ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025 թվականի տարեկան զեկույցն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման շարունակվող դեպքերին։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
Զեկույցն անդրադարձել է նաև ԱՄՆ գործողություններին նշելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է՝
.Ադրբեջանին շարունակի պահել Հատուկ Վերահսկման Ցանկում (Special Watch List)՝ համաձայն Կրոնական ազատության միջազգային օրենքի (International Religious Freedom Act, IRFA), այն հիմքով, որ պետությունը թույլ է տալիս կրոնական ազատության լուրջ խախտումներ։
.Կիրառի թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի պետական մարմինների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ ընդգրկված Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության (Bandotdel) և այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կրոնական ազատության լուրջ խախտումների համար
.Աջակցի անկախ միջազգային դիտորդների Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ այցի կազմակերպմանը, օրինակ՝ ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպության) կողմից՝ նպատակ ունենալով ստուգել, փաստագրել մշակութային արժեքները և գույքագրել դրանք։
Զեկույցն անդրադառնում է նաև ԱՄՆ քայլերին, շեշտելով, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է՝
Կազմակերպի լսումներ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և/կամ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում՝ նպատակ ունենալով լուսաբանել կրոնական ազատության խախտումները Ադրբեջանում՝ հիմնվելով Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների արդյունքների վրա։
Բացի այդ, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը և Եվրոպական խորհրդարանը դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության կազմակերպված ոչնչացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։
2024 թվականի հունիսին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ նամակ են հղել Պետքարտուղար Բլինքենին՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ոչնչացված հայկական մշակութային ժառանգության հարցը՝ ընդգծելով այդ երկրի գործողությունները եկեղեցիների, վանքերի և կրոնական արժեքների դեմ։
2024 թվականի սեպտեմբերին Նյու Ջերսիից հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը նախագահել է Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի խնդիրներին։
2023 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հերթական անգամ ընդգրկել է Ադրբեջանը Միջազգային կրոնական ազատությունների մասին օրենքով (IRFA) սահմանված Հատուկ դիտարկվող երկրների ցուցակում՝ կրոնական ազատությունների կոպիտ խախտումների հիմքով»,- գրել է կայքը։