Թրամփը «հարվածի տակ է դնում» Իսրայելին. Իրանը պետք է համոզվի, որ Հայաստանը «չի աջակցի» Բաքվին և Անկարային

  • 10:28 10.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների ծրագրված հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի նրա վերջնագիրը: Այս մասին Թրամփը հայտարարել է չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում, հայտնում է Associated Press-ը։

Թրամփն ասել է, որ ցանկանում է, որ Իրանը բարգավաճի և «հիանալի երկիր լինի», բայց թույլ չի տա, որ երկիրը միջուկային զենք ունենա։ Թեհրանն իբր հասկանում է դա, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև կրկնել է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու իր խոստումը և ասել, որ Իսրայելը կմասնակցի հնարավոր հարձակմանը:

Իրանը «կոշտ պատասխան» է խոստացել ԱՄՆ-ին ուղղված Թրամփի բազմիցս սպառնալիքներին։ Ապրիլի 12-ին Օմանում նախատեսված է ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև երկար ժամանակ անց առաջին պաշտոնական հանդիպումը։

Իսրայելի ղեկավարության մասին Թրամփի հայտարարությունը կարծես «հարվածի տակ է դնում»  Իսրայելին. եթե Իրանը կոշտ պատասխան տա, ապա պետք է հարվածի Իսրայելին, ոչ թե ԱՄՆ-ին: Վերջերս Իրանը ցուցադրեց ստորգետնյա հրթիռային քաղաքներ՝ ակնարկելով, որ Իսրայելը հրթիռներով ռմբակոծելու համար ամեն ինչ ունի:

Միջազգային վերլուծաբաններն ուղղակիորեն ասում են, որ եթե Իսրայելի և Իրանի միջև զինված առճակատում սկսվի, Թուրքիան և Ադրբեջանը կօգտագործեն հնարավորությունը՝ բռնակցելու հյուսիսային Իրանը և հարավային Հայաստանը։

Նախօրեին Ալիեւը մեկնաբանել է Սիրիայում Թուրքիայի եւ Իսրայելի հակասությունները՝ երկու պետություններին էլ անվանելով Ադրբեջանի դաշնակիցներ, որոնց շնորհիվ էլ իրականացվել է Արցախում գործողությունը։ Միևնույն ժամանակ Ալիևը հրաժարվում է Հայաստանի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրելուց՝ առաջ քաշելով անհեթեթ պայմաններ և միաժամանակ սաստկացնելով տեղեկատվական էսկալացիան։

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է սահմանին հայ-իրանական երկօրյա զորավարժությունների անցկացման մասին, որոնց ընթացքում իրականացվում է սահմանի դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների պատասխանները։