Արցախում առաքելությունը կատարված է, ժամանակն է այն ընդլայնել ամբողջ Հայաստանում

Արարատ Միրզոյանը վերջին մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարում Սերգեյ Լավրովին՝ ամեն կերպ ցույց տալով, որ ռուս-հայկական հարաբերությունները երբեք չեն էլ վատացել, և այն ամենը, ինչ եղել է, սատանայից էր։ Ռուս պաշտոնյաները մեծահոգաբար թփթփացնում են հայ գործընկերների ուսերին։ Իսկ քարոզչական ալիքները հայերին անվանում են «անառակ որդիներ», որոնց դավաճանությունը չի ներվելու։

Սերգեյ Լավրովն այսօր Միրզոյանի հետ զրույցում «բարձր է գնահատել» Հայաստանի և Բաքվի միջև «խաղաղության համաձայնագրի» համաձայնեցման առաջընթացը։ Ու թեև Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը խոստովանեց, որ 10 օր անց Բաքուն չի արձագանքել Հայաստանի կոչերին՝ համաձայնեցնելու «խաղաղության համաձայնագրի» ստորագրման ժամկետները և վայրը, ակնհայտ է, որ եթե այն ստորագրվի, ապա դա կլինի միայն «կնքահոր» Պուտինի աչալուրջ հայացքի ներքո։

Մոսկվայի պաշտոնյաները կրկին սկսել են խոսել «եռակողմ պայմանավորվածությունների» մասին՝ չմեկնաբանելով Բաքվի և Երևանի համաձայնեցված փաստաթղթի կետերը։ Մոսկվան ունի իր «փաստաթուղթը» և իր «առաջադրանքները»։

Ռուսական զորքերը 2020 թվականից փայլուն կերպով կատարել են Ղարաբաղում իրենց առաջադրանքները։ Ինչպես հայտարարել է ռուս գեներալ Իստրակովը 2022 թվականի ապրիլին Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի փակման ժամանակ, «ռուս և թուրք խաղաղապահները ստեղծել են հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մոնիտորինգի հուսալի համակարգ և ամուր հիմքեր են դրել բազմաչարչար հողի վրա խաղաղ կյանքի հաստատման համար։ Ռուս և թուրք գործընկերները առաջադրած բոլոր խնդիրները լուծել են բարեկամական աշխատանքային մթնոլորտում։ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ միասին արվել է հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանի կառուցողական և առանց հակամարտությունների զարգացման համար»։

Առաջադրանքը կատարված է՝ Ղարաբաղը օկուպացված է, բնիկ բնակչությունը վտարված, նրա ունեցվածքը հաջողությամբ յուրացվում է, հազարամյա ժառանգությունը պղծվում։ Եկել է ժամանակը՝ խնդիրը Հայաստանի ողջ տարածքով ընդլայնելու։

Ինչպես ասում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը, Թուրքիային տարածաշրջանում որպես ագրեսոր ներկայացնելու կարիք չկա, քանի որ նրա բոլոր գործողությունները համաձայնեցված են Մոսկվայի հետ, այդ թվում՝ 44-օրյա ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Եթե ​​Մոսկվան, շարունակում է Տարասովը, դեմ լիներ ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծմանը, Ադրբեջանը չէր կարողանա ձայն հանել։

Թրամփ-Պուտին զրույցից հետո Ռուսաստանն արդեն բացեիբաց հանդես է գալիս Հայաստանում տիրոջ դիրքերից։ Ռուսաստանի ակտիվությունը Գյումրիում, որտեղ ռուս փորձագետներն ակնարկում են, որ բնակչության մեծամասնությունը ռուսական անձնագրեր ունի, կարող է լինել ապագա «Ռուսաստանի քաղաքացիներին հայ ազգայնականներից պաշտպանելու» ծրագրի մի մասը:

Նաիրա Հայրումյան

Ռուս-հայկական բարեկամությունը բառացիորեն եռում է

Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ռուսական գերատեսչությունը։

Նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։

Առաջընթաց է արձանագրվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում, որը բարձր են գնահատվել Մոսկվայում։

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։

Որոշ ժամանակ անց ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգի հարցեր՝ ընդգծելով երկու երկրների միջև տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության կարևորությունը։

Սյունիքը Հայաստանի տարածքի անբաժան մասն է. Օլիվիե Դըկոտինյի

Սկսում եմ բարեկամության, համերաշխության, աջակցության այցը Սյունիք: Սյունիքը Հայաստանի տարածքի անբաժան մասն է, որի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ, առանց անհանգստության եւ սպառնալիքների:

