Ստեփանակերտ, 1988 թ․
«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո /Ղարաբաղի/ խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – նշել են ՀՀ Արտգործնախարարությունից ի պատասխան «Ազատության» հարցմանը։
Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտ եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»:
Սակայն հիմա Ալիևն ասում է, որ բանակցությունների գլխավոր խոչընդոտ է՝ ՀՀ Սահմանադրությունը, որտեղ կան «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ»։ Բաքուն նկատի ունի, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ ներառյալ Անկախության հռչակագիրն ու 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորված են։
1989 թ․ որոշումը ակտուալ է դարձել հատկապես 2023-ի սեպտեմբերից հետո, երբ փաստացի ԼՂՀ-ն դադարեց գոյություն ունենալ, սակայն կան Արցախի ժողովուրդը, նրա հազարամյա տարածքը և ժառանգությունը, ինչպես նաև հայ ժողովրդի 1989 թ․ որոշումը։
Բաքուն և Արարատ Միրզոյանը ճիշտ են․ ըստ այդ որոշման՝ Արցախի հարցը ոչ թե Բաքվի և Երևանի մեջ քննարկվելիք հարց է, այլ ներհայկական խնդիր։
Ոչ ոք հայկական քաղաքական դաշտում «չսատարեց» Արարատ Միրզոյանին, կոչ չարեց վերադառնալ “միացումի” մասին որոշման, քանի որ քաղաքական դասի մեծ մասը շարունակում է սնվել արտաքին աղբյուրներից։ Այդ աղբյուր-երկրները ևս կուզենային, 1989 թ․ որոշումը չեղարկվի, քանի որ 1991 թ․ Խորհրդային միության փլուզումից հետո հենց հայ ժողովրդի կամքը դարձավ նոր աշխարհակարգի հիմնասյունը։
Այդուհանդերձ, ոչ մի իրեն հարգող միջազգային կազմակերպություն կամ արտաքին ուժ Հայաստանին հրապարակավ կոչ չի արել փոխել իր Սահմանադրությունը և հրաժարվել Արցախի հետ վերամիավորումից։
Նաիրա Հայրումյան