Ինչ-որ մեկը երգել է Доля воровская-ն, դուբինկայիվ խփել է, ասել՝ «պետք է երգեք Господа офицеры

  • 16:25 07.04.2025

Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից և ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննարկմանն ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Այդմասին հաղորդում է news.am-ը։

«Դա մի սարսափելի վիճակ էր։ Ես անմիջապես զանգահարել եմ քրեակատարողական ծառայություն, հասարակության հետ կապերի բաժին և հարցրել եմ՝ ի՞նչ է կատարվում հինգերորդ հարկում Նուբարաշենի։ Դրանից հետո ես զանգել եմ ՄԻՊ գրասենյակ և ասել եմ, որ այսպիսի վիճակ է այնտեղ։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել և ես անմիջապես գրառում եմ արել: Դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մոտ է մտնում այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով»,- ասաց նա:

Ալեքսանյանը նաև նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել ծեծն ու խոշտանգումը: «Նախ խցերն ավերել են, ամեն ինչ թափել, շպրտել են սնունդը, հագուստեղենը և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են դուբինկաներով ծեծել»,- պատմեց նա:

Իսկ պատճառը, ըստ Ալեքսանյանի, եղել է զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկի՝ «Доля воровская» երգը երգելը: «Հենց դրանից հետո է եղել այս ամենը ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պիտի երգեք «Գասպադա օֆիցերի» երգը։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մի քանի հոգու հետ եմ խոսել և, երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրա մասին:

Այդ սպեցնազ կոչվածը, որը ես համարում եմ բանդիտական խումբ, իր արտոնյալ վիճակով, առևանգել է դատապարտյալներից մեկին։ Ես կարող եմ հրապարակել անուն-ազգանունը՝ Դավիթ Մինասյանը։ Երկրորդ օրը դեռ նա չկար տեղում, այսինքն ո՞նց կարող են առևանգել, ո՞նց կարելի է, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասաց նա:

Իսկ թե որտեղ է հիմա դատապարտյալը, իրավապաշտպանը տեղեկություն չունի, նշեց՝ հրապարակում է, որ այդ տեղեկությունները հավաքվեն:

Դատապարտյալներից մեկը ցանկացել է իր առավելությունն ընդգծել այլ դատապարտյալների նկատմամբ, քրեական ենթամշակույթի հետ կապված ազդեցություն ունենալ և այդ համատեքստում որոշում է կայացվել տվյալ անձին տեղափոխել այլ ՔԿՀ, ինչը ՔԿԾ պրակտիկայում առաջին դեպքը չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը՝ պաշտոնական մեկնաբանություն տալով, թե ինչ է կատարվել «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ում։

Հովհաննես Մարգարյանի խոսքով, դատապարտյալներին տրվել է բավարար ժամանակ, որ կատարեն ՔԿՀ ծառայողների օրինական պահանջները, չկատարելուց հետո կիրառվել է ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք. «Երբ ասվում է ֆիզիկական ուժ, միանգամից բոլորն այստեղ հասկանում են, որ դա ծեծն է, բայց ձեոքը ոլորելը եւս համարվում է ֆիզկական ուժ: Կոտրվածք ոչ մի անձի մոտ չկա, կապտուկներ եղել են, քանի որ այդ անձինք շարունակել են ցույց տալ դիմադրություն, չեն ենթարկվել օրինական պահանջներին»:

Նշենք, որ օրեր առաջ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել էր. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որ 5-րդ հարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել: Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի՞ համար։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարդկանց»: