Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
-Տիկին Հակոբյան, ասել եք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների օրակարգով առաջիկայում Արցախի խորհրդարանը նիստ կգումարվի։ Այս փոփոխություններն ուղղված են մայիս ամսից հետո Արցախի պետական ինստիտուտների՝ նախագահի ու ԱԺ-ի գործառույթների շարունակականության ապահովմանը։ Մի փոքր կմանրամասնե՞ք գործընթացը։
-Բնական է, որ գործընթացները վաղուց սկաված են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2025 թվականի մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը։ Ազգային ժողովի հարցը կարգավորում է հենց գործող Սահմանադրությունը, բայց նախագահի լիազորությունների մասով պետք է կարգավորումներ արվեն։ Եվ բնական է, որ այդ գործընթացները նոր չեն սկսվել։ Եվ քանի որ մենք հայտնվել ենք մեզ համար անսովոր ու անհասկանալի մի իրավիճակում, հայրենիքի մյուս հատվածում պետք է կարողանանք պաշտպանվել ու պահպանել այն, ինչը հնարավոր է։ Այդ առումով տարբեր տեսակի կարգավորումներ կան, որպեսզի պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները՝ այն գիտակցումով, որ բնական է՝ այս իշխանությունները հավերժ չեն։ Ի վերջո Հայաստանում հաստատվելու է ազգային իշխանություն, որը չի կարող իր օրակարգում չունենալ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Հետեւաբար, կարեւոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ Այդ գործիքներից մեկը օրենքին համապատասխան գործընթացի իրականացումն է ֆորս մաժորային իրավիճակում։ Հայաստանի այլ իշխանությունների պայմաններում նույնիսկ նոր ընտրություններ անցկացնելը հնարավոր կլիներ, բայց հիմա այդ հնարավորությունը չկա։ Հետեւաբար, պետք է սահմանադրությունը հնարավորություն տա պահպանել Արցախի պետական ինստիտուտները։
Նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ նիստում, գնացել է Արցախի գերագույն դատարան, որտեղ ստացել է դրական եզրակացություն, տեղի է ունեցել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը տվել է իր դրական եզրակացությունը։ Պիտի տեղի ունենա ԱԺ նիստ, որի ընթացքում նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի ու ընդունվի, եւ դրանով այս գործընթացն արդեն կհամարենք ավարտված։
–Նախագծի ընդունումից հետո ի՞նչ է տեղի ունենալու, նախագահի ու ԱԺ լիազորությունները ավտոմատ երկարացվելո՞ւ են։
-Տարբեր կարգավորումներ կան։ Պետք է հասկանալ, որ պետական ինստիտուտները չպետք է պայմանավորված լինեն կոնկրետ անձով կամ չպետք է կախված լինեն իր ցանկություններից։ Ինքը ցանկացած իրավիճակում պետք է կարողանա լուծումներ առաջարկել, որպեզի վերոնշյալ ինստիտուտները կարողանան մնալ։ Բացի այդ, պետք է նաեւ խթան լինի, որպեսզի այդ ինստիտուտների կենսունակությունն ապահովվի։ Մենք պետք է ընդունենք ու փաստենք, որ Արցախի թե Ազգային ժողովը, թե կառավարությունն այսօր թերանում են եւ այն պահանջված կենսունակությունը չունեն, որը պետք է լինի։ Հետեւաբար, կարգավորումները տարբեր են։ Ես ուզում եմ նորից հիշեցնել, որ Ազգային ժողովի մասով որեւէ խնդիր չի ծագում, որովհետեւ գործող սահմանադրությունը եւս կարգավորում է այդ խնդիրը։ Այս փոփոխությունների համատեքստում խոսքը հիմնականում վերաբերում է նախագահի ինստիտուտին։