Սյունիքի մարզի Արավուս գյուղը գտնվում է Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։ Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այնտեղ դիսպանսեր է հիմնել։ Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ մնալով իր համոզմունքներին, իր X-ում գրել է դեսպանը։

Ֆրանսիան ու Իրանը ժամանակ առ ժամանակ փորձում են հիշեցնել, որ Սյունիքը Հայաստան է, և վերջ, որ հայ-իրանական սահմանը փոփոխման ենթակա չէ։ Հիշեցնում են, որ “խաչմերուկները” և “խաղաղության համաձայնագրերը” կուգան և կերթան, իսկ Սյունիքը կմնա։ Սակայն իրենք էլ գիտեն, որ Սյունիքը ավել մեծ շանս կունենար մնալ, եթե Իրանն ու Ֆրանսիան նույնը ասեին ու անեին Արցախի հարցով։     

“Արցախ․ իմ մանկության փողոցը․ 101 պատմություն” նախագծի շնորհանդեսը նվիրված էր Արցախի բարբառի պահպանմանը

Կայացել է “Արցախ․ իմ մանկության փողոցը․ 101 պատմություն” նախագծի շնորհանդեսը՝ նվիրված Արցախի բարբառի պահպանմանը։

Նախագիծը կյանքի է կոչվել ՀԲԸՄ-ի տրամադրած արցախյան թեմաներով հետազոտական դրամաշնորհային նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Արցախի մասին իրազեկությունը և ընդլայնել տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության հասանելիությունը։

Այս յուրահատուկ նախաձեռնությունը ներկայացնում է 5-ից 15 տարեկան 101 երեխաների մանկության հուշերը՝ պահպանելով ու տարածելով Արցախի հարուստ լեզվական ու մշակութային ժառանգությունը։

Նախագծում ներկայացված են արցախցի երեխաների  պատմությունները։ Նրանք կարոտով են խոսում Արցախում անցկացրած ամեն մի օրվա մասին, վերապրում երջանիկ պահերը, երազում կրկին ապրել այնտեղ։

Թվային հարթակը փաստահավաքագրում իրականացնելուց բացի Արցախի երեխաների համար նաև ցանցային գործող համայնք է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում բնակություն հաստատած երեխաները կարող են գտնել իրար, խոսել հարազատ բարբառով, պատմել իրենց պատմություններն ու միանալ 101 երեխաներին։

Կարինե Բախշիյան

«Հավատում եմ, որ Աստծո կամքով, մեր տղաների ջանքերով մի օր հետ ենք վերադառնալու մեր հայկական Արցախ»

Լարիսա Հարությունյանը երկար տարիներ աշխատել է Տողի թանգարանում՝ ամբողջ հոգով նվիրված Մելիք Եգանյանների ապարանքներին: Հինգ երեխա է մեծացրել՝ 4 աղջիկ, 1 տղա: Բոլոր երեխանները իրենց ընտանիքներով ապրում և արարում էին Հադրութում:

«Թանգարանի ողջ ֆոնդը մնացել է Տողոմ, նույնիսկ արծաթե դրամները: Թանգարանի բանալիները մեր տան բանալիների հետ դեռ պայուսակումս են, չեմ կարող հանել»:

Վերջի օրերին գյուղում մի քանի կին էին մնացել, հետո ստիպել են հեռանալ գյուղից․ մտածում էին, որ մի քանի օրեց կվերադառնան նորից։ «Չեի ուզում հեռանալ գյուղից․ որդիս պատերազմում էր, իմ արյունը թանկ չէ նրա արյունից, բայց ամուսինս ստիպել էր, որ գնամ: Ասացին, որ երեք օրով ենք գնում ու հետո նորից գալու ենք, բայց… չեկանք: Նույնիսկ վերջին անգամ հրաժեշտ չտվեցինք»:

Տնից գրեթե ոչինչ չեն վերցրել, ոչ տեխնիկա, և ոչ էլ նույնիսկ փաստաթղթերը: «Իմ փաստաթղթերը հետո բարեկամս էր բերել: Ամուսինս էլ այն մարդկանցից մեկն էր, որ վերջինը դուրս եկավ գյուղից, բայց նույնիսկ իր փաստաթղերը չի վերցրել, և աշխատանքային գրքույկի բացակայության պատճառով նրա այդքան տարիների աշխատանքային ստաժը կորել է: Մեր բոլոր գյուղտեխնիկան ևս մնաց այնտեղ: Բայց ոչ այդ փաստաթղթերը, ոչ էլ այդքան տարիների մեր ջանքերը աչքիս չեն երևում, ցավը՝ կորսյալ մարդկային կյանքերն են, որոնք այլևս հետ չես բերի»:

