Մարտի 13-ին Բաքուն և Երևանը հայտարարեցին “խաղաղության համաձայնագրի” տեքստի համաձայնեցման մասին, սակայն միայն մեկ ամիս անց “առիթ եղավ” հանդիպելու “առանց միջնորդների”, բնականաբար, Թուրքիայում։ ՀՀ իշխանությունները ակնարկում են, որ պետք է շուտ ստորագրել “համաձայնագիրը”, ինչ-որ դրական արդյունք ցույց տալ, թե չէ գլոբալ փոփոխություններ են, մեկ էլ տեսար Ռուսաստանն ու Իրանը “հաշտվեցին “ԱՄՆ-ի հետ, Հայաստանում էլ ընտրություններ են մոտենում, “ռևանշ”, բան․․․ Բաքուն ու Անկարան էլ ասում են՝ ամեն ինչ գին ունի, և “նոր պայմաններում” իշխանությունը ավելի է “թանկանում”։
Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆոռումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Թուրքիայի և Ադրբեջանի իր կոլեգաների հետ և մի քանի “սենսացիոն” հայտարարություն արեց, ակնարկելով, որ կարող են համաձայնվել “նոր գնին”։
Միրզոյանը հրապարակորեն չհայտարարեց Սահմանադրության փոփոխության մասին, բայց ասեց, որ դա էլ կանեն, եթե պետք լինի։ Միայն թե ստորագրենք “համաձայնագիրը”, թե չե ընտրություններին մեկ տարի է մնացել, իսկ եթե իշխանությունը Հայաստանում փոխվի, “ռևանշ” կլինի։
Հայաստանում “իշխանափոխւթյան” թեման կարմիր գծով էր անցնում Անթալիայի “բանակցություններում”։ Բաքուն անթաքույց ասում է, որ և ՀՀ Սահմանադրության, և ճանապարհները բացելու հարցում պետք են այնպիսի փաստաթղթեր, որոնք հաջորդ իշխանությունը չի փոխի։ Իսկ դրա համար Հայաստանի ներկայիս իշխանությունը պետք է գնա անդառնալի փոփոխությունների, որոնք հավասարազոր են անկախության կորուստի։ Դա ներառում է և Սահմանադրության փոփոխությունը, և “միջանցք” տալու հարցը, և արտաքին ռազմական օգնությունից և միջազգային հայցերից հրաժարվելը։
“Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է”, ասել է Միրզոյանը։ Նա խոստովանեց, որ այն հատվածում, “որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ՝ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր, էլեկտրոնային հայտարարագրում, ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ”։
Սակայն Բաքուն դա բավարար չի համարում՝ նրան ոչ թե ճանապարհ է պետք, այլ տարածք։
«Մենք չենք ուզում հայտնվել մի վիճակում, երբ համաձայնում ենք մի բանի, ու մեկ-երկու տարի անց Հայաստանի օրենսդրության փոփոխության կամ էլ Հայաստանում իշխանության փոփոխության պատճառով կանգնելու ենք նույն՝ 30 տարի առաջվա իրավիճակի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց, ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին: Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչընդոտ անցում՝ բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի փոփոխության և կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից», – նշել է Բաքվի նախարար Բայրամովը:
Ակնարկը հասկանալի է․ կամ տալիս եք միջանցք և հրաժարվում հայ-իրանական սահմանից, կամ կորցնում եք իշխանությունը։ Բաքուն չի թաքցնում իր և իր տերերի դերը Հայաստանում իշխանություն “պահելու” գործում և առաջարկում է ընտրել։
ՀՀ Կառավարության ընտրությունն ակնհայտ է․ մինչ Միրզոյանը Անթալիայում “բազար” էր անում ՀՀ-ում հնարավոր իշխանափոխության մասին, Նիկոլ Փաշինյանը երկու օր անցկացրեց Մեղրիում և Նռնաձորում, “համոզելով” կառուցել և բացել երկաթուղին։
Նա փորձում է ցույց տալ, որ ոչ թե միջանցք է տալիս և հրաժարվում հայ-իրանական սահմանից, այլ ճանապարհ է բացում դեպի Իրան և Ռուսաստան՝ Ադրբեջանով։ Դեռ երկու շաբաթ առաջ Կառավարության նիստի ժամանակ էր Փաշինյանը հայտնել՝ Նռնաձորի հատվածում ազատում են երկաթուղու ճանապարհը, որ հնարավոր լինի կառուցել նորը՝ “Խաղաղության խաչմերուկի” շրջանակներում, թեկուզ Բաքուն այս նախագծին դրական չի արձագանքել: Բայց Փաշինյանն ակնարկում է, որ եթե դա չլինի, 2026-ին նրանք չեն վերընտրվի, և “ռևանշ” կլինի։