Իրանը գոհ է Հայաստանի հետ համատեղ աննախադեպ զորավարժություններից

  • 10:11 12.04.2025

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Սեյեդ Մորթազա Միրիանը բարձր է գնահատել ապրիլի 9-10-ը Հայաստանի հետ համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Գեներալը նաև ընդգծել է բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի քաղաքականությունը։

Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել երկու երկրների սահմանին, գործողություններ են իրականացվել սահմանային անցակետերի վրա գրոհող ահաբեկչական խմբավորումների վնասազերծման ուղղությամբ։ Զորավարժությունները տեղի են ունեցել Ագարակի անցակետի երկու կողմից։

Կողմերից յուրաքանչյուրի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել սեփական տարածքում, կիրառվել է թեթև և ծանր զինատեսակներ, փորձարկվել են դիպուկահար գործողություններ։

Բաքուն վաղուց սպառնում էր ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը», և Թեհրանն այս համատեքստում պարբերաբար հայտարարում է, որ դեմ է միջազգային սահմանի ցանկացած փոփոխության։

Փորձագետները հայ-իրանական զորավարժություններն աննախադեպ են համարում. նախորդ տարիներին նմանատիպ համատեղ վարժություններ չեն հիշում։