Նախորդ շաբաթ գումարված «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նիստում քննարկվել է Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին» որոշումը:
Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շահինյանը մանրամասնել է որոշման գործընթացը։ Նկատի ունենալով, որ այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում գումարել Ադրբեջանի և արցախահայության ներկայացուցիչների միջև միջազգային ֆորում՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո խթանելու արցախահայության վերադարձի իրավունքը՝ Շահինյանը ներկայացրեց հավանական գործընթացի կարելիությունները։
Այնուհետեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է արցախահայերի վերջին օրերի նախաձեռնությունները, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի աշխատանքները։
Հարթակի անդամները որոշել են առաջիկայում իրենց համայնքներում նախաձեռնել միջոցառումներ։
Վերոնրշյալ նիստում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը որոշել է նաեւ բաղոքի նամակ հղել Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը՝ ապրիլի 10-ին Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառման նախաձեռման համար, որտեղ ջանք է թափվել ամբողջապես ժխտել հայկական քրիստոնեական ներկայությունն Արցախում։
Որոշվել է յուրաքանչյուր համայնք նույնաբովանդակ բողոք-նամակ հղի Վատիկան՝ պահանջելով արդարության և իրականությանը համապատասխան հայտարարություն։