ԱՄՆ դեսպանի վոյաժը․ նա սյունեցիներին նույնն է ասել, ինչ արցախցիների՞ն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկեց տնտեսական և մարզային նշանակության հարցեր։ Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։ Սյունիքի մարզում նա այցելեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։

Դեսպան Քվինը նաև այցելեց Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծեց ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։ Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։

Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և կուռ գործարար միջավայրի ձևավորմանը, ինչն անհրաժեշտ է ամերիկյան ներդրումների խթանման համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Դեսպանատան տեղեկատվության մեջ Հայաստանի տարածքային ամբողջայանությունը չի հիշատակվում։ Չի դատապարտվում նաև այն, որ Ջի Թի Բի Սթիլ» գործարանը, որը սկսել են կառուցել Երասխում, Նախիջևանի կողմից կրակոցներից հետո տեղափոխվեց Արարատ։

Հիշեցնենք, որ 2023-ի հուլիսին, երբ Արցախն արդեն 7 ամիս շրջափակման մեջ էր, դեսպանն ասել է․ «Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է կարողանան ապահով զգալ իրենց տներում, իրենց միջավայրում, վարել խաղաղ ընտանեկան կյանք և մասնակցել իրենց համայնքների կյանքին: Մենք հավատում ենք և հուսով ենք, որ դա հնարավոր է: Եվ մենք հավատում ենք, որ բոլոր կողմերը պետք է աշխատեն միասին՝ դա հնարավոր դարձնելու համար: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է»: Նա նշել է, որ դա հնարավոր է Ադրբեջանի կազմում։

Դրանից մի քանի ամիս անց Արցախի հանդեպ ագրեսիա տեղի ունեցավ, Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, բնիկ ժողովուրդը բռնի տեղահանվեց։

ԱՄՆ-ը վերսկսում է Ազատություն ռադիոկայանի ֆինանսավորումը

ԱՄՆ-ի Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM) հետ է կանչում մարտի 15-ի որոշումը՝ չեղյալ համարել ԱՄՆ մեդիա կորպորացիայի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (Ազատություն ռադիոկայանի) դրամաշնորհը: Այս մասին ասվում է USAGM-ի ղեկավարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 26-ի նամակում, որը հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, փոխանցվել է Novaya Gazeta Evropa-ին։

Փաստաթղթում նշվում է, որ դրամաշնորհը չեղարկելու մասին նախկին որոշումը չեղյալ է հայտարարվում, և դրամաշնորհային պայմանագիրը կրկին ուժի մեջ է։

Միաժամանակ USAGM-ն իրեն իրավունք է վերապահում հետագայում չեղարկել դրամաշնորհը, ասվում է նամակում։

Եգիպտոսում 6 ռուս զբոսաշրջիկ է զոհվել բատիսկաֆի վթարի հետևանքով

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում խորտակվել է «Սինբադ» բատիսկաֆը, որում եղել է 45 ռուս զբոսաշրջիկ։ Զոհվել է վեց ռուսաստանցի, հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, հաղորդել է «Ինտերֆաքս» պետական ​​գործակալությունը՝ վկայակոչելով եգիպտական ​​ԶԼՄ-ները։ Մահացածների թվում երեխա կա, նշում է Baza Telegram ալիքը։

Ավելի վաղ Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հաստատել էր չորս ռուսաստանցիների մահը։ Ութ մարդու ճակատագիրն անհայտ է մնում, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը։ Դիվանագիտական ​​առաքելության տվյալներով՝ բատիսկաֆը «կանոնավոր ստորջրյա էքսկուրսիա էր անցկացնում՝ կորալային խութիմոտ։ Նավում գտնվողներից շատերը փրկվել են և տեղափոխվել Հուրգադայի իրենց հյուրանոցներ և հիվանդանոցներ: Նրանց առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում», – ավելացրել է գլխավոր հյուպատոսությունը:

Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը կզրկվեն անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովը համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդություններին։

Իշխող թիմի նախկին անդամ Հովիկ Աղազարյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական պատգամավորները: 65-ը կողմ են քվեարկել, երկուսը՝ դեմ:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի դեպքում էլ 67 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ կամ ձեռնպահ չկար: Անձեռնմխելիությունից զրկվելուց հետո պատգամավորներին մեղադրանք կառաջադրվի:

Մարտի սկզբին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու ծավալուն միջնորդություն էր ուղարկել խորհրդարան՝ ակնկալելով պատգամավորների համաձայնությունը ստանալ, որ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեն:

Արցախցիներից պահանջում են կորցրած տների համար վերցված վարկերը

Հարցումներ կատարելով արցախցիների շրջանում՝ հասկացանք, որ Գալստյանների դեպքը միակը չէ նույն խնդրի առաջ կանգնած են շատերը

Արցախից տեղահանված Անահիտն ամուսնու հետ 2021 թվականին ԳորիսիԾիրանշինանյութերի խանութից շինարարական ապրանքներ է ձեռք բերել՝ ձևակերպելով 500000 դրամ ապառիկ վարկ։ Ապրանքն Արցախ է հասել խանութի անձնակազմի միջոցով։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերը Գալստյանների ըստ սահմանված գրաֆիկի վճարում էին սպառողական վարկը, որի մնացորդն արդեն կազմում էր 300000 դրամ։

