Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:
Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ:
Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:
Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ:
Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն:
Շնորհակալություն ուշադրության համար։
հարգանքով՝
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան”:
Ընտրությունների օրը՝ մարտի 30-ին, պատգամավորը, իբր, հարբած վիճակում, լրագրողների հետ շփվելիս մի շարք անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ է արել, իրեն փոքր-ինչ լկտի է պահել, իսկ հարցին, թե պատրաստվո՞ւմ է վայր դնել իր մանդատը, ասել է, որ «2026-ին իշխանությունն այսպես թե այնպես կփոխվի, ինչո՞ւ հիմա հրաժարվել մանդատից»։
Պետք է ենթադրել, որ Գաբրիելյանին մանդատը վայր դնելու «առաջարկով» SMS-ը եկել է նրա հենց այն խոսքերի պատճառով, որ «այսպես թե այնպես, իշխանությունը փոխվելու է 2026 թվականին»։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ «իշխանությունը կփոխվի» մինչև 2026 թվականը, երբ կիրականացվի Հայաստանի վերացման Փաշինյանի «խաղաղության ծրագիրը»։ Իսկ «Շիրվան, Գարդման, Նախիջեւան» խմբի համակարգող Վիգեն Գաբրիելյանին «անհարմար» կլինի հայտնվել մի թիմում, որը կքվեարկի Երրորդ Հանրապետությունը վերացնելու և հայկական իրավունքներից ու տարածքներից հրաժարվելու օգտին։