Ինչպես բոլոր արցախցիները, տիկին Լարիսան ևս մտահոգված է 40+10 աջակցության կրճատմամբ, ինչը  կործանարար հետևանք է ունենալու արցախահայության համար: «Ես և ամուսինս գոնե թոշակառու ենք, ինչ-որ չափով աջակցությունը մեր համար շարունակվելու է, բա ի՞նչ պետք է այն ընտանիքները, ովքեր ունեն երեխաներ, մենակ են, չունեն ընտանիքում կերակրող, վիրավոր են: Այդ աջակցությամբ գոնե տան՝ վարձերը վճարենք, իսկ աշխատավարձով մյուս ծախսերը հոգանք: Հասկանալի է, որ արցախահայության մեծ մասը ապրում են վարձով, իսկ վարձի գները աստղաբաշխական են»:

Տիկին Լարիսան ևս երազում է մի օր վերադառնալ տուն, որտեղ ծնվել, ընտանիք է կազմել, երախա մեծացրել, աշխատել:

«Հավատում եմ, որ Աստծո կամքով, մեր տղաների ջանքերով մի օր հետ ենք վերադառնալու մեր հայկական Արցախ: Բայց բոլորը պետք է կանգնեն մեր տղաների կողքին։ Հեռվում կանգնած հայ չպիտի լինի»:

Ալվարդ Գրիգորյան

CaveLab՝ արցախցի ծնողների հետքրքրությունը տեխնոլոգիական կրթության հանդեպ աճել է

Մարտի 30-ին CaveLab ինժեներական դպրոցը կանցկացնի բաց դաս, որի նպատակը բոլոր ներկաներին թվային ինժեներիային, ռոբոտաշինությանն ու բարձր տեխնոլոգիաների հնարավորությունների հետ ծանոթացնելն է։

CaveLab հիմնադրվել է 2024թ ին` ամերիկահայ Հարություն Դարաղչյանի և «Մունք» տեխնոդպրոցի համատեղ ջանքերով: Սասուն Դավթյանը, ով CaveLab դպրոցին զարգացման պատասխանատուն է հիմա, «Մունք» տեխնոդպրոցի աշխատակիցներից է եւ տեխնոաշխարհի ուղին մեկնարկել է իր համար Արցախում՝ «Մունք»-ի փոքրիկ ընտանիքում։

«CaveLab-ը ինժեներական կրթական դպրոց է, որը նպատակ ունի զարգացնել և կատարելագործել պատանիների տեխնիկական հմտությունները՝ նրանց ծանոթացնելով ինժեներական տարբեր ուղղություններին։ Մեր առաքելությունն է նպաստել նորարար և գիտելիքահեն հասարակության ձևավորմանը՝ ապահովելով որակյալ կրթություն և պրակտիկ փորձ։ Մենք ձգտում ենք պատրաստել բարձրակարգ մասնագետներ, ովքեր կկարողանան ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության և արտադրության զարգացման գործում»,- պատմում է Սասունը։

Նա նշում է, որ կրթական ծրագիրը հնարավորություն կտա ուսանողների ծանոթանալ հետեւյալ ուղղություններին ` Lego Mindstroms, Եռաչափ մոդելավորում Freecad-Blender եռաչափ տպագրություն և աշխատատանք հաստոցների հետ, 3D printer, Laser, inkscape/illustrator, CNC – Freeze, ձեռքի գործիքներ, Զոդման աշխատանքներ, Arduino Ռադիոէլեկտրոնիկա Ռադիոդետալներ և պարզ սխեմաներ, աշխատանքային պրակտիկա և շրջայցեր շուկայի ընկերություններ։

Դպրոցը ընդունում է 7-18 տարեկան պատանիների, ովքեր մինչեւ բարձրագույն կրթություն ստանալը կարող են արդեն կողմնորոշվել մասնագիտության հարցում։

«Ցավոք, Արցախի ընտանիքների մեծամասնությունը դեռևս բավականաչափ չեն կարևորում ճիշտ ընտրված մասնագիտության անհրաժեշտությունը, սակայն պետք է նաև նշեմ, որ վերջին ժամանակահատվածում աճ է նկատվում արցախցի ծնողների կողմից կրթության կարևորմանը, հատկապես՝ տեխնոլոգիական կրթության առումով, որը շատ ոգեւորիչ եւ հուսադրող է»,-ասում է Սասունը։

