Խնդիրը «վրանը» կամ «50 հազարը» չէ. Արցախի ժողովուրդը կհրաժարվի՞ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից

  • 13:17 17.04.2025

Մարտի 29-ի արցախցիների հանրահավաքից և դրան հաջորդած գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանի գործող իշխանությունը լավագույն դեպքում արցախցիներին որոշ ժամանակով կպահի «ժամանակավոր պաշտպանության» տակ, իսկ հետո վերջնականապես կփակի հարցը։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Արցախի մասին այլեւս խոսք չկա, իսկ Արցախի ժողովրդի հարցը Բաքվի հետ չի քննարկվում, քանի որ «Ադրբեջանում» հայ չի մնացել։ Նրա խոսքով, իրենց արտաքին քաղաքականությունն ուղղված էր ոչ թե Արցախը հայկական պահելուն, այլ հայերի իրավունքների պաշտպանությանը Ղարաբաղում, որը նա համարում է Ադրբեջանի մաս։

Բաքուն այլ կերպ է մտածում և ասում, որ Հայաստանի Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրի համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է, և անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից հանել 1989 թվականի որոշման հղումը։

Չնայած ՀՀ իշխանությունները դա չեն հաստատում, բայց չեն էլ կարող բացահայտ հրաժարվել ՀՀ Հռչակագրից եւ Միացումի մասին որոշումից։ “Ճիշտ կլինի”, որ դա անի հենց Արցախը։

Պաշտոնական Երեւանը հրաժարվում է պաշտպանել Արցախի ժողովրդի իրավաքաղաքական շահերը, մասնավորապես՝ իր պատմական հայրենիքի ու հողի իրավունքը։ Օրինակ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Իսրայելն ունի «բիբլիական իրավունքներ» Պաղեստինի նկատմամբ։ Արարատի, Արցախի, Նախիջևանի դեպքում Երևանը չի խոսում հայերի «բիբլիական իրավունքների» մասին։ Մինչդեռ այդ իրավունքների ամրագրումը Անկախության հռչակագրում չի վիճարկվում ոչ մի երկրի կողմից։ Այս իրավունքները կարող են չեղյալ համարել միայն իրենք՝ հայերը, ավելի լավ կլինի՝ արցախցիները։

Դրա համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի արցախցիները չուզենան Հայաստանի հետ միավորված ապրել, որպեսզի նրանք Հայաստանում անկոչ հյուր զգան իրենց։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի անպարկեշտ առաջարկը փորձ է արցախցիներին ստիպելու ընտրություն կատարել հայկական քաղաքական իրավունքների և երկամսյա գոյատևման միջև։ Ի՞նչ է ընտրելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Նրա անդամներն ասացին, որ ժամանակ են վերցրել մարդկանց հետ խորհրդակցելու համար: Լիաննա Պետրոսյանը նույնիսկ սոցիալական հարցում է սկսել՝ շարունակե՞լ պայքարը, թե՞ վրանը հանել և մեկ անձի հաշվով ստանալ 100 հազար։

ՀՀ կառավարությունը «բազար» է սկսել՝ հասնելու հիմնական հարցին․ արցախցիները համաձա՞յն են հրաժարվել Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի որոշումից։ Եթե ​​Արցախի խորհրդարանը որոշի հրաժարվել Միացումից, ապա ոչինչ չի խանգարի Բաքվին և Երևանին լուծարել Երրորդ Հանրապետությունը և հռչակել «Անդրկովկասյան Հանրապետություն», որի նախագահը, ըստ վերլուծաբանների, կլինի Ալիևը։

Արցախի Խորհրդարանի և նախագահի լիազորությունները երկարացնելու որոշման նկատմամբ Հայաստանի կառավարության անսպասելի «հանգիստ» վերաբերմունքը հուշում է, որ Արցախի իշխանությունները դեռ պետք են, որ չեղյալ համարեն 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը։ Թերևս դա է Սամվել Շախրամանյանի՝ առաջադրվելուց հավանական հրաժարվելու և Սամվել Բաբայանի՝ նախագահ դառնալու մասին խոսակցությունների պատճառը։

Հայաստանի ճակատագիրը կրկին կախված է Արցախից. խաղահարթակին է ոչ թե «վրանը» և 100.000 աջակցությոունը, այլ Հայաստանի ինքնիշխանությունը, որը կառուցված է հայկական անօտարելի և միջազգայնորեն ճանաչված իրավունքների վրա։

Նաիրա Հայրումյան