ՊԱՀԱՆՋԱԳԻՐ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից
Մենք պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ի դեմս արտգործ նախարարության, ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների ու հնարավորությունների՝ մենք առանձնացնում ենք հատկապես ներքոնշյալ միջոցները՝
- Դիմել ՄԱԿ–ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և Եվրոպայի Խորհրդին՝ նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը։
- Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանն ուղղված միջազգային գործընթաց և ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձն իր հայրենիք:
- Դիմել ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ԵԽ–ի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին՝ հայերի շինծու «դատավարությունների» ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։
- Դիմել որևէ չեզոք ու պատրաստակամ երկրի (օրինակ՝ Շվեյցարիային)՝ խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել «Հայկական շահերի բաժին» և ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը:
- Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։
- Հայ գերիների լիարժեք ու ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։
- Թարմացնել ՄԻԵԴ–ում և ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները՝ ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավթված Արցախում մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը:
- Դիմել ՅՈՒՆԵՍԿՕ–ին և Եվրոպայի Խորհրդին՝ Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն՝ ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։
- Դիմել համապատասխան միջազգային կառույցներին և առանձին պետությունների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով՝ հայերի դեմ կատարած միջազգային հանցագործությունների հիման վրա:
- Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
- Դիմել համապատասխան պետություններին՝ կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ՝ միջազգային հանցագործությունների կատարման հիմքով։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
14 ապրիլի, 2025թ.