Իրանի էսկալացիային սպասելիս․ Հայաստանը հրաժարվո՞ւմ է փոխել Սահմանադրությունը

  • 00:19 13.04.2025

Անթալիաում տեղի է ունեցել Դիվանագիտական միջազգային ժողով, որին մասնակցել են Հայաստանի 3 բարձրաստիճան դիվանագետներ։ Եկել է նաև Ալիևը, բայց ներկա չէր Փաշինյանն, որն այդ պահին ստուգում էր Իրանի հետ սահմանային անցակետը՝ հայ-իրանական համատեղ զորավարժություններից հետո։ Իսկ Օմանում ընթանում էին ԱՄՆ-Իրան «պոզիտիվ» բանակցությունները։ Այդ բանակցությունների ընթացքից է կախված նաև Հայաստանի «ինքնավստահությունը»։

Բաքուն և Անկարան Օմանի բանակցությունների այլ արդյունք էին սպասում, էսկալացիա, որը թույլ կտար Հայաստանի հետ շատ ավելի ագրեսիվ խոսել։ Սակայն ելնելով Բաքվի և Անկարայի տոնայնությունից, «խաղաղության պայմանագրի» ստորագրման «ձգձգումը» կշարունակվի, մինչև Երեւանը “կոտրվի” առանց Իրանում էսկալացիայի։

Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում են և Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելու մասին 1989 թ․ որոշումը, և ցեղասպանության հետևանքների հարցը։

Անթալիայի ժողովի սկզբում Հայաստանի հետ հարաբերությունների մասով Թուրքիայի ներկայացուցիչ Կըլըչը ասել է, որ Փաշինյանը խոստացել է փոխել Սահմանադրությունը։

Սակայն Բայրամովի հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ոչմիբան չի «խոստացել»։ Նա ամեն կերպ ապացուցում էր, որ Բաքուն անհանգստանալու բան չունի, բայց Բաքուն անհանգիստ է։

«Այո, խաղաղության համաձայնագիրը լուծում է բազմաթիվ հարցեր, բայց հայտնի փաստ է՝ միջազգային ինչ պարտավորություն էլ ամրագրվի խաղաղության պայմանագրում, այն ավելի բարձր իրավական ուժ ունի ներքին օրենսդրությունից՝ բացառությամբ երկրի Սահմանադրության ու հանրաքվեով ընդունված ակտերի», ասել է Բաքվի արտգործնախարար Բայրամովը։

Ի պատասխան Միրզոյանը ասել է․ «Մեր Սահմանադրության նախաբանում կա հղում մեր անկախության հռչակագրի ակտին, բայց իրավական առումով միայն մեր անկախության հռչակագրի այն դրույթներն ունեն իրավական նշանակություն և պարտադիր են, որոնք բառացիորեն մեջբերվում են Սահմանադրության տեքստում։ Այդ նախադասությունը, որի վերաբերյալ մեր Ադրբեջանի գործընկերները մտահոգություններ ունեն, մեր Սահմանադրությունում չի մեջբերվում»։

Այդուհանդերձ նա չի ասել, որ Սահմանադրությունը կփոխվի։ Եւ թեկուզ Հայաստանի արդարադատության նախարարը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստ է մշակվում՝ առանց կոնցեպցիայի, բայց ակնհայտ է, որ նոր սահմանադրության ընդունումը ոչ միայն ժամանակ է պահանջում, այլև դեռ հարց է, Հայաստանի հասարակությունը կհամաձայնվի՞ դրան։

Թեկուզ Միրզոյանը լավ հեռանկար է տեսնում «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելու համար, ակնհայտ է, որ Հայաստանի հարցը «խաղաղ» չի լուծվի։