50 հազ․ կտրում ենք, որ արցախցիները բնակարանային ծրագրին մասնակցեն․ նախարար

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ հարցին, որ ապրիլից արցախցիների 50 հազար դրամ աջակցության ծագիրը գործելու է միայն թիրախային խմբերի համար։

«Երբ որ մենք անընդհատ կախվածության մեջ ենք պահում նրանց վարձավճարի ծրագրից, մենք նաեւ արհեստական խոչընդոտ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ ավելի արագ եւ ինտենսիվ ներառվեն մեր աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ 4 հոգանոց ընտանիքին կոնկրետ բնակարանային ապահովման ծրագրի հետ կապված մենք առաջարկում ենք մինչեւ 20 մլն դրամ, կա 400-ից ավելի համայնքների ցանկ, թե որտեղ կարող են բնակարան ձեռք բերել։ Եվ մենք շարունակական աշխատանք ենք իրականացնում, որպեսզի նրանք կարողանան այդ ծրագրերից օգտվել։ Եվ երբ մենք այս աջակցությունը նվազեցնում ենք, մենք միտում ունենք սրանով կոնկրետ ուղերձ հղել, որ պետք է գնան եւ դառնան բնակարանային ապահովության աջակցությնա ծրագրի շահառու»-, ասաց նա։

Պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ մարդկանց խնդիրը չեն լուծել, բռնի տեղահանվածները չեն օգտվել բնակապահովման ծրագրից, եւ երբ աջակցությունը չլինի, այդ մարդիկ բնակարանի վարձավճար տալու խնդիր են ունենալու։ «Դուք չեք լուծել այդ ընտանիքի անդամի զբաղվածության հարցը, բնակարանային հարցը, հիմա նրան ասում եք՝ նվազեցնում ենք աջակցությունը»,- նշեց պատգամավորը։

Ի պատասխան Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ամենօրյա կապի մեջ են արցախցիների հետ․ «Ես ասում եմ, որ մենք պետք է խթանենք, որ մեր հայրենակիցներն անցնեն աշխատանքի։ Եվ շատ դրական միտում կա, ունենք 25 հազար թիվը, ովքեր աշխատում են»։

Փաշինյան․ Ես առանց սեթեւեթանքի ուզում եմ աներկբա ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, Շվեյցարիայի խորհրդարանը Արցախի հարցով խաղաղության համաժողով կազմակերպելու բանաձեւ է ընդունել, ինչպե՞ս է պատրաստվում իրացնել այս գործիքները, միջազգային քաղաքական այս կապիտալը ՀՀ կառավարությունը։ Այս հարցն Ազգային ժողով-կառավարություն հարցուպաասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նիկոլ Փաշինյանը հարցին հստակ պատասխան չտվեց։ Լիլիթ Գալստյանը կրկնեց հարցը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասող հայտարարություններ է անում։

«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հետապնդումը եւ ճակատագիրը ՀՀ կառավորության պարտականությունն է։ Իսկ այն, որ հայկական կողմի զիջումներն առավել քան համարձակ են, ասաց նաեւ Գերմանիայի ԱԳ նախարարարը։ Ինչո՞ւ չի գործածվում փոխադրաձության սկզբունքը, դուք հրաժարվում եք բոլոր այն գործիքներից, որոնք մեզ ուժեղացնում են, ինչո՞ւ եք հրաժարվում միջազգային հայցերից»,- հարցրեց Լիլիթ Գալստյանը։

«Հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց եւ այն վարերացնելուց հետո։ Այդ հայցերը հետ վերցնելը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, վերաբերում է նաեւ Արդբեջանին։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է թուլնալում, այնքան թուլանալու է Ադրբեջանը»,- ասաց Փաշինյանը։

Այնուհետեւ նա հավելեց․ «Ֆունդամենտալ հարցը հետեւայլն է՝ ՀՀ ժողովուրդն ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել։ Ես առանց սեթեւեթանքի ուզում եմ հստակ ու աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Հետեւաբար, ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցով լուծարման որոշումը, որովհետեւ ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք, օրինակ, «Արեւմտյան Ադրբեջանի» շարժում»։

Թուրք բլոգերը Երեանի կենտրոնում` Գարաբագ, ձան Գարաբագ

Սոցիալական հարթակներում նոր տեսահոլովակ է շրջանառվում, որտեղ ազգայնական թուրք բլոգերը թրոլլինգի է ենթարկում հայերին հենց Երեանի կենտրոնում` Գարաբագ, ձան Գարաբագ երգելով եւ “գորշ գայլերի” նշանը ցույց տալով:

