Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագիրը շարունակվում է․ ինչպես դիմել

  • 21:52 07.04.2025

Արցախից բռնի տեղահանված անձանց համար աշխատանքի տեղավորման եւ ուսուցման ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի։ Այս ծրագրի շահառու դառնալու համար Արցախից բռնի տեղահանված 16-63 տարեկան անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից։

Ծրագրի շրջանակներում հնարավորություն է տրվում անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք, անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք, անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։

Առաջին բաղադրիչի շրջանակում տրվում է մասնագիտական ուսուցման հնարավորություն․ Արցախից բռնի տեղահանված անձը կարող է մինչև 6 ամիս ժամկետով սովորել որեւէ մասնագիտություն կամ վերապատրաստվել գործատուի առաջարկած ուսումնական հաստատությունում։ Այդ ընթացքում նրան կտրվի ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50 000 դրամի չափով, ինչպես նաեւ կրթաթոշակ՝ եւս 50 հազար դրամի չափով։ Ուսուցման գործընթացի ավարտից հետո վերջինիս եւ գործատուի միջեւ կկնքվի ամենաքիչը 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի դիմաց գործատուն ամսական կստանա փոխհատուցում՝ առավելագույնը 50 000 դրամի չափով։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում Արցախից բռնի տեղահանված անձը կարող է վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել գործատուի մոտ․ նրա եւ գործատուի միջեւ նվազագույնը 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Այս դեպքում գործատուին 3 ամիս ժամկետով կտրվի ամսական 165 000 դրամ՝ շահառուի աշխատավարձի վճարման համար, ինչպես նաև ամսական առավելագույնը 50 000 դրամ՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար։ Մյուս երեք ամիսը կտրամադրվի 50 000 դրամ՝ հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցման համար։

Երրորդ բաղադրիչի դեպքում անձը նույն պայմաններով կարող է օգտվել առաջին եւ երկրորդ բաղադրիչից, այսինքն՝ անցնել ուսուցում, ստանալ կրթաթոշակ ու ուսման վարձի փոխհատուցում, ձեռք բերել աշխատանքային փորձառություն եւ անցնել աշխատանքի։

Ծրագրի շահառու դառնալու համար թափուր աշխատատեղ ունեցող գործատուն պետք է ներկայացնի դիմում, որ ունեն թափուր աշխատատեղ։ Իսկ թափուր աշխատատեղին հավակնող անձը պետք է դիմի իր հաշվառման վարչական շրջանի ՄՍԾ տարածքային կենտրոն եւ հաշվառվի որպես գործազուրկ։ Այնուհետեւ գործակալության աշխատակիցների կողմից իրականացվելու է մոնիտորինգ, որից հետո որոշում է կայացվելու։

«Ծրագիրը միտված է կայուն զբաղվածության ապահովմանը՝ կառավարությունը վեց ամիս օգնում է, դրանից հետո անձը պետք է շարունակի աշխատել տվյալ գործատուի մոտ, քանի որ ծրագրի նպատակն է կայուն զբաղվածության ապահովումը։ Ամսվա ընթացքում հանպատրաստից մոնիթորինգ ենք իրականացնելու, եթե երեք անգամ բացահայտվի, որ աշխատակիցը տեղում չէ, ծրագիրը դադարեցվում է»,- step1.am-ի հարցմանն ի պատասխան ասացին ՄՍԾ տարածքային կենտրոնից։

Ռոզա Հավհհանիսյան