Ղուլյան․ Հայաստանն այսօր հնարավորություն ունի առաջ մղելու Արցախի հարցը

  • 19:24 07.04.2025

«Այս վերջին ժամանակահատվածում գուցե առաջին անգամ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսում է հենց Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ կամ նույնիսկ այդ լեզվով։ Սա շատ ցավալի է, որովհետեւ մենք չենք կարող այստեղ՝ այս հրապարակում կամ մյուս հրապարակներում խոսել մեր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին եւ մյուս կողմից լսել, որ Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրները կամ քաղաքական կարգավիճակի հարցն այսօր դուրս է մնացել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

Ղուլյանի խոսքով՝ կյանքն ինքն է ճիշտ սրբագրումներ անում, եւ այն հանգամանքը, որ նույնիսկ այսպիսի զիջումների գնալով՝ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու որեւէ պատրաստակամություն չեն ցուցաբերում, սա էլ է ցույց տալիս, որ ամեն ինչ էլի գնում է սխալ ընթացքով։

Ղուլյանի խոսքով՝ Հայաստանն այսօր հնարավորություն ունի առաջ մղելու Արցախի հարցը։ Եվ պետք է պատմությունից դասեր քաղել ու հասկանալ, որ երբեք հատկապես մեր տարածաշրջանում ավելորդ զիջողականությունը համարժեք պատասխանի չի արժանանում։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին ու Թուրքիային։

Նրա խոսքով՝ չի եղել պատմության մեջ այնպիսի դեպք, երբ մենք ինչ-որ մի բան փորձել ենք լրացուցիչ զիջել եւ դրա դիմաց ստացել ենք համարժեք պոզիտիվ պատասխան։ «Հետեւաբար, այն աշխատանքը, որն այսօր կատարվում է՝ այդ նույն խաղաղության պայմանագիրը մոտեցնելու իմաստով, ես ցավով եմ սա ասում, սա բոլորովին սխալ ճանապարհ է եւ դժվար թե որեւէ արդյունքի հասցնի»,- ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ դրա վառ օրինակը Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքն է։

«Այն պետությունը, որը 90-ականներին կարողացել է հավաքել իր ամբողջ ռեսուրսը, համահայկական նպատակ սարքել Արցախի ազատագրման հարցը, ես համոզված եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում կարող է նույն ձեւով հավաքել ու ամբողջացնել իր ռեսուրսները»,- ասաց նա՝ հավելելով, որ պետական շահն առաջին տեղում պետք է դնել։