FIP.am. Որքան է կազմել ԼՂ-ից տեղահանվածների համար տրամադրված միջազգային օգնությունը․ տվյալներ

  • 17:53 17.04.2025

FIP.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ապրիլի 7-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր պետական բյուջեի միջոցներից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ (մոտ 294.3 մլն դոլար)։

«Ես նաև ավելորդ չեմ համարում ասել, որ այդ միջոցների 85-90%-ը ծախսվել են Կառավարության բյուջետային միջոցների հաշվին: Իհարկե, այդտեղ եղել են նաև միջազգային կազմակերպությունների լրացուցիչ աջակցության գումարներ, որոնց մենք շնորհակալ ենք և որը շատ բարձր ենք գնահատում»,- նշել է փոխվարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ միջազգային օժանդակություն է ստացել ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով, և ստացված պատասխանի հիման վրա ամփոփել է միջազգային օգնության ծավալները՝ ըստ երկրների ու միջազգային կառույցների։

Ուղիղ բյուջետային հատկացումները

Այսպես, FIP.am-ի հարցմանն ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնել են, որ ուղիղ բյուջետային աջակցության միջոցով օգնություն են տրամադրել Լիտվայի և Լատվիայի կառավարությունները՝ համապատասխանաբար €350 000-ի ($398,000)  և  €100 000-ի ($113,00) չափով։

2024 թ․ հունիսին ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքված «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում տրամադրվել է €15 մլն։ Գրասենյակից հայտնում են, որ ավելի ուշ՝ նույն թվականի դեկտեմբերին, համաձայնագրում լրացումների արդյունքում ևս €25 մլն է հատկացվել։

$1 մլն է հատկացրել Չինաստանի կառավարությունը։

Գործընկեր կառույցների միջոցներ

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են նաև, որ բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման նպատակով 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի» հիմնադրամի շահառու, ինչի արդյունքում հավաքագրվել է $16 մլն։

Հիմնադրամի շրջանում հավաքագրված 16 մլն դոլարի դրամաշնորհային միջոցները հավաքագրվել են «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնությունը» բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում տրամադրվող $92.3 մլն-ի վարկային միջոցների լրացման արդյունքում․ այն կնքվել է 2024 թ․ մայիսին ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև։ 

ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի» շրջանակում հավաքագրվել է $52 մլն։

Եվս $50 մլն են հատկացրել Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունը, մի շարք այլ կազմակերպություններ և երկրների զարգացման գործակալություններ։

Այսպիսով, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրված միջազգային օգնությունը դոլարային արտահայտությամբ կազմել է մոտ $165 մլն կամ մոտ 64.5 միլիարդ դրամ։

Փաստացի, միջազգային օգնության այս ծավալը կազմում է արցախցիների կարիքների համար առ այս պահը հատկացված 115 միլիարդ դրամի կամ 294.3 մլն դոլարի օգնության կեսից փոքր-ինչ ավելին`56.12%-ը։

Բնաիրային աջակցություն  

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվել է նաև բնաիրային օգնություն, որի ծավալները փոխվարչապետի գրասենյակից չեն ներկայացրել։ FIP.am-ի հարցման պատասխանում միայն նշվում է, որ այդպիսի օգնություն է տրամադրվել ԵՄ  քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և առանձին պետությունների, մասնավոր նախաձեռնությունների կողմից։

Ինչպես և որքան գումար է բաշխվել 

Կառավարությունից հայտնել են, որ ԼՂ-ում էթնիկ զտումից ի վեր առ այս պահը բաշխվել է միջազգային դրամական օգնությունից փոքր մասը՝ մոտ 8 միլիարդ դրամը կամ 12.4%-ը։

«Այս համատեքստում հայտնում ենք, որ հաշվետու ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային և սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով դոնոր կազմակերպությունների միջոցով իրականացվել են 960 մլն դրամի վճարներ։ 

Իսկ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ծրագրով մոտ 6.8 մլրդ դրամի վճարումներ»,- նշվում է հարցման պատասխանում։