CaveLab-ում կրթության արժեքը կազմում է ամսական 25.000 դրամ, սակայն առանձնացրել են 3 սոցիալական խմբի ներկայացուցիչների, ովքեր կարող են օգտվել զեղչային համակարգից․ պատերազմում զոհված, անհետ կորած, կամ պատերազմում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքի անդամները)—40% զեղչ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների անդամները—30% զեղչ, 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի անդամներ 20% զեղչ։

Սասունը հիշեցնում է, որ բաց դասը լիովին անվճար կլինի, ինչպես նաև այդ օրը բոլոր մասնակիցները կստանան սովորելու որոշակի զեղչային նվեր քարտեր։

Զարգացող ու հարափոփոխ մեր ժամանակներում տեխնոլոգիական կրթությունը կարեւորելով եւ երեխաներին ժամանակակից կրթություն տալու համար CaveLab-ն առաջարկում է լինել https://www.facebook.com/share/15q2jqky1Z/?mibextid=LQQJ4d տեղեկացված եւ միասին հասնել տեխնոլոգիական առաջընթացի։

Մարիամ Սարգսյան

«Խոսքը չի գնում միայն հետքաշման մասին, խոսքը գնում է նաեւ ապագայում հնարավոր ուժերի մասին»

Ադրբեջանի այս գործելաոճը նոր գործելաոճ չէ, անցած տարի, նախանցած տարի բազմաթիվ են եղել նման հայտարարությունները, թե իբր Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում։ Հիմա, իհարկե, ունենք շատ կարեւոր գործիք, դա Եվրամիության դիտորդներն են, որոնք արձագանքեցին այս ամենին։ Միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որեւէ դրական գործընթացի»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հարցին, թե այդ դեպքում ԵՄ դիտորդներին սահմանամերձ շրաջաններից հանելը ի՞նչ հետեւանք կունենա, նա պատասխանեց, որ դեռ այդ սցենարը քննարկելու կարիք չկա, քանի պայմանագրի կնքման գործընթացն այդքան էլ արագ չի շարժվում առաջ։

«ԵՄ դիտորդների այս մանդատը երկու տարով է։ Իհարկե, հետագայում, եթե ունենանք խաղաղության այդ առաջընթացը, եթե ստորագրենք, վավերացնենք, եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրամիության դիտորդների համար։ Պարտադիր չէ, որ նրանք սահմանափակվեն սահմանագծով, մանդատում կա նաեւ վստահության միջոցառումների ստեղծումը։ Ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդները շարունակեն մնալ»,- ասաց նա։

Պարույր Հովհաննիսյանը նաեւ հարցադրում արեց․ «Եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք Եվրամիության դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է, իսկ երրորդ երկրի ուժ ասելով՝ սովորաբար խոսք է գնում ռազմական ներկայության մասին։ Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ»։

Հարցին, որ երբ Բաքուն պահանջում է ՀՀ սահանից հեռացնել երրորդ ուժերին՝ ԵՄ դիտորդներին, հստակեցվե՞լ է, իսկ Բաքուն ո՞ր ուժերին է հետ քաշելու՝ որպես երրորդ կողմի ներկայացուցիչ, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Խոսքը չի գնում միայն հետքաշման մասին, խոսքը գնում է նաեւ ապագայում հնարավոր ուժերի մասին։ Այդ առումով, իհարկե, այլ սցենարներ հնարավոր են։ Խոսքը գնում է երկուստեք բացառել երրորդ կողմի ուժերի ներկայությունը սահմանի վրա»։

Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար Հայաստանը երկրորդ հայտն է ներկայացրել

«ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է, քննարկում ենք նոր պաշտպանական եւ անվտանգային հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի մեկնարկը, որը մեր քաղաքական եւ անվտագային երկխոսության մաս կկազմի։ Քննարկում ենք այլ ձեւաչափեր, որտեղ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ աշխատանքներ պետք է սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգությանն առաջին անգամ հատկացված է մեծ մաս՝ առանձին գլուխ կա դրա վերաբերյալ,»,- այս մասին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիրտորդների մանդատի երկարաձգումը եւս երկու տարով շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ՝ նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավայրի ապահովմանը եւ էսկալյացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը։

