Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այսօր հերթական անգամ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Հանդիպումից հետո խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը լրագրողներին ասաց, որ համաձայնության եզրեր այնուամենայնիվ կան։
«Կառավարությունը պատաստ է եւս երկու ամսով երկարաձգել 40 հազար դրամ աջակցությունը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ հետքայլը եղել է մասնակի․ 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար։ Զուգահեռ պատրաստ են ձեւավորել մասնագիտական խմբեր, կքննարկենք սոցիալական ծրագրի վերաբերյալ հարցեր, բնակարանային ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերն ու դիտարկումները։ Իրենք պատրաստ են, իհարկե, ընդունել են, որ ձախողված է ծրագիրը, փաստերը ներկայացրել ենք թվերի տեքով»,- ասաց նա։
Պատմամշակութային ժառանգության հարցով եւս կառավարությունը պատրաստ է աշխատանքային խումբ ձեւավորել եւ քննարկումներ իրականացնել։ Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ պահանջագրի մնացած 11 կետերը կառավարությունը չի քննարկել։
«Մենք այսօր պետք է հանրահավաքի մասին հայտարարությամբ հանդես գայինք, բայց հիմա բնականաբար մեզ եւս 2-3 օր անհրաժեշտ է մեր արցախցի հայրենակիցների, մտահոգ քաղաքացիների հետ հանդիպումներ կազմակերպել՝ հասկանալու համար այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը որն է, որից հետո խորհուրդը հանդես կգա վերջնական հայտարարությամբ»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Նա հավելեց, որ կառավարության նախապայմանն ուժի մեջ է, այսինքն՝ պահանջում են Ազատության հրապարակից հանել վրանը։