Այսօր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն առցանց քննարկում են ունեցել Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գեւ Իսկաջյանի հետ։
Խորհրդի անդամ Արտակ Բեգլարյանը կարեւորել է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու, հայ պատանդների ազատ արձակման եւ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ իրականացվող Հայ դատի գրասենյակների աշխատանքները։ Նա ԱՄՆ Հայ դատի ներկայացուցչին է ներկայացրել Արցախի ժողովրդի պահանջները, ակնկալիքներն ու խորհրդի առաջիկա քայլերը։ Արցախի ժողովուրդը ցանկանում է արժանապատիվ կեցություն ունենալ Հայաստանում և ակնկալում է, որ իր իրավունքները չեն ոտնահարվի։
Գեւ Իսկաջյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համախմբված պայքարը, որն ուղղված է սեփական իրավունքների պաշտպանությանը։ Նա նշել է, որ Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է, եւ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակներն ու հանձնախմբերը շարունակում են միջազգային ասպարեզում բարձրաձայնել Արցախի ժողովրդի արդար ձայնը։ Սփյուռքը պատրաստ է աջակցել Արցախի ժողովրդին եւ նրա իրավունքների համար պայքարին։