2025-ի հունվար և փետրվար ամիսներին արդյունաբերության ծավալներն Հայաստանում ընդհանուր 380 միլիարդ դրամ են կազմել. 2024-ի նույն ամիսների համեմատ ցուցանիշը կրճատվել է 20 տոկոսով: Նվազում կա տարբեր ուղղություններով. խմիչքների արտադրությունն, օրինակ, անցած տարվա համեմատ նվազել է ավելի քան 25 տոկոսով:
Վերլուծաբանները նկատում են տնտեսության զարգացման մասին վարչապետի խոսքերի և վիճակագրական տվյալների խոստ տարբերությունը և խոսում են նույնիսկ “ազատ անկման” մասին։
Ազատությունը բերում է վիճակագրական տվյալներ այն մասին, որ ոսկերչական ապրանքների արտադրության ոլորտը հունվարին և փետրվարին 3.5 միլիարդ դրամի արտադրանք է տվել. 2024-ի համեմատ ծավալները կրճատվել են մոտ 70 տոկոսով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի, տարվա առաջին երկու ամիսներին զգալիորեն նվազել են նաև Հայաստանի արտաքին առևտրի ծավալները. արտաքին առևտրաշրջանառությունը 3 միլիարդ դոլարի չի հասել, սա 2024 -ի ցուցանիշից պակաս է ավելի քան 2 անգամ:
Չնայած ընդհանուր ծավալների կրճատմանը ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին իշխանությունների հայտարարություններին արտահանման ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը անցած տարվա նույն ամիսների համեմատ կտրուկ մեծացել է: Այդ ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների 44 տոկոսը Ռուսաստան է մտել, մեկ տարի առաջ այս ցուցանիշը 20 տոկոս էր, գրում է Ազատությունը:
Անցած ամիս սննդամթերքը խանութներում 2024-ի մարտի համեմատ 5.4 տոկոսով ավելի թանկ է վաճառվել: Երկու տարի շարունակ Հայաստանում սննդամթերքի այսչափ թանկացում չէր եղել: Հատկապես շատ թանկացած ապրանքներից են ձուկը, ձեթը, յուղերը, մրգերն ու կարտոֆիլը: