«Ամենայն պատասխանավությամբ հայտարարում եմ, որ ՀՀ իշխանություններն անամոթաբար ստում են, Արցախի լուծարման մասին փաստաթուղթ գոյություն չունի իրավական հարթակում։ Եվ նրանք լավ գիտեն այդ մասին։ Հերթական մանիպուլատիվ հայտարարություններն են անում՝ հասարակությանը շեղելու, իրենց մեղքն այլ մարդկանց վրա բարդելու նպատակով»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Նա ասաց, որ արցախցիների ներկայացրած բոլոր պահանջները ՀՀ իշխանությունները վերածել են զուտ սոցիալական խնդիրների եւ փորձում են այդ սոցիալական խնդիրների ներքո ցույց տալ, թե իրենք պատրաստ են աշխատել արցախցիների հետ։ Այնինչ, արցախցիները սոցիալական խնդիրների համար չեն պայքարում, պայքարում են իրենց վերադարձի իրավունքի, գերիների համար, պայքարում են, որպեսզի Արցախի հարցը չփակվի, որպեսզի միջազգային ատյաններում հարուցված դատական գործերը չկանչվեն։
«Բայց այս բոլորի վրա ՀՀ իշխանբությունները փորձում են աչք փակել եւ զուտ սոցիալական խնդիր ներկայացնել»,- ասաց Գալստյանը։