«Արդեն իսկ սկսել ենք հանրային քննարկումները, փորձելու ենք հանդիպել այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կհամախմբվեն մեր օրակարգի շուրջը։ Միեւնույն ժամանակ տեղի են ունենում քննարկումներ կառավարության հետ։ Այսօր եւս ունեցել ենք հանդիպում փոխվարչապետի հետ, ստեղծելու ենք մասնագիտական խմբեր՝ բնակարանային ծրագրերի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար։ Առաջիկայում կհայտարարենք արդյունքների մասին»,- այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշեց, որ փոխվարչապետ հետ քննարկման թեման եղել են սոցիալական հարցերն ու բնակարանային ծրագիրը։ «Պայմանավորվել ենք ստեղծել փորձագիտական խմբեր, իրենց հետ քննարկումներ ենք ունենալու առաջիկայում, ներկայացնելու ենք մեր առաջարկությունները, լսելու ենք իրենց դիտարկումները, որից հետո խորհուրդն իր դիրքորոշումը կհայտնի»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ հավելեց, որ կառավարությունից ասել են՝ այս պահին պատրաստ են երեք փորձագիտական խմբի մասով աշխատանքներ իրականացնել, ոլորտներն են՝ սոցիալական ու զբաղվածության ծրագիրը, բնակարանային ծրագիրը եւ մշակութային ժառանգության հարցերը։