Արցախի հայաթափումից հետո ՀՀ կառավարության որոշման համաձայն զրոյացվում են տեղահանված արցախցիների վարկերը։

2024 թվականի սեպտեմբերին, սակայն, Անահիտը ծանուցում է ստանում Ամերիաբանկից, որով տեղեկացվում է, որ պետք է մուծվի վարկը, հակառակ դեպքում գործը կհայտնվի ԴԱՀԿում։

-Երբ հասանք Հայաստան ու հաստատվեցինք Երևանում, մի քանի օր հետո գնացի Ամերիաբանկ, ներակայացա ու տեղեկացրի, որ բանկի վարկառու եմ 2021 թվականից՝ հայտնելով նաև ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման մասին, համաձայն որի մարվել են ԼՂՀ քաղաքացիներին տրամադրված սպառողական և գյուղատնտեսական վարկերը։

Բանկում ինձ պատասխանեցին, որ դեռևս պաշտոնական որոշում չեն ստացել, բայց խորհուրդ տվեցին, որ առայժմ մուծումներ չկատարեմ և դիմեմ կառավարությանը։ Գնացի ՀՀ կառավարություն, որպեսզի հստակեցնեմ անելիքներս և հանիրավի չավելանան վարկիս տոկոսները։ Կրկին ստացա նույն պատասխանը, որ դեռևս ոչինչ հստակեցված չէ։ 6 ամիս անց նորից դիմեցի, սակայն ասացին, որ զրոյացումը վերաբերում է միայն ոսկու վարկերին և միայն այդ վարկառուներից են դիմումներ ընդունվում, իսկ մնացածները պետք է մարեն պետության կողմից փակված վարկերը, ինչը աբսուրդ է, քանի որ խտրական մոտեցում է դրսևորվել մեր նկատմամբ։

2024 թվականի սեպտեմբերին, երբ Ամերիաբանկից ծանուցում ստացա, գնացի՝ իմանալու, թե ինչ է կատարվում։ Պատմեցի իմ կարգավիճակի մասին, բացատրեցի իրավիճակը։ Վարկը տոկոսների հետ արդեն կազմում էր 600000 դրամ։ Բանկում պատասխանեցին, որ ՀՀ կառավարությունը, փաստորեն, մեր վարկը չի զրոյացրել ու ինչքան էլ ծանր լինի, պետք է մուծվի այն։

Ստիպված դիմեցի փաստաբանի, ով ուսումնասիրելով Ծիրան խանութի հետ կնքված պայմանագիրը, պարզեց, որ համաձայն 4-րդ կետի (Պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել), իմ վարկը պետք է զրոյացվի։

Այդ պահին իմ գործն արդեն ԴԱՀԿ-ում էր։ Դիմումներ ներկայացրի Հարկադիր ծառայությանն ու Ամերիաբանկին, որ հասկանան իմ ընտանիքի անելանելի վիճակը, սակայն դիմումներս չընդունվեցին։ Նորից դիմեցի ՀՀ ֆինանսների նախարարությանը, դիմումս մերժվեց։ Փաստաբանս, տեսնելով, որ հարցը չի լուծվում, արդեն խորհուրդ էր տալիս մարել վարկը։ Հերթական անգամ գնացի բանկ, ու այս անգամ ինձ ասացին, որ վարկս զրոյացվել է պետության կողմից, և ես բանկի հանդեպ պարտավորություն չունեմ։

Ըստ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշման է զրոյացվել մեր վարկը, սակայն բանկերին տեղեկացվել է ավելի ուշ՝ 2024 թվականին։ Որոշ ժամանակ անց ինձ ծանուցեցին, որ պարտք եմ պետությանն ու պետք է անպայման մարեմ։ Ստիպված էի կրկին գնալ ֆինանսների նախարարություն, որտեղ ինձ թույլատրեցին ներքին հեռախոսով կապվել համապատասխան մասնագետի հետ ու ներկայացնել իմ խնդիրը։ 4 անգամ խոսել եմ այդ մարդու հետ՝ այդպես էլ չիմանալով՝ ում հետ եմ խոսում․ նա չի ներկայացել։ 4 անգամ էլ ստացել եմ նույն պատասխանը՝ պարտքը պետք է վերադարձնեմ ու ինձ նման հազարավոր մարդիկ կան,-պատմում է Անահիտը։

Սերգեյ և Անահիտ Գալստյանների ընտանիք են կազմել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմում Սերգեյի հոր զոհվելուց հետո։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց Ստեփանակերտի Իսակովի 5 հասցեում գտնվող շենքի դիմաց գտնվող սեփական ավտոտնակի վրա տուն են կառուցել և տեղափոխվել նորակառույց տունը։ Նոր տանն ապրել են ընդամենը մեկ ամիս: Անահիտը Արցախում ծնված վերջին երեխայի՝ Արթուրի, մայրն է:

Արցախից տեղահանված ընտանիքն այժմ հայտնվել է դժվար կացության մեջ։ 300000 դրամ կազմող վարկն արդեն դարձել էր 600000 դրամ։ Ի՞նչ անել, ի՞նչպես վճարել։ 6 հոգանոց և վարձակալած բնակարանում ապրող Գալստյանների ընտանիքն ի զորու չէ գումարը վերադարձնել։