Ըստ Պարույր Հովհաննիսյանի՝ պաշտպանության ոլորտում արդեն կա շատ կոնկրետ շոշափելի ծրագիր՝ Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու հնարավորությունը․ «Եվ մենք երկրորդ հայտն ենք արդեն ներկայացրել այս թվականի համար, Պաշտպանության նախարարության հետ ընթանում է բավականին ակտիվ աշխատանք»։

Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։

Բելգիայի դաշնային խորհրդարանում լսումներ կանցկացվեն Արցախի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ

Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բանաձևի նախագիծն ամիսներ առաջ առաջարկվել է դաշնային պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել դը Մաեգդի կողմից։

Բանաձևի նախագիծը ներկայացրած բելգիացի դաշնային պատգամավոր Էլս Վան Հուֆը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է՝ շատ է կարևորում փաստը, որ Բելգիան աջակցի Հայաստանին՝ մի երկրի, որը կիսում է ժողովրդավարության, իրավունքի գերակայության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի նույն արժեքները։

«Ես խորապես ցնցված էի Լաչինի միջանցքի շրջափակումից, Ադրբեջանի հետագա ագրեսիայից ընդդեմ Արցախի ժողովրդի և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունից՝ ընդդեմ Հայաստանի։ Բելգիան և Եվրոպան պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այն լիովին հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անկեղծորեն աշխատի կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը շարունակի խախտել միջազգային իրավունքը, անհրաժեշտ է, որ եվրոպական մակարդակում սահմանափակումներ կիրառվեն, և ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ վերանայվեն։ Սա է իմ բանաձևի կոչը», – ասել է Էլս Վան Հուֆը։

Միշել դե Մաեգդն էլ նշել է, որ անընդունելի է, որ հայ գերիները դեռևս անմարդկային պայմաններում պահվում են Բաքվի բանտերում։ Դաշնային պատգամավորը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործի։

«Մենք պետք է բարձրացնենք մեր ձայնը։ Մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով ուժեղացնենք ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս հարցն այս շաբաթ կրկին քննարկել եմ արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ։ Խնդիրը հրատապ է։ Այս բանաձևի առաջարկը հենց այս նպատակին է ծառայում։ Այն հորդորում է կառավարությանը գործել և կիրառել իր լծակները։ Պահանջում է Ալիևի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ։ Ես կմնամ լիովին ներգրավված, ինչպես միշտ, և երբեք չեմ հրաժարվի այս պայքարից», – Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միշել դը Մաեդգը։

Բանաձևի առաջարկված նախագծի առանցքային կետերի թվում են արցախահայության անվտանգ վերադարձի հարցը, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, տարածաշրջանում կայուն խաղաղության անհրաժեշտությունը,  հայ գերիների ազատումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու շատ այլ հարցեր։ 

Իրանի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր կայցելի Հայաստան, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Ըստ իրանական կողմի՝ Արաղչին Երևան է ժամանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում վերջին զարգացումները։

Հայկական կողմը փոխանցում է, որ Արաղչին Հայաստան է ժամանում մեկօրյա այցով, վաղը արտգործնախարարությունում նա կհանդիպի Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

Սա արտգործնախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան։

Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

DW

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) կիրակի օրը՝ մարտի 23-ին, առաջադրել է պաշտոնանկ արված և բանտարկված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու։ CHP-ի փրայմերիզներին մասնակցել է Թուրքիայի 15 միլիոն քաղաքացի, ինչը կազմում է երկրում գրանցված ընտրողների գրեթե մեկ քառորդը։ Նրանցից 13,2 միլիոնը աջակցություն է հայտնել Իմամօղլուին, ով միակ թեկնածուն էր։

CHP-ի նախագահ Օզգուր Օզելը կոչ է արել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և մրցակցել Էքրեմ Իմամօղլուի դեմ։

Նույն օրը ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Ստամբուլի քաղաքապետարանի մոտ՝ բողոքարկելու այն, ինչ նրանք համարում են Էրդողանի մրցակցի քաղաքական դրդապատճառներով հետապնդում: «Իմամօղլուն մի կողմից բանտում է, իսկ մյուս կողմից՝ նախագահական գնալու ճանապարհին»,- հանրահավաքում Օզելի խոսքերը մեջբերում է AP-ն։ Ցուցարարների առջեւ ելույթ է ունեցել նաեւ նախագահի նոր թեկնածու Դիլեք Քայա Իմամօղլուի կինը։

Ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել և բախվել ոստիկանության հետ, գրում է Milliyet-ը։ Արդյունքում, նրա տվյալներով, 66 ցուցարար բերման է ենթարկվել, հինգ ոստիկան վիրավորվել է։