Մյանմայում հզոր երկրաշարժից ավելի քան 140 մարդ է զոհվել

DW

Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ 732-ը։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 28-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մյանմայի պետական ​​հեռուստատեսությունը։

Երկրի տարբեր քաղաքներում գրանցվել են ենթակառուցվածքների զգալի վնասներ: Մայրաքաղաք Նայպիտաուում վնասված շենքերի թվում է եղել 1000 մահճակալ ունեցող հիվանդանոցը, հայտնում է Reuters-ը։

Շատ մարդիկ հայտնվել են փլուզված շենքերի թակարդում, Reuters-ին հայտնել է Մանդալայ շրջանի թաղամասերից մեկում հրշեջը: «Իրավիճակը շատ լուրջ է, մենք կենտրոնացած ենք փլուզված շենքերում արգելափակված մարդկանց փրկելու վրա»,- ասաց նա։

Նույն թաղամասի Ամայապույա քաղաքի մեկ այլ փրկարար հաշվարկել է, որ քաղաքի շենքերի մոտ 20%-ը քանդվել է։ «Ես երբեք նման բանի չեմ հանդիպել», – ասել է նա գործակալությանը:

Երկրաշարժը տուժել է նաև Թաիլանդում։ Մայրաքաղաք Բանգկոկում կառուցվող 30-հարկանի շենքը փլուզվել է, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին։ Փրկարարների տվյալներով՝ շինհրապարակում գտնվող 100-ից ավելի մարդ անհայտ կորած է համարվում։ Առնվազն ևս մեկ մարդ սպանվել է Բանգկոկում, հայտնում է Reuters-ը:

Մարտի 28-ին Մյանմարում տեղի են ունեցել մի քանի հզոր երկրաշարժեր, յուրաքանչյուրը 7,7 մագնիտուդով: Հետցնցումներ են զգացվել Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը սկսում է համագործակցությունը Թայվանյան հիմնադրամի հետ

Երեկ տեղի ունեցավ Թայվանյան TX հիմնադրամի պատվիրակության առաջին այցը Հայաստան։

Պատվիրակությունն այցելել է Եղվարդ քաղաք՝ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նոր շենքը, որը որոշակի վերակառուցումից հետո իր դռները կբացի Արցախի և Հայաստանի շահառուների առաջ։

Կենտրոնի աշխատակիցները ջերմ ընդունելություն էին կազմակերպել հարգարժան հյուրերի համար։ Միջոցառմանը ներկա էին կենտրոնի շահառու երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաև այլ հարգելի հյուրեր՝ ի դեմս Adventist Development and Relief կազմակերպության (ADRA), Եղվարդի քաղաքապետարանի և Կենտրոնի այլ գործընկերների ու ընկերների:

Հյուրասիրությունը կազմակերպվել էր հայկական ազգային-ավանդական ոճով, պատրաստվել է մշակութային ծրագիր։ Հյուրերի առաջ հանդես եկան «Զարկերակ» երաժշտական ​​ստուդիայի սաները՝ անփոխարինելի ​​տնօրեն Գագիկ Միրզոյանի գլխավորությամբ, «Նրանի» մանկապատանեկան պարային համույթը (տեսանյութ)։

Միջոցառումը նշանավորվեց Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն հասարակական կազմակերպության և TX հիմնադրամի միջև համաձայնագրի ստորագրմամբ։ Համաձայնագիրը ենթադրում է երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության սկիզբ։ Մասնավորապես, հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնման և հասարակությանը ինտեգրման և հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման այլ կարևոր ծրագրերի իրականացման ոլորտում:

Հյուրերը նաև ծանոթացան և տպավորված էին կենտրոնի անձնակազմի երկար տարիների արդյունավետ աշխատանքով։ Հատկանշական է, որ մինչ այդ նրանք չէին էլ պատկերացնում Արցախում տեղի ունեցածի իրական պատկերը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրությանը ճիշտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը։

Ռաբիլիտացիոն կենտրոնի հիմնադիր և տնօրեն Վարդան Թադևոսյանը, դժվարությամբ զսպելով հույզերը, միջազգային գործընկերներին մանրամասն նկարագրեց Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ու դրանց հետևանքները, ինչը մեծ տպավորություն թողեց նրանց վրա։

Համագործակցության առաջին արդյունքները կարելի կլինի տեսնել առաջիկայում, նշում են միջոցառման հիմնական մասնակիցները։

Արսեն Աղաջանյան

Աշխատենք, բա երեխանե՞րը

Ինչպե՞ս աշխատենք, երբ մեզնից մեկը պարտավոր է մնալ երեխայի հետ, որովհետեւ մանկապարտեզներում տեղահանվածներս առաջնահերթություն չունենք։

Օրս սկսվեց մանկապարտեզում։ Տնօրենը շատ սիրելիր, կամեցող բացատրում է, որ մեր երեխան դեռ 6-րդն է հերթում, իսկ այս պահին երկու ազատ տեղ կա, բայց գրանցվածներից առաջ էլ դեռ 3 հոգի կա առաջնահերթության ցուցակում։

Մենք՝ Արցախից բռնի տեղահանվածներս, առաջնահերթության ցուցակում չենք ընդգրկվում։

Առաջնահերթության ցուցակում գրանցված են բազմազավակները եւ մի քանի այլ կատեգորիա, մենք, որ կորցրել ենք ամեն ինչ՝ տուն, աշխատանք ու արժանապատիվ ապրուստ, որ հիմա տարին մի քանի անգամ ստիպված ենք բնակարան փոխել, որովհետեւ տանտերերը կամ բնակվարձն են բարձրացնում կամ վաճառում են տունը։

Ապրիլից սոցիալական 40+10 աջակցությունը դադարեցվում է, իսկ այն ընտանիքները, որ բաղկացած են 2-3 հոգուց, ծայրահեղ վիճակում են հայտնվելու։ Սոցապ նախարարը ԱԺ ամբիոնից հորդորում է՝ «թող աշխատեն», եւ իրենց թվում է, որ պետության տված գումարներո՞վ ենք միայն հոգում մեր ընտանիքի ծախսը։ Բնակարանային վարձերը առնվազն 150 հազար է կազմում, մի հոգու աշխատավարձով նույնիսկ բնակվարձը տալն է անհնար։

Երբ դեռ նախորդ անգամ շշուկներ էին պտտվում, որ սոցիալական ծրագրերը դադարեցնելու են, երեխային գրանցեցինք մանկապարտեզում, որ կարողանանք ես ու ամուսինս աշխատել, դա նախորդ տարվա հոկտեմբերն էր։ Գրանցման պահին 12-րդն էինք, 6 ամիս հետո դեռ 6-րդն ենք, որքա՞ն պետք է սպասենք, երբ չկա այլեւս սոցիալական աջակցության ծրագիր, երբ մի հոգու աշխատավարձով հնարավոր չէ ապրել։

Ինչպե՞ս է գործող իշխանությունը պատկերացնում այն ընտանիքների վիճակը, որոնց երեխաները մանկապարտեզ ընդունվելու համար անգամ առաջնահերթություն չունեն։ Մի՞թե սոցիալական վիճակը մեղմելու համար չեն մտածում առաջացող խնդիրների մասին։

Միջին աշխատավարձով ինչպ՞ս մի հոգով տան վարձ տալ, թե՞ այս ամենը հենց արվում է նրա համար, որ տեղահանվածների “բեռից” վերջապես պրծնեն ու “սիրելի քույր եղբայրները” անելանելիությունից դրդված փնտրեն այլ երկրներ, որտեղ փախստականն ավելի մեծ առավելություններ ունի։

Սա՞ է նպատակը, Հայաստանը տեսնել առանց արցախահայերի, սա հայկակա՞ն ձեռագիր է։

Մարիամ Սարգսյան

“Կինո” ենք նայում ամբողջ գիշեր. Խնածախ (նաև ֆոտոռեպորտաժ)

Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում գտնվող Խնածախ գյուղ հասնելուց առաջինը հսկա ադրբեջանական դրոշն է աչքի զարնում, որ գրեթե գյուղի մեջ է տեղադրված` մի բլրի վրա: Գյուղում մի քիչ շրջելուց հետո նկատեցինք, որ հայկական դրոշն էլ ավելացավ ադրբեջանականի մոտ, թեկուզ չափերով ավելի փոքր է:

Դրոշներն այնքան մոտիկ են, որ բանից անտեղյակ մեկը կարող է կարծել, թե ինչ որ երկու բարեկամ երկրների համատեղ բիզնես է:

Իսկեւիսկ նույն պատկերը, ինչ Թաղավարդում էր 2020 պատերազմից հետո, երբ ադրբեջանական դրոշներն ու խրամատները արդեն գյուղացիների բոստաններում էին:

Գարնանային մաքուր օդ ու լռություն է գյուղում: Այնքան լուռ, որ միայն մեղուների բզզոցն է լսվում: Երբ ես սրա վրա ուշադրություն դարձրի, կողքս նստած երիտասարդն ասաց, որ շուտով միայն ադրբեջանի դրոշի ձայնն է լսվելու, երբ մեղուները քնեն: Հսկա դրոշն այնքան մոտ է, որ տատանվելու ձայնը գյուղում պարզ լսվում է, ինչպես պատշգամբում կախած քամուց օրորվող սավանի: Կարող եք պատկերացնել, թե ПК-ի ձայնն ինպես է լսվում, երբ կրակում են:

“Պարզապես ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել, բայց այս գյուղի մարդիկ այդ տեսակը չեն, դա նրանց չի հաջողվի”, ասում է համայնքի ղեկավար Սեյրան Միրզոյանը:

Նա ասում է, որ Սյունիքի Խնածախ գյուղն ուղիղ կապ ունի Արցախի Խնածախի հետ: Ասում է, որ ըստ պատմության, կլիմայական վատ պայմանների (մառախուղի) համար Սյունիքի Խնածախից բնակչությունն Արցախ է տեղափոխվել: Որոշները մնացել են այնտեղ, ոմանք հետ են եկել, բայց կապը միշտ մնացել է, թե բարեկամական, թե ընկերական: Անգամ այս վերջերս են երկու Խնածախների դպրոցականները հանդիպել, որպեսզի այդ կապը չկտրվի:

Խնածախները նաեւ արտաքինով են նման, ըստ գյուղապետի: “Ես բազմիցս եղել եմ Արցախի Խնածախում եւ ով որ եղել է երկու միանուն գյուղերում, կհամաձայնի ինձ հետ”, ասում է նա:

440 հոգի բնակչություն ունեցող Խնածախում եւ դպրոց, եւ մանկապարտեզ է գործում: Գյուղի խնդիրներից համայնքի ղեկավարը ճանապարհներն ու ջուրն է նշում եւ հավաստիացնում, որ ջրի խնդիրը շուտով լուծվելու է, ծրագիրը մեկնարկած է, եւ շուտով բոլորը շուրջօրյա ջուր կունենան: Գյուղում գազ կա, բայց բոլոր տներին չի հասանելի:

“Արցախի տարահանման օրերին ես շուրջ 30-40 ընտանիք եմ բերել մեր գյուղ, օգնել ենք ամեն ինչով մեր ուժերի չափով: Սակայն հիմնականում չեն մնացել: Մի քանի օր մնացել եւ հեռացել են, զուտ որ պայմաններն այսպիսին են, դիրքերը մոտիկ, վախի մթնոլորտ եւ այլն… Բայց մնացողներ եղել են, այդ թվում բազմազավակ ընտանիք”, ասում Միրզոյանը:

Նրա պնդմամբ վերաբնակվելու համար տարբերակներ շատ կան, միայն թե մարդիկ ցանկանան գալ եւ ապրել գյուղում: “Պետք է կարողանաս պատմության առաջ պատասխան տալ, հիմա եթե բոլորս հեռանանք, ո՞վ պետք է մնա այստեղ”, հարցնում է նա:

Թվում է, թե գյուղը հյուրեր շատ չի ունենում, դրա համար տեղացիները միանգամից զգում են, որ լրագրող է եկել, քանի որ միայն այդ ժամանակ են հիշում, երբ կրակում են: “Խնածախի տեղն ո՞վ է իմանում”, ասում են նրանք:

“Հիմա եկել նկարում եք ի՞նչ անեք, եկեք կրակոցների ժամանակ նկարեք: Գիշերը եկեք եւ տեսեք, ինչ է կատարվում գյուղում: Եկեք մեր տանը մի գիշեր անցկացրեք, որ հասկանաք: Այս գիշեր էլ, 10:20 կրակել են: “Կինո” ենք նայում ամբողջ գիշեր: Մի քանի օր առաջ, երբ մառախուղ էր, միայն ձայներն էինք լսում, բայց հիմա եւ լսում ենք, եւ տեսնում: Չպռծա՞վ դրանց Բայրամը: Երկու թոռս 44-օրյա պատերազմի մասնակից են, երբ պատմում են` ջանս փշաքաղվում է, ասում լռեք, պետք չէ… Ինչպես Ղարաբաղում էր, հիմա նույնն էլ այստեղ է, ասում է Ժորա պապիկը:

Տիկին Դիանան էլ Վարդենիսից է հարս եկել եւ 45 տարի է Խնածախում է ապրում: Քանի օր է կրակում են, ես էլ հիվանդ կին եմ, շաքարային դիաբետ ունեմ, իմ վրա ավելի է ազդում վախը: Ի՞նչ անեմ, ասում է նա:

Դավիթ Բաբայանը չորս երեխաների հայր է, փոքր աղջնակը մանկապարտեզում է, իսկ արդեն չափահաս տղաները տանը: Բոլորին Դավիթը մենակ է խնամում:

“Իշխանաձոր էի ապրում, ամեն ինչ ստեղծել եմ, տուն-տնտեսություն, բայց ինչ օգուտ, մեկ թաշկինակ անգամ չեմ կարողացել վերցնել, անգամ փաստաթղթերս է մնացել այնտեղ: Սերտիֆիկատով վերցրել եմ այս տունը եւ փորձում եմ վերանորոգել: Փորձում եմ մի խոզանոց սարքել, տնտեսություն ստեղծել նորից: Ճարներս ի՞նչ, նորից զրոյից պետք է սկսեմ: Գազը պետք է տուն հասցնեմ, որ դարն է, բաժակով ջուր ենք լցնում` լողանում, դուռը բացում ես` քամին մտնում է ներս: Բոլորը ծախս է: Ինչ գնում ենք խանութից, ասում ենք՝ Իշխանասարինն ավելի լավն էր: Հիշում ենք` կարոտում: Պակաս բան չենք ունեցել այնտեղ…  Խնածախում ապրելով ես չեմ վախենում, պատերազմի մասնակից եմ, տեսել եմ բոլոր դաժանությունները, իմ УАЗ-ով դիակներ էի հանում մարտադաշտից 44-օրյայի ժամանակ: Բայց կանայք ու երեխաներ կան գյուղում, վախը մարդուն բնորոշ զգացում է: Ի՞նչ է ստացվում հիմա, իրենք կրակում են, մեզ էլ չի՞ կարելի պատասխանել… Իմ տունն է, ես այստեղ գրանցված եմ, ինչպես թողնեմ ադրբեջանցիներին, մի տուն Իշխանաձորում եմ թողել, հիմա էլ սա՞ պետք է թողնեմ: Ոչ, ասում է Դավիթը:

Մարութ Վանյան

ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ վաթսուն Կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել «Ազատության» աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120․000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։

Կոնգրեսականներ Մայք Լոլերը, Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրակիսը  և Գեյբ Ամոն գլխավորել են երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Ռուբիոյին։

«Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է այս երկկուսակցական կոչն ուղղված պետքարտուղար Ռուբիոյին՝ կիրառելու 907-րդ հոդվածը և դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին»,- հայտարարել է Հայ Դատի Ամերիկայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ քրիստոնյաների ցեղասպանական էթնիկ զտումներից, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիայից և հայ պատանդների անօրինական կալանավորումից հետո՝ չենք կարող պահանջել, որ ԱՄՆ հարկատուները սուբսիդավորեն այս նավթով հարուստ և կոռումպացված օտարերկրյա բռնապետությունը։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Լոլերին, Փալոնին, Բիլիրակիսին և Ամոյին, ինչպես նաև նրանց միացած 60 կոնգրեսականներին՝ իրենց բարոյական հստակ դիրքորոշման և խաղաղասիրական ուժեղ առաջնորդության համար»։

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120․000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտումը՝ օրենսդիրները ընդգծել են. «Իր գործողությունների համար չկանգնելով որևէ պատասխանատվության առաջ՝Ադրբեջանը շարունակում է խաթարել արդար, կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման ջանքերը տարածաշրջանում՝ Հայաստանի դեմ շարունակական ագրեսիայով»։

Նամակի ստորագրողները կոչ են արել պետքարտուղար Ռուբիոյին չկիրառել այն շրջանցման իրավասությունը, որի շնորհիվ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը շրջանցել են 907-րդ հոդվածը, և փոխարենը պարտադրել օրենքի լիարժեք կիրարկումը՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 2001 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահներն օգտվել են շրջանցման դրույթից, մինչև 2024 թվականը, երբ նախագահ Բայդենը առաջին անգամ կիրառեց 907-րդ հոդվածը։

Օրենսդիրները նշել են. «Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի ԱՄՆ-ի մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից»։

Այս նամակը շարունակում է Կոնգրեսում ձևավորված նախաձեռնությունը՝ կապված 2023 թվականին Սենատում միաձայն ընդունված «Հայերի պաշտպանության ակտի» հետ, որի համահեղինակներն էին այն ժամանակվա սենատոր, այժմ պետքարտուղար Ռուբիոն և սենատոր Գարի Փիթերսը։ Օրենքի ընդունումն ընդգծել է ԱՄՆ-Ադրբեջան ռազմական կապերի վերաբերյալ աճող երկկուսակցական մտահոգությունը։

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ աջակցելու այս գործընթացին, որի շրջանակներում “ANCA Rapid Responder” համակարգի միջոցով Կոնգրեսին ուղղվել է ավելի քան 50.000 անհատական նամակ։ Վերջին շաբաթների ընթացքում “ANCA Rising Leaders”  ծրագրի երիտասարդ ակտիվիստները միացել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի և տարածաշրջանային թիմերին՝ այցելելով ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակ՝ այս նախաձեռնությանն աջակցություն ապահովելու համար։

Այդ մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Միացյալ Նահանգները հետևողականորեն դեպի իրեն է քաշում երկրագնդի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը պաշտոնական այցով կմեկնի Գրենլանդիա, սակայն կսահմանափակվի կղզում տեղակայված ամերիկյան Պիտուֆֆիկ բազա այցելելով։

Այս ուղևորության ամերիկյան պատվիրակությունը ի սկզբանե նախատեսված էր գլխավորել նրա կինը՝ Ուշի Վենսը, ով երեք օր կանցկացնի կղզում և որդու հետ միասին կհետևի շների մրցավազքին և կտեսնի պատմական վայրեր։ Բայց Գրենլանդիայի իշխանությունների և բնակչության բացասական արձագանքը գալիք այցին ստիպեց Վանսներին հրաժարվել այդ ծրագրերից և կրճատել իրենց գտնվելու վայրը կղզում։

«Ուրբաթ օրը Ուշայի Գրենլանդիա կատարած այցի հետ կապված այնքան մեծ ոգևորություն կար, որ ես որոշեցի, որ չեմ ուզում, որ նա միայնակ զվարճանա», – բացատրել է փոխնախագահը իր սեփական այցը: Վենսը նաև գրել է, որ պատվիրակությունը պատրաստվում է ստուգել Գրենլանդիայի «ինչպես են ընթանում գործերը» և օգնել բարելավել կղզու անվտանգությունը, ինչը «կարևոր է ամբողջ աշխարհի անվտանգությունը պաշտպանելու համար»:

Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի հանդեպ՝ վկայակոչելով ազգային անվտանգության մտահոգությունները։ Մարտի սկզբին Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ուղերձում ԱՄՆ նախագահն ասաց, որ իր վարչակազմն ակտիվորեն աշխատում է «Գրենլանդիան ձեռք բերելու» ուղղությամբ և վստահություն հայտնեց, որ կկարողանա հասնել իր ուզածին «այսպես թե այնպես»:

Մարտի 13-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ը կարող է միացնել կղզին՝ առաջացնելով Գրենլանդական բոլոր հինգ քաղաքական կուսակցությունների վրդովմունքը:

Հունվարի վերջին անցկացված հարցման համաձայն՝ գրենլանդացիների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 85%-ը, դեմ է Միացյալ Նահանգներին միանալու գաղափարին։ Միաժամանակ Գրենլանդիայի վերջին ընտրություններում հաղթել են Դանիայից անկախության կողմնակից կուսակցությունները։

Փափուկ տեղահանում. արցախցիները մնացել են առանց իրավական, քաղաքական և սոցիալական երաշխիքների

Մարտի 29-ին ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրավունքների մեծ հանրահավաք է կազմակերպվում, որին կհնչեն թե՛ սոցիալական, թե՛ իրավական պահանջներ։ Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից, Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից մեկուկես տարի անց, Արցախի ժողովրդի խնդիրները մնում են չլուծված, անցյալը՝ ջնջված, իսկ հեռանկարները՝ մշուշոտ։

Քաղաքական իրավունքի փլուզումը

Տեղահանությունից մեկուկես տարի անց Հայաստանը որպես պետություն քաղաքական և իրավական գնահատական ​​չի տվել Արցախի հետ կատարվածին։ Լռելյայն համաձայնությամբ իշխանություններն ու ընդդիմությունը դա որակում են որպես «էթնիկ զտումներ», թեև, ըստ միջազգային փորձագետների, միջազգային իրավունքի այս կատեգորիան որևէ պատասխանատվություն կամ իրավական քայլեր չի ենթադրում։ «Էթնիկ զտումներ» հասկացությունը չի ենթադրում տարածքի նկատմամբ քաղաքական իրավունքներ և խնդիրը վերածում է բացառապես հումանիտար իրավունքի։

1988-ին Հայաստանին վերամիավորած, 1991-ին անկախ պետություն ստեղծած Արցախի ժողովրդի քաղաքական կարգավիճակը 33 տարի սահմանվել է որպես «Հայաստանի անձնագիր ունեցող չճանաչված ԼՂՀ-ի քաղաքացիներ»։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի նախագահը, բոլոր արցախցիների ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ, հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «լուծարելու» մասին՝ արցախցիներին թողնելով առանց «ԼՂՀ քաղաքացու» կարգավիճակի։

Տեղահանությունից հետո պարզվեց, որ հայկական անձնագիրը նույնպես արցախցիներին քաղաքական կարգավիճակ չի տալիս։ Միևնույն ժամանակ, վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի հարցը դուրս է մնացել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների օրակարգից. Հայաստանը համաձայնել է ստորագրել մի համաձայնագիր, որում Արցախը չի հիշատակվում, նույնիսկ նրա բնիկ բնակիչների հումանիտար իրավունքների առումով։

Հայաստանի վարչապետը բանավոր ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս և դրանից է ելնում բանակցություններում։ Միաժամանակ Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության՝ Անկախության հռչակագրի և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն Արցախը Հայաստանի մաս է։ Այդ իսկ պատճառով Բաքուն պահանջում է Հայաստանի Սահմանադրության հրատապ փոփոխություն, ինչին Հայաստանի իշխանությունը չի առարկում, միայն ժամանակ է խնդրում։

Միաժամանակ, հայկական ընդդիմությունը ակտիվ լոբբինգ է իրականացնում եվրոպական խորհրդարաններում, որտեղ քննարկվում և նույնիսկ ընդունվում են արցախցիների վերադարձի իրավունքը հաստատող բանաձեւեր։ «Վերադարձի իրավունքը» փորձագետների կողմից ևս դիտվում է որպես իրավաբանորեն անվավեր կատեգորիա, որը պարտավորություններ չի ենթադրում։

Այսպիսով, Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքները փլուզվում են բոլոր ուղղություններով՝ թե՛ պատմականորեն իրեն պատկանող տարածքների, թե՛ հավաքական և մասնավոր սեփականության, թե՛ իրավական կարգավիճակի առումով ։ Թեև Հայաստանում արցախցիները գտնվում են «ժամանակավոր պաշտպանության» տակ, ինչը համարժեք է փախստականի կարգավիճակին, ամբողջ աշխարհում նրանք ընկալվում են որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ։ Հետեւաբար, Արցախի ժողովուրդը չի կարող օգտվել միջազգային կարգավիճակ ունեցող փախստականներին ցուցաբերվող աջակցությունից։

Սոցիալական տեռոր

Բացի քաղաքական ու իրավական կոլապսից, Արցախի ժողովուրդն արդեն մեկուկես տարի գտնվում է սոցիալական տեռորի ճնշման տակ։ Կառավարության կողմից արցախցիների համար իրականացված երեք խոշոր սոցիալական ծրագրերից միայն մեկն է գործում՝ յուրաքանչյուր տեղահանված արցախցու համար 50 հազար դրամի տրամադրում՝ վարձավճարի և կոմունալ ծախսերը հոգալու համար։ Թեեւ այս գումարը ոչ մի րոպե չի մնում արցախցիների գրպանում եւ անմիջապես փոխանցվում է տանտերերին ու կոմունալ ծառայություններին, սակայն այս միջոցներն արցախցիներին գոնե թույլ են տալիս տանիք ունենալ։ Իսկ օրվա հացը արցախցիները վաստակում են հիմնականում ծանր ու ցածր վարձատրվող աշխատանքով. շատ տղամարդիկ գնացել են բանակ, ոմանք աշխատում են որպես տաքսիստ, իսկ կանայք հիմնականում ժենգյալով հաց են թխում։

Մյուս երկու ծրագրերը՝ բնակապահովություն և զբաղվածություն, փաստորեն չեն գործում, թեև դրանց համար զգալի գումար է հատկացվել։ Մասնավորապես, արցախյան շուրջ 35 հազար ընտանիքից բնակարանային ապահովման ծրագրի մեկնարկից գրեթե մեկ տարի անց վկայական է ստացել 850-ից մի փոքր ավելի ընտանիք, որից միայն 58 ընտանիք է կարողացել օգտվել վկայականներից։ Ծրագիրը ձախողվեց, քանի որ մեկ տարվա ընթացքում արցախցիների նույնիսկ 1%-ը չի կարողացել պետական ​​աջակցությամբ բնակարան ձեռք բերել։ Եվ եթե նախկինում խոսում էին արցախցիների՝ ՀՀ քաղաքացիությունը վերստանալու չցանկանալու մասին (որը պայման է բնակարանային և այլ ծրագրերին մասնակցելու համար), ապա այժմ, երբ վկայական է ստացել 850 ընտանիք, բայց միայն 58-ն է կարողացել օգտվել, ակնհայտ է, որ հարցը քաղաքացիության մեջ չէ։ Խնդիրը հենց ծրագրի մեջ է, որն ի սկզբանե այնպես էր նախագծված, որ հնարավոր չլինի օգտվել։

Զբաղվածության ծրագրի հետ կապված իրավիճակն էլ ավելի վատ է. պաշտոնական տվյալներով աշխատում է 25 հազար արցախցի, սակայն պետական ​​ծրագրով աշխատանք է գտել ընդամենը մի քանի հարյուր մարդ։

Այս ցուցանիշների ֆոնին կառավարությունը ապրիլի 1-ից կրճատել է աջակցության ծրագիրը. 101 հազար արցախցիներից ապրիլից այն կստանա ընդամենը 53 հազարը, այն էլ ոչ թե 50, այլ 40 հազար դրամ, իսկ հուլիսից՝ 30 հազար դրամ մինչև տարեվերջ։ Թե ինչ կլինի հաջորդ տարի, հայտնի չէ։

Կենսագրության եւ արժանապատվության կործանում

Բռնի արտահանումից հետո արցախցիները դժվարությամբ են «ապացուցում» իրենց կենսագրությունը՝ կրթություն, աշխատանքային փորձ, որակավորում։ Կենսագրությունը ապացուցելու համար պետք է անցնել բազմաթիվ ատյաններով՝ ԶԱԳՍ, արխիվ, զինկոմիսարիատ՝ դիպլոմ, աշխատանքային գրքույկ, զինգրքույկ, էլ չենք խոսում անձնագրերի մասին: Այս ամենն ուղեկցվում է ստորացուցիչ ընթացակարգերով, նվաստացնող հարցադրումներով ու մերժումներով։ Օրինակ՝ ոչ մի դատավոր, ով աշխատել է Արցախում, չի ընդունվել Հայաստանի դատական ​​ռեզերվ։ Աշխատանքի չեն ընդունվում նաև նախկին դիվանագիտական ​​աշխատողները և պետական ​​ծառայողները։ Իսկ Պետական ​​անվտանգության ծառայության որոշ նախկին աշխատակիցների վերաբերյալ նույնիսկ խորհրդարանում «մեղադրանքներ» հնչեցին, որ նրանք կապ ունեն «օտարերկրյա» հատուկ ծառայությունների հետ։

Բացի այդ, Հայաստանում պետական ​​մակարդակով գործող քարոզչությունը ժամանակ առ ժամանակ ասպարեզ է նետում Արցախի ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող և նրա նկատմամբ թշնամանք առաջացնող թեզեր։ Բուլինգն ակտիվանում է հատկապես ներքաղաքական իրադարձությունների ժամանակ՝ բողոքի ցույցերի, հանրահավաքների, երբ բռնության պետական ​​մեքենայի ողջ ծանրությունն ընկնում է արցախցիների վրա։ Անգամ «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցերի ժամանակ, չգիտես ինչու, հալածանքների են ենթարկվել ոչ թե տավուշցիներ, այլ արցախցիներ՝ համայնքների ղեկավարներ, Ստեփանակերտի և Մարտակերտի քաղաքապետեր։ Ոստիկանության կողմից խոշտանգումների են ենթարկվում ևս արցախցիները։

Հենց սրա մասին է խոսելու Արցախի ժողովուրդը մարտի 29-ի մեծ հանրահավաքում. ինչու՞ տեղահանությունից մեկուկես տարի անց արցախցիները մնացին առանց իրավական, քաղաքական եւ սոցիալական երաշխիքների, ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը նրանց հետ վարվում այսպես։ Իշխանությունն ունի՞ Արցախի ժողովրդի ապագայի տեսլականը, թե՞ նման վերաբերմունքը՝ Հայաստանից դեպորտ անելու մեղմ ձեւ է։

Նաիրա Հայրումյան

Forrights

ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի զեկույց. Ղարաբաղում հուշարձաններ են ոչնչացվում

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային և պատմական հուշարձանները Լեռնային Ղարաբաղի տարածքում. Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2024 թվականի տարեկան զեկույցում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Caucasus Heritage Watch նախաձեռնության արբանյակային տվյալների հիման վրա արձանագրվել են մի շարք կրոնական վայրերի վնաս և ավերածություն։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայկական երկու գերեզմանոցներին, 19-րդ դարի եկեղեցուն և վտանգի տակ գտնվող այլ հուշարձաններին։

Զեկույցում նշվում է նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունը, ըստ որի Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղից ամբողջությամբ տեղահանելու և նրանց մշակութային ու պատմական ներկայության հետքերը ոչնչացնելու ռազմավարություն։

«2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը իրականացրել է ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ։ «Ըստ առկա տեղեկատվության՝ որոշ հայ ռազմագերիներ ենթարկվել են կրոնական բռնությունների», – նշվում է զեկույցում

Հանձնաժողովն առաջարկում է, որ ԱՄՆ կառավարությունը նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի կառավարական կառույցների դեմ և ապահովի անկախ միջազգային դիտորդական առաքելություն, ինչպիսին է ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող առաքելություն՝ տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգության վայրերը հետազոտելու և փաստաթղթավորելու համար:

Բացի այդ, USCIRF-ն առաջարկում է, որ ԱՄՆ Կոնգրեսը լսումներ անցկացնի Ադրբեջանում կրոնական ազատության խնդրի շուրջ։

Հայ հետազոտողների տվյալներով՝ 2020 թվականից մինչ օրս ոչնչացվել է հայկական պատմամշակութային ժառանգության ավելի քան 570 օբյեկտ։

Իլոն Մասկի Starlink-ը պաշտոնապես մեկնարկել է Հայաստանում

Հայաստանում հասանելի են դարձել Starlink արբանյակային կապի համաշխարհային համակարգի ծառայությունները։ Այս մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով, համակարգի գործարկումը արագ և կայուն ինտերնետ կապահովի ոչ միայն քաղաքներում, այլև երկրի ամենահեռավոր և դժվարամատչելի շրջաններում։
Նախարարն ընդգծել է, որ Starlink-ի ի հայտ գալը Հայաստանի թվային ենթակառուցվածքը բարձրացնում է նոր մակարդակի վրա՝ ընդլայնելով առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիությունը և նոր հնարավորություններ բացելով կապի ոլորտում։

Պուտինը «քայքայում է» Ուկրաինան. նա առաջարկել է Կիևում արտաքին կառավարում մտցնել

Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել «ժամանակավոր կառավարման» ներդրումը Ուկրաինայում, որն ավելի քան երեք տարի պայքարում է ռուսական ռազմական ներխուժման դեմ։

«Սկզբունքորեն, իհարկե, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և իհարկե մեր գործընկերների ու ընկերների հետ հնարավոր կլիներ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը:

Նման պայմաններում ստեղծված Ուկրաինայի կառավարությության հետ Պուտինը կարծում է, որ հնարավոր կլինի ստորագրել «լեգիտիմ փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և կլինեն հուսալի»:

«Սակայն սա տարբերակներից մեկն է, և նման պրակտիկա գոյություն ունի ՄԱԿ-ի աշխատանքում»,- նշել է Պուտինը։ Որպես երկրների օրինակներ, որտեղ «ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության շրջանակներում արդեն մի քանի անգամ եղել է այն, ինչ կոչվում է արտաքին կառավարում, ժամանակավոր կառավարում», նա անվանեց Արևելյան Թիմորը, Պապուա Նոր Գվինեան և նախկին Հարավսլավիայի մի մասը։

Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Լիտվինը Պուտինին առաջարկել է մի քանի հաբեր ընդունել, որոնք կարող են ակտիվացնել նրա ուղեղի գործունեությունը։ Սակայն նա կասկած հայտնեց, որ նրանք դեռ ի վիճակի են ազդել Ռուսաստանի ղեկավարի վրա։