– Ինձ ծանոթ մի իրավաբան խորոհուրդ է տալիս չվստահել բանավոր խոսակցություններին ու դիմել գրավոր։ Դիմում գրեցի ֆինանսների նախարարությանը և անձամբ ներկայացրի։ Իմ ներկայությամբ կարդացին, բայց չընդունեցին՝ ասելով, որ նորից զանգեմ համապատասխան մասնագետներին ու հստակեցնեմ իրավիճակը։ Հասկացա, որ առձեռն չեն ընդունում իմ դիմումները և պետք է օնլայն դիմեմ․ այլ էլք չկա։

Էլեկտրական փոստով դիմումներ եմ ուղարկել ֆինանսների նախարարությանը և Ամերիաբանկին։ Սպասում եմ պատասխանին։ Հունվար ամսից հետո հարկադիր ծառայությունը առգրավել է իմ և մեկուկես տարեկան երեխայիս 40+10 հազար դրամ աջակցության գումարը։ Դիմել եմ հարկադիրին, որ գոնե այս հարցը լուծվի,-ասում է Անահիտը և ավելացնում, որ իր ընտանիքն ի վիճակի չէ 600000 դրամը վճարել։ Եթե ժամանակին տեղեկացնեին, գուցե կկարողանային վճարել վարկի մնացորդը․ ներկա դրությամբ դա անհնարին է։

Հարցումներ կատարելով արցախցիների շրջանում՝ հասկացանք, որ Գալստյանների դեպքը միակը չէ։ Մի շարք արցախցիներ կանգնած են նույն խնդրի առաջ մի մասից առգրավվում են գումարները, մյուսները դեռևս անտեղյակ են, որ պետք է վճարեն վարկերը։ Արդյո՞ք տեղահանված արցախցիները չեն կանգնի փաստի առաջ, երբ նրանց ծանուցվեն վարկերի արդեն ավելացած չափերի մասին ու ներկայացնեն վարկերը մարելու պահանջը։

Իրավասու մարմիններին անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տվյալ հարցի լուծման համար, քանի որ դրա հետաձգումը կարող է ֆինանսապես շատ ծանր անդրադառնալ, այն էլ ծայրահեղ աղքատության շեմին հասած արցախցիների համար, ուստի պատկան մարմիններին ու բանկերի ղեկավարությանը նման իրավիճակում հայտնված արցախցիների անունից կոչ ենք անում ևս մեկ անգամ անդրադառնալ նման վարկերի հարցին ու լուծումներ գտնել, հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ դրանցով ձեռք բերվածն ամբողջությամբ մնացել է բռնազավթված Արցախում, իսկ մարդիկ, ովքեր նյութական մեծ վնասներ են կրել, ստիպված կլինեն վճարել՝ արդեն իսկ կորցրած գույքի համար։ Սա լուրջ խնդիր է, որը հրատապ լուծում է պահանջում, իսկ հապաղելը՝ վտանգավոր է և կարող է զանգվածային դժգոհությունների ու արտագաղթի պատճառ դառնալ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախի հարցը ավարտեցին, հիմա անցել են Հայաստանին

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հարցազրույց է տվել Արցախի հանրայինին 

“Ընդհանրապես Հայաստանի իշխանությունները Արցախի թեման դուրս է հանել իր օրակարգից, հետեւաբար պետական մակարդակով մենք չունենք աջակցություն այդ հարցում: Արցախի հարցը մոռացության է մատնվում, որը շատ վատ է, մենք դա երբեք չպետք է թույլ տանք: Ես շատ հանդիպումներ եմ ունենում միջազգային համալսարաններում, գիտական կենտրոններում: Նրանք շատ զայրույթով են խոսում, ափսոսանք են հայտնում այն մասին թե ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում: Եվ առ այն, որ սրա մասին չի խոսվում աշխարհում: Պետությունը, բարձրագույն քաղաքական իշխանությունը սա ոչ միայն չի դիտարկում իր առաջնահերթություն, այլ դիտարկում է որպես խոչընդոտ իր քաղաքականության համար: Արցախի հարցը ավարտեցին (ադրբեջանցիները), հիմա անցել են Հայաստանին”:

Շատերը չեն տեսել այն Հայաստանը, որտեղ, իմանալով, որ ղարաբաղցի ես, ասում էին «ցավդ տանեմ»

Երեկվա ֆեյսբուքյան ֆիդը՝ Ղարաբաղյան շարժման մասին տարբեր ստատուսներով, ինձ անսպասելիորեն վերադարձրեց այն տարիները։

Մեզնից հետո ծնված սերունդները չեն տեսել այն Հայաստանը, որտեղ, իմանալով, որ ղարաբաղցի ես, ասում էին՝ «ծավդ տանեմ»։ 12 տարեկանում զգացի, որ «մերոնց» շրջանակը կտրուկ ընդլայնվել է։

