Sputnik. Վատիկանը վավերացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է «Vatican News»-ը։
Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականին Օսմանյան կայսրության Մարտին քաղաքում։ 1883թ. ընդունվել է Լիբանանի Զմմառու վանք: 1896թ. ձեռնադրվել և ուղարկվել է Ալեքսանդրիա, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերել արաբերեն և թուրքերեն քարոզների շնորհիվ:
Ավելի ուշ Հայոց պատրիարք Պողոս Պետրոս XII-րդը նրան Կոստանդնուպոլիս է հրավիրել որպես անձնական քարտուղար, սակայն շուտով Մալոյանը վերադարձել է Ալեքսանդրիա` հովվական գործունեության։ 1904 թվականին նշանակվել է Մարտինի պատրիարքական փոխանորդ, ապա ստացել է եպիսկոպոսի աստիճան։
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Մալոյանը փորձել է քրիստոնյաներին զերծ պահել Օսմանյան իշխանությունների հետապնդումներից։ 1915 թվականի հունիսի 3-ին նրան և ևս 13 քահանաների ու շուրջ 600 հավատացյալների ձերբակալել են և տարել Դիարբեքիրի մոտ գտնվող Կարա-Քենպրու գյուղ։ Հունիսի 11-ին Մալոյանին սպանել են, քանի որ հրաժարվել է ուրանալ քրիստոնեությունը։
Հիշեցնենք` Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը 2021 թվականին Սուրբ Պետրոս հրապարակում հավատացյալների և բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ կատարեց Մալոյանին երանելիների շարքը դասելու արարողությունը։