Արցախցիները Հայաստանի քաղաքացիության փաստաթուղթ ունեն, երկու անձնագրի մասին օրենքում որեւէ նշում չկա

  • 19:13 10.04.2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն անդրադարձավ արցախցիների քաղաքացիության հարցին։

«Ասում են՝ եթե անձագիրդ փոխես, քեզ այստեղ կտանք բնակարան։ Ի՞նչ անձնագիրը փոխելու մասին է խոսքը, այստեղ ճիշտ հակառակ գործընթացը պետք է լինի, որովհետեւ սոցիալական իրավունքների հարցը հենվում է քաղաքացի լինելու իրավունքների վրա»,- ասաց նա։

Չուգասզյանը նշեց, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիության փաստաթուղթ ունեն։ Սա միակ փաստաթուղթն է, երկու անձնագրի մասին Հայաստանի որեւէ օրենքում որեւէ նշում չկա։ Միայն մեկ տեսակի միասնական փաստաթուղթ ու միասնական ստատուս է գործում։

«Եթե մարդկանց իրավունքները բռնի տեղհանության հետեւանքով խախտվել են, մեր ամբողջ ժողովուրդը եւ պետությունը պարտականություններ ունեն իրենց մի մասի նկատմամբ, քանի որ այս մարդիկ ՀՀ քաղաքացիների անձնագիր ունեն։ Եթե այդ անձնագիրն իրենցից վերցնում են, ասում են՝ տուր այդ անձնագիրը, ուրիշ անձնագիր ստացիր, ստացվում է, որ Հայաստանը կայուն բնակչություն չունի։ Ըստ Մոնտեվիդեոի համաձայնագրի՝ եթե որեւիցե երկիր, թեկուզ չճանաչված, կայուն բնակչություն չունի, այսինքն՝ միասնական չես կարող որոշել, թե որն է քո բնակչության սահմանը, դու ինքնիշխան երկիր չես։

Այսինքն՝ ստացվում է, որ այս սոցիալական հարցը, որը հենվում է այդ անձնագրերի վրա, դրանով ամբողջ Հայաստանի ինքնիշխանության հարցն է վտանգված դառնում։ Եվ ամբողջ աշխարհը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է ասել՝ դուք վասալ երկիր եք։ Սա ոչ թե արցախցիների հարցն է, սրանով ամբողջ ՀՀ ինքնիշխանության հարցն է լուծվում։

Եթե մեր ժողովուրդն իրենից օտարում է իր քաղաքացիներին, վաղը-մյուս օրը կասեն՝ Սյունիքի կոդով քաղաքացիները պետք է անձնագրերը փոխեն, հետո Երեւանի կոդով քաղաքացիները պետք է փոխեն։ Ստացվում է, որ քանդվում է Հայաստանում ապրող ժողովրդի՝ միասնական պետություն ունենալու գաղափարը։ Այդպես է քանդվում երկիրը, դու հայտնվում ես լրիվ բանկրոտ վիճակում, որպես պետություն վերանում ես, լուծարվում է ՀՀ-ն։ Մենք պետք է հասկանանք, որ սա լուծարման արատավոր ու կործանարար ճանապարհ է, որը եթե չկանգնեցվի, վատ կլինի»,- ասաց նա։

Չուգասզյանը նշեց, որ արցախցիներին հակասահմանադրական ձեւով պարտադրվում է, որ այդ թրի տակով անցնեն, փոխեն անձնագրերն ու ասեն, որ մինչեւ հիմա եղել են «Ադրբեջանի բնակիչ», քանի որ դա այն է, ինչ պահանջում է Ալիեւը։