Բաքու-Փարիզ սկանդալ Հայաստանի պատճառով

  • 21:09 14.04.2025

Արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարություններին, պաշտոնական Բաքուն Փարիզին «կեղծավորության» մեջ է մեղադրել՝ պնդելով, որ Հայաստանին «մահացու զենք մատակարարելը չի ծառայում խաղաղությանը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն X-ում հրապարակած գրառման մեջ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը պնդել է․ «Դրա ստորագրումը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացում և, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից արտաքին միջամտության դադարեցում, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանը»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այսօր մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ։ Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ այդ լարվածությունը հնարավոր կլինի թուլացնել եվրոպական դիտորդական առաքելության ընդլայնման օգնությամբ:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հույս ունեմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելության կազմը կընդլայնվի, որպեզի հնարավոր լինի հետևել և զսպել այդ լարվածությունը»,- հայտարարել է Բարոն:

«Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ կամայականորեն ձերբակալվածները, բանտարկվածները պետք է ազատ արձակվեն», – ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում, ուր ժամանել է՝ մասնակցելու Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը:

“Ֆրանսիայի միջամտության վերջ տալը” Բաքվի պահանջներից մեկն է, հենց Ֆրանսիայի պատճառով են Բաքուն ու Մոսկվան պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ֆրանսիան, ինչպես նաև այլ երկրներ, չի սատարում ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, հորդորելով առանց նախապայմանի ստորագրել “խաղաղ համաձայնագիրը”։