մի հաջողությամբ։ Գուցե կգտնվեն բարեգութ մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն արցախցի կնոջը, ով անցել է արհավիրքների միջով ու հայտնվել դժվար կացության մեջ։ Նրա միակ երազանքը երեխաներին իր շուրջը հավաքելն է:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Հայաստանում կտաքանա, բայց տեղումներ է սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում մարտի 29-ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15…+17 աստիճան։

«Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը կոչ է անում ներկայանալ հանրահավաքին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը
Արցախահայությունը կանգնած է ծանր հումանիտար և սոցիալական մարտահրավերների առջև։ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի իրավիճակ, որը սպառնում է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային։ Այս պայմաններում մեր հանրությունը չի կարող լռել և ստիպված է բարձրացնել իր ձայնը՝ իր իրավունքներն ու արդար պահանջները ներկայացնելու համար։
Ուստի կոչ ենք անում բոլորին միանալ հանրության նախաձեռնած հանրահավաքին և պահանջել ՀՀ կառավարությունից՝
Մշակել և իրականացնել հստակ ու երկարաժամկետ քաղաքականություն՝ Արցախի հայության սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման համար,
Ապահովել տեղահանված ընտանիքների կայուն կենսապայմաններ՝ ներառյալ բնակարանային, առողջապահական և կրթական ծրագրերը,
Կիրառել գործուն միջոցներ՝ աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զարգացման համար,
Միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի հայության կոլեկտիվ վերադարձի իրավունքների հարցը,
Գործադրել իրավական և քաղաքական բոլոր հնարավոր լծակները՝ մեր գերեվարված հայրենակիցների անհապաղ ազատման համար՝ նրանց հարցը բարձրացնելով միջազգային կառույցներում և պահանջելով արդարություն։
Վայրը: Երևանի Ազատության հրապարակ (Օպերա)
Օր և ժամ: Մարտի 29-ին, ժամը 15:00