Խաչատրյան․ Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել։ Այդ Անկախության հռչակարգի ոգով է կերտվել մեր պետությունը

  • 14:42 16.04.2025

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է, իսկ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը, լրագրողների հետ ճեպապզրույցում ասաց․ «Փաշինյանը որոշում է այն, ինչ Ալիեւն իրեն թույլ է տալիս որոշել, մասնավորապես, հեծանիվ քշել եւ սոխով ու մնացորդներով ձվածեղ պատրաստել։ Մնացածը որոշվում է Բաքվում եւ պարտադրվում է պաշտոնական Երեւանին»։

Նա ասաց, որ Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել։ Այդ Անկախության հռչակարգի ոգով է կերտվել մեր պետությունը, այդ Անկախության հռչակարգի ոգով են արձանագրվել մեր բոլոր հաջողությունները։

«Այս Հանրապետության հիմնական ձախողումը, որը եղել է, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է եղել։ Այո, դա ուղղակիորեն Ադրբեջանի պահանջն է, եւ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, ինչպես գնացել է 2020 թվականի նոյեմբերից մինչեւ այսօր, որպեսզի պահի իր իշխանությունը։ Որպեսզի ինքը գնա ընտրությունների, իրեն պետք է թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն», անկախ նրանից, որ դա իր էությամբ լինելու է անվերապահ եւ բացարձակ կապիտուլյացիա։ Այդ թղթի համար ինքը կգնա բոլոր զիջումներին՝ հասկանալով, որ իր իշխանության գոյությունը կախված է ամբողջովին Ալիեւի եւ Էրդողանի բարեհաճությունից։ Ավելին ասեմ՝ այս ընտրությունը, որն ինքը դրել է՝ կապիտուլյացիա, թե պատերազմ, սուտ է, դա միայն իր օրոք ստեղծված ընտրություն է։ Կա բանակցային լուծման ճանապարհ, կան բանակցություններ, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել այնպիսի խաղաղություն, որը կբավարարի բոլոր կողմերի օրինական եւ կենսական շահերը։ Ինքը բերեց պատերազմ, իր գնալով՝ պատերազմի վտանգը կվերանա»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով Հայաստանի ուղղությամբ կրակոցների մասին ՀՀ իշխանությունների մեկնաբանություններին՝ Արթուր Խաչատրայնն ասաց․ «Այս մարդն արդարացնում է ադրբեջանցիների ամեն ինչ։ Ադրբեջանն ասաց՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, ինքը փոխանակ ասի՝ ֆաշիստը ես եմ, թե՞ հլա հայելու առաջ նայի, տես ով է՝ ցեղասպան, հանցագործ, որը պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ, ասաց՝ դե եկեք մի հատ հասկանանք՝ ինչո՞ւ ինքը մեզ կոչեց ֆաշիստ ու ռեւանշիստ։ Այո, ինքը Ալիեւին արդարացնում է, որովհետեւ իր իշխանության լինելն անմիջապես կախված է Ալիեւի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Ինքը հո չի կարող ասել՝ գիտե՞ք, այս խաղաղության գործընթացը կատաստրոֆիկ ձախողվել է, որովհետեւ դա կլինի իր քաղաքական վերջը։ Դրա համար պետք է ադրբեջանցիներին արդարացնի, ասի՝ դե լավ, հիմա խմել են, կրակել են, դարդ մի արեք։ Իրենք պատգամավորներից մեկն ասում է՝ կրակել են, հո մեզ վնաս չեն տվել։ Չէ, դրանք կրակոցներ են, գիտակցված սպառնալիք է, ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա այդ զիջումներին, որովհետեւ Ալիեւն էլ է հասկանում, որ ինքը հավերժ չէ։ Դրա համար, քանի Փաշինյանը կա, ինքը պետք է կարողանա բոլոր հնարավոր եւ անհնար զիջումները կորզել»։

Արթուր Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանն իր Սահմանադրությամբ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ «Ադրբեջանը 1991 թվականի անկախության մասին սահմանադիր ակտով իրեն հայտարարել է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, դրանով իսկ տարածքային պահանջներ ներկայացնելով ՀՀ տարածքի մոտ 50 տոկոսի նկատմամբ»։