Ղարաբաղյան շարժման սկզբից երեխաներին Ղարաբաղից սկսեցին տանել Հայաստանի ճամբարներ։ Դա իմ առաջին անգամն էր: Բյուրականում։ Սկզբում մենակ եկա։ Հաջորդ տարի՝ արդեն եղբայրներիս հետ, Ծաղկաձոր, հետո Հանքավան։ Տեսանք Էջմիածինն ու Մատենադարանը։ Ամբողջությամբ զգացինք, թե ինչ է Վարդավառը. մենք մկրտվեցինք հենց ճամբարի բակում: Ճիշտ է, ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում, և հասուն տարիքում ուզում էի նորից կնքվել, բայց պարզվեց, որ դա այլևս հնարավոր չէ։ Մեր ջոկատավարը՝ Լեւոնը, դարձավ քավոր։ Հիմա նրա հետ կապ չկա, 90-ականների պատերազմից հետո այն կտրվել է։ Չեմ հիշում, թե ինչպես իմացա, որ նա տեղափոխվել է Ամերիկա։

Փորձեցի հիշել, թե ինչպես ենք Շուշիով հասել Հայաստան և ինչպիսին էր այն ժամանակ Լաչինը։ Լավ հիշում եմ, որ մեր անվտանգությունը ոչ ոք չէր պաշտպանում. բայց այդ դեքում թորքերը ինչպե՞ս են թույլ տվել մեզ այդքան հանգիստ գնալ Երևան։ Մոտ 5 րոպե անց հիշեցի՝ ինքնաթիռ: Չէ՞ որ մենք այն ժամանակ օդանավակայան ունեինք։ 45 րոպե, և դուք Երևանում եք։

Վերջին անգամ, երբ եկա ճամբար, նորից մենակ էի, առանց եղբայրներիս, հորս գործընկերների երեխաների հետ։ Դա 1992 թվականին էր՝ Շուշիի ազատագրումից հետո՝ հուլիսին։ Հասանք ու մի երկու օր հետո իմացանք, որ օդային հարձակումներ են հասցնում Ստեփանակերտին։ Ճամբարում ժամկետն ավարտելուց հետո մեզ թույլ չտվեցին տուն վերադառնալ։ Մեզ տեղավորեցին «Էներգետիկ» պանսիոնատում, կարծես Ռազդանի մոտ, այլ ճամբարների երեխաների հետ միասին։

Հայաստանի համար այդ ցուրտ ու մութ ժամանակաշրջանում ես չեմ հիշում մեկ ցուրտ ու սով այդ պանսիոնատում։ Հիմա եմ հասկանում, որ մեզ “արտահերթ” էին հաց հասցնում, որպես առանց ծնողների ղարաբաղցի երեխաների։ Ստեփանակերտի համար այս սարսափելի օրերին մեր ծնողները մեր մնացած երեխաներին մի երկու ամսով բերեցին Երևան։ Նրանք բոլորն ապրում էին հորեղբորս տանը։ Հիմա, երբ երեւանցի ընկերներիցս լսում եմ, թե ինչ դժվար է եղել իրենց ընտանիքների համար այդ տարիներին, պատկերացնում եմ, թե ոնց էր անում հորեղբայրս, ով պետք է կերակրեր ու տաքացներ ոչ միայն իր ընտանիքին, այլև “այլ” երեխաների։ Ոչ թե երեխաներ, այլեւ դեռահաս տղաների։ Ավելի ուշ ես տեսա, թե ինչպես են դեռահասները ուտում։

Ես ոչ մի օր հանգիստ կամ երջանիկ չեմ եղել իմ ճամբարում։ Այս 6 ամիսը համարում եմ իմ կյանքի ամենադժվար շրջանը։ Ավելի դժվար, քան հիմա: Երբ տաք ես ու ապահով, իսկ հայրենիքումդ պատերազմ է, ծնողներդ և բոլոր հարազատներդ ռմբակոծության տակ են։ Նրանք ինչ-որ կերպ հաջողվում էր մեր բակից խաղող ուղարկել մեզ և էլեկտրավառարան, որը օգտագործում թինք մեր սենյակը տաքացնելու համար։ Նույնիսկ փող։ Ստեփանակերտում փող կար, բայց գնելու ոչինչ չկար։ Պանսիոնատի մոտ գտնվող մի փոքրիկ խանութում ես գնում էի վաֆլիներ և մաստակներ և ուղարկում նրանց նամակներով։

Առանձին պատմություն են այն ժամանակների նամակները։ Ես դրանք երկար պահեցի, բայց հետո դեն նետեցի։ Ուզում էի այլևս չհիշել այդ ժամանակը։ Հիշողությունն ջնջում է ամեն դեպքում ամեն ինչ՝ թողնելով քիչ թե շատ ջերմ ու ուրախ պահեր։ Ամեն նամակում աղաչում էի, որ ինձ տանեն պանսիոնատից, էնքան էի ներվայնացնում, որ մի գեղեցիկ օր Երեւանից հորեղբայրս եկավ ինձ տանելու։ Օրհնյալ լինի նրա հիշատակը, ես երախտապարտ եմնրան ամեն ինչի համար։ Այդ ժամանակի ամենաերջանիկ օրերից մեկն էր։

Մեկ օր անց եղբորս հետ արդեն տուն էի գնում։ Նա նույնպես բոլորից շատ էր ուզում տուն գնալ։ Մենք նստեցինք «Իկարուս» ավտոբուսը, այսինքն՝ կանգնեցինք։ Մոտ 10-12 ժամ: Նստատեղերի շարքերի արանքում ինչ-որ տախտակներ էին տեղադրում, և բոլորը, ովքեր կանգնած էին, հերթով նստում էին։ Ճանապարհն այդքան երկար էր, քանի որ դեռ վատ վիճակում էր։ Եվ այն կառուցվում էր: Մենք երկար կանգնում էին, քանի որ ճանապարհը ընդարձակում էին և պայթեցնում կողքերը: Ես կարոտել էի Ստեփանակերտի ամեն միլիմետրը, ու այն ժամանակ ոչինչ դժվար չէր թվում։ Վերադարձել եմ 1992-ի դեկտեմբերին: Պատերազմը դեռ շարունակվում էր, բայց թվում էր, թե ավելի հեշտ է դրան դիմանալ, քան տնից և յուրայիններից հեռու լինելը:

Նաև մտածում եմ, որ գուցե տարիքիս պատճառով էր, որ ամեն ինչ ավելի հեշտ էր տանել։ Չնայած ոչ։ Նույնիսկ 2023 թվականի շրջափակման ժամանակ պարզ «ինչպե՞ս ես» հարցը Հայաստանից նշանակում էր «մենք ձեզ հետ ենք», իսկ 90-ականներին ավելի շատ էինք թիկունքում նման ուժ զգում՝ Հայաստանն իր «ցավդ տանեմով»։

Մարդուն դժվար է այսքան վշտի ու նեղության դիմանալ։ Իսկ իշխանություն ունեցողներն օգտվում են հոգնած մարդկանց վիճակից։ Բայց հոգնած մարդիկ ի վերջո իրենց մեջ կզգան այն մկանը, որին դժվար կլինի դիմակայել: Հուսով եմ, որ կտեսնեմ դա:

«Փորձերի հոգեբանություն» թեստի համար ընտրեցի “սովորած անօգնականության” փորձը՝ մտածելով, որ դա մեր մասին է, մեր պետությունն անօգնականության հետ կապելու։ Փորձը վարել են Մարտին Սելիգմանը և նրա գործընկերները, այդ թվում՝ Սթիվ Մայերը, 1967 թվականին: Մի խոսքով, դրա էությունն այն է, որ եթե մարդը չի վերահսկում իրավիճակը և կարծում է, որ ոչինչ կախված չէ իր գործողություններից, նա պարզապես շարունակում է ապրել “սովորված անօգնականության” վիճակում:

Սթիվ Մայերը տարիներ անց ավելի խորացավ և ուսումնասիրեց ուղեղի աշխատանքը: 2000-ականներին նա մի շարք փորձեր է անցկացրել՝ կրկնելով իր և Սելիգմանի 1960-ականների փորձերը՝ բայց օգտագործելով այն ժամանակ գոյություն չունեցող գործիքային հետազոտության մեթոդները։ Պարզվեց, որ կենդանիները սովորում կամ չեն սովորում կառավարելուն, բայց ոչ անօգնականությունը։ Անօգնականությունը սկզբնական վիճակ է և աստիճանաբար հաղթահարվում է։

Եթե ​​դուք կարողացել եք մեկ անգամ կարգավորել իրավիճակը, ապա դուք ակնկալում եք, որ կրկին կկարողանաք կարգավորել այն: Սա “սովորած գործունեություն” է և տհաճ իրավիճակի ժամանակ պարզապես սառչում է առաջանում։ Այսինքն, եթե վերահսկողություն չկա, և դուք չեք կարող հաղթահարել, ավելի լավ է սառչել և սպասել: Ինչը մենք հիմա անում ենք։

Հավատում եմ, որ ապագայում մենք նորից ուժեղանալու ենք։ Ավելի շուտ՝ կրկին զգալու ենք մեր ուժը։ Եկեք հաղթահարենք ցանկացած խոչընդոտ, ինչպես մեզ սովորեցնում է անցյալի փորձը: Եվ գուցե մանկուց այդ նույն «ցավդ տանեմը» նորից վերադառնա, բայց հիմա կհնչի ոչ թե որպես անցյալի, հեռավոր անցյալի կարոտ, այլ որպես հիշեցում, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում հույս ու լույս կա։

Սելիգմանի՝ ավելի ուշ ասված խոսքերը հաճելի են.

Մենք սխալվեցինք. անօգնականությունը կաթնասունների լռելյայն վիճակն է:

Այս անօգնականությամբ ենք ծնվում ու մեծանում։

Այն, ինչ մենք կարող ենք սովորել, սովորած լավատեսությունն է:

 

Ես չեմ կարող դիմադրել, որ Ջեքի լուսանկարը չդնեմ: Ի վերջո, շների վրա էր, որ առաջին փորձերն անցկացվեցին։ Ես աներևակայելի ցավում եմ նրանց համար:

 

Սվետլանա Դանիելյան

Step1.am-ի համար

Հիստերիա՝ սադրանքի տարրերով. «խաղաղության համաձայնագիրը» չի կարող ստորագրվել առանց էսկալացիայի

Արցախ, հուլիս, 2023 թ․

«Հայկական տրագիկոմեդիայի» հերթական գործողությունը, որը տեղի ունեցավ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, բժիշկների կողմից գնահատվեց որպես հիստերիայի նշան՝ սադրանքի տարրերով։ Սակայն ակնհայտ է, որ սա լավ մտածված քաղաքական տեխնոլոգիա էր՝ հետագա գործողություններ նախապատրաստելու նպատակով։

Հարկ է հիշեցնել, որ ներկայացումը բեմադրվել է Փաշինյանի «խաղաղության օրակարգի» ձախողման ֆոնին և Հայաստանի ներքաղաքական կարևոր իրադարձությունների նախօրեին։ «Խաղաղության պայմանագրի» փոխարեն Փաշինյանը ստացավ սպասված էսկալացիա, որը նա մտադիր է օգտագործել որպես քող՝ կապիտուլյացիայի ստորագրման և իշխանությունը պահպանելու համար։

Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ թույլ չի տա, որ Ղարաբաղյան շարժումը վերածնվի, և դրա համար պատրաստ է «պատով տալ և որի տակ տալ Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներին» (Արմեն Սարգսյանը, ըստ ամենայնի, չի հաշվում)։

«Ղարաբաղյան շարժում» ասելով Փաշինյանը և նրա տերերը նկատի ունեն հայ ազգային-ազատագրական շարժումը, որի արդյունքում ստեղծվեց Արցախին վերամիավորված ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Ներկայիս «խաղաղության պայմանագիրը» և դրան ուղեկցող գործընթացները՝ Արցախից հրաժարում, Սահմանադրության փոփոխություններ, բոլոր նվաստացուցիչ պահանջների կատարում, Երրորդ հանրապետության դագաղի վերջին մեխն են։ Խոսելով այն մասին, որ թույլ չի տա «ղարաբաղյան շարժման» վերածնունդ՝ Փաշինյանը զգուշացնում է, որ վերածննդի ցանկացած փորձ «խեղդվելու է օրորոցում»։

Երեք նախագահների հետ կապված հիստերիան Փաշինյանի փորձն է՝ 3 միլիոն ՀՀ քաղաքացիներին իր հանցանքի մեղսակից դարձնելու։ Հենց նրանց էլ Փաշինյանը սպառնում է «պատին տալ» ու «տրորել»՝ մեղադրելով 30 տարվա մեղքերը Փաշինյանի վզին «փաթաթելու» մեջ, հավաստիացնելով, որ Երրորդ Հանրապետության նման ելքը կանխորոշված ​​էր, և ոչինչ փոխել հնարավոր չէ։

Փաշինյանի քաղաքական հիստերիան ակնհայտորեն սադրանքի տարրեր է պարունակում՝ առարկեք ինձ, փորձեք տապալել, անկարգություններ ստեղծեք, որպեսզի ես օգտվեմ դրանցից և սահմանային սրացումներից և վերջապես ստորագրեմ Հայաստանի «հանձնման ակտը»։

Առաջիկա օրերը չափազանց հարմար են հերթական «նոյեմբերի 10-ի հայտարարության» և սահմանադրական կարգը տապալելու համար:

Մարտի 29-ին տեղի կունենա արցախցիների մեծ հանրահավաքը, որտեղ կներկայացվեն սոցիալական և իրավական պահանջներ, բայց կասկած չկա, որ պաշտոնական քարոզչությունը դա կներկայացնի որպես ռևանշիզմի և «ղարաբաղյան շարժման» վերածննդի փորձ, որը նպատակ ունի «էսկալացիա» առաջացնել և խաթարել «խաղաղության պայմանագիրը»։

Իսկ մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք շատ փորձագետներ համարում են շրջադարձային՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի անթաքույց  հետաքրքրությունը Հայաստանի երկրորդ քաղաքի նկատմամբ։ Գյումրու ընտրությունները նույնպես կարող են «էսկալացիայի» լավ առիթ դառնալ։

Երեկվա «տեղեկատվական նախապատրաստությունը» նախորդում է արդեն վաղուց ծրագրված իրադարձություններին, որոնք կարող են ծավալվել արցախյան հանրահավաքի և Գյումրիի ընտրությունների ֆոնին՝ սրացում սահմանին և հրատապ կապիտուլյացիայի ստորագրում։ Առանց էսկալացիայի «համաձայնագիրը» չի կարող ստորագրվել։

Հայաստանը ԵԱՀԿ խորհրդի նիստ է հրավիել

Չնայած, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ասում է, որ սահմանում “ինտենսիվ” կրակոցներ չկան, Հայաստանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստ է հրավիել հնարավոր էսկալացիայի հարցով։ 

Հայաստանը Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նշաններ է տեսնում. Այս մասին Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ արտահերթ նիստում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսոգոմոնյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետաքննում է հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման դեպքերը։

Աբիսոգոմոնյանի խոսքով, Երևանը Բաքվին առաջարկել է ստեղծել միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ դուրս բերել զորքերը սահմանից և վերահսկողություն սահմանել զենքի վրա։ Սակայն Ադրբեջանը կառուցողական պատասխան չտվեց, ինչը կասկածի տակ է դնում նրա հայտարարությունների անկեղծությունը և հարցականի տակ դնում պաշտոնական Բաքվի իրական նպատակները։

Աբիսոգոմոնյանը նաև ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության քարոզարշավի ակտիվացման վրա. Նրա խոսքով, Բաքուն կեղծ տեղեկություններ է տարածում հրադադարի ենթադրյալ խախտումների մասին՝ դրանք օգտագործելով որպես հնարավոր էսկալացիայի պատրվակ։

Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել ԵԱՀԿ Մինսի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը՝ Համաձայնագրի ստորագրումն է, Վիեննայում հայտարարել է փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Աբիսողոմոնյանը շեշտել է՝ Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում, ըստ փոխարտգործնապարարի, դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել:

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին՝ Աբիսողոմոնյանը նախ վկայակոչեց Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, ապա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։

Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը նկատեց՝ իրականում, մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։

«Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում Ադրբեջանի խորհրդարանի կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին։ Իսկ այդ Սահմանադրական ակտում հղում է արվում 1918թ. ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ», – հայտարարեց Աբիսողոմոնյանը։

Իսկ թե ինչու Երևանը չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը, փոխարտգործնախարարը պարզաբանեց՝ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի, կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ Համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։

«Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում», – շեշտեց Աբիսողոմոնյանը։

“Խաղաղության համաձայնագրի” պատրաստ լինելու մասին հայտարարությունից 2 շաբաթ անց Հայաստանը անհանգստացած է էսկալացիայով և դիմում է մի մարմնի, որին վերջին մի քանի տարիներին բացահայտ առհամարել է։ Հիմա, երբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է ընտրվել Թուրքիայի նախկին արտգործնախարաը, Հայաստանը հանկարծ որոշել է ԵԱՀԿ նիստ հրավիրել։ 

Ի՞նչ արժե արցախցիների նկատմամբ «հատուկ վերաբերմունքն» ու թշնամանքը

Հայաստանի բնակիչների վերաբերմունքն արցախցիների նկատմամբ կարելի է բաժանել երկու կատեգորիայի՝ ծայրահեղ բարեկամական և ծայրահեղ ագրեսիվ։

Երկրորդ կատեգորիան հատկապես տարածված է այն շրջաններում, որտեղ կենսամակարդակը ցածր է (նույնիսկ թշվառ), որի ֆոնին «40+10» ծրագրի շրջանակներում անօթևան մնացած արցախցիների տխրահռչակ բնակարանային փոխհատուցումը թշնամանք է առաջացնում արցախցիների նկատմամբ, որն  ակտիվորեն սնվում է պետական ​​պաշտոնյաների մանիպուլյացիաներով։

Օրերս Հայաստանի մարզային քաղաքներից մեկում գտնվող փոքրիկ բուտիկի տերը ագրեսիվ կերպով պնդում էր, որ Հայաստանում շատ կարիքավոր մարդիկ կան, բայց չգիտես ինչու 50 հազարը տրվում է միայն արցախցիներին, և նրանց հանդեպ «հատուկ վերաբերմունքը» թանկ արժե։ Մանրամասն չեմ նկարագրի բոլոր բողոքները, բայց փորձեցի պարզել, թե տարեկան որքա՞ն է Հայաստանը ծախսում փախստականների վրա և որքան արժե «հատուկ վերաբերմունքը»։

Բաց աղբյուրներից կարելի է պարզել, որ 2024 թվականին Հայաստանի բյուջեից արցախցիների կարիքների համար հատկացվել է շուրջ 58,5 մլրդ դրամ։ Նույն տարում միայն ԵՄ-ն Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է բյուջետային աջակցություն Արցախի ժողովրդին օգնելու համար՝ 15 մլն եվրոյի (մոտ 6,4 մլրդ դրամ) չափով։ Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում զբաղված արցախցիների թիվը կազմում է մոտ 26 հազար մարդ։ Նրանց վճարած հարկերը, եթե հաշվարկում ենք 160 հազար դրամ միջին աշխատավարձից, ամսական կազմում են միջինը 40 հազար դրամ, այսինքն՝ արցախցիները տարեկան գրեթե 12 միլիարդ դրամի չափով հարկեր են վճարում։

Եթե ​​58,5 միլիարդից հանենք ԵՄ փողերն ու Արցախի հարկերը, ապա կստացվի, որ 120 հազար անօթեւան արցախցիների համար տարեկան 100 միլիոն դոլարից ավելի չի հատկացվում։ Այսինքն՝ միջին հաշվով 800 դոլար մեկ արցախցի փախստականի համար։

2023 թվականի դեկտեմբերի 31-ի իր ամանորյա ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարկատուների շնորհիվ փախստականների խնդիրները լուծվում են։

Բայց թվերն այլ բան են ասում։ Հայաստանում կա 782832 աշխատատեղ և 754431 չաշխատող թոշակառու։ Այսինքն՝ յուրաքանչյուր աշխատող իր հարկերի հաշվին կարող է ծնողներից միայն մեկի թոշակն ապահովի։

Իսկ եթե զբաղվածների թվից հանենք պետական ​​հատվածի աշխատողների թիվը, քանի որ պետական ​​հատվածի աշխատողների հարկերից չի կազմում բյուջեն՝ այդ​​հատվածի աշխատողը բյուջե է վերադարձնում նույն բյուջեից ստացածը, ապա ստացվում է, որ ՀՀ ամեն զբաղված քաղաքացի չէ, որ կարող է ծնողներից գոնե մեկի համար կենսաթոշակ ապահովել։

Այսպիսով, «40+10»-ը փախստականներին վճարվում է ոչ թե մեր եղբայրների և քույրերի հարկերից, այլ պայմանականորեն՝ հանքարդյունաբերական ընկերությունների, ՀԷՑ-ի, Գազպրոմ-Արմենիայի կամ հեռահաղորդակցության օպերատորների հարկերից։

Թեեւ, տեսնելով ՀՀ ներկայիս ղեկավարների ցինիզմը, չի կարելի բացառել, որ բյուջեի հսկայական 1,5 միլիարդ դոլարի դեֆիցիտի մեջ նույնպես կմեղադրեն Արցախի ժողովրդին, թեեւ նրանց վրա ծախսվել է ընդամենը 100 միլիոն դոլար։

Չնայած այն հանգամանքին, որ արցախցիները միլիարդավոր դոլարների ունեցվածք են թողել։

Չնայած, որ հայկական բանկերը 2024 թվականին ստացել են ավելի քան 900 միլիոն դոլար զուտ շահույթ, իսկ Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմում է 1,5 միլիարդ դոլար։

Չնայած արցախցիներն առաջարկում են հարցը լուծել դոնորների համաժողովի միջոցով, սակայն այս առաջարկները մերժվում են Հայաստանի կառավարության կողմից։

Չնայած այն հանգամանքին, որ մենք գիտենք միայն ԵՄ-ի օգնության մասին։ Ի դեպ, 2025 թվականին ԵՄ-ից եւս 25 մլն եվրո է նախատեսվում, բայց ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, որ միջազգային օգնության գործընթացը լինի թափանցիկ։ Նույն իրավիճակն է բնակարանաշինության ծրագրի դեպքում։ Այդպես էլ չի ստեղծվել մեկ ֆոնդ՝ Արցախի ժողովրդին աջակցելու համար, որը կարելի էր վերահսկել՝ խուսափելով շահարկումներից։

Այսպիսով, արցախցիների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը դրսևորվում է տարբեր ձևերով, սակայն իշխանության ներկայացուցիչների մանիպուլյատիվ քարոզչության ազդեցությունը միանշանակ է։ Իսկ ցածր կենսամակարդակն ու բարձր հարկերն օգտագործվում են բնակչությանը շանտաժի ենթարկելու և արցախցիների նկատմամբ ցանկացած պատճառով թշնամություն առաջացնելու համար։

Ալվարդ Գրիգորյան

Արցախահայությունը դրամահավաք է նախաձեռնել Բենիկ Չալյանին օգնելու համար

 «Անասունի պես քուչեքն ընկած եմ, մինչև ընտրություն կարող է սաղ չլինեմ. Տուն չունեմ, տեղ չունեմ»:

Ընտանիքում 2 թոշակառու կա,1 հաշմանդամ դուստրը և երեխան: Ընտանիքի բոլոր անդամներն էլ անաշխատունակ են։

Երեք անգամ բռնատեղահանված արցախցի Չալյան Բենիկ պապիկին օգնելու համար հաշվեհամարն է՝

Converse bank, Չալյան Լյուդմիլա

4847040001447411

Հեռ. 097-23-12-59 »

Հայտարարությունը տեղադրել է  Նորություններ Արցախից  ֆեյսբուքյան  էջը:

Հիշեցնենք որ  Բենիկ Չալյանի մասին ռեպորտաժը երեկ  լայն տարածում ստացավ: Այն պատմում է, թե ինչպես է երեք անգամ բռնի տեղահանված Բենիկ պապիկը ընտանիքի հետ գոյատևում հայրենի Արցախից դուրս: Նա զբաղվելով մուրացկանությամբ և գուլպաների վաճառքով փորձում է վաստակել  բնակվարձի գումարը։ Ապրում է կնոջ, հաշմանդամ դստեր և թոռնիկի հետ: Իսկ տան տերը, տեսնելով բարդ իրավիճակը, վերջնագիր է ներկայացնում․ կամ ժամանակին վճարի բնակվարձը, կամ ազատի բնակարանը: Իրականում Բենիկ պապիկի օրինակը վառ կերպով արտացոլում  է շատ ու շատ արցախցիների սոցիալական վիճակը բռնի տեղահանության պայմաններում, որը հատկապես կսրվի ապրիլի 1-ից՝ ամենամսյա աջակցության դադարեցման պարագայում:

 

Արցախը հանձնեցիք, ինձ էլ կարող եք արտահանձնել, բայց խաղաղությունը ավելի մոտ չէ

«Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք դադարեցնեք։ Շաժումը սկսել է Արցախի ժողովուրդը՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու հաջորդ օրվանից։ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես հակամարտության կողմ դեռեւս 1992 թականի մարտ ամսին։ Նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 2022 թվականին Պրահայում ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկտամամբ՝ ընկրկելով Արդբեջանի պահանջի առաջ, եւ ի՞նչ ստացաք, Ադրբեջանը ինչ-որ բան զիջե՞ց։ Այստեղ՝ խորհրդարանում, դուք պահանջում եք հրաժարվել Արցախից, չհրաժարվողներին կարող եք կոչել ռեւանշիստ կամ ադրբեջանական տերմիններով ասած՝ ֆաշիստ, արտահանձնելով Ադրբեջանին հենց թեկուզ մեկը ինձ՝ կոչելով ռեւանշիստ, բայց մեկ է, դրանից խաղաղությունը չի մոտենում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես արձանագրում եմ որպես ՀՀ վարչապետ։ Եվ եթե ՀՀ ժողովուրդն անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի ՀՀ վարչապետ»։

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է։