Անդրադառնալով արցախցիների բնակարանային ապահովման ծրագրին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ 900 ընտանիք է ստացել սերտիֆիկատ, որով կարող է տուն գնել կամ կառուցել. «900 ընտանիքներից 100-ն են դեռ իրացրել իրենց սերտիֆիկատի իրավունքը: Ընդհանուր քանակի տեսանկյունից, 900 ընտանիքը՝ 3800 մարդ, մոտ 10 անգամ պակաս է, քան այս ժամանակահատվածում կարող էին դիմած լինել, որովհետեւ առնվազն 4000 ընտանիք կա, որ 3 եւ ավելի անչափահաս զավակ ունեն, բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ունեն 2 անչափահաս երեխա»:
Փոխվարչապետը չի նշել պատճառները, թե ինչու արցախցիները չեն կարողանում իրացնել արդեն իսկ ստացած սերտիֆիկատները։ Նախկինում, հիմա էլ իներցիայով կառավարությունը ասում է, իբր արցախցիները “չեն ուզում ինտեգրվել և ՀՀ քաղաքացիություն ստանալ”։ Սակայն ակնհայտ է, որ 900 ընտանիք ստացել են քաղաքացիություն, բայց չեն կարողանում տուն գնել։ Եւ այստեղ ի հայտ են գալիս բուն ծրագրի խնդիրները․ և գումարի ծիծաղելի չափը, և բանկային խոչընդոտները, և ամենագլխավորը՝ քաղաքական կամքի բացակայությունը։
Արցախցիներն ի սկզբանե առաջարկում էին Հայաստանի տարբեր բնակավայրերում թաղամասեր կառուցել կամ վերակառուցել լքված շենքերը, որտեղ կոմպակտ ու համայնքային սկզբունքով կարող էին ապրել արցախցիները։ Նույնիսկ ասվում էր, որ սեփականության իրավունքը պարտադիր չէ, կարևորը՝ անվճար ապրելու տեղ լինի, իսկ օրվա հացը արցախցիները միշտ էլ կաշխատեն։
Այս 1,5 տարվա ընթացքում նման թաղամասեր հաստատ կարելի էր կառուցել՝ Երևանում 1,5 տարում 20 հարկանի շենքեր են բարձրացնում։ Սակայն կառավարությունը այլ ճանապարհ ընտրեց, ըստ երևույթին, վախենալով արցախցիների կոմպակտ բնակվելուց։ Դեռ ցեղասպանությունից անմիջապես հետո իշխանամետ շրջանակներում ասում էին, որ արցախցիները ուր որա կգան և իշխանություն կվերցնեն։
Բայց 1,5 տարի անց արցախցիները ոչ մի անգամ չհավակնեցին իշխանության, ոչ միայն վրանային քաղաքներ, այլև բարիկադներ չկառուցեցին, թեկուզ առիթներ շատ ունեին։ Եւ անհասկանալի է, թե հիմա ինչի՞ց է վախենում իշխանությունը, խուսափելով արցախցիների կոմպակտ բնակեցման առաջարկից։