–Իսկ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ կա՞ կոնսենսուս այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցում։
-Մենք առաջին ընթերցմամբ ընդունելու հարցում քվորումի խնդիր չենք ունեցել, ստացվել է։ Ես դեռեւս չեմ ուզում որեւէ խնդրի անդրադառնալ, այո, երբեմն-երբեմն ծագում են խնդիրներ՝ պայմանավորված որոշ մարդկանց վախերով կամ միգուցե նաեւ համագործակցությամբ։ Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում խելամտությունը, այն պահանջները, որոնք դրված են 32 պատգամավորի վրա, պետք է ավելի վեր լինեն, քան մնացած նեղ շահերը կամ վախերը, որոնք կարող են արգելել գնալ այն քայլին, ինչին իրենք ուղղակի պարտավոր են գնալ։ Ոչ թե ուզեն կամ չուզեն, այլ իրենք ուղղակի պարտավոր են։
-Իշխանության ներկայացուցիչներն արդեն անդրադարձել են Արցախի ԱԺ գործունեությանը։ Օրինակ՝ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը գրել է․ «Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Մենք բազմիցս իրենց այդ անիմաստ ու անհեթեթ մտքերին պատասխանել ենք։ Մենք որեւէ կերպ չենք հավակնում երկրորդ պետություն ստեղծել հայրենիքի մեր այս հատվածում։ Այն մեզ համար հավասարազոր թանկ է ու անգին, ինչպես Արցախի Հանրապետությունը։ Հետեւաբար, նաեւ չենք պատրաստվում ստեղծել երկրորդ իշխանություն։ Իրենք կամ չունեն բավարար գիտելիքներ՝ հասկանալու այս ամենը, կամ իրենց տերերի հերթական պատվերն են կատարում։ Հետեւաբար, մենք կարող ենք էլի հայերեն բացատրել, որ մեր ցանկացած քայլ, խոսք, շարժում, միտք հավասարակշռված, չափված, ձեւվված է այնքան, որ որեւէ կերպ հանկարծ չսասանի ՀՀ անվտանգային համակարգը։ Հակառակը, մենք բազմիցս նշել ենք ու շարունակում ենք պնդել, որ իրենց բոլոր գործողությունները, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հերքումն ամբողջովին խարխլում են հենց ՀՀ անվտանգային համակարգը։ Եվ փաստում ենք, որ իրենց «խաղաղության օրակարգը» սին է, դատարկ է, կեղծ ու սուտ։ Չի կարող հաստատվել խաղաղություն մի երկրում, որի բնակիչների մի հատվածը՝ 160 հազար հայեր, ուղղակի բռնի տեղահանվել են, այսօր տնավեր, բնավեր են եւ սփռված են ոչ միայն Հայաստանով մեկ, այլ նաեւ աշխարհով մեկ։ Արցախցիները զենքի ուժի ու ցեղասպանության վտանգի ներքո տեղահանվել են այն պետության անօրեն քայլերի հետեւանքով, որի հետ իրենք պատրաստվում են թղթի վրա ինչ-որ բան խզմզել։ Հասկանալի է, որ ամենաքիչը 160 հազար մարդու, դրան գումարած Հայաստանի հայերի գերաշիռ մասի ու Սփյուռքի հայերի մոտ միանշանակ կա այդ անարդարության զգացումը։ Արդարություն հաստատվելու է այն պարագայում եւ խաղաղություն լինելու է այն դեպքում, երբ մենք բանակցային գործընթացի արդյունքում կկարողանանք իրացնել մեր իրավունքը՝ ապրելու մեր բնօրրանում։
Իրենց «խաղաղության» կեղծ օրակարգի հաջորդ ցայտուն վկայությունը մեր գերեվարված ու պատանդառված հայրենակիցների նկատմամբ կեղծ, անօրեն ու բռնի դատավարություններն են Բաքվում։ Այնպես որ, հասկանալի է, որ իրենք այս կեղծ թեզերը հորինել ու անընդհատ թութակի պես կրկնում են զուտ ներքին լսարանի համար, ինչու չէ, նաեւ արդարանալու իրենց համար բարեկամ, մեզ համար թշնամի երկրի իրենց գործընկերներրի մոտ։
Ռոզա Հովհաննիսյան