Միաժամանակ, Փարիզ կատարած այցի ժամանակ Զելենսկին ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների ցանկացած ձևաչափի։ Սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, որ Պուտինը պատրաստ չէ երկխոսության եւ մտադիր չէ դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ։

Ուկրաինայի կառավարումը որոշվում է նրա սահմանադրությամբ և երկրի ժողովրդի կողմից, ասել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

Այդ ընթացքում Փարիզում կայացել է «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որը կազմակերպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Հանդիպումը, ի թիվս այլ հարցերի, նվիրված է եղել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում Ուկրաինայի երաշխիքների հարցերին։

Գագաթնաժողովից հետո Մակրոնն ասել է, որ դրա մասնակիցները համաձայնել են շարունակել աջակցել Ուկրաինային և նրա բանակին, ինչպես նաև խոստացել է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի և տանկերների ստվերային նավատորմի վրա։

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահի խոսքով, հանդիպմանը որոշվել է հանձնարարել կոալիցիայի անդամ երկրների արտգործնախարարությունների ղեկավարներին երեք շաբաթվա ընթացքում պատրաստել առաջարկներ, թե ինչպես կարելի է վերահսկել Ուկրաինայում հրադադարը։

Մակրոնը նաև ասել է, որ ֆրանս-բրիտանական ռազմական պատվիրակություն կուղարկվի Ուկրաինա՝ աշխատելու Ուկրաինայի զինված ուժերի հետ՝ «նրանց ապագան ծրագրելու համար»:

Խոսելով հնարավոր խաղաղապահ ուժերի մասին՝ Մակրոնն ասել է, որ դրանք դեռ ձևավորման փուլում են։ Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ դրանք չեն գտնվի շփման գծում, այլ անհրաժեշտ են որպես «զսպող» գործիք զինադադարի կնքումից հետո։

Հանրահավաքի առաջին պահանջը Արցախի հարցի վերականգնումն է եւ Արցախ վերադարձը

Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Պարոն Հայրյան, Հայաստանի իշխանության նեկայացուցիչները հայտարարեցին, որ ընդունել են Ադրբեջանի պահանջները եւ պատրաստ են ստորագրել այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»։ Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում։

-Այն, ինչ համաձայնեցրել են Ադրբեջանի հետ եւ անունն էլ դնում են «խաղաղության պայմանագիր», պարզ կապիտուլյացիոն ակտ է։ Ինչո՞ւ են անվանում «խաղաղության պայմանագիր», որպեսզի չասեն, որ իրենց ծրագրերն ամբողջությամբ տապալվել են։

Սկսենք նրանից, թե այդ «խաղաղության պայմանագիրը» որտեղից է գալիս եւ որն է Հայաստանի իշխանությունների դերը՝ այդ համաձայնությանը հասնելու հարցում։ Ըստ երեւույթին, այդ համաձայնությունը, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի տխրահռչակ թուղթը, Կրեմլի կոյուղատարերում բարձրացված հարց է։ Եվ այսօր չէ, որ այդ հարցն առաջացել է, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո չի առաջացել այդ հարցը։ Դա նախօրոք Ռուսաստանում ծրագրել են, նույնիսկ նախքան պատերազմը, եւ Շոյգուի լեզվով ասած՝ «թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիա են իրականացրել», Հայաստանին պարտություն պարտադրել։

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» երկու վիճելի կետերը, որոնց մասին հիմա են խոսում, կօգնեն մեզ հասկանալ ամբողջ իրավիճակը։ Այդ կետերից մեկը Մինսկի խմբի լուծարումն է, մյուս պահանջն էլ միջանցքի հարցն է։ Ինչո՞ւ եմ ես ասում՝ այս ամենը նախօրոք ռուսների կողմից ծրագրված է, որովհետեւ այդ համաձայնագրի առանցքային կետը Մինսկի խմբի լուծարումն է։ Իսկ Ռուսաստանը Մինսկի խմբի լուծարմանը փորձում էր հասնել հենց Մինսկի խմբի ստեղծման օրից։ Այդ լուծարման պահանջը Ռուսաստանը դրել էր ՀՀ նախկին երեք նախագահների առաջ։ Ճիշտ է, բանակցային գործընթացը միշտ պահվում էր շատ գաղտնի, բայց երբեմն ատահոսքեր էին լինում։ Օրինակ՝ կար տեղեկություն, թե ռուսներն առաջարկում էին, որ հայերն ու ադրբեջանցիները լուծարեն Մինսկի խումբը, եւ Մոսկվան միակողմանի խաղարար զորք բերի ու բուֆերային գոտի ստեղծի։ Հետաքրքիր է, որ այդ բուֆերային գոտու լայնությունն ընդգրկում էր ամբողջ Ղարաբաղի տարածքը եւ հասնում էր Հայաստանի սահման։ Այսինքն՝ այդ ամբողջ տարածքն իրենք իրենց համար սարքում էին պլացդարմ կամ գորշ գոտի։ Պարզ է, որ հայ ղեկավարները չէին համաձայնում դրան, ուստի, պետք էր ղեկավարներին փոխել, որպեսզի իրենք իրենց պլաններն իրագործեին։

Մինսկի խմբի լուծարմանը գումարվեց նաեւ միջանցքի պահանջը։ Լավ հասկանալու համար միջանցքի հարցը, պետք է պատմական էքսկուրս կատարել։ Միջանցքի հարցը ոչ այսօր է ծագել, ոչ էլ երեկ, 1918 թվականից այդ հարցերը քննարկվում են։ Նույնիսկ Առաջին Հանրապետության օրերին Արամ Մանուկյանի մոտ է եկել Խալիլ Փաշան եւ առաջարկել Մեղրիով իրենց ճանապարհ տալ։ Դրա փոխարեն առաջարկում էր՝ Գանձակի ուղղությամբ մինչեւ Կովկաս կարող ես գրավել։ Բայց նույնիսկ այդ հեռանկարի ֆոնին Արամի նման քաղաքական գործիչը չէր կարող համաձայնել դրան։ Եվ Խալիլը մերժում ստանալով՝ գնացել էր։

Մեղրիի միջանցքի դերը հասկանալի է՝ ռուս-թուրքական ալյանսը դրանով Հայաստանն էլ է գցում շրջափակման մեջ, Իրանն էլ։ Միջանցքի հարցը նույնիսկ ԽՍՀՄ տարիներին չի փակվել․ Ղարաբաղյան շարժումից անմիջապես առաջ Ադրբեջանը Մոսկվայում հարց էր բարձրացրել, որ իր տնտեսությունը կարող է զարգանալ, եթե ավտոճանապարհ ունենա Մեղրիով դեպի Նախիջեւան։ Այնուհետեւ Մեղրիի միջանցքի հարցը նորից բարձրացվել էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ Քի Վեսթի բանակցությունների ժամանակ առաջարկում էին Մեղրիով միջանցք տրամադրել։

Այնուհետեւ միջանցքի հարցը նորից արծարծվել է, եւ Ռուսաստանի ախորժակը բացվել է 2007-2008 թվականներին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբնական փուլում։ Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա բանակցությունների, այնտեղից հայտարարեց, որ թուրքերի հետ ֆուտբոլային դիվանագիտություն է սկսում, սահմաններ բացել եւ այլն, որը չիրագործվեց։ Իմ կարծիքով՝ միջանցքի հարցով խոսելը հայ բուրժուազիայի, օլիգարխիկ մտածողության արդյունք էր, քողարկված կերպով խոսում էին միջանցքի մասին։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առաջարկում էին, որ Հայաստանը դառնա կամուրջ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ։ Սա նույնպես միջանցքի տրամաբանության շրջանակներում էր։ Ընդ որում, եթե Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը մտածում էին այն մասին, որ կարելի է առանց աշխատելու հարստանալ ու հարստացնել երկիրը՝ իբր թե Եվրոպայի ու ՌԴ միջեւ առեւտրի շնորհիվ, ռուսներն այլ բան են հասկացել, որ այդտեղով կարելի է ճանապարհ բացել, եւ ինչո՞ւ պիտի Հայաստանին բաժին տան։ Այստեղ, իմ կարծիքով, ծնվել է հանրահայտ Լավրովի պլանը, եւ իրենց մոտ առաջացել էր միջանցք բացելու երազանքը։

Առեւտրական միջանցքը բացելու համար Ադրբեջանի դերն սկսեց ավելի կարեւոր դառնալ, որովհետեւ ճանապարհի մեծ մասը Ադրբեջանով է անցնում, փոքր մասն է Հայաստանով անցնում։ Այստեղ Ադրբեջանը երեւի պայմաներ դրեց, որ՝ Ղարաբաղը պիտի հետ տաք։ Իսկ Ղարաբաղը տալու համար պետք է կռիվ լիներ, իսկ քանի որ Հայաստանի նախկին նախագահները հրաժարվել էին եւ Մինսկի խումբը լուծարելուց, եւ պատերազմական ճանապահով Արցախը զիջելուց, պետք էր նոր ուժ բերել իշխանության։ Եվ երբ Շոյգուն ասում է՝ «Ղարաբաղում թուրքերի հետ դժվար օպերացիա իրականացրեցինք», սա շատ խոսուն է։ Թուրքերի եւ Ռուսաստանի համար փոքրիկ Հայաստաին հաղթելը դժվար չէր, պետք էր նաեւ քաղաքական ապահովություն, պետք էր, որ Հայաստանը չբողոքեր։ Այդ օպերացիան անելուց առաջ նրանց պետք էր Հայաստանում նաեւ քաղաքական օպերացիա անել, ինչն էլ փայլուն կերպով կազմակերպեցին եւ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության։

Ռուսներն ու թուրքերը 2016 թվականին էին որոշել այդ օպերացիան անել ռազմական ճանապարհով, բայց ԱՄՆ-ն կոշտ դիրք էր ընդունել։ Նույնիսկ կան տեղեկություններ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանգնեցրել է Օբաման՝ վախեցնելով ռուսներին, որ կճանաչի Արցախը, եթե չկանգնեցնեն պատերազմը։ Ռուսները կանգնեցրեցին եւ հետաձգեցին պլանները մինչեւ Թրամփի իշխանության գալը։ Բայց նրանք 2016 թվականին կրկին համոզվելով, որ ռազմական ճանարհը բավարար չէ, իրենց կեղտոտ պլանների համար պետք է նաեւ Հայաստանի ներսից ունենալ քաղաքական պաշտպանություն, Հայաստանում իշխանափոխություն կազմակերպեցին եւ Նիկոլ Փաշինյանի խմբակին բերեցին իշխանության։ Նիկոլ Փաշինյանից բացի ոչ մեկ այդպես «բեզատկազ» նրանց հրամանները չէր կատարելու։

Այս ամենն ասում եմ, որպեսզի հասկանանք՝ խաղաղություն կոչված պայմանագիրը, որն այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես հաջողություն, դա իր «ձեռքբերումը» չէ․ ռուսները եւ «խաղաղության պայմանագիրն» են մշակել, եւ պատերազմ են բերել։ Ըստ երեւույթին ռուսները որոշել էին միայն Հադրութն ու Շուշին տալ թուրքերին, մնացածը պահեին իրենց ոտքի տեղ, Ադրբեջանին էլ ճանապարհ տային Նախիջեւանի հետ միանալու, բայց քանի որ 2020 թվականից հետո կռիվ սկսեցին Ուկրաինայում, եւ այնտեղ իրենց պլանները խախտվեցին, ստիպված էին նաեւ այստեղ զիջումների գնալ թուրքերին կամ հայերին ավելի ուժեղ հուփ տալ։

Եվ քանի որ Արեւմուտքն ու Իրանը Սյունիքի հարցում խիստ դիքորոշում ցուցաբերեցին, չստացվեց միայն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն թղթով այդ հարցը լուծել։ Այսօրվա «խաղաղության համաձայնագիրը» երկորրդ կապիտուլյացիոն ակտն է, որպեսզի Մեղրին տան։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ճանապարհ եմ տալիս, բայց Հայաստանի ինքնիշխանության ներքո, հավանաբար այդ հարցն էլ են ռուսներն ու թուրքերը լուծել, Նիկոլի հետ էլ պայմանավորվել են։ Հիշենք, թե ինչ կատարվեց Լաչինի միջանցքում, նույնն էլ կկատարվի այս միջանցքի վրա։ Մի քանի օր հայակական ինքնիշխանության տակ թուրքերը կգնան-կգան, հետո մի հատ սադրանք կանեն, մի թեթեւ կռիվ կսարքեն ճանապարհի վրա, ռուսները կհիշեն, որ իրենք Հայաստանի «դաշնակիցն» են, զորք կբերեն կկանգնացնեն՝ իբր թե սադրանքը չեզոքացնելու համար, ճանապարհը կսարքեն իրենցը, և ռուսները կկանգնեն այդ ճանապարհի վրա։ Ռուսների կանգնելուց հետո էլ կկրկնվի Լաչինի միջանցիք ճակատագիրը։ Այդ համաձայնագրի էությունը դա է՝ կապիտուլյացիոն թուղթ է, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է սղացնել որպես իրենց հաջողության նշան։

Ամենազավեշտալին այն է, որ այսքանից հետո Ադրբեջանը չի ուզում ստորագրել այդ «խաղաղության պայմանագիրը»։ Նիկոլն ուզում է նաեւ թուրքերին խաբել, բայց նրանք էլ հստակություն են ուզում։ Այսինքն՝ իրենց հստակ պահանջները Նիկոլ-ՔՊ-ի դիմադրության բացակայության պայմաններում կարող են նույնիսկ գոյութենական վտանգ ներկայանցել Հայաստան պետության համար։ Սա է «խաղաղության համաձայնագրի» էությունը, որը նույնիսկ Ալիեւը չի ցանկանում ստորագրել, որովհետեւ ակնկալիքներ ունի, որ ավելի մեծ զիջումներ է պահանջելու։ Նաեւ Ալիեւն այդ փաստաթուղթը չի ստորագրում այն բանի համար, որ Արցախը դեռ վերջնական ջախջախված ու վերացված չէ, ինչն այսօր Նիկոլը փորձում է անել՝ սոցիալական ու քաղաքական ճնշումներով պահանջներ դնելով արցախցիների առաջ։ Նրանց երազանքը 2020 թվականից հետո եղել է այն, որ արցախցիների մի մասին կպահեն Արցախում, կասեն՝ «տեռորիստներին ու սեպարատիստներին» քշել ենք, լավերը մնացել են։ Արցախն այնտեղ չմնաց, տեղափոխվեց Հայաստան, բայց համայնքը կա։

-Այսօր արցախցիների նկատմամբ իրականացվող սոցիալական ճնշումները կոնկրետ ի՞նչ նպատակ են հետապնդում։

-Որպեսզի հասկանանք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսօր սոցիալական ճնշումներ գործադրում արցախցիների վրա, ես հիշեցնեմ մի դեպք։ Թուրքական աղբյուրները գրեցին, որ 2022 թվականին խոսել էին Ղարաբաղը վերջնական վերացնելու մասին, Ալիեւն ասել էր՝ եթե դու ճիշտ ես խոսում, ազնիվ ես մեզ հետ, որ Ղարաբաղը կվերացնես, փող մի ուղարկիր Ղարաբաղ։ Նիկոլը խոստացել էր, որ փող չէր ուղարկելու Ղարաբաղ, բայց չկարողացավ խոստումը պահել։ Հիշո՞ւմ եք, թուրքերը աղմուկ բարձրացրեցին, որ վերջում 144 մլրդ դրամ էր ուղարկել։ Նույնկերպ հիմա երեւի Ալիեւն ստիպում է, ասում է՝ սոցիալ-տնտեսական խնդիրներով հուփ տուր, Պուտինն էլ այնտեղից է ստիպում, որպեսզի Արցախի հարցը վերացնեն։

Ծրագիրը հետեւյալն է՝ արցախցիների մի մասը ճնշումների հետեւանքով կարտագաղթի, մյուս մասին ստիպողական նատուրալիզացիա կանեն, կսարքեն Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո, եթե արցախցիները փորձեն ծպտուն հանել, կասեն՝ ձայններդ կտրեք, տեղներդ վեր ընկեք, դուք Հայաստանի քաղաքացի եք։ Այս ծրագրի միջոցով Արցախ անունը պիտի վերացվի։ Դրա համար էլ 2020 թվականից միշտ մերժել են մեր առաջարկները, որ փախստական համայնքի համար համայնքով ապրելու պայմաններ ստեղծեն։ Նիկոլը սոցիալական բարդություններն առաջացնում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի բյուջեի վրա ծանրություն է, այլ առաջացնում է, որպեսզի Արցախ անունը ջնջնի, Արցախի հարցը ջնջնի։ Ինքն էլ պառլամենտում ասաց, որ Ղարաբաղյան շարժումը պիտի փակենք։ Ղարաբաղյան շարժումը փակելու առաջադրանքը գալիս է ոչ թե Ալիեւից, այլ էլի  Ռուսաստանից։ Չմոռանանք, որ Պուտինը ժամանակին հայտարարեց, որ ԽՍՀՄ քանդվելը համաշխարհային դժբախտություն էր։ Մյուս կողմից էլ ռուսներն անընդհատ ղարաբաղցիներին մեղադրել են, որ իրենց շարժումով քանդել են Սովետական միությունը։

Եթե սոցիալական հարցերի լուծման համար ֆինանսական հնարավորություն չլիներ, Նիկոլը եւ իր խմբակիցները կարող էին դիմել համաշխարհային հանրությանը։ Մենք անցյալ տարվա մարտին հուշել ենք, որ եթե ուզում են արցախցիների սոցիալական հարցերը լուծել, թող ՄԱԿ-ին խնդրեն համաժողով հրավիրել՝ միջազգային դոնոր խումբ ստեղծելու համար։ Բայց նրանք չեն ուզում, որ արցախցիների հարցերը լուծվեն։ Նրանք չենք ուզում նաեւ, որ արցախցիների հարցերը լուծվեն դրսից, ուզում են Հայաստանի ժողովրդին թունավորեն ու տրամադրեն արցախցիների դեմ, ազգի մեջ խժդժություն գցեն։ Ուզում են ստիպել արցախցիներին քաղաքացիություն ընդունել, ուզում են համայնքը ջնջեն, եւ թուրքերի ու ռուսների պահանջով վերացնեն Արցախ հասկացությունը։ Բայց աշխարհում ուրիշ քաղաքականություն է ընթանում, դեռ պարզ չէ, թե ինչ կլինի։ Ամեն ինչ նմանվում է Սովետական միության փլուզմանը, ինձ թվում է՝ հիմա երեւի Ռուսաստանի երկրորդ փլուզումն է տեղի ունենում։ Շատ բան կախված է լինելու մեծ քաղաքականությունից, բայց հնարավոր է՝ մինչ այդ մեր գործերն այնքան փչացնեն, որ անդառնալիության կետն անցնենք։

Հետեւաբար, ի՞նչ պետք է անել։

-Մենք անընդհատ ասում ենք՝ պետք է իշխանությունը փոխվի։ Ընդ որում, մի բանաձեւ կա, որը պետք է պահպանվի՝ սրանք պետք է գնան, եւ նախկինները չպիտի գան։ Մեր միակ փրկությունը դա է, քանի որ եւ սրանք, եւ նրանք աշխատում են նույն ռուսի հրամանով։ Տեղը եկած ժամանակ նրանք սրան պահում են, արդեն 4 տարի է՝ պառլամենտում նստած ընդդիմություն են խաղում։ Եթե 2021 թվականին մանդատները չվերցնեին, Նիկոլի իշխանությունը գզվռտոցից արդեն քանդված կլիներ, Հովիկ Աղազարյանի օրինակը կա։

-Արցախցիները հայտարարել են հանրահավաքներ սկսելու մասին, հնարավո՞ր է դրա շնորհիվ ինչ-որ բան փոխվի, բեկում մտցվի այս իրավիճակում։

-Մարտի 29-ին կայանալիք հանրահավաքի առավելություններից մեկն այն է, որ ավելի շատ մարդ է դուրս գալու։ Դրանից բացի, մեր կոչերին շատ հայաստանցիներ են արձագանքում, ես տեղեկություններ եմ ստանում, որ մասնակցելու են ակցիային։ Բայց մի վատ բան կա՝ Նիկոլն էլ է կարծես իր շոշափուկներին մտցրել այդ ակցիայի մեջ, նախկիններն էլ։ Մենք սկզբում փորձում էինք այնպես անել, որ կազմակերպիչների մեջ չերեւան նախկինների ու ներկաների հետքերը, բայց ոնց որ նրանք ավելի ուժեղ են, եւ կարող է հանկարծ ակցիան մեր ուզած սցենարներով չգնա։

Բայց ամեն դեպքում շատ մարդ է դուրս գալու, կտեսնենք, թե ինչ կլինի։ Հանրահավաքի նպատակները ձեւակերպվել են, բոլորը սպասում էին, որ արցախցիները պետք է առաջնահերթ սոցիալական հարցրեը բարձրացնեին, բայց առաջին պահանջը քաղաքական է, ինչից էլ նիկոլականները վախենում են։ Առաջին պահանջը Արցախի հարցի վերականգնումն է եւ Արցախ վերադարձը, մյուս պահանջը գերիների վերադարձն է, իսկ սոցիալական աջակցության հարցը ձեւակերպվում է այսպես՝ պետք է աջակցությունը տրվի այնքան ժամանակ, որ արցախցիները կարողանան այստեղ մնալ, արտագաղթը կանխվի, որպեսզի կարողանանք վերադառնալ Արցախ։ Մենք բազմիցս ասել ենք, որ Հայստանում չենք ուզում սեփականություն, մեզ համար սոցիալական բնակարաններ կառուցեք, երբ կվերադառանք Արցախ, այդ տները կմնան Հայաստանի համար բանկֆոնդ։ Այսօր մեզ ստիպում են, որ գնանք երկրորդային շուկայից տներ գնենք, այսինքն՝ ես պիտի Պողոսի տունն առնեմ, Պողոսն էլ այդ փողը վերցնի, թռնի Ռուսաստան, դա է նրանց մոտեցումը։

Մյուս կողմից, նկատում ենք, որ անընդհատ ձգձգում են արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու գործընթացը։ Ինչո՞ւ է դա արվում, քանի որ նրանք համարում են, որ ղարաբաղցիները պոտենցիալ ընդդիմություն են, իրենց ձայն չեն տալու։ Եվ մինչեւ 2026 թվականը ձգձգելու են արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու գործընթացը։ Ես վախենում եմ, որ 2026 թվականից հետո կարող է ղարաբաղցիների առաջ ուլտիմատում դնեն, ասեն՝ կամ քաղաքացիություն ընդունիր, կամ գնա Ադրբեջան ու Ռուսաստան, առավել եւս, որ այդ հանցագործ եռյակը դեռ չի մոռացել, որ ղարաբաղցիների մի մասին պիտի վերադարձնեն Ղարաբաղ, որպեսզի իրենց պլանները իրականանան։

Ռոզա Հովհաննիսյան

Բաքուն թույլ չի տա «գողանալ իր հաղթանակը», իսկ Մոսկվան կարող է «վերադառնալ»

Օլեսյա Վարդանյան

carnegieendowment.org

Հայաստանը եւ Ադրբեջանը աշխարհում շատերին զարմացրեցին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու մասին անսպասելի հայտարարությամբ։ Այն հույսերի նոր ալիք առաջացրեց, որ նրանց երկարատեւ, արդեն երեք ու կես տասնամյակ տեւող հակամարտությունը վերջապես հնարավոր կլինի կարգավորել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելով։

Սակայն շուտով պարզ դարձավ, որ հույսերը վաղաժամ էին։ Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ առաջադրել, եւ բոլորովին էլ հստակ չէ, որ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։

Մաքուր էջից

Վերջին ամիսներին հայկական փոքրիկ Մարգարա գյուղը գրավում է արեւմտյան դիվանագետներին եւ լրագրողներին։ Այս տարածքում գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող անցակետերից մեկը, որը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին, սակայն այդպես էլ շահագործման չի հանձնվել։ Վերջերս հայկական իշխանությունները վերանորոգել են տեղի մաքսատան շենքը, իսկ հայ եւ թուրք մասնագետները ստուգել երկու երկրները միացնող կամրջի ամրությունը։

Վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ օտարերկրյա հյուրերի այցերը, տեղի են ունենում այն հույսով, որ շատ շուտով հայ-թուրքական սահմանը վերջապես կբացվի, եւ այս փոքրիկ գյուղը Հարավային Կովկասի համար նոր կարեւոր խաչմերուկ կդառնա։

Սակայն դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե վերջնական համաձայնություն ձեռք բերվի Հայաստանի եւ տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական գործընկեր Ադրբեջանի միջեւ։

Հայաստանը եւ Ադրբեջանը չորս տարի աշխատում են խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Այս ընթացքում փաստաթուղթը զգալիորեն կրճատվել է։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալուց հետո փաստաթղթից անհետացել է ամենաբարդ մասը՝ վիճելի տարածաշրջանի կարգավիճակի հարցը։

Պետական սահմանների սահմանազատման թեման եւս առանձին բանակցությունների առարկա է դարձել. մասնագետներն առանց հավելյալ աղմուկի շարունակում են գործընթացը դանդաղ տանել դեպի ավարտական կետը։

Համաձայնագրի մեկ այլ բաժին՝ տրանսպորտային կապերի մասին, վերջնականապես դուրս եկավ փաստաթղթից անցյալ տարվա ամռանը, երբ Երեւանը եւ Բաքուն որոշեցին տնտեսական կապերի եւ ճանապարհների վերաբերյալ բանակցությունները տեղափոխել առանձին ձեւաչափ՝ այդպիսով փորձելով համաձայնության գալ ապագա ենթակառուցվածքային ծրագրերում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ։

Արդյունքում ներկա պահին խաղաղության համաձայնագրի բովանդակությունը սահմանափակվում է պարզապես դիվանագիտական կապերի մեկնարկով։ Դրա տեքստում 17 կետ կա, որոնց էությունը հանգում է կողմերի պատրաստակամությանը՝ սկսել հարաբերությունները մաքուր էջից։ Դա պետք է տեղի ունենա տարածքային հավակնություններից հրաժարվելու, դատական վարույթները դադարեցնելու եւ բոլոր օտարերկրյա խաղաղապահ առաքելությունները դուրս բերելու շնորհիվ։

Թույլ չտալ գողանալ հաղթանակը

Փաստաթղթի ներկայիս տեքստն այնքան ակնհայտ է, որ, ինչպես մի անգամ ասել է գործընթացի մասնակիցներից մեկը, երբ այն հրապարակային դառնա, բանակցողները ստիպված կլինեն բացատրել, թե ինչու այդքան պարզ փաստաթղթի համաձայնեցման համար այդքան շատ ժամանակ պահանջվեց։

Ուշացումների պատճառներից մեկն այն է, որ Երեւանը մինչեւ վերջ փորձում էր 2020 թվականի պատերազմում իր պարտությունից հետո ստեղծված իրավիճակը շտկելու միջոցներ գտնել։ Հայ պաշտոնյաները սովորաբար երկար բացատրություններով էին հանդես գալիս այն մասին, որ հաշտեցման գործընթացը պետք է աստիճանական լինի, որպեսզի քայլ առ քայլ կառուցվի վստահություն, որը ժամանակի ընթացքում հայերին եւ ադրբեջանցիներին կօգնի դուրս գալ խաղաղ համակեցության ճանապարհին։

Ադրբեջանը նման դատողություններն ընկալում էր որպես բացահայտ խաբեություն։ Նմանատիպ հռետորաբանությունը ուղեկցում էր 1990-ականների սկզբից խնդիրը լուծելու անհաջող փորձերը, եւ այժմ, 2020 թվականի պատերազմում տարած հաղթանակից հետո, Բաքուն մտադիր չէր կրկին լսել դրանք։

Ղարաբաղի հայերի իրավունքները քննարկելու կամ երկխոսությանը նոր միջնորդներ ներգրավելու Երեւանի ցանկացած փորձ Բաքուն ընկալում էր որպես գործընթացի ձգձգում։ Նման քայլերը հանգեցնում էին ոչ միայն բանակցությունների խափանմանը, այլեւ նոր սրացումների, Հայաստանի տարածքային կորուստների եւ Ադրբեջանի դիրքերի հետագա ամրապնդմանը։ Ինչպես ասել է արեւմտյան դիվանագետներից մեկը. «Բաքուն ոչ մեկին թույլ չի տա գողանալ իր հաղթանակը»։

Ուշացումների մեկ այլ պատճառը, կարծես, այն է, որ ներկա պահին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին առանձնապես պետք չէ։ Հարեւանի հետ հարաբերություններում ամենահրատապ խնդիրներն արդեն լուծված են. Լեռնային Ղարաբաղը գտնվում է Բաքվի լիակատար վերահսկողության ներքո: Ադրբեջանը նաեւ 2020 թվականից հետո կարողացել է իր ռազմական դիրքերը տեղակայել Հայաստանի հետ սահմանի երկայնքով ամենանպաստավոր ռազմավարական կետերում։

Զիջում զիջման հետեւից

Ադրբեջանը առաջ է քաշում ստորագրման նորանոր նախապայմաններ։ Բաքվի կենտրոնական պահանջը ներկայում շարունակում է մնալ ՀՀ սահմանադրության փոփոխությունը, որի նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու կոչ։

Երեւանը, մեծ ընտրություն չունենալով, շարունակում է զիջել, աստիճանաբար կատարելով Բաքվի կողմից ներկայացվող նոր պահանջները։ Սակայն սահմանադրության վերաբերյալ պահանջները կարող են չափազանց բարդ խնդիր դառնալ, որը ներկայիս հայկական իշխանությունները ի վիճակի չեն լինի լուծել։ Երեւանը հայտարարում է, որ նախաբանը փոխել հնարավոր է միայն ամբողջ սահմանադրության վերանայման հետ միասին։ Իսկ դա նշանակում է փաստաթուղթը համաժողովրդական հանրաքվեի դնելը, որը միանգամայն կարող է ավարտվել «դեմ» քվեարկությամբ։

Չնայած հայկական իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են գնալ նաեւ այս ռիսկային քայլին, Երեւանի պարբերական զիջումները ավելի ու ավելի շատ կասկածներ են առաջացնում, որ Բաքուն իրոք մտադիր է ինչ-որ բան ստորագրել։ Ինչպես ասել է հայկական կառավարության նախկին պաշտոնյաներից մեկը, գուցե սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը կպահանջի համաժողովրդական ներողություն խնդրել առանձին արյունալի դրվագների համար, որոնք քիչ չէին հակամարտության 35 տարիների ընթացքում։ Նրան երկրորդում է օտարերկրյա դիվանագետը, որը հանրաքվեն համեմատում է «Ղարաբաղի համար  ապաշխարությամբ», որին Բաքուն փորձում է հարկադրել յուրաքանչյուր հայ քաղաքացու։

Սակայն, թվում է, որ Երեւանը այլ ելք չունի։ Նա խիստ շահագրգռված է, որպեսզի խաղաղ համաձայնագիրը կնքվի հնարավորինս շուտ։

Ժամանակը սպառվո՞ւմ է

Խաղաղության պայմանագիրը անհրաժեշտ է Հայաստանին ոչ միայն Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգը նվազեցնելու, այլեւ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։ Փորձագետները խոստանում են հայկական տնտեսության արագացված աճ արեւմտյան հարեւանի հետ ուղղակի առեւտրի մեկնարկից անմիջապես հետո։ Բացի ուղղակի տնտեսական օգուտներից, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը երկարաժամկետ հեռանկարում կարող է Հայաստանին թույլ տալ ամրապնդել Եվրամիության հետ մերձեցման կուրսը եւ աստիճանաբար նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։

Վերջին երեք տարիների ընթացքում արեւմտյան մայրաքաղաքները զգալի ջանքեր են գործադրել նպաստելու հաշտեցմանը Հարավային Կովկասում։ Նրանց ուշադրության կենտրոնում Թուրքիան է, որի պաշտոնյաները շարունակում են հայտարարել, որ ավելի քան պատրաստ են բացել սահմանը Հայաստանի հետ, եթե Բաքվից համապատասխան ազդանշան ստանան։

Այս քայլը Թուրքիային հնարավորություն կտար ոչ միայն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ հեռանկարում կընդլայներ թուրքական ազդեցությունը եւ ներկայությունը Հարավային Կովկասում, որտեղ նա արդեն ռազմավարական գործընկերություն ունի Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։

Բայց Անկարան պատրաստ չէ գնալ Բաքվի դեմ, եւ խնդիրն այստեղ միայն երկու երկրների առաջնորդների սերտ հարաբերությունները չեն։ Թուրքական ղեկավարությունը նաեւ կցանկանար պահպանել Ադրբեջանի նավթագազային ռեսուրսներին հասանելիությունը եւ խուսափել ներքին քաղաքական եւ տնտեսական խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ Բաքվի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։

Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը կարող է սպառվել։ Մինչ այժմ կովկասյան խաղաղ դիվանագիտության հաջողությունները մեծապես պայմանավորված էին նրանով, որ Մոսկվան շեղվել էր Ուկրաինայի հետ պատերազմի վրա։ Բայց եթե մոտ ապագայում ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին հաջողվի ինչ-որ կերպ սառեցնել ռազմական գործողությունները ուկրաինական ճակատում, Մոսկվան կարող է ռեսուրսներ ազատել նաեւ Հարավային Կովկասի համար։

Ռուսաստանին անհրաժեշտ չէ Թուրքիայի ուժեղացումը իր համար ավանդաբար կարեւոր տարածաշրջանում, եւ նրան նույնիսկ անհրաժեշտ չի լինի հատուկ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացին խանգարելու համար։ Հայաստանն այստեղ ամենաթույլ օղակն է, որը խոցելի է ռուսական ճնշման համար ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական իմաստով։

Եթե Հարավային Կովկասի խաղաղ ապագան անկեղծ կողմնակիցներ ունի, ապա հենց հիմա գործելու ժամանակն է։ Նոր խճանկարի բոլոր հիմնական տարրերն արդեն դասավորվել են։ Եթե Բաքուն եւ Երեւանը չկարողանան արագ ընդհանուր լեզու գտնել, դա կարող է դառնալ ամենամեծ բաց թողնված հնարավորություններից մեկը ոչ միայն նրանց 35-ամյա հակամարտության պատմության մեջ, այլեւ, հնարավոր է, ամբողջ տարածաշրջանի ապագայի համար։

Այս հոդվածը Մեդիամաքսը թարգմանել եւ հրապարակել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