Արդյո՞ք այսօրվա մանիպուլյացիաների համար էիք 2023թ. վերջին ողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս

  • 22:01 08.04.2025

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարցեր է ուղղել ՀՀ ԱԳՆ–ին։

«1. Ինչու՞ եք կրկնում ադրբեջանական հայտնի թեզերը՝ շարունակելով աջակցել ալիևյան ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության մեղքերի «ներման» ջանքերին:

  1. Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէի՞ք մտածում, որ քարտ բլանշ եք տալիս Ադրբեջանին անցնելու իր ցեղասպանական գործողություններին և անտեսելու ու ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրավունքները:
  2. Արդյո՞ք դուք երբևէ հղում եք արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հիմնադիր փաստաթղթերին՝ Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության ու կարգավիճակի հարցերը Ադրբեջանի հետ բանակցելիս, եթե հիմա էլ հղում եք անում չեղած փաստաթղթի:
  3. Արդյո՞ք ուժի սպառնալիքի ազդեցությամբ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթը Ձեզ համար բավարար հիմք է անտեսելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը:
  4. Արդյո՞ք այդ փաստաթղթի ձևական ստորագրումից հետո լիովին վերացել է Արցախի ժողովուրդը՝ իր իրավունքներով ու կարիքներով հանդերձ:
  5. Եթե հղում եք անում այդ տխրահռչակ փաստաթղթին, ինչու՞ հաշվի չեք առնում նաև այն ստորագրող անձի՝ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հրապարակային պարզաբանումը, որ դա ուժի սպառնալիքի տակ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթ է: Ավելին, ինչու՞ եք անտեսում նույն ինստիտուտի կողմից հետագայում ստորագրված և Ձեզ ծանուցված՝ նախորդ հրամանագիրը չեղարկող նոր հրամանագիրը:
  6. Արդյո՞ք Ձեր այսօրվա մանիպուլյացիաների համար էիք 2023թ. վերջին ողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս, որ չպայքարենք այդ հակասահմանադրական հրամանագրի հրապարակային չեղարկման համար:
  7. Ինչու՞ չեք ասում իրականությունը, որ առաջնահերթորեն Ադրբեջանի ու մասամբ ձեր պատճառով չի կայացել Սոֆիայի հանդիպումը (հունիսի 21-ին նախատեսված), քանի որ հրաժարվել եք միջազգային մեխանիզմի ու երաշխիքների պայմանից, իսկ օրակարգում էլ չէիք համաձայնվում հրատապ հարցերի ներառմանը: Հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ հունիսի 15-ին Ադրբեջանը վերջնականապես դադարեցրել էր նույնիսկ Կարմիր խաչի կողմից մարդասիրական մատակարարումը՝ դիտավորյալ կերպով մղելով մեր ժողովրդին սովամահության:
  8. Ինչու՞ չեք մեղադրում Ձեր «խաղաղասեր» ու «բարեկիրթ» հարևանին օգոստոսի 1-ին նախատեսված Բրատիսլավայի բանակցությունների վիժեցման մեջ, որը ոչ միայն ցեղասպանական մեթոդաբանություն էր կիրառում, այլև՝ բանակցություններից անմիջապես առաջ Կարմիր խաչի մեքենայից առևանգեց հիվանդ տարեց անձին՝ վիժեցնելու բանակցությունների նախաձեռնությունը:
  9. Ինչու՞ չեք ասում ճշմարտությունը, որ նույնիսկ դրանից հետո արցախյան կողմի պատվիրակությունը պատրաստ էր մեկնել Բրատիսլավա՝ անգամ առանց միջազգային մեխանիզմի ու երաշխիքի ապահովման, սակայն ‘վերջին օրը ալիևյան ռեժիմը հրաժարվեց հանդիպումից:
  10. Ձեր ներքաղաքական նեղ ու կարճաժամկետ «պահանջմունքները» բավարարելու համար էլ ի՞նչ բարոյական, քաղաքական ու իրավական սահմաններ եք անցնելու:
  11. Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ու՞մ գրպանն եք գցելու Ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները…»։