Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցների մասին հարցին, ասել է․ «Ձեր վկայակոչած կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, ոչ նշանառու, անհասցե ու սակավաթիվ կրակոցներ են»։
Արման Սարգսյանի այս հայտարարությունից րոպեներ անց ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, որ ապրիլի 13-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով ՊՆ փոխնախարարի հայտարությանը, լրագրողներին ասաց․ «Նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցներն ուղիղ տների տանիքների, տների ուղղությամբ լինում։ Այսինքն՝ ասել, որ հասցեական չեն կարկոցները, մեղմ ասած, սուտ է։ Բայց երբ ՊՆ-ն է նման հայտարարություն տարածում, դա ուղղակի խայտառակություն է, որովհետեւ սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան ու կրակոցները։ Կամ թիրախային են կրակում, կամ եթե օդ են կրակում, իրենք հենց այնպես հո օդ չեն կրակում, դա եւս տեռորի ու թիրապխավորման նշանակություն ունի, այսինքն՝ մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի»։