«Արցախցիների գույքային իրավունքը, որը վերադարձի իրավունքի կոմպոնենտներից մեկն է, շարունակում է հավիտյան պահպանվել։ Եվ արցախցին պետք է տեր կանգնի իրավունքին՝ անելով նվազագույնը, գոնե դիմում ուղարկի միջազգային ատյաններ։ Եթե Ադրբեջանի հետ բանակցվող այս պայմանագիրը հրապարակվի, եթե տեսնենք, որ այնտեղ ընդհանրապես մեխանիզմ չկա, դա արդեն շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով այսօրվա հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր Արցախում թողել են գույք, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է տասնամյակներ շարունակ։ Կոնկրետ Հյուսիսային Կիպրոսի դեպքը շատ նման է Արցախի դեպքին։ Թուրքիայի ռազմական գործողությունների հետեւանքով 1974 թվականին 230 հազար մարդ բռնի տեղահանվել էր՝ թողնելով այնտեղ իրենց գույքը։ Եվ 10 տարի անց, երբ Սահմանադրության ուժով ազգայնացվեց այդ ամբողջ գույքը, 20 տարի, 30 տարի անց միջազգային հանրությունը չընդունեց դա։ Այդ օրենքները, որոնցով այդ գույքը հանրայնացվել էր, համարվեցին անօրինական, որովհետեւ բռնության արդյունքում էր դա իրականացվել։ Եվ թեկուզ 30-40 տարի անցել էր, բայց դատարանները որոշումներ էին կայացնում, որ այսինչ մարդը շարունակում է իր գույքային իրավունքն ունենալ։ Հետեւաբար, կամ պետք է վերադառնա ապրի այնտեղ, կամ պետք է փոխհատուցում տրվի։ Այսինքն՝ եթե արցախցին այսօր Երեւանում է, Հայաստանում է ու չի կարողանում իր գույքն օգտագործել, 5 տարի էլ անցնի, 10 տարի էլ անցնի, 20 տարի էլ անցնի, իրավունքի ուժով տիտուլը՝ տիտղոսաթերթը շարունակում է արցախցին պահել»,- ասաց Արա Ղազարյանը։
Մասնագետի խոսքով՝ այս իրավունքն արցախցիներն ունեն նաեւ այն գույքի նկատմամբ, որն այսօր ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի այսօրվա գործողությունները միջազգային հանցագործություն է։ «Բայց ցանկացած տեսակի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ, եթե անձն ունի այդ տիտղոսաթերթը, դա շարունակում է պահպանվել տասնամյակներ, մինչեւ որ որոշում չկայացվի, իսկ որոշումը հետեւյալն է՝ կամ թույլ եք տալիս, որ անձը վերադառնա եւ ապրի, բայց արժանապատիվ ու անվտանգ կյանքով, կամ տալիս եք հատուցում։ Սա այն հրամայականն է, որին այսօր Ադրբեջանը բախվել է եւ լուծում չունի, որովհետեւ ինչ լուծում էլ առաջարկեն իրենք, համարվելու է անօրինական։ Միջազգային որեւէ քաղաքական կամ դատական մարմին որեւէ հիմք չունի Ադրբեջանի այդ լուծումներն ընդունելու»,- հավելեց նա։