Փոքր ընտանիքների մեծ խնդիրները։ Ի՞նչ  է կառավարությունը առաջարկում արցախցիներին

  • 09:14 16.04.2025

Մինչ ՀՀ կառավարությունը անտեսում է արցախահայության սոցիալական խնդիրները, փոխարենը շրջանառության մեջ դնելով նոր սոցիալական ծրագիր, արցախահայությունը կանգնում է լուրջ խնդրի առաջ` աղքատություն, պարտադրված արտագաղթ: Ըստ շրջանառության մեջ դրված նոր սոցիալական ծրագրի աջակցությունը կտրվի այն ընտանիքներին, որոնց ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամուտը չի գերազանցում 55.000 ՀՀ դրամը:

Սակայն ծրագիրը ունի մի շարք բացեր և ուղղված չէ արցախահայության սոցիալական խնդիրների թեթևացմանը: Step1.am կայքը զրուցել է միջին վիճակագրական արցախյան մի քանի ընտանիքների հետ, որոնք բնակվում են թե Երևանում, թե մարզերում:

Եւ այսպես, Կոտայքի մարզում ապրող տիկին Գայանեի ընտանիքը բաղկացած է 3 հոգուց, ընտանիքում չունեն անչափահաս երեխաներ, աշխատում է ամուսինը, տղան նոր մասնագիտություն է սովորել, սակայն վարձակալության բարձր գների պատճառով, որպես սկսնակ, չի կարող դեռ տարածք վարձակալել:

«Տղաս նոր արհեստ է սովորել, հիմա տարածք ենք փնտրում, որ սկսի աշխատել, ոտքի կանգնենք, բայց տարածքի վարձակալության գումարները գրեթե տների վարձակալության գներին են հասել: Ես էլ ամբողջ կյանքս գլխավոր հաշվապահ եմ աշխատել, հիմա որտեղ դիմում եմ, ասում են մինչ 45 տարեկան պետք է լինեմ, ես էլ 50 տարեկան եմ: Հիմա մինչև թոշակս 13 տարի դեռ կա, բայց աշխատանք` չկա»:

Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած տիկին Ռուզաննայի ընտանիքի կազմված է 2 հոգուց` ինքը և աղջիկը: Տարիներ առաջ նրա ամուսինը մահացավ ավտովթարից։ Ի հակառակ ՀՀ կառավարության առաջ քաշած թեզի, որ արցախցիները չեն աշխատում, տիկին Ռուզաննան և աղջիկը աշխատում են, ընհանուր եկամուտը չի գերազանցում 170.000 ՀՀ դրամը, որի առույծի բաժինը հասնում է 1 սենյականուց, պետական վիճակում գտնվող տան վարձակալության գումարին: Ըստ ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված ծրագրի, նրանց եկամուտը գերազանցում նախատեսված 110.000 ՀՀ դրամը, ինչի պատճառով ընտանիքը շահառու լինել չի կարող:

«Քաղաքացիություն ենք ստացել, ցանկանում ենք դիմել բնակապահովման ծրագրին, սակայն մեր ընտանիքը կազմված է 2 հոգուց: Ըստ ձեզ, այդ գումարով կկարողանա՞մ գոնե մեկ սենյականոց տուն գնել, Երևանում չէ, գոնե Երևանից դուրս»:

Տիկին Սվետլանան Առաջին ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկի այրի է։ Նրա ընտանիքը երկու հոգուց է բաղկացած` ինքը և որդին: 40+10 սոցիալական օգնության ծրագրի ժամանակ 2 սենյականոց տուն էին վարձակալում, որդին աշխատում էր որպես արհեստավոր, սակայն աջակցության բացակայության պայմաններում ստիպված են արտագղթել․

«2 սենյականոց տուն էինք վարձակալում, հիմա քանի որ աջակցությունը այլևս չկա, փոխել ենք տունը` 1 սենյականոց է, առանց հարմարությունների: Տղաս պետք է գնա Ռուսաստան, մի քանի ամսից ես էլ եմ գնալու, միևնույնն է՝ բնակապահովման ծրագրով տրված գումարով նույնիսկ Չարենցավանում մեկ սենյականոց նորմալ տուն գնել չենք կարող: Ցանկանում էինք Հայաստանում մնալ, որ որդիս ամուսնանար, այստեղ մնայինք, բայց ամեն ինչ արվեց, որպեսզի հեռանանք»:

Այս օրինակները արտացոլում են արցախահության հազարավոր ընտանիքների վիճակը, որոնք մայիս ամսվանից կանգնելու են լուրջ սոցիալական խնդիրների առաջ, այն ընտանիքների, որոնք անկեղծ ցանկություն ունեն մնալ Հայաստանում, բայց ստիպված մտածում են արտագաղթի մասին, իսկ ՀՀ կառավարության կողմից գործող և առաջարկովող ծրագրերը չեն ծառայում արցախահայության խնդիրների լուծմանը:

Արցախի ժողովրդը տեսնում է, որ կառավարությունը առաջարկում է ծրագրեր, որոնք խրախուսում են միգրացիան, կամ աղքատության շեվից ցածր կյանք։ Աշխատատեղերի պակասի, ցածր աշխատավարձերի և վարձակալության բարձր գների ֆոնին, կարծես, կառավարությունը միտումնավոր է դրդում արցախցիներին լքել Հայաստանը՝ իրեն չծանրաբեռնելու համար Արցախի հետ կապված իրավունքների խնդիրներով։

Ալվարդ Գրիգորյան