«Իրականում որեւէ մեկը չի կարող Արցախյան շարժումը փակել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ ազդեցիկ պաշտոնում լինի։ Արցախյան շարժման առաջին շահառուն ու սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է, եւ քանի Արցախի ժողովուրդը կա, քանի Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության եւ իրացման հարցը կա, այնքան ժամանակ առկա է Արցախյան շարժումը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա ասաց, որ հայ ժողովուրդը, որպես գլխավոր սուբյեկտ, կարող է ցույց տալ, որ Արցախյան շարժումը շարունակվում է, եւ հնարավորինս լայն համախմբում են ակնկալում այս հարցի շուրջ։
Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։
Նա նշեց, որ սա շատ խայտառակ հայտարարություն է։ «Նախ փաստերը եւ փաստարկները լրիվ խեղաթյուրված են, երկրորդը, ուղղակի հերթական անգամ արձանգարում են, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում արցախցիների իրավունքների պաշտպանության հարց չկա։ Իրենք հերթական անգամ փորձում են մեղքը գցել բոլորի վրա՝ իրենց վրա որեւէ պատասխանատվություն չվերցնելով։ Իրականում հենց ԱԳՆ-ն է մեծ բացթողումներ ունեցել, որ չի կարողացել ապահովել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմներով»,- ասաց Բեգլարյանը։
Նա հիշեցրեց, որ առաջին հանդիպումը պետք է տեղի ունենար Սոֆիայիում՝ 2023 թվականի հունիսին, բայց տեղի չի ունեցել, քանի որ միջազգային մեխանիզմ չկար։ «Ադրբեջանը պնդում էր երկկողմ հանդիպում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ կերպ չի պնդել ու չի աջակցել միջազգային մեխանիզմին։ Եվ մենք պահանջում էինք, որ պետք է լինի միջնորդների մասնակցությամբ ու միջազգային երաշխիքով»,- ասաց Բեգլարյանը։
Երկրորդ հանդիպումը պետք է տեղի ունենար 2023-ի օգոստոսի 1-ին՝ Բրատիսլավայում։ Արցախյան կողմը համաձայնել էր նույնիսկ երկկողմ հանդիպման, առանց միջազգային մեխանիզմի, բայց ադրեջանական կողմը հուլիսի 29-ին առեւանգել էր արցախցի Վագիֆ Խաչատրյանին՝ բանակցությունները վիժեցնելու նպատակով։ «Նույնիսկ դրանից հետո մենք պատրաստ էինք գնալ հանդիպման, եւ արցախյան կողմի ներկայացուցիչները մինչեւ հուլիսի 31-ը սպասում էին թռիչքին՝ տոմսերը գնած։ Հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը չեղարկեց հանդիպումը՝ առանց որեւէ պատճառի։ Եվ այսքանը իմանալով՝ Հայաստանի արտգործնախարարությունը ուղղակի հարցը գցում է արցախյան կողմի վրա»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ԱԳՆ հայտարարությանը՝ «Արցախի լուծարման հրամանագրի մասին», Արտակ Բեգլարյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները գիտեն, այդ «հրամանագիրը» հակասահմանադրական է։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե ՀՀ իշխանությունները հիմք են ընդունում Սամվել Շահրամանյանի այդ «հրահանագիրը», ինչո՞ւ հիմք չեն ընդունում այն, որ նա նաեւ չեղարկող հրամանագր է ստորագրել։ «Բայց, նույնիսկ եթե Արցախը լուծարված են համարում, չունենալով Արցախի Հանրապետություն, չի նշանակում, որ չկա Արցախի ժողովուրդ։ Կա Արցախի ժողովուրդ, եւ կան Արցախի ժողովրդի հրատապ իրավունքներ ու կարիքներ։ Ինչպե՞ս են իրենք այս հարցը փակում, երբ ժողովուրդն առկա է եւ իրենց պատասխանատվության տիրույթում է ամբողջապես գտնվում Արցախի ժողովուրդը»,- հավելեց նա։