«Մենք փորձում էինք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը, այդ թվում՝ միջազգային երաշխիքների ու մեխանիզմների ստեղծման ճանապարհով նրանց միջեւ ուղիղ խոսակցությու սկսել։ Այդ թվում՝ ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ, մենք վստահ էինք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում հնարավոր էր լինելու որոշակի հարցեր լուծել։ Եվ փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո, հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռաչակումից հետո, այդ օրակարգն այլեւս չի կարող շարունակվել, այն պարզ պատճառով, որ այնտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսք կլինի»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս իշխանությունն Արցախի հարցը հանել բանակցություններից։
Բաքուն խոսում է առանց արցախցիների տարածքների մասին, իսկ Երևանը ասում է, որ պատրաստ էր միայն արցախցիների իրավունքները պաշտպանել, առանց տարածքների։ Սակայն 1989 որոշմամբ Արցախի ժողովուրդը միացել է Հայաստանին իր տարածքով հանդերձ։
Նա լրատվամիջոցներին մեղադրեց ԱԳՆ հայտարարությունը խեղաթյուրելու մեջ։ «Ներկայացրեցին, թե մենք ենք հանել հարցն օրակարգից։ Կրկնում եմ՝ այս կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների եւ անվտանգության հարցը որեւէ կերպ հասցեագրվի։ Եվ հիմա մեղադրել մեզ այդ հարցն օրակագրից հանելու մեջ, այն պարագայում, երբ մենք ասում էինք՝ նշաձողն իջեցնել է պետք է եւ այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, հողեր ծախելու մեջ։ Հանրահա՞յտ չէր, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, էս հարցերի պատասխանը վերջը պետք է տրվի, թե՞ չէ։ Ինչքա՞ն կարելի է անընդհատ իրենց նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին։ Հիմա գիտե՞ք ինչ են ասում, ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց, լավ, էդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մի քանի անգամ հերքել է ՀՀ իշխանությունների այս հայտարարությունները, թե Արցախի իշխանությունները հրաժարվել են բանակցել։
«Սոֆիայի հանդիպման մասով առաջարկը եղավ Արեւմուտքից, մենք ասում էինք՝ դե ասեք, միջազգային մեխանիզմը ո՞րն է։ Ադրբեջանն ասում էր՝ ոչ մի միջազգային մեխանիզմ, մենք արդեն զիջում ենք անում, որ Սոֆիայում ենք հանդիպում, ոչ թե Բաքվում կամ Եվլախում։ Մենք էլ ասում էինք՝ միջնորդները պետք է ներկա լինեն հանդիպմանը, Ադրբեջանը պնդում էր, որ՝ ոչ, դա պետք է լինի երկկողմ հանդիպում։ Մեր պնդումն այն էր, որ առանց միջնորդների մենք չենք կարող բանակցել՝ ատրճանակը մեր գլխին դրած, այն էլ շրջափակման պայմաններում։ Մենք պնդեցինք, արդյունքում՝ Ադրբեջանը չեղարկեց։ Հայաստանի իշխանությունները մեզ մեղադրում էին, որ մենք բանակցությունների չենք գնում, եւ մենք նույնիսկ համաձայնեցինք, որ Բրատիսլավայում երկկողմ հանդիպում կարող ենք ունենալ, արեւմտյան միջնորդներն ասում էին՝ մենք կողքի սենյակում կլինենք։ Օգոստոսի մեկին պետք է Բրատիսլավայում հանդիպում լիներ, բայց հուլիսի 29-ին ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին առեւանգեցին, իմ կարծիքով, հատուկ այդ գործընթացը վիժեցնելու համար։ Մենք չէինք չեղարկել Բրատիսլավայի հանդիպումը, մեր ներկայացուցիչների տոմսերը գնված էին, որ պետք է հուլիսի 31-ին մեկնեին, բայց հուլիսի 31-ին ադրբեջանական կողմն ամերիկյան կողմի միջոցով փոխանցեց, որ չի գալու հանդիպմանը։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է մերժողը եղել, մենք, թե՞ իրենք»,- լրագրողներին ասել էր Արտակ Բեգլարյանը։