Տեսանյութը տեղադրվել է նրա TikTok-ում՝ 2025 թվականի մարտի 26-ի գիշերը, գրում է Nagorno Karabakh Observer-ը:

 

 

Պատգամավոր. կրակոցները չեն թիրախավորում մեր դիրքերը, եւ վիրավորներ չկան

ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը լրագրողների հետ ճեպազրուցյում հաստատեց տեղեկությունները, որ վերջին օրերին Սյունիքում հակառակորդի կողմից կրակոցների ձայներ են լսում։ «Սակայն դրանք չունեն թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն»,- ասաց նա։

«Դուք պետք է մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք, թե դա ինչի համար է արվում»,- լրագրողներին ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մառախուղի ժամանակ, օրինակ, օդն են կրակում։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնք փաստում են, որ Գորիս քաղաքի, Խնածախ ու Խոզնավար գյուղերի բնակիչները վերջին օրերին գիշերային ժամերին ինտենսիվ կրակոցների ձայներ են լսում։ Գյուղացիները լրագրողների հետ զրույցում հաստատել են, որ հակառակորդ կողմից կրակոցներ կան։ Միայն այս ահազանգերից հետո երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։

«Ես քաջատեղյակ եմ՝ այս կրակոցները չեն կրում կոնկրետ թիրախավորված եւ ինտենսիվ բնույթ, չեն թիրախավորում մեր դիրքերը, եւ վիրավորներ չկան։ Բայց եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա»,- լրագրողներին ասաց Նարեկ Ղահրամանյանը։

Արցախցիներն արժանապատիվ քաղաքացիներ են, եւ մենք պետք է շարունակենք նրանց սիրով ու հատուկ ուշադրությամբ վերաբերվել

Step1.am-ի զրուցակիցն է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Տիկին Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի հիմնադրած forrights.am կայքը մեծ աշխատանք է իրականացնել տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության հարցում։ Մասնավորապես, ձեր գործունեության թիրախում են եղել բանակում, ՔԿՀ-ներում մարդանց իրավունքների խնդիրները, փաստահավաք աշխատանք եք իրականացրել արցախցիների վերաբերյալ։ Ներկայում ֆինանսավորման բացակայության պայմաններում forrights.am կայքը խնդիրների առաջ է կանգնել։ Ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը։

– Այո, մեր ֆինանսավորումն ավարտվում է, ընթացքում մենք դիմում էինք տարբեր դոնորների, որ ֆինանսավորում ստանայինք, բայց չստացանք։ Եվ հիմա ստիպված պետք է դադարեցնենք աշխատանքը, մինչեւ ֆինանսավորում կգտնենք։ Նաեւ այլ խնդիր կա, ես տեղյակ եմ, որ իմ հրապարակային ելույթները՝ բանակում, ՔԿՀ-ներում իրավիճակի եւ արցախցիների իրավունքների հարցով խոչընդոտող հանգամանքներ են առաջացրել։ Նախկինում էլ էի ես խոսում, բայց ինձ հետ զուգահեռ այս խնդիրների մասին խոսում էին նաեւ այլ իրավապաշտպաններ, հիմա ես տեսնում եմ, որ դաշտը մերկացել է։ Հատկապես բռնությունների եւ խոշտանգումների դեպքերը բարձրաձայնողներին, եթե նախկին իշխանություններն անտեսում էին, այս իշխանությունները դիմադրում ու վրեժխնդիր են լինում։ Բայց ես չեմ կարող լքել մարդկանց, որոնք դիմում են մեզ՝ օգնության հույսով։ Ես հույս ունեմ, որ հասարակությունը մեզ կաջակցի կամ որեւէ դոնոր կգտնենք։

Արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ դուք մեծ աշխատանք եք իրականացրել, մասնավորապես, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո։ Ի՞նչ հիմնական խնդիրներ եք արձանագրել։

-Մեր կազմակերպությունը միակն է, որն արցախցիների էթնիկ զտման առաջին օրերից հետեւել է իրադարձություններին։ Այդ խնդիրների լուսաբանումը դարձել է մեր առաջնային աշխատանքը, մենք փաստահավաք աշխատանք ենք կատարել։ Չկա Հայաստանում մեկ այլ կազմակերպություն, որը հենց այդ օրերից է սկսել տեղեկությունների հավաքագրումը։ Դա շատ կարեւոր է որովհետեւ, երբ մարդիկ նոր էին տեղահանվում, նրանց հիշողությունը թարմ էր, նրանք ցանկություն ունեին այդ ամենը պատմելու ու կիսվելու։ Այսինքն՝ մենք շատ կարեւոր տեղեկություններ են հավաքել, քանի որ մինչեւ մարդանց՝ Հակարիի կամուրջն անցնելը մենք չգիտեինք, թե ինչ էր կատարվել Արցախում։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրը ասում էր, որ ացրախցիներն անվտանգ  են, նրանց ոչ մի վտանգ չի սպառնում։ Բայց մենք բացահայտեցինք լրիվ այլ պատկեր, երբ սկսեցինք խոսել այդ մարդկանց հետ։ Եվ այդ ամբողջ բազան ու փաստերը մենք ունենք, թե ինչպես են մարդիկ մազապուրծ եղել ցեղասպանական գործողություններից։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվել են մարտական գործողությունները, ադրբեջանցիները զուգահեռ ներխուժել են Մարտունու շրջանի գյուղերը։ Կանայք ու երեխաներն անպաշտպան էին, որովհետեւ տղամարդիկ դիրքերում էին։ Մենք գյուղապետերի հետ հարցազրույցներ ունենք, որոնք ասում էին՝ չգիտեինք ինչ անել։ Գյուղապետերն ասում էին, որ փորձել են մարդկանց համախմբել, կանայք, երեխաներն անտառներով գնում էին Ստեփանակերտ։ Ինչո՞ւ անտառներով, որովհետեւ ադրբեջանիցները փակել էին Ստեփանակերտ տանող ճանապարհները, եւ բազմաթիվ դեպքեր են եղել, որ երբ մարդիկ հայտնվել են ադրբեջանցիների թիրախում, կրակել ու սպանել են, այդ թվում՝ վիրավորներին։ Իրավիճակը սարսափելի է եղել, կան ընտանիքներ, որ մեկ ընտանիքից 4 սպանված տղամարդ է եղել։ Սարսափելի պատմություններ կան, մի կին 3 եղբորն էր կորցրել։ Դա բացահայտ ցեղասպանական ծրագիր էր։ Իսկ Հայաստանում այդ օրերի մասին տեղյակ չէին, որովհետեւ Հայաստանի վարչապետն ասում էր, որ մարդիկ անվտանգ դուրս են գալիս։ Այնինչ, դա ցեղասպանություն էր, իսկ վառելիքի պահեստի պայթյունը լրացուցիչ զոհերի պատճառ դարձավ։

Արցախի բնակչությունն այստեղ հայտնվեց հոգեբանական շատ ծանր վիճակում՝ ամեն ինչ կորցրած։ Գիտե՞ք, հայրենիքի կորուստն իրենց մոտ առաջինն է։ Երբ մենք խոսում էինք իրենց հետ, կենցաղային վիճակը երկրորդային էր, իրենք շեշտում էին հայրենիքի կորուստը։ Շատ բարձր հայրենասիրական զգացում ունեն արցախցիները, նրանք հոգեբանորեն շատ ծանր վիճակում են, այլ տեղ չեն պատկերացնում իրենց բնակությունը, մարդիկ ուղղակի քրքրվում են, այս բառը տեղին է այս համատեքստում օգտագործել։

Պատմում էին, որ տեղահանման ու ցեղասպանական գործողությունների ժամանակ, երբ ադրբեջանցիները մտնում էին բնակավայրեր, մարդկանց առեւանգում էին ու գերության էին տանում։ Ինչքանով մենք կարողացել ենք պարզել, մի մասին «Կարմիր խաչը» կարողացել է վերադարձնել, նրանց թվում՝ տարիքով կանայք կան, որոնց մենք այցելել ենք սահմանամերձ մարզերում։ Մարդկանց տարել գցել են սահմանամերձ գոտիներ, ծանր հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ են նրանք, գերության մեջ տառապանք են անցել, հաց չեն տվել, ծեծել են։ Մենք առանձնացրեցինք գերիներին, զինծառայողների ընտանիքներին, եւ փաստահավաք աշխատանք իրականացրեցինք։ Մեծ թվով զինծառայողներ են զոհվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Մենք, հետեւողական համագործակցելով ՊՆ-ի հետ, աշխատանք տարանք, որպեսզի այդ մարդիկ գոնե ստանային իրենց հասանելիք ֆինանսական փոխհատուցումը։

