Հնարավոր է ապրիլի վերջին արդեն մարդիկ գան Ազատության հրապարակ ու վրանները շատացնեն

  • 20:54 11.04.2025

Արցախցիները դժգոհ են կառավարության երեկվա որոշումից, ըստ որի՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչեւ դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական աջակցության ձեւով սոցիալական աջակցություն կտրամադրվի արցախցի կարիքավոր ընտանիքներին։ Հիշեքնենք, որ այս ծրագրով աջակցության ամսական չափը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40 000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ։

Իսկ զուգահեռ «40+10 հազար» ծրագիրն ապրիլի մեկից խիստ սահմանափակումներով է գործում։

Արդեն տեղեկացրել ենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որ կառավարությունը կարող է մեկ ամսով երկարաձգել «40+10» ծրագիրը, բայց պայմանով, որ արցախցիներն Ազատության հրապարակից պետք է հանեն վրանը։ Արցախցիներն այս առաջարկը մերժել են։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ արցախցները բավարարված չեն կառավարության առաջարկած այս լուծումներով եւ պայքարը պարունակելու են։

«Եթե նախկինում մտածում էինք՝ մայիսին կհայտնվեք դրսում, հիմա հնարավոր է ապրիլի վերջին արդեն մարդիկ իրենց կամքով գան Ազատության հրապարակ ու վրանները շատացնեն, որովհետեւ դրսում են մնալու։ Սա անընդունելի ծրագիր է, մեկ անապահով ընտանիքը, որը պետք է ստանա, օրինակ, 80 հազար դրամ, չի կարող դրանով եւ տան վարձ վճարել, եւ ապրել։ Կամ էլ մարդկանց ապահովեք արժանապատիվ աշխատանքով։ Կան շատ արցախցիներ, ովքեր դիմում են աշխատանքի համար եւ նշում են, որ 50 տարեկան են կամ ավելի բարձր, իրենց անմիջապես մերժում են։ Այսինքն՝ չես ստեղծել պայմաններ, բայց մարդկանց զրկում ես մյուս իրավունքներից»,- ասաց Սայիդա Պողոսյանը։

Նա հավելեց, որ մինչեւ ապրիլի 15-ը կշարունակեն հանդիպումները քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որից հետո կհայտարարեն մեծ հարահավաքի օրը, որտեղ ավելի հստակ պահանջներ կհնչեցվեն։

«Մենք կարծում ենք, որ մեծ համախմբում կլինի, մարդիկ մտահոգ են, արցախցիներն առանց տուն են, ուզեն-չուզեն, պետք է գնան կտրուկ քայլերի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ արցախցիները մարտի 29-ի հանրահավաքում պահանջագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը, կառավարությունում նրանց հետ քննարկել են միայն սոցիալական հարցերը։ Իսկ պահանջագրի կետերի մեծ մասը քաղաքական ու իրավական հարցերն են, այդ թվում՝ առանցքային է վերադարձի իրավունքի հարցը։ Հարցերի այս խմբին ՀՀ կառավարությունը չի պատասխանել։

Ռոզա Հովհաննիսյան