–Արցախահայության խնդիրները սոսկ սոցիակալան բնույթի չեն։ Մենք ստամոքսակռիվ չենք տալիս, ոչ էլ փող մուրում։ Պարզապես դեռևս բնակարանով չապահովված և աստղաբաշխական թվերի հասնող վարձավճարով ապրող արցախցիների հանդեպ ՀՀ Կառավարությունը սխալ մոտեցում է ցուցաբերում։ Մենք ունենք ավելի մեծ հարցեր՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատում, հավաքական վերադարձ պապենական Արցախ,- ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում և 2023-ի սեպտեմբերին վառելիքի պահեստի պայթյունից զոհված զույգ որդիների հայր, կրկնակի տեղահանված Արթուր Ավանեսյանը։
Մասնակցելով օրերս արցախցիների կազմակերպած մեծ հանրահավաքին՝ նա իր կարծիքն ու մտահոգություններն է հայտնում
-Տավուշի մարզի Այրում քաղաքում ենք հաստատվել ընտանիքով։ Ավելի քան 200 կմ ճանապարհ եմ անցել, որ միանամ իմ հայրենակիցներին։ Ճիշտ է, ուրախացել եմ, երբ տեսել եմ բռունցք դարձած մեր հայրենակիցներին, սակայն, կարծում եմ, կարող էինք ավելի մեծաքանակ արցախցիներով հավաքվել։ Ինձ համար մտահոգիչ էր մայրաքաղաքի բնակչության վերաբերմունքն արցախցիների հոգսերի ու խնդիրների հանդեպ։ Քիչ քանակությամբ երևանցիներ են միացել մեզ։
Միայն ու միայն հաստատակամ, վճռական, միաձույլ պայքարի շնորհիվ կկարողանանք նպատակի հասնել։ Ազատության հրապարակում մենք հավաքվել ենք ոչ միայն սոցիալական հարցեր բարձրաձայնելու, այլ առաջին հերթին՝ իշխանության ուշադրությունը բևեռելու հայ գերիների վերադարձի հարցին, որը միշտ պետք է օրակարգում առաջնահերթ լինի։ Այսօր արցախցիներս հանդիպում ենք իշխանության և որոշ տեղացիների կողմից տարվող պատվակոխ արվող վերաբերմունքի։ Հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում այնպիսի թշնամական մեկնաբանություններ են արվում, որ իրենց տեղ ես եմ ամաչում ու նաև զարմանում։ Մի՞թե մենք այդքան ատելի ենք դարձել։ Ինչո՞ւ: Մենք ընդամենն ուզում ենք արժանապատվորեն ապրել Մայր Հայաստանում, սակայն օրեցօր կանգնում ենք չքավորության եզրին։ Ցավոք, այդ վերաբերմունքը հանգեցնում է արտագաղթի, արցախյան գենի վերացման։
Աստված ազգերին հող է պարգևել ապրելու համար։ Այդ հողում ծնվածն իր հողից դուրս երկրորդական կարգի մարդ է։ Լինի դա Ռուսաստան, Ավստալիա, կամ այլ երկիր: Ամենամտահոգիչ հարցը Մայր Հայաստանի փրկությունն է, քանզի նրա զորությամբ կկարողանանք հետ բերել Արցախը։
Արցախցու առաջնահերթությունների թագավորը պատիվն է, և այսօր յուրաքանչյուրիս համար ամենագլխավոր հարցն այն է, թե ինչ պատասխան պետք է տանք մեր պապերի գերեզմաններին։ Արցախի փրկությունը ոչ միայն համազգային, այլ նաև համամարդկային է։
Արթուր Ավանեսյանն ունի դեռևս չլուծված խնդիր, որի մասին խոսելիս մեծ ցավ է ապրում
-Մինչև այսօր հայտնի չէ այդ սարսափելի պայթյունի պատճառը։ Սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախը կանգնել էր ցեղասպանության վտանգի առաջ և ամեն մի օրն անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ արցախահայության համար, առաջացել էր վառելիքի խնդիր։ Մարդիկ ստիպված էին վառելիք ձեռք բերելու համար հասնել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ գտնվող վառելիքի պահեստ։ Արդյունքում՝ հարյուրավոր զոհեր, որոնց թվում էր որդիս։ 219 զոհված արցախցի դեռևս չունի իրավական կարգավիճակ․ նրանց ընտանիքները չեն ստանում պետական աջակցություն և փոխհատուցում։ Անհետ կորած են համարվում 22 հոգի։ Սեպտեմբերի 25-ին պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է, սակայն կառավարությունը չի ցանկանում համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերել անհետ կորածների, պայթյունից տուժածների ընտանիքներին: Այդ ընտանիքները մի կողմ քաշված ապրում են՝ միայն իրենք իմանալով իրենց կեղեքող ցավի աստիճանը:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