Ո՞ւմ դրած ականի պայթյունից է վիրավորվել հայ զինվորը

  • 13:12 09.04.2025

Ականի պայթյունից Գեղարքունիքի մարզում զինծառայող է վիրավորվել:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Ո՞ւմ ականի վրա է պայթել հայ զինվորը։

Բաքուն վերջին շաբաթներին կրկին բարձրացրել է Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների «անճշտության» հարցը՝ նշելով, որ վերջին շրջանում եղել են ականների պայթյունների դեպքեր։ Փաստորեն, ականի պայթյուն է տեղի ունեցել նաև հայկական կողմից, և դա հարցեր է առաջացնում։

Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ  Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:

«Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ավելին` հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով հավաքագրել և 2024 թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ»,- գրել է Բադալյանը։

Նա շեշտել է՝ Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում տրամադրված քարտեզների ճշգրտությունը, թեպետ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ: Ուստի Հայաստանը նախկինի պես հիմա էլ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել դրանց ճշգրտությունը։

Բադալյանը հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ։