«Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը միջազգայնորեն ընդունված Ադրբեջանի տարածք է, ապա մարդու իրավունքների տեսանկյունից այլ կերպ է դա ձեւակերպված․ ձեւակերպվում է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ այսօր ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Անդրադառալով հարցին, թե ինչքանո՞վ է վերադարձի իրավունքը կապված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ, Արա Ղազարյանն ասաց․ «Եթե մենք այս հարցին մոտենանք մարդու իրավունքի տեսանկյունից, այստեղ շատ հետաքրքիր լուծում կա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի եւ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրում։ Այնտեղ իրենք ունեն 12-րդ հոդվածը՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Իսկ ազատ տեղաշարժը երեք ձեւաչափով է՝ երկրի ներսում տեղաշարժ, երկրից դուրս գալը եւ իր սեփական երկիր վերադառնալը։
Այս արտահայտությունը՝ «իր սեփական երկիր», մեկնաբանվում է որպես հայրենիք։ Չի մեկնաբանվում որպես այն տարածք, որի քաղաքացի ես դու, դա Ալիեւի թեզն է, որն ասում է՝ քաղաքացիություն ունեք եւ վերադարձեք։ Իրավաբանորեն «քո սեփական երկիր» ձեւակերպման տակ մեկնաբանվում է այն ամենը, ինչը մարդու համար հայրենիք է։ Օրինակ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Եվրոպական դատարանն արդեն որոշել է, որ Սարգսյանն իրավունք ունի վերադառնալ ոչ միայն իր տուն՝ Գյուլիստան գյուղ, այլ նաեւ այցելել հարազատների շիրիմներին։ Սա շատ հետաքրքիր նախադեպ է, այն փոքր մոդելն է, որն այսօր Ադրբեջանի դեմ ենք դնում իրավական հարթությունում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը միջազգայնորեն ընդունված իր տարածքն է, ապա մարդու իրավունքի տեսանկյունից դա ձեւակերպված է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը։ Երբ մենք հիմա, երբ գանգատներ ենք ներկայացնում, հենց այս բանաձեւով ենք ներկայացնում, որի դեմ չեն կարող ներկայացնել հակաթեզ»։
Արա Ղազարյանի խոսքով, երբ Ալիեւն այսօր ասում է, թե իբր արցախցիների կառուցածն անօրինական է, կարող են նրանցից խլել այդ գույքը, նման հասկացություն չկա միջազգային իրավունքում։ «Ոչ, դու քո սեփական օրենքներն ես հորինում, քո սեփական իրավաբանությունը, նման իրավաբանություն չկա։ Եթե արցախցին կառուցել է, կառուցելու ուժով ինքն արդեն ստանում է սեփականության իրավունք, դա մարդու իրավունքի բանաձեւն է» ,- հավելեց նա։