Բազեյան․ Մենք չենք կարող համակերպվել Արցախի կորստյան հետ, Արցախը ժամանակավոր անցել է Ադրբեջանին, մենք հետ ենք բերելու Արցախը

  • 19:39 09.04.2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում շարունակում են համախմբմանն ուղղված հանդիպուները։ Այսօրվանից խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում հայաստանյան քաղաքական ուժերի ու անհատների հետ։

«Դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական, 1921 թվականին Լենին-Աթաթուրք՝ ռուս-թուքրական համաձայնագրով Արցախը թողնվել է Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար մարզ։ Այդ նույն ժամանակահատվածում նաեւ Նախիջեւանն է թողնվել ադրբեջանցիներին, բայց Նախիջեւանում հայեր չէին մնացել, դրա համար չէինք կարող բարձրացրել ազգերի ինքնորոշման հարցը Նախիջեւանի տարածքում»,- այսօրվա հանդիպման ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

Նա հավելեց․ «Մենք պարտվել ենք ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը ուժեղ բանակ ուներ, այլ մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում, մեր դիվանագիտությունը չէր աշխատում»։

Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ այս իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախցիները ստիպված լքեն Հայաստանը, որպեսզի հետագայում, երբ ընդդիմադիր շարժումներ սկսվեն, արցախցիները չմիանան այդ շարժմանը։  Նա նշեց, որ օր առաջ պետք է համախմբել առողջ ուժերին՝ Մեղրիից մինչեւ Աշոցք ոտքի հանել ժողովրդին՝ այս իշխանությանը հեռացնելու համար։

«Այս իշխանության հեռացումը մենք դիտարկում ենք ընդամենը միջոց մեր պետության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, նպատակը մեր բանակը հզորացնելն է եւ Արցախն ազատագրելն է։ Մենք չենք կարող համակերպվել Արցախի կորստյան հետ, Արցախը ժամանակավոր անցել է Ադրբեջանին, մենք հետ ենք բերելու Արցախը»,- նշեց նա։