Արյունոտ Ծաղկազարդ Սումիում. Մակրոնն առաջարկում է «պարտադրել խաղաղությունն» Ռուսաստանին

  • 09:53 14.04.2025

«Ծաղկազարդի օրը ռուսական զորքերի հարձակումը Սումիում քաղաքացիական օբյեկտների վրա հատում է պարկեշտության բոլոր սահմանները: Տասնյակ խաղաղ բնակիչներ սպանվեցին և վիրավորվեցին», – գրել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայում հատուկ բանագնաց Քիթ Քելոգը կիրակի օրը՝ ապրիլի 13-ին:

Գերագույն Ռադայի  «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Մարիանա Բեզուգլայան հայտարարել է, որ Սումիի վրա ռուսական հարձակման պահին այնտեղ զինվորականների հանդիսավոր պարգևատրում էր տեղի ունենում, և հարձակումն իբր դրանվ էր ուղղված։ BBC-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ հարված է հասցվել Սումիի պետական ​​համալսարանի Կոնգրես կենտրոնին։

Երեկ Պուտինի բանակը երկու բալիստիկ հրթիռներով մահացու հարված է հասցրել Սումիի կենտրոնին։ Զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, շատերը վիրավորվել են։ ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքով՝ պատերազմ սկսելն ինքնին «իշխանության չարաշահում» է։ Սումիի վրա հարձակումը սխալ էր Ռուսաստանի Դաշնության կողմից, բայց ավելի լավ կլիներ այս հարցը ուղղակիորեն ուղղել Մոսկվային, ասել է Թրամփը։ Նա կրկնել է, որ պատերազմը տեղի է ունեցել Բայդենի մեղքով։

Պետք է վճռական միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում «Ռուսաստանին հրադադար պարտադրելու համար», մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սումիի վրա ռուսական հարձակումը։ Նա հավելել է, որ Փարիզը «անխոնջ աշխատում է իր գործընկերների հետ այս նպատակին հասնելու համար»։ «Բոլորը գիտեն՝ այս պատերազմը սկսել է միայն Ռուսաստանը: Եվ այսօր պարզ է, որ Ռուսաստանն է որոշել շարունակել այն՝ մարդկային կյանքերի, միջազգային իրավունքի և նախագահ Թրամփի դիվանագիտական ​​ջանքերի բացահայտ անտեսմամբ»,- գրել է նա։

Եթե ​​շուտով հրաշք տեղի չունենա, պատերազմին վերջ տալու միակ հույսը՝ «հարվածել Ռուսաստանի տնտեսությանը և Պուտինին աջակցող երկրներին», ասել է ամերիկացի սենատոր Գրեհեմը։ Սումիում երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո գրեթե նույն հայտարարությունն է արել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Թրամփը չի ասել, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Ավելի վաղ նրա ներկայացուցիչ Քելլոգն ակնարկել էր, որ Ուկրաինան կարող է մասնատվել այնպես, ինչպես Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Գործնականում դա նշանակում է, որ Արեւմուտքը կճանաչի Ուկրաինայի չորս օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի Դաշնության մաս։ Այժմ բոլոր խաղաքարտերը Պուտինի ձեռքում են, իսկ Ուկրաինայում պատերազմը դեռ ընթանում է Կրեմլի օգտին։ Սակայն Թրամփն էլ ունի մեկ, բայց գլխավոր հաղթաթուղթ՝ պատժամիջոցներ Կրեմլի ստվերային նավատորմի դեմ, գրում են արևմտյան լրատվամիջոցները։