Ես կառանձնացնեի տեղահանման ժամանակ կանանց, հատկապես հղի կանանց վիճակը։ Մենք ունենք մի բուժքրոջ պատմություն, որը պատմում էր, թե ինչպես էին Արցախում շատ հղի կանայք 9-ամսյա սովի ու շրջափակման օրերին ուզում ընդհատել իրենց հղիությունը։ Եվ մենք զեկույց պատրաստեցինք, չորս ամիս մենք ամեն օր մեր փոքր թիմով մեծ աշխատանք ենք իրականացրել։ Ես մի դեպք եմ հիշում, որը ինձ շատ է հուզել։ Երբ զոհված զինծառայողի կինը տեղահանվում էր Արցախից, վերջին րոպեին իր զոհված ամուսնու մեդալները, պատվոգրերը շարել էր սեղանին, զինվորական հագուստն էլ դրել էր կողքը եւ ասել՝ թող թուրքը մտնի այստեղ ու տեսնի, թե ում տուն է մտել։ Այնքան բարձր է արցախցիների հայրենասիրական զգացողությունը, ես լավ ճանաչեցի, թե ովքեր են արցախցիները։ Եվ այս ֆոնին Հայաստանի ժողովուրդն արժանապատվության պակաս ունի, շատ բան ունի սովորելու արցախցիներից։ Պետք է արժանապատվություն պահանջեն, ոչ թե այս իշխանությունների ապօրինի ու անօրեն բոլոր քայլերը հանդուրժեն։

-Բռնի տեղահանումից հետո արցախցի համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, այս գործերի վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Մենք տեսանք, թե իշխանություններն ինչքան քրեական գործեր հարուցեցին Արցախի գյուղապետերի ու քաղաքապետերի դեմ։ Այսինքն՝ բացահայտ անմարդկային վերաբերմունք իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ։ Մարդկանց այդ քրեական գործերի միջոցով ճնշում են, մենք տեսնում ենք պետության կողմից տեռոր այդ մարդկանց նկատմամբ։ Դա մի եզակի վերաբերմունք էր, որ տեղահանված ու ծանր օրեր ապրած մարդկանց վերաբերվեցին այդպես։

Մենք հետեւում էին եւ բացահայտեցինք, որ շատ էին դեպքերը, երբ հանրահավաքներին մասնակցող արցախցիներին հետապնդում էին։ Մենք այդ դեպքերն արձանագրել ենք։ Հետո մենք տեսանք ոստիկանությունում նրանց վերաբերյալ վերաբերմունքը, խոշտանգման դեպքերը մինչեւ հիմա շարունակվում են։ Ես երբեք արցախցի-հայաստանցի տարանջատում չեմ դնում, ինձ համար մարդն է բարձրագույն արժեք, բայց երբ տեսնում ես այդ հետեւողականությունը․․․ Ես գտնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մարդկային վերաբերմունքը պետք է առաձնահատուկ լիներ արցախցիների նկատմամբ։ Պետությունը պետք է առանձնահատուկ վերաբերվեր, իրենք ասում են՝ բոլորը հավասար են, հայաստանցու նկատմամբ էլ է բռնություն լինում։ Այո, լինում է, բայց արցախցիների առանձնահատկությունը պետք է լիներ այն, որ նրանք շատ ծանր հոգեբանական վիճակում են, հայրենիք, տուն ու ամեն ինչ կորցրած մարդկանց պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերվի։ Ես շեշտում եմ, որ բացակայում է նրանց՝ որպես փախստականների վերաբերվելու վերաբերմունքը։ Իշխանությունների կողմից մենք չենք տեսել նման վերաբերմունք։

Արցախցիների նկատմամբ բռնությունների դեպքերն արձանագրելով՝ մենք միշտ իրավունքների կոպիտ խախտումների հարցը բարձրաձանում ենք, հենց այդ իմաստով ենք արցախցիներին առանձնացնում, որ՝ ի՞նչ եք ուզում, թողեք այս մարդիկ հետ գան այդ ամենից հետո։ Դու տեսնում ես, որ արցախցի է, տանում իրեն ապօրինի բռնության ես ենթարկում, ցուցմունք ես ուզում կորզել։ Իսկ ո՞վ է իրանց ասում՝ մի արեք դա։ Երբ տղային տանում ես, բռնության ես ենթարկում ոստիկանության բաժնում եւ հետո արցախցի փաստաբանի նկատմամբ ուզում ես գործ սարքել, դա արդեն հետեւողական քաղաքականություն է արցախցու նկատմամբ։ Ես այդպես եմ սա գնահատում։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ երբ բռնի տեղահանության առաջին օրերին մարդիկ բերում էին իրենց տղաների դիերը, որպեսզի Եռաբլուրում հուղարկավորեին, իշխանությունները  թույլ չէին տալիս Արցախի դրոշն աճյունների վրա գցել։ Մեկ դեպք չէր, մեզ բողոքում էին շատերը։ Մենք հարցումներ էինք ուղարկում պետական մարմիններ, թե ոնց կարելի՞ է մարդկանց հետ այդպես վարվել։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն ամեն ինչ անում էին՝ ջնջելու Արցախը, եւ այդ գործընթացը տեղահանման առաջին օրերից է իրականացվել։ Սա այս իշխանությունների անմարդկային դեմքն է, որը գնալով ավելի բացահայտվեց։

