Սիրասուն մայր, նվիրված կին, հավատարիմ ընկեր, ազատամարտիկ․․․ Այս ամենն ամփոփված է արցախցի Իրինայի մեջ, ով անկախ ծանր ապրումներից և օրախնդիր բազում հարցերից, շարունակում է ժպտալ աշխարհին իր բարի ու անկեղծ ժպիտով:
Իրինան ծնվել է Արցախի Ասկերան քաղաքում։ Շուրջ 30 տարի աշխատել է Ասկերանի շրջանի դատախազությունում՝ որպես գրասենյակի պետ։ Հենց այնտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Լեոնիդին, ընտանիք կազմել։ Ունի երեք երեխա՝ 2 տղա ու մի աղջիկ։ 2023-ի սեպտեմբերի 19-ին որդիները մարտական դիրքերում էին:
Արցախի տեղահանությունից հետո Սարգսյանների ընտանիքը որոշեց՝ պետք է կարողանա հաղթահարել արցախցիներին պատուհասած մեծ փորձությունը և ոտքի կանգնել
-Տեղահանությունից հետո հարազատ մարդկանց միջամտությամբ կարողացել եմ աշխատանք գտնել։ Աշխատում եմ “Բարև՜, ես եկա” զարգացման կենտրոնում՝ որպես դաստիարակի օգնական։ Ինչպես Արցախում, այստեղ ևս շրջապատված եմ հիանալի մարդկանցով։ Գոհ եմ բոլորից իմ հանդեպ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար։ Ի դեպ, տնօրենը՝ Շահանե Բաղդասարյանը, Արցախից է։ Միանգամից մերվել եմ նոր շրջապատիս ու շատ կապվել երեխաների հետ։
Ամուսինս շինարարական խանութում գանձապահ է աշխատում։ Ավագ որդիս՝ Լեոն, բեռնատար ավտոմեքենա է վարում, իսկ Տիգրանը՝ կրտսեր որդիս, առաքիչ է։ Մեր ընտանիքից 4 հոգի աշխատում ենք, ու երբեք չենք մտածել պարապ նստել։ Արցախցին սովոր է օրվա հացը վաստակել իր քրտինքով։
Աղջիկս՝ Անաստասիան, հիմնական դպրոցն ավարտելուց հետո հաճախում է վոլեյբոլի պարապմունքների և պատրաստվում է քոլեջ ընդունվել։ Նա իրեն տեսնում է սպորտի բնագավառում։ Մեզ հետ է ապրում նաև թոշակառու մայրս,-ասում է Իրինան։
18 տարեկան էր, երբ բուժքրոջ պարտականություններ է իր վրա վերցրել Արցախյան առաջին պատերազմում։ Հայրենիքի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից, և Իրինան իր սրբազան պարտքն էր համարում լինել մարտի դաշտում, օգնել վիրավոր տղաներին՝ հետագայում իր զավակներին դաստիարակելով նույն ոգով
-Չէի վախենում․ ասես մի գերբնական ուժ էր մտել իմ մեջ: Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ մասնակցությունն ունենալ Արցախի ազատության ու անկախության համար: Քույրական աշխատանք եմ կատարել։ Շատ դժվար օրեր էին, սակայն մեր տրամադրությունը հաղթական էր, և այդ բոլոր դժվարություններն անտեսում էինք, քանզի ուժեղ էինք ու հավատով լի։ Բոլորս միասնական մեկ գաղափարի շուրջ էինք համախմբված։ Դա Արցախի ազատագրումն ու Մայր Հայաստանի հետ վերամիավորումն էր։
Ամուսինս մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Այդ ժամանակ տղաներս դպրոցահասակ էին։ Իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ որդիներս ծառայության մեջ էին։ ԱՀ ՊԲ ժամկետային զինծառայությունն անցնելուց հետո պայմանագրային հիմունքներով շարունակում էին ծառայել։ Այդ օրը նրանք Սառնաղբյուրի մարտական դիրքերում էին։ Շատ ահավոր էր, չէինք կարողանում կապվել նրանց հետ։ Մեր տնից երևում էր, թե ինչպես են հրետակոծվում դիրքերը, որտեղ Լեոն ու Տիգրանն էին։ Տեղս չէի գտնում ու հանգստացա միայն այն ժամանակ, երբ զավակներս տուն հասան։
Չէինք մտածում, որ կարող ենք մի օր լքել մեր հայրենիքը։ Սակայն արդեն ամեն ինչ որոշված էր։ Սեպտեմբերի 25-ին, այդ սարսափելի օրը, մենք ճամփա ընկանք դեպի Հայաստան։ Ճանապարհին լսեցինք, որ վառելիքի պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել ու շատ զոհեր ունենք։ Մղկտալով հատեցինք Հակարի կամուրջը:
Արցախյան առաջին պատերազմից սկսած մինչև վառելիքի պայթյունի հազարավոր զոհերի համար եմ ափսոսում։ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն Արցախի, իսկ մենք թողեցինք ու դուրս եկանք՝ թեև մեր կամքին հակառակ։ Սակայն երբեք չպետք է կորցնենք մեր հույսը, որ վերադառնալու և տեր ենք կանգնելու մեր հող ու ջրին, որովհետև Արցախի իրական տերերը միայն մենք ենք:
Հոգու ցավը ներսում խեղդելով և միշտ լավատեսությամբ լցված արցախցի կինը շնորհավորում է հայ կանանց մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ
-Աշխարհի ամենահոգատար, հմայիչ և սիրառատ մեր հայ մայրերին շնորհավորում եմ տոնի առթիվ։ Հայ կինն արժանի է մեծարանքի։ Իսկ մեծարել հայ կնոջը՝ նշանակում է մեծարել մեր ժողովրդին, փառաբանել մեր ազգը, քանզի ազգը կնոջ շնորհիվ է հարատևում: Հերոս է հայ կինն ու հերոսածին: Չմոռանանք նաև, որ կինն արվեստ է, գեղեցկության խորհրդանիշ: Եթե չասենք, որ
կինն արևից է ստեղծվել, ապա պետք է ասենք, որ կնոջ աչքերի
առեղծվածների ակունքն արևն է: Կինն արևից է առել վառելու,
կայծակելու և ջերմացնելու հզոր կարողությունները: Նրա մեջ
են մարմնավորված երկու վսեմագույն կերտվածքները՝
մայրությունն ու գեղեցկությունը:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