Կառավարությունն ընդունեց արցախցիներին օժանդակության վիճելի ծրագիրը

  • 12:02 10.04.2025

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց վերջերս հանրային քննարկման դրված եւ արցախցիների կողմից բացասական վերաբերմունքի արժանացած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը։

Այս ծրագրով սոցիալական աջակցություն կտրամադրվի արցախցի կարիքավոր ընտանիքներին՝ ամենամսյա դրամական աջակցության ձեւով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչեւ դեկտեմբեր ամիսը ներառյալ։

Ըստ կառավարության՝ կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 000 ՀՀ դրամից: Աջակցության ամսական չափը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ։

«Նախագծի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր՝ ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը, միաժամանակ հնարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։

Այս տարվա ապրիլից կառավարությունը կրճատել է «40+10 հազար» դրամ աջակցության ծրագիրը՝ այն ուղղելով միայն հատուկ խմբերին։ Զուգահեռ սոցանապահովների համար իրականացվելու է այս ծրագիրը։ Այնինչ, արցախցիները պահանջում են, որպեսզի «40+10 հազար» ծրագիրը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիների բնակարանային հարցերը չեն լուծվել։