-Բռնի տեղահանությունից մեկ ու կես տարի է անցել, իսկ արցախցիների սոցիալական վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, ի՞նչ եք արձանագրել այս առումով։

-Այո, արցախցիների վիճակը շատ ծանր է, արդեն մոտ երկու տարի է անցել, նրանց սոցիալական վիճակը շարունակում է մնալ շատ ծանր։ Այն մարդիկ, որոնք Արցախում հազիվ գեյատեւում էին, այսօր ավելի վատ վիճակում են։ Շատ ընտանիքներ կան, որտեղ ծերեր են միայն, այս մարդկանց գոյատեւման հարցն է այսօր։ Հիշենք, թե ինչպես էին ձմռան բուք ու բորանին Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքում բնակություն հաստատած արցախցների լույս ու գազն անջատել։ Սա նաեւ այս իշխանության քարոզչության հետեւանքն է, այն նեգատիվ քարոզչությունը, որը մենք տեսնում էինք սոցցանցերում, իշխանությունների հայտարարություններում, գալիս ենք այն եզրահանգման, որ ամեն դեպքում կարողացան այդպիսի տրամադրություններ ստեղծել արցախցիների նկատմամբ։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի, եթե ապրիլից 50 հազար դրամ աջակցության ծրագիրը չլինի, բոլորն ահաբեկված են։

Ես ուզում եմ ասել, որ արցախցիներն արժանապատիվ քաղաքացիներ են, եւ մենք պետք է շարունակենք նրանց սիրով ու հատուկ ուշադրությամբ վերաբերվել։ Նրանցից շատ-շատերը հիմա հայտնվելու են ծանր վիճակում, ես շատ մտահոգ եմ հատկապես սոցիալապես անապահովների համար։ Մենք շատ ենք դիմում տարբեր ատյանների՝ փորձելով խնդիրներին լուծումներ տալ։ Շատ-շատ դեպքերում մենք կարողացել ենք օգնել այդ մարդկանց։ Եվ հիմա շատ եմ ափսոսում, որ մենք չենք կարողանա շարունակել այս աշխատանքը։ Բայց ես դեռ հույսս ամբողջությամբ չեմ կորցրել, հույս ունեմ, որ ֆինանսավորում կգտնենք։ Կայքը դեռ աշխատելու է, եւ այդ ամբողջ բազան հայերեն ու անգելերն լեզուներով մեր կայքում կա։

Ռոզա Հովհաննիսյան

Խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։

Նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին: Երկրորդ ընթերցումից առաջ հարցը քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում։

«Մենք բերել ենք այս օրենքի նախագիծը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն արտահայտի իր քաղաքական կամքը՝ դեպի Եվրոպական միություն գնալու: Այս ընթացքն անշրջելի է: Ժողովուրդը սրա կողմնակիցն է», – հայտարարում էր «Եվրաքվե» նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»: Խորհրդարանական ընդդիմություն էլ ասում է՝ «տպավորություն է, որ Հայաստանը դուրս է գալիս մի պրոցեսի, որտեղ հեռանկար չկա»։

Իրացվել է արցախցիներին տրվող 58 բնակարանային հավաստագիր․ կառավարությունը գոհ է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվողների ցուցանիշներն այս պահի համար ավելի քան գոհացուցիչ են ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ համեմատական անցկացնելով անցած տարվա ցուցանիշների հետ։

«Եթե համեմատում ենք, ապա անցած տարին ամփոփել ենք 30 հավաստագրով և զրո իրացված հավաստագրով, իսկ հիմա, երբ, ըստ էության, 2025 թվականի առաջին եռամսյակն ենք ամփոփում, ունենք 835 հավաստագիր, որից 58-ն արդեն իրացվել է։ Այսինքն՝ մենք ունենք 38 ընտանիք, որոնք հավաստագրով  արդեն ձեռք են բերել  անշարժ գույք և 20 ընտանիք, որոնք ստացել են աջակցություն իրենց գործող հիպոթեքային վարկերի մարման համար։ Ընդ որում՝ այստեղ խոսում ենք արդեն շուրջ 100 միլիոն դրամի մասին, որովհետև երրորդ բաղադրիչի դեպքում աջակցությունը միանվագ է և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 2 կամ 3 միլիոն դրամ միանվագ ուղղվում է մայր գումարի մարմանը։ Այս 20 ընտանիքների մեջ ունենք այնպիսիք, որոնց վարկն ուղղակի զրոյացել է և նրանք այլևս չունեն ֆինանսական բեռ վարկային պարտավորությունից»,-մանրամասնեց Ղարագյոզյանը։

