Խնածախ-Խոզնավար․ 10:20, 12:20, մեկ էլ 4:20․ կրակելու հատուկ ժամեր ունեն

  • 18:44 09.04.2025

Գորիսից Խոզնավար, Խնածախ գնալիս տպավորություն է, որ անգամ Google Maps-ը չգիտի այս վայրերի մասին: Քառասուն տարվա սովետի ասֆալտ է, ասում է մեզ գյուղեր տանող վարորդը, միգուցե ավելի շատ, ես դեռ երեխա էի, երբ այս ճանապարհը կար: Հիմա, հիսուն տարի անց այս վիճակն է, միայն իմ 06-ն է համարձակվում այս ճանապարհով գնալ, ասում է նա։

 

Ի տարբերություն Խնածախի, որտեղ առաջինն ադրբեջանի դրոշն է ուշադրություն գրավում, Խոզնավարում  մեզ համար հասկանալի Ֆրանսիայի դրոշն էր ծածնվում Հայկ Նահապետյանի անվան պուրակում, որտեղ երեխաները վոլոյբոլ են խաղում ու հեծանիվ քշում: Գյուղում եզրաքուղեր (бордюр) են շարում, ճանապարհներ վերանորոգում: Խոզնավարում մի տեսակ ապահովության զգացում կա, չնայած Խնածախի պես սահմանամերձ է:

Խնածախում մարդիկ շատ բաց չեն լրագրողների հետ խոսելիս: Միեւնույն է, խոսենք, չխոսենք` նույն բանն է, դուք ի՞նչ կարող եք անել, կառավարությանը պետք է այս ամենը մտահոգի, ասում է գյուղամիջին նստած մի խնածախեցի: Ղարաբաղցիներն էլ չցանկացան ապրել այստեղ, այդ դրոշից ենք փախել, նորից գանք դրա տա՞կ ապրենք, ասում էին նրանք:

Խնածախեցին ըմբռնումով է մոտենում․ “զաստավիտի” բան չէ, հիմա ի՞նչ անեն մարդիկ, հարցնում է նա ու շարունակում. սա մեծ խաղ է, որը մենք չենք հասկանում, այսինքն՝ նրանք (ադրբեջանցիները) շատ լավ էլ հասկանում են, այդ մենք չենք հասկանում: 150 հազար մարդկանց հանել են տներից… Գյուղացին իր բացատրությունն ունի. ամեն ինչ փողի պատճառով էր, փողը պետք է վերանա աշխարհի երեսից, հիմա բոլորը միայն մեկ բանի մասին են մտածում` փող, այդպես չպետք է լինի, ասում է նա:

Խնածախեցին Ստեփանակերտն է նկարագրում. ЦОР, փոքր եկեղեցին, Հեքիմյան, Կոլցեվոյ, դեպի Տատիկ-պապիկ ճանապարհը, ի՞նչ լավ քաղաք է, հիշում է նա, ավելացնելով, որ քույրն այնտեղ էր ապրում:

10:20, 12:20, մեկ էլ 4:20․ կրակելու հատուկ ժամեր ունեն, մեկ րոպե անգամ չեն ուշանում: Ամեն գիշեր, ամեն օր կրակում են: Իսկ եթե ուշանում են, “զարմանում ենք”, գուցե քնել են: Տեսել եք, որ արդեն տների վրա են կրակում, տեսել եք, որ գյուղապետի տան վրա կրակել են, ասում է մի ուրիշ խնածախեցի: Նոր դպրոց են կառուցում, բայց տեսնում եք, որ շենքն ամբողջությամբ դիտարկվում է, գոնե մի քողարկված տարածքում կառուցեն։ Մենք կորցնելու բան չունենք, մենք մեր կյանքն ապրել ենք, բայց երեխաներն ինչպե՞ս պետք է ապրեն, դպրոց գնան այստեղ, ավտոմատի կրակոցների տակ, հարցնում է նա:

Վերադարձի ճանապարհին, երբ Քարաշենում կանգնել էինք մեքենան լիցքավորելու համար, տրամաչափն արդեն մեծացել էր. ոնց որ Ши́лка էր, տարակուած ասաց լցակայանի աշխատողը, Սեւ լճի կողմից էր կարծես…

Մարութ Վանյան

Խնածախ-Խոզնավար

Լուսանկարները՝ հեղինակի