Անդրադառնալով արդեն իրացված հավաստագրերի աշխարհագրությանը, նա հայտնեց, որ 38 ընտանիքներից Երևանում բնակարան է ձեռք բերել ընդամենը  9 շահառու, իսկ Արագածոտնի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերում 1-ական ընտանիք, Արարատում՝ 7, Արմավիրում՝ 2, Գեղարքունիքում՝ 4, Լոռիում՝ 3, Կոտայքում և Սյունիքում 5-ական։

Պատասխանելով բանկային գործարքների ընթացքում ի հայտ եկող հիմնական խնդիրների մասին հարցին՝ Ղարագյոզյանը նշեց, որ ներկայում առկա է միայն ժամկետանց վարկային պարտավորությունների հետ կապված խոչընդոտ։

«Առաջիկա օրերին այս խնդիրը ևս կկարգավորվի, քանի որ Կենտրոնական բանկի հետ համագործակցաբար արդեն մի քանի ամիս է՝ փորձում ենք խնդիրը կարգավորել։ ԿԲ-ի գործընկերները հավաստիացրեցին, որ ընթացիկ տարվա ապրիլ ամսին այս խնդիրը ևս կարգավորված կլինի»,-հավաստիացրեց նա։

Ղարագյոզյանի պարզաբանմամբ՝ նախատեսվում է ընդունել ներքին նորմատիվային ակտ, որը կշրջանառվի համագործակցող բոլոր ֆինանսական կազմակերպություններով։ Ըստ այդմ՝  100 տոկոսով սուբսիդավորվող վարկերի դեպքում չի կիրառվի այն մեխանիզմը, որով ժամկետանց վարկային պարտավորություն ունեցող շահառուի անունով ձևակերպվող ցանկացած նոր վարկ ավտոմատ պետք է դասակարգվի։

«Մեր վարկերը 100 տոկոսի չափով սուբսիդավորվող են։ Այստեղ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ աջակցության գումարից ավել վարկ վերցնող շահառուներին սա չի վերաբերում, քանի որ նրանք վերցնելով դա, պետք է քաջ գիտակցեն, որ իրենք պետք է ունենան ֆինանսական մասնակցություն, ինչը  նշանակում է, որ պարտադիր է դրական վարկային պատմությունը։ Այսինքն՝ ոչ թե նախկինում, այլ ներկայում պետք է չունենան գործող ժամկետանց վարկային պարտավորություններ»,- ընդգծեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը։

Գայանե Ղարագյոզյանը հավելեց, որ բնակծրագրի երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից 6 ամիս ավելի շուտ։

«Երկրորդ փուլը կմեկնարկի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, 2026 թվականի հունվարի փոխարեն, իսկ երրորդ փուլը՝ գալիք տարվա հուլիսի 1-ից, 2027 թվականի հունվարի փոխարեն»,-մանրամասնեց Ղարագյոզյանը։

Նրա խոսքով՝ առաջին փուլի դիմումատուների շրջանում ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տվել, որ նրանք դեռևս մեծամասամբ չեն ցանկանում օգտվել ծրագրից, մինչդեռ՝ երկրորդ փուլի պահանջները բավարարող շահառուներից շատերն են ցանկություն հայտնել։

 

Փաշինյանն ու Ռուբիոն խոսել են “խաղաղության մասին”․ Ռուբիոն Ֆիդանին խնդրեց “աջակցել”

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում են կառավարությունից:

Նրանք քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։

Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել և այս հարցում համակարծիք են եղել։

Ըստ ամերիկյան կողմի՝ Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանը որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են ընդհանուր շահերը։

Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն բերելու համար։

Նույն օրը Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու անվտանգության ու առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Կողմերը քննարկել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասը, Ուկրաինան, Սիրիան, Թուրքիայում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը։ Նա բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդությունը «Իսլամական պետությանը» հաղթելու գլոբալ կոալիցիայում և վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն, միասնական, խաղաղ Սիրիային, որը ո՛չ միջազգային ահաբեկչության հենակետ կլինի, ո՛չ էլ ճանապարհ Իրանի ապակայունացնող գործողությունների համար», – գրված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիական հեռուստաալիքը ներողություն է խնդրել առանց Հայաստանի քարտեզի համար, իսկ ի՞նչ քարտեզներ են ցուցադրվում Հայաստանում

Ֆրանսիական Arte France հեռուստաալիքը ներողություն է խնդրել իր «28 րոպե» հաղորդման մեջ առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզը հրապարակելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Գրիգոր Ամիրզանյանը։

Հաղորդման հաղորդավարուհի Էլիզաբեթ Քինը ներողություն է խնդրել կատարվածի համար՝ նշելով, որ դա կոլեկտիվ սխալ է եղել, և որ հաղորդումը ստեղծողները զղջացել են կատարվածի համար։ Նա շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին ներողամտության համար՝ նշելով, որ չարամիտ դիտավորություն չի եղել։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սիմոնյանը գրել է.

Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող ARTE հեռուստաալիքի ցուցադրած Հարավային Կովկասի քարտեզում չկա Հայաստանը: Այն ներառված է Ադրբեջանի կազմի մեջ:

Եթե այս երկու երկրում գտնվող ՀՀ դեսպանները այնպես չարեցին, որ հեռուստաալիքը հրապարակային ներողություն խնդրի ՀՀ-ից և աշխարհի հայերից ու շաբաթը առնվազն երկու անգամ Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ չցուցադրի, ուրեմն կարող են հավաքել իրենց ճամպրուկները ու հետ վերադառնալ Հայաստան: Իմաստ չունի իրենց դեսպան պահել:

Կարող եք, ի վերջո, նաև դատի տալ ու փոխհատուցում պահանջել:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նշել է, որ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց Arte France-ն իրականացնում է պանթուրքական երազանքը և պարզապես ջնջում է Հայաստանը աշխարհի քարտեզից։ Ֆրանսիայում լույս տեսնող «Հայաստան» ամսագիրը գրել է, որ Արտեից ներողություն է ակնկալում։

Իսկ ի՞նչ քարտեզ է ցույց տալիս հայկական հեռուստատեսությունը եւ ինչու են ադրբեջանցիները հիշել Փաշինյանի բուկլետի մասին:

«Կատաղի պայքար» Հայաստանի համա՞ր․ ես էդ դասին չեմ եղել

Հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայենցված համաձայնագիրը, և այդ պահից սկսած՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Պարոն Կոնջորյանը կարծես այլ երկրի մասին է խոսում, որտեղ մարդիկ դուրս են եկել փոխոց և կատաղի պայքարում են հանրապետությունը կործանելու և սուլթանաթի վերածելու իրենց նախագահի մտադրության դեմ։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Իսկ Հայաստանում հանրապետության համար կարծես ոչ մի պայքար էլ չկա, բացի մի քանի ելույթներից։

Այո, ընդդիմությունը ասում է, որ համաձայնագիր կոչվածը՝ միակողմանի կապիտուլյացիա է, որ դրանով իշխանական ուժը կործանում է երկիրը, բայց պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել միայն Հանրապետական կուսակցությունը, ընդ որում, ոչ այնքան «կատաղի»։ Իսկ ընդհանուր առմամբ ոչ ոք չի առարկում կապիտուլյացիան, հակառակը՝ նպաստում է դրան տարբետ քաղտեխնոլոգիաներով։

Ասենք, «կատաղի պայքարը» սահուն հանգեցրել են մեկ “պայմանի”՝ չի կարող համաձայնագիր ստորագրվել, եթե հայ գերիները դեռ Բաքվում են։ Այսինքն՝ եթե Բաքվում չլինեն, կարելի է հանգիստ ստորագրել,քանի որ մնացածը ОК է։

Պատահական չէ, որ հենց գերիների ազատման պահանջը ակտիվացավ, երբ Հայաստանի կառավարիչները հայտարարեցին, թե պատրաստ են ստորագրել հայկական բոլոր իրավունքներից, տարածքներից, շահերից հրաժարվելու մասին «համաձայնագիրը»։ Եւ եթե հաջողվեր գերներին “համաձայնագրի” հետ փոխանակել, “կհաղթեին” և կառավարությունը, և ընդդիմությունը։

Բայց «գերիներ-համաձայնագիր» գործարքը կարծես թե չի ստացվում, Բաքուն և նրա տերերը ուզում են համոզվել, որ Հայաստանը կինքնալուծարվի՝ առանց որևէ դիմադրության և պայմանի, «կճանաչի» իր բոլոր մեղքերը, կասի, որ «ղալաթ ենք արել», որ Ղարաբաղի հարց ենք բարձրացրել։ Եւ այդ դեպքում գերիներին Բաքվից Հաագա կտանեն, որպեսզի միջազգայնորեն հաստատվի հայի «ղալաթը»։

Հայկ Կոնջորյնն այն ժամանակ կասի, որ ամեն ինչում ընդդիմությունն է մեղավոր, քանի որ «կատաղի պայքարում» էր։ Եւ ոչ ոք չի հարցնի, որտե՞ղ էր պայքարում, կարո՞ղ է՝ իշխանությանը վերջնագիր է ներկայացրել, ասելով, որ հեղափոխություն կանի, եթե համաձայնագիրը ստորագրվի։ Թե՞ ասել է՝ վերջապես վայր կդնենք մանդատնեը։

Հենց ընդդիմությունն է կապիտուլյացիայի դեմ «կատաղի պայքարը» փոխարինել գերիների համար «հումանիտար» պահանջով, կարծես թե այլ առարկություններ չունի։

Ինչպես և Արցախյան իրավաքաղաքական խնդիրը սկզբից իշխանությունը «փոխարինեց» հումանիտար հարցերով, հետո ընդդիմությունը էստաֆետը վերցրեց և երկու կեղծ թեզ հորինեց՝ «էթնիկ զտում» և «վերադարձի իրավունք»։ Ինչպես իրավաբաններն են ասում, այդ երկու թեզերը ոչ միայն իրավական պարտավորություն չեն ենթադրում, այլև կոծկում են հայերի հանդեպ կատարված ցեղասպանության, օկուպացիայի և բռնի տեղահանության ծանր մեղքը։

Արդյունքում հանուն Արցախի «կատաղի պայքարը» վերածվել է նրան, որ քաղաքակիրթ արևմտյան երկրների խորհրդարանները կատարվածը «էթնիկ զտում» են անվանում և կոչ անում Բաքվին՝ հայերին վերադառնալու իրավունք տա։ Բաքուն թքած ունի, իսկ ընդդիմությունը խոստովանում՝ դրա լավը միայն այն, որ Արցախի խնդիրը չի «փակվում» և մնում է միջազգային օրակարգում։

«150 հազար մարդու խախտված իրավունքների վրա խաղաղություն կառուցելն անարդյունավետ է, անարդար և անիրագործելի, անիրատեսության շղարշի ներքո սեփական իրավունքներից հրաժարվելն անընդունելի է»: Այս մասին  ԱրցախTV-ի տեսանյութում ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ոչ միայն Արցախի, այլև հայկական լեռնաշխարհի այլ տարածքների իրավունքների վրաէ կառուցված այս “համաձայնագիրը”։ «Կատաղի պայքարի» դուրս եկած իրական ընդդիմությունը հարցեր կբարձրացներ Կարսի պայմանագրի մասին՝ չէ որ Փաշինյանի թիթեղյա քարտեզի սահմանների մեծ մասը հենց այդ ռուս-թուրքական պայմանագրով է որոշված։ Հիմա պայմանագիրը չեղյալ է արվում, և բազարը միայն այն է, թե ինչ է հասնելու թուրքին, ինչ՝ ռուսին։ Հայաստանը միայն մտքերում կմնա։

Բաքուն պնդում է, որ ՀՀ Սահմանադրության հարցը քննարկվում է արդեն 2,5 տարի

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պնդումը, որ Ադրբեջանն իբրև թե նոր նախապայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի համաձայնությունից հետո, անհիմն է», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարին հայտնի էին Սահմանադրական փոփոխությունների ու Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջները, դրանք, ըստ Հաջիզադեի՝ բանակցային թեմա են եղել վերջին երկուսուկես տարում։

Հիշեցնենք, որ 2,5 տարի առաջ, 2022-ի հոկտեմբերի 7-ին Պրահայում Բաքուն և Երևանը ստորագրել են փաստաթուղթ առ այն, որ ճանաչում են միմյանց “խորհրդային” սահմանները։ Սակայն Բաքուն հենց սկզբից ավելի հստակ երաշխիքներ է ուզել, քան Փաշինյանի բանավոր կան նույնիսկ գրավոր “համաձայնույթյունը”։

Արցախցիների համար նախատեսված ՀՀ կառավարության բնակարանային ապահովման ծրագիրը ձախողվել է

Արցախցիների համար նախատեսված ՀՀ կառավարության բնակարանային ապահովման ծրագիրը ձախողվել է, շահառու հանդիսացող 25-30 հազար ընտանիքների մի փոքր մասն է այդ ծրագրից օգտվել։  Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հավելեց, որ արցախցիները սոցիալ-տեսական բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած, իսկ 40+10 հազար աջակցության ծրագրի դադարեցումը հանգեցնելու է սոցիալական անկայունության խորացմանը։

«Ուստի, պատահական չէ, որ արցախցի մեր հայրենակիցները մարտի 29-ին՝ շաբաթ օրը, ժամը 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպելու՝ բարձրացնելու իրենց սոցիալական, իրավական եւ այլ իրավունքների ոտնահարման մասին։ Մենք մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ արցախցիներին՝ պահանջելու կառավարությունից լուծել արցախցիների առաջ ծառացած խնդիրները, մինչեւ կապահովվի նրանց վերադարձի իրավունքի